ԳԱԳԻԿ ԿԻԼԻԿՅԱՆ | Ֆեյսբուքյան հանրագրեր

Գագիկ Կիլիկյան

 

Կարգավիճակ

Ստատուսները թիթեռի նման մի օր են ապրում
Կամ ստատուսը լայքով է գեղեցիկ
Կամ աշխարհս FB փանջարայա

Գործագործ

կարկուտը կեղծած տեղն է ծեծում
կամ անձնական նևրոզդ հանրային շահի տեղ մի դիր

***
Ազատ անկախ թափանցիկ
Երազեցինք հպանցիկ

***
Վեմը որ օրհնեց կաթողիկոսը
Քարն էր որի վրա ընկավ Կիկոսը

***
Ինչպես ուռին ու բարդին
Իմ շախմատն ու քո նարդին

***
Պայքարի դաշտում հրաշք
Ֆեյսբուքի տղերքն անթրաշ
Ցանում են կանեփ ու խաշխաշ
Մոնիտորի ասպետները մատղաշ

***
Չեմ խաղում ես գործագործ
Տառապանքս ունի փորձ

***
Չեխովյան 6-րդ պալատը
Մեր կյանքի դեմ արել է ղալաթ

***
Էս թանձրամած քուլա-քուլա մշուշը
Հիշեցնում է Դոստոևսկու «Ապուշ»-ը

***
Նրանց Գարիբալդին
Մեր տերտերն ու Բալդին

***
Բուրիդանի էշը
Ընտրակաշառքի կեսը

***
Պապից ավելի պապական
Պոտենցիալ պրոիշխանական

***
Փասադենայի խորքից եկավ մի նամակ
Պուճուր պապան գնաց բանակ

***
Հեղափոխությունը ծածուկ արվեստ է
Ծանր աշխատանք քրտինք ու արյուն
Բայց նրա մասին ղժժալը հեշտ է
Համ լայք կստանաս համ քաջի անուն

***
Աստված պահի թագուհուն
Ո՞նց  էր համը իմ երկրի

***
Երբ անում ես էպատաժ
Չունես փաստարկ ունես մանթրաժ

***
Տիտանների մենամարտը
Ճապաղների քարավանը

***
Երանի հոգով աղքատներին
Ու հաշիշից կախվածներին

***
Ծպեղներդ բա՛րձր մանրապճեղներ

Բառախաղ

երբ մուսան խաժ աչքեր ուներ իսկ պոետը դալտոնիկ էր
կամ պոեզիան տեքստի բացակայությունն է
կամ եթե գիտես ինչ է պոեզիան էլ ինչի ես գրում

Էպիստոլյար ժանրը
Թեթև արեց ծանրը
Հասան իրենց մուրազին
Մեծից մինչև մանրը

***
Դու նորից եկել ես ի՞նչ անեմ
Գնամ ճանճերին սպանեմ

***
Փիղը մտավ կրկեսը
Չունեմ դրա հավեսը

***

Գզիրն ընկավ դռնեդուռ

Էլ չթողեց տուն կտուր
Էլ չթողեց կտուր տուն
Ու չգտավ թանապուր
Այն կերել էր սև կատուն
Այսպես անկապ պատմություն

***
Ձայն տուր ո~վ ծովակ
Իշմար կամ ակնարկ

***
Հոպ կուլ տվեց նա կարթը
Դաժան էր ակնթարթը

***
Ինչո՞ւ է աղմկում գետը
Ձկները չեն խոսում հետը

***
Մի հավք զարկի ես մի օր
Թռավ գնաց վիրավոր
Էլի զարկի ես մի օր
Էլի թռավ վիրավոր
էլի էլի ես զարկի
Դարձյալ թռավ վիրավոր
Էս ինչ հավք էր ահավոր

***
Փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով
Ու կոլայի դատարկ շշեր ցած նետեցին տշելով

Արտգրակ

Համլետի հոր ուրվականը
Ձմեռ պապի նախնականը

***
Մարդ էր նա Հորացիո
Եվ ոչ դալուկ ակացիա

***
Համլետն ասաց խեղճ Յորիկ
Լորիկ լորիկ կլորիկ

***
Ինչ Ռոմեո ինչ Ջուլիետ
Պոլկա ու մենուետ

***
Դեպրեսիան ու Ֆրանց Կաֆկան
Մտան խանութ առան նագան

***
Պլատոնի Գաղափարը
Աքիլլեսի գարշապարը

***
Բանաստեղծ Ֆրանսուա Վիյոնը
Խմում էր սառույցով Բուրբոնը

***
Երբ Շառլ Բոդլերը կերավ կոտլետը
Կերավ կոտլետը առանց հացի

***
Խորխե Լուիս Բորխեսը
Մադերան ու խերեսը

***
Ագռավն ասաց nevermore
Կյանքս կերար էդգար Պո

***
Դոն Կիխոտ Լամանչեցի
Հիշեցի ամաչեցի

Բանաձև

Խեղկատակի փրկությունը հանդիսատեսի գործը չէ

***
Գոդոն սպասում է Գոդոյին

***
Լիլիպուտների գումարը հավասար չէ Գուլիվերին

***
Դոն Կիխոտի տանը հողմաղացից չեն խոսում

***
Կոմպրոմիսից ջորի է ծնվում

***
Հեղափոխությունը նախևառաջ տեքստ է

***
Հեղափոխությունը կոլեկտիվ փսիխոանալիզ է

***
Սիրելի գրքերը շուտ են մաշվում

***

«Երազների մեկնություն»

հագեվերլուծություն- օբյեկտիվ կրո՞ն թե՞ սուբյեկտիվ գիտություն

***
Երկար մի նայիր աստղերին ու հայելուն
Տանում են նրանք ու ետ չեն բերում

***
Թե մոռացել ես անունդ ուրեմն չես ծնվել

***
Գիշերը երազում ցերեկ է տեսնում

***
Վատ երազից լավ բան չկա

***
Երազի հակառակ կողմը

***
Ուրիշի երազներն եմ տեսնում

***
Երազներս մեկնաբանում են ինձ

***
Չարթնանաս ապրում եմ քո երազներում

***
Մի վստահեք երազները ձեր Ֆրեյդին
Հոսող ջուրը ավելի փորձված է ու հին

***
Եվ Ֆրեյդ ծնավ Լականին
Եվ Լականը Հայելու փուլումն էր

***
Համ Ռոմեո համ Ջուլիետ
Կյանքս կերար դոկտոր Ֆրեյդ

***
Ֆրեյդ պապին սիգարը ձեռին
Հանգիստ չի տալիս ջահելներին

***
Ֆրեյդ պապին ջինսը հագին
Չբարևեց ջահել Յունգին

***
Ֆրեյդ պապին գնաց բանակ
Հետը տարավ մի սուր բանան

***
Միս ու արյուն տանք մեր պահարանի կմախքին

***
Հոգեվերլուծողի հետ ընկերություն արա լիբիդոդ ձեռքիցդ բաց մի թող

***
Կրակել սեփական հոգեվերլուծողի վրա

Սուպերվիզիա

1 Պոզով պոչով նաֆս բռնելիս կարմիր շոր մի հագիր

2 Չար աչքի դեմ չար փուշ գործածելիս ակնոց դիր

3 Թուղթուգիրը բացելուց հետո չմոռանաս փակել

Պահմտոցի սեփական հրեշտակի հետ

մեջքի քորը թևերի հետ կապ չունի
կամ դրախտը գլամուր է դժոխքը կոնցեպտուալ

***

Երբ հրեշտակները երկնքում
Սոխ են մաքրում
Անձրև է գալիս

***
Հրեշտակները խելագարվում են
Հենց մարդ են դառնում

***
Հրեշտակից սիգարետ խնդրեցի զույգը տվեց

***

Թևավոր փղերը ծանրակշիռ հրեշտակներ են

***
Սարը սարին չի հանդիպի մարդը հրեշտակին կհանդիպի

***
Հրեշտակ ասելիս թևավոր չես դառնա

Նոյեմբեր – վերջին սեր

էս կյանքի համը շրթներկիդ համն է
կամ կարոտս տարիքի կապակցությամբ թոշակի է անցել

***
Ապրել մինչև ապրիլ

***
Մայիսն իրեն նոյեմբերի տեղն է դրել
Տաք սպասումս պաղ անձրևով ջրել

***
Աշունը բանաստեղծների գարունն է

***
Կառչել աշնան վերջին օրից

***
Գույն գույն ներկենք դեկտեմբերը

***
Ձյունը ձմռան կոկետությունն է

***
Ձյունը գալիս է անկապ

***
Ձմեռային անձևը ծայրահեղականի մանիֆեստ է անընթեռնելի

***
Կանգնիր ցրտերի դիմաց գոռա օգոստոս

***
Լռությունը կատարյալ է
Երբ ընդմիջվում է շների հեռավոր հաչոցով

***
Հարբուխի բացիլ
Կպար մնացիր
Ակամա հանց սեր
Առ կանցլեր Մերկել

***
Ձանձրույթդ ինչքան էլ զարդարես տոնածառ չի դառնա

Կանայք չեն մեռնում

folie a deux (խելագարություն երկուսով)
կամ ամուսնության առաջարկ ամուսնացած կնոջը

***
Քո նկուղի առնետն անգամ
Ինձ ընկեր է ու բարեկամ

***
Լռությունդ փշոտ քարի պես է

***
Ջուրը սառույցի տակ
Ես առանց քեզ

***
Անհնարին սերը
Սիրո անհնարինության
Վերջին հնարն է

***
Անձրևից հետո արև
Քեզնից հետո ոչինչ
Ձիգ տարիներ
Ոչինչ

Հ. Գ.

Պոեզիա և սուրճ և սիգարետ
Եվ կյանք որ չանցավ անհավես

***
Դեկտեմբեր անտեր ամիս
Արի սուրճ խմենք միասին

***
Փարիզյանում չտվին սուրճ
Օպերայում չկա միտինգ
Ծեր Ֆրեյդը նայում է լուրջ
Լրջության մեջ մի մութ ինտրիգ

***
Առավոտը երկու գավաթ սուրճ դրեցի
Մեկը իմ մյուսը մենությանս համար

***
Դատարկ տուփը սիգարետի
Ճմրթեցի դեն նետեցի
Պատկերի մեջ կենցաղային
Որքան չասված բաներ կային

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *