Էդվարդ Միլիտոնյան | Է

Էդվարդ Միլիտոնյան

«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:

ՀՀ պետական մրցանակի հավակնորդ` Էդվարդ Միլիտոնյան , «Է» բանաստեղծությունների ժողովածու, Երևան, Ծիծեռնակ, 2013թ

 

 

ՍԵՐ

Կատուներն իրար այնպես են լիզում,
Քնքշանքի լարն է զնգում վայրենի։
Ապրելու ջանքը չի կորչում իզուր,
Մահն է միշտ ծաղկում կյանքի վազերին։

Դարչինի հոտից և համից նշի
Կիմանաս ինչպես զատվեց խավարից
Լույսը, որ սիրո շերտերով լայնշի
Արարում է ցատկ` ի վեր ցավերից։

Եվ դու պտտվող մարմինների հետ
Հղկում ես հոգու անկյունները սուր,
Երբ դառնա ողորկ ու պինդ առհավետ,
Կընկնես ինչպես սերմ՝ հավերժող մասուր։

 

ՈՐՍ

Չի քերվում ժանգը ցավից,
Այս մասին չգիտեն հավքերը,
Կարծր կտուցով հաղորդում են միմյանց
Սեր և ճիչ, որ մարդկանց թվում է երգ։

Նրանք սլացքով խրվում են ջուրը,
Որսում ձուկ։ Մարդու սիրտն է ճխում
Այսպիսի պատկերից։ Ու նորից կյանք
Մարդկային ՝ չոր հացի պես դժվար ուտելի։

Ինչպե՞ս սրվել նետի պես, մխրճվել ջուրը
Օվկիանի, որսալ հատուկ քեզ պատկանողը։
Ու մի պահ զգալ դիպուկ հարվածի ուժը ՝
Քեզնից պոկված, մաքուր, առանց ժանգի:

 

ԷՊԻՏԱՖԻԱ

    Չարենցին և Մանդելշտամին

Եվ պոետներն անգերեզման,
Երկրագունդն են պտտեցնում,
Իրենց ցավի անեզրությամբ,
Իրենց սիրով լուռ և ցնծուն։

Նրանց պետք չէ տապանաքար,
Երկրագունդն է վայել նրանց,
Իր կշռույթով անտպագիր,
Անասելի վարքով անսանձ։

Եվ ողբալու աստիճանին
Կանգնել ենք մենք խեղճ ու շվար։
Մեզ նայելով խոր տաճարից,
Ծիծաղում են երկու եղբայր։

 

***
Լացի պատ է թուղթը ճերմակ,
Աղոթքի մեջ ՝ հոգի խոնարհ,
Ի՞նչ է ոգում մեն ու մենակ
Հետը մի հին, մի նոր աշխարհ։

Օձագալար թշնամություն,
Գաղտնագրեր ավազներին,
Նրանց չոքած ուղտը մթան
Որոճում է՝ վրեժ, ներում։

ճերմակ թուղթը ՝ նա կատարյալ,
Առանց նշան ՝ սեր տարածուն։
Փաթաթվում է գրողին և
Իբրև փոշի հանձնում Աստծուն։

 

ԵՐԵՎԻ

Երբ լինելիքը գիտես նախապես, կարող է
չարախանդաս ու ժպտաս լուռ։
Քոնը լուռ ժպիտն էր առակաբան դեմքի,
Երբեք ծիծաղը` բարի կամ չարախինդ։
Եվ տուն չէիր գնում, երբ կանչում էր մայրդ,
Միանալ մեռյալներին, բերել ի գո։
Այսպիսի նավարկություն ՝ ետ և առաջ, խորք և վեր։
Լուծվել ջրին, հոսել, քայլել նրա հետ, նրա վրայով և խաչ
կրել, ինչպես ձուկը գլխի մեջ ու գագաթին։
Ինչու՞ չես ծիծաղել որևէ ավետարանում։
Ահա ջերմում է Պետրոսի զոքանչը։
Մի հայացք՝ և նա բուժված վեր է կենում,
Օգնում քեզ այլոց բժշկելու քո պարզ գործում։
Նա չմոռացավ, երևի, ասել փեսային՝ ու՞ր ես գնում նրա
հետ, նա մորը չլսեց, ու՞ր ես գնում տուն– տեղ թողած։
Հյուսվեց քամուն, սահեց անապատի լայնքով,
Գլուխը դրեց խշխշացող ավազաթմբին
Ու ննջեց երբեք չներքաշված իր խեցու մեջ։
Կակուղ էր, բայց կակղամորթ էր,
Ննջում էր, բայց չէր երազում։
Եվ չծիծաղեց նա, երբ մրջյունը, թե՞ կարիճը,
Խուտուտ տվեց վիզը. խամրած շապիկի տակ։
Ներելու կամ ազատության համար ընտրված ավազակը
իրենցն է։
ԹԵ քեզ հարցնեին ՝ դու ՞, թե ՞ նա, կընտրեիր նրան։ Եվ Բարաբան չէ խնդա, կժպտար երևի, ինչպես դու։
Գամի պես սուր և դիպուկ է աստղը հոգու մեջ խրված։
Միացավ փայտին, դարձավ արնակից նրա խեժին։
Եվ խեժաբույր է գալիս թռիչքից անկասելի։
Դեպի աստղը։
Ո՞վ կծիծաղի, եթե լռության կշեռքն է կրում։
Միայն մի ժպիտ հավասարաչափ նժարներին,
Ինչպես փետուրը ճերմակ աղավնու։

 

***

Վթարային լույսերը վառած
Քարացել է հայացքը
Պառավի։
էս ի՞նչ ջահելություն է, մեծ ու փոքր չկա,
Շինվռտվում են ուր պատահի
Բացոռ լակոտները …
Սա ասվել է Բաբելոնում,
Ասվել է այսօր,
Կասեն վաղը։
Պառավը չանչում է ժամանակի վրա
Եվ մահից խուսափելու համար
Գլխաշորը քաշում է երեսին։

 

***
Աղջիկները չեն բամբասում սիրելու պահին,
Միայն սիրելու պահին,
Նրանք չեն բամբասում Կլեոպատրային,
Շամիրամին։
Ապրողին են բամբասում։

Աղջիկները փափկում են սիրվելուց հետո,
Նրանք բամբակ են լուցկու կողքին։
Նրանք կվառվեն, թե սերը ուժգին է։
Նրանք սիրո ցախ են ու ծղոտ։
Նրանք բամբասում են սիրո ծարավից
Եվ ծովը մի մեծ բամբասանք է։

 

ՁԻԱՐՇԱՎ

Կար ժամանակ, ժողովուրդը նայում էր
Սասունցի Դավթի արձանին
Ու հպարտանում՝
Երվանդ Քոչարը խիզախել է քանդակել
Ձիու անդամն ու ձվերը։

Որոշ երկրներ սեփականաշնորհել են քաղաքացիներին,
Որոշ քաղաքացիներ ՝ երկրները։

Վայրի կապիտալիզմը սմբակն է բարձրացրել ՝
Տեսեք, հա՜, չմոտենաք բարեկիրթ կապիտալիզմին։

Նախկին սահմանափակ սոցիալիզմը սմբակով սպառնում է՝

Հեռու մնացեք շվեդական սոցիալիզմից։

 

Սոցիալիզմի և կապիտալիզմի արանքում
ժողովուրդը
Մոլորված վեր է նայում՝
Այո՛, ձիերը տարբեր են,
Բայց նրանց անդամներն ու ձվերն են նույն։

 

ԲԱՍԿԵՏԲՈԼ

Բոլոր գունավոր մարդիկ խաբս են տալիս,
Դառը հայացքով
Շամփրում են իրար,
Նայում վեր,
Նետում վերջին ճիգով,
Եվ սպառողական զամբյուղի մեջ
Ընկնում են նարնջագույն
Եվ փուչ գնդակները։

 

ՄԱՐԴՈՒ ԺՊԻՏԸ

Մարդու ժպիտը խառը կանաչի է:
Նրան հրամայվեց չխանգարել տեսքը քաղաքի, ժպտալ
Վարդի պես կամ վարդագույն շենքի:

Մարդը փորձել է խոսել ռեհանի,գինձի,
Ու սամիթի մասին,
Բայց քշվեց մայթից, քաղաքից դուրս:
Ինքն էլ թռավ երկրից անդին:
Հիմա օտար քաղաքում ժպտում է,
Փշոտ վարդի հանգույն:

 

ԷԿՈԼՈԳԻԱ

Անվերջ ծերացող Եվրոպայում
Եւ Ամերիկայում նոր
Էկոլոգիապես մաքուր խնձոր են փնտրում կանայք,
Ոչ այն, որ շեղեց ուղին Ադամի:
Կամ հենց այն, որ մեղքի հյութ ուներ:
Կարևորը մաքուր լինի էկոլոգիապես:
Մայրս նայում է հողի միջից՝ հողից ծանր,
Եւ ինձ ասելիքը սեպից սուր է,
-Տղաս, խնձորն ի՞նչ է, որ մաքուր լինի…

Կեր փոշոտ, ցեխոտ, որդի պես՝ ներսից:
Խիղճդ մաքուր պահի:
Ու թե որդ կա խնձորի և հողի մեջ՝
Դեռ կարելի է ապրել,
Չվախենալով թույն ու մաղձից,
Կյանք ու մահից:

 

ԼՐԱՀՈՍ

Խելագարության տենդով բռնված
Խոսքը վազում է
Ականջից ականջ,
Աչքից աչք:

Լռությունը խուլ ու համրի պես
Ցնցումներով է պատասխանում:

Գաղտնիքը բաց է:
Թակարդները լարած, բոլորին ի տես:
Միակ ճանապարհի ծայրին լաբիրինթոսն է,
Ուր մարդիկ և մկներն են
Իրար ուղեղները զիջում
Անհոգի ժպտալով:

 

ՄՇՈՒՇՆԵՐԸ

Մշուշներն  արածում են մեզ
Գլուխները կախ,
Դանդաղ ուռճանալով:
Ով պատրաստ է մահվան՝
Ծաղկած երիցուկ է:

 

ԳԻՆԵԽՄՈԻԹՅՈԻՆ

Ինչպե՞ս էիր հարբում,
Ասես աշխարհի սկիզբն էր։
Պճղովի դեղձ էր մայրամուտը։
Բացվում էր դուռը գինու,
Այնտեղ ներսում նստած էին ընկերներդ,
Որևէ մեկի մտքով չէր անցնի
Ուրանալ խնջույքը,
Այնքան պարզ էր սեղանը,
Այնքան պարզ էր խոսքը,
Որ չէր վերածվում առակի։
Դեռ մեկը չկար, որ ասի ՝ եկել է։
Նման էինք խրխնջացող ձիու,
Որ չգիտի ով է նստած իր թամբին։
Եվ խմում էինք ժամանակի
Ոսկեցոլ արյունը,
Հավերժ ապրողի կարծր եղջյուրով։
Երբ մեռան հանկարծ մեր տղերքից…
Լքեցին, ուրացան նրանք մեզ հետ ապրելու ժամանակը։
Դավաճանեցին ՝ ընկերության կենացը։
Եվ մեզ թողեցին դատարկ բաժակների դիմաց,
Որոնցով խմում ենք, դեռևս խմում ենք
Ունայնությունը լցնելու հառաչով,
Ցուլի բառաչով,
Ձիու շառաչով։
Եվ տերը գափս է սպիտակ ավանակին նստած՝
Ձիթենու ճյուղը ձեռին։

 

ԾՈՎԻ ՔԱՄԻՆ

Հաճելի է ծովի քամին,
Եղբայրներ,
Նույնիսկ եթե մտքի մեջ է
Փողփողում։

Աղի հոտ է գալիս նրա
Թևերից,
Ձկան փայլ կա նրա արծաթ
Փետուրին։

Տրված է քեզ զգալ արթուն,
Թե մեռյալ
Հոգին ճերմակ առագաստ է
Միշտ բացված

***
Թող ներեն ինձ ցամաքի էակները,
Ցամաքում շատ ապրածի սերը
Հեղհեղուկ է:
Ծով, ծով, դու ալիքվում ես, խրտնում,
Երբ մոտ եմ քեզ:

 

ԵՐԿԻՆՔ

Կայծակով հերկած, հոգի,
Դու դեռ երկնչում ես

Երկնից։

Ինքը ՝ բաց, դու ՝ մաշկով սահմանված։

 

ԱՄԵՆ ՄԱՐԴ

Ամեն մարդ ունի իր Գողգոթան,
Իր խաչը ՝ փայտե, քարե կամ կայծակվող,
Որ կրում է անգամ մահից հետո
Իբրև հիշատակ, իբրև մոռացում։

Ամեն մարդ ունի իր բաժին ուրացումը,
Ինքն իրեն մի օր դավաճանելու բնազդ,
Որ սակայն նետում է մերձավորի վրա,
Որպես ուռկան, որպես թակարդ։

Ամեն մեկն ունի առաքելություն՝
Կավի հետ հունցած, շնչավորման պահից,
Որ մոռանում է հարմար մի ժամի,
Ինքն է որոշում ընթացքն իր լավ կամ խոտոր։
Ամեն չափահաս քաղաքացի է ըստ սահմանադրության,
Դա չի խանգարում դառնալ առաքյալ
Փոքրացած աշխարհում, երբ դյուրին է ասել ՝
Սիրիր հեռավորին, որ մերձավոր է այլևս։

Ամեն մարդու դեմ՝ երեք ճանապարհ,
Ու նրանց վերջում՝ միմիայն Աստված,
Դու չե՞ս հավատում, քայլիր կտեսնես,
Եվ երեք ճամփան կանցնես նույն պահին և հավիտյան։

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Եվ զգույշ կացեք մարդկանցից։
Նա ասաց աշակերտներին, իմանալով գլխանց,
Որ աշակերտն է իրեն մատնելու։
Իմանալով նաև, որ իր պատճառով
Կտանջեն, կսպանեն նրանց, իսկ այն մեկը
Կլինի ինքնասպան։

Աշակերտները ՝ ձկնորս ու մաքսավոր,
ելան մարդաորսի և ընկան ուռկանը լարած։

 

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԸ

Ի՞նչ իմանայի, որ այս անունը
Պիտի ուղեկցի ինձ ամբողջ կյանքում։

Նա Անկյունը քշել է անկյուն,
Նրա անկյունը բաց է համայնին։
Մի գիծ է քաշել, որ անցնում է ձիգ
Մարդու և աստղի սրտերի միջով։

Երկրաչափական բոլոր ձևերից
Անձևն ընտրեցի, որպես պատարագ
Ի հիշատակ Պյութագորասի։

 

ՄԱՐԴ ԵՎ ԻՐ

Մարդկանց և իրերի միջև ՝
Լուկրեցիոս Կար։

Նույն ատոմն է կապում ծիածանակերպ
Հող ու Երկնքին,
Որքա՜ն Էլ շատ էին աստվածները
Վեր ու վար թռչող։

Եվ մարդը լողաց պինդ մարմնի միջով,
Օճառն էր գտել ամեն ինչ մաքրող։

 

ՇԱԽՄԱՏ

Ու թե չցնդես ՝ խաղա շախմատ,
Խաղաքարերով լույս ու մթան,
Թռչող ձիերը քեզ քացի կտան,
Հարբեցող մի փիղ շեշտ կասի՝ մա’տ։

ժամն է նստելու Քարոնի նավակ,
Ու զինվորները լուռ, թիապարտ,
Տանում են բեռը ինքնազոհության
Հանուն արքայի վախկոտ ու հպարտ։

Եվ մի թագուհի կայծակը առած,
Խարազանելով վանդակ առ վանդակ,
Ահ է տարածում և փառք, և հանկարծ
Զգեստն է հանում, իբրև անառակ։

Եվ ամեն վանդակ ՝ մի հայելի,
Ցուցանում է դեմք, հոգի ու նաև ՝
Խաղացողի մեջ ինչն է սիրելի
Մահվան մեծափառ երախի առջև։

Հասանք ընթրիքին ՝ ուտվող ձի, զինվոր,
Նավակ, թագուհի, թագավոր սպա,
Այս խորհրդավոր ժամին է, որ
Հասկացանք ՝ այստեղ չկա Հուդա։

Ու թե չցնդես ՝ խաղա շախմատ,
Որքան էլ մի փիղ քեզ ասի ՝ մա՛տ։

 

Էդվարդ Միլիտոնյանի «Է» ժողովածուի մասին Սերգեյ Սարինյանի գրախոսականը կարող եք կարդալ այստեղ

Միլիտոնյան է

Share Button

3 Կարծիք

  • gevorg says:

    Հարգելի Տաթև, երևի երկար ժամանակ չեք եղել Հայաստանում: Մի զարմացեք, հիմա ամեն ինչ հնարավոր է մեր երկրում…

  • Տաթև says:

    Հարգելի Գևորգ ջան, ձեր ենթադրությունը, թե վաղուց չեմ եղել Հայաստանում, իհարկե սխալ է, բայց մյուս հարցում լիովին համամիտ եմ՝ մեր իրականության մեջ հիմա ամեն ինչ հնարավոր է, օրինակ Քաջ Նազարը… մարդը հոգնել է գրական կերպար լինելուց ու մեծ ոգևորությամբ գրոհում է Հայաստանի բոլո՜ր ոլորտերի նախագահական աթոռները…

  • gevorg says:

    ԿԵՂԾԻՔԸ, «ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ», «ԹԱՅՖԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ: ԱՇԽԱՐՀԻՑ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԻՆՔՆԵՐՍ ԱՐԴԱՐ ԼԻՆԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ… ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ի ՎԵՐՋՈ ՓԼՈՒԶՎՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԻՔԻ ՈՒ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *