Համեղ սուրճ պատրաստելու շատ եղանակներ կան՝ նապոլետանական, Էսպրեսո, թուրքական, բրազիլական կաֆեսինյո, ֆրանսիական զտված, և, վերջապես, ամերիկյան՝ ամերիկանո։
Յուրաքանչյուր սուրճ իր տեսակի մեջ բացառիկ է: Ամերիկանո սուրճը 100 աստիճան տաքությամբ անհասկանալի խառնուրդ է, և հիմնականում մատուցվում է ջերմությունը պահպանող պլաստիկ բաժակների մեջ։ Հիմնականում այսպիսի սուրճ լինում է երկաթգծի կայարաններում ցեղասպանություն իրականացնելու նպատակով տեղադրված սարքերում։
Պերկոլատոր կոչվող զտիչ ունեցող սրճեփով պատրաստված սուրճը, որը որոշ տներում կամ համեստ սրճարաններում մատուցվում է խոզապուխտով պատրաստված ձվածեղի հետ, շա՜տ համեղ անուշաբույր է և խմվում է ջրի պես, բայց անմիջապես հետո սիրտդ սկսում է շատ արագ բաբախել, որովհետև այդպիսի մեկ բաժակ սուրճը չորս էսպրեսոյին համարժեք կոֆեին է պարունակում:
Գոյություն ունի նաև սուրճի արգանակ կամ սրճաջուր հիշեցնող հեղուկ, որը սովորաբար պատրաստվում է վատ աճեցրած գարուց ու վեներական հիվանդությունների դիսպանսերի աղբանոցից բերված արդեն իսկական սուրճի հատիկներից և մատուցվում է, Մեռելի ոսկորներ[1] կոչված քաղցրավենիքի հետ միասին։ Այս սուրճը կարելի է ճանաչել լվացած ափսեների օճառաջրի մեջ թթու դրած ոտքերի հոտ հիշեցնող ուրույն և բացառիկ բույրով։ Ադպիսի սրճաջուր տալիս են բանտերում, ուղղիչ աշխատանքային գաղութներում, քնելու համար նախատեսված վագոններում և շքեղ հյուրանոցներում։ Եթե հանգրվանել եք Plaza Majestic, Maria Jolanda & Brabante, Des Alpes et des Bains հյուրանոցներից որևէ մեկում, ապա կարող եք էսպրեսո պատվիրել, բայց մինչև սուրճը հասնի Ձեր սենյակ, երեսին սառույցի շերտ կգոյանա։ Նման տհաճ պատահարից խուսափելու համար, պատվիրե՛ք Continental Breakfast և դուք կարժանանաք անկողնում մատուցվող նախաճաշն ըմբոշխնելու բերկրանքին։
Continental նախաճաշը բաղկացած է նմանաբուժության չափաբաժիններով մատուցված հացի երկու կտորից, մեկ կրուասանից, մեկ նարնջի հյութից, մեկ գալար կարագից, փոքրիկ ափսեների մեջ լցրած հապալասի, խնձորի, ծիրանի անուշներից, փոքրիկ գավաթով արդեն սառած կաթից, այդ նզովյալ սրճամանի մեջ լցված սուրճի արգանակ հիշեցնող հեղուկից և այդ ամենի համար վճարվելիք հազար լիրայի հաշվի կտրոնից: Սովորական մարդկանց կողմից օգտագործվող սրճամանները, ինչպես նաև, հին ու բարի սրճեփները, որոնցից անմիջապես բաժակի մեջ է լցվում այդ անուշահոտ ըմպելիքը, ներքև է հոսում եզրին տեղակայված բերանիկի միջոցով և փակ պահելու համար ապահով կափարիչ ունի ։ Grand Hotel-ի և քնելու համար նախատեսված վագոնի սուրճի արգանակը բերում են այնպիսի սրճամանով, որը ձկնկուլի տձև կտուց հիշեցնող լայն բերան ունի և այնպիսի ծայրահեղորեն շարժուն կափարիչ, որ, երբ սրճամանը թեքում ես, ունայնության վախով[2] համակված, այն ինքնաբերաբար սահում է ներքև։ Այս երկու հավելամասերը նզովյալ սրճամանին հնարավորություն են ընձեռում, որպեսզի սուրճի կեսն անմիջապես շրջվի կրուասանի և անուշների վրա, ու քանի որ կափարիչը վերջնականապես դուրս է թռչում, ապա մյուս կեսն ամբողջովին ցփնվում է սավանի վրա։ Սովորաբար գնացքներում սրճամանը միջին որակի է լինում, քանի որ շարժումն ինքը նպաստում է սուրճի թափվելուն, իսկ հյուրանոցներում այն պարտադիր ճենապակուց է լինում, որպեսզի անկումն ավելի դյուրասահ, շարունակական, բայց ճակատագրական լինի։
Այս նզովյալ սրճամանի ծագման և դրդապատճառների վերաբերյալ գոյություն ունեն փիլիսոփայական երկու ուղղություններ։ Ֆրիբուրգյան դպրոցը պնդում է, որ այդ առարկան հյուրանոցներին հնարավորություն է ընձեռում ապացուցելու, որ ամեն երեկո անկողնային պարագաները փոխարինվում են մաքուրներով։ Բրատիսլավյան դպրոցը պնդում է, որ դրդապատճառը բարոյախրատական է (Մաքս Վեբեր, Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին)։ Այդ նզովյալ սրճամանը հորդորում է շատ չծուլանալ անկողնու մեջ, չէ՞ որ իսկապես շատ անհարմար է ուտել սրճաթաթախ կրուասան, և միևնույն ժամանակ, փաթաթված լինել սրճով ներծծված սպիտակեղենի մեջ։
Այդպիսի նզովյալ սրճամանները վաճառքի ենթակա չեն։ Դրանք արտադրվում են բացառապես մեծ հյուրանոցների և գնացքների համար։ Բանտերում սուրճի արգանակ հիշեցնող հեղուկը տալիս են թասիկներով, որովհետև սուրճի հետքերով պատված սպիտակեղենը մթության մեջ ավելի հեշտ է նկատել, երբ դրանք իրար են քարկապվում փախուստի դիմելու նպատակով։
Ֆրիբուրգյան դպրոցն առաջարկում է մատուցողից պահանջել, որպեսզի նախաճաշը դրվի սկուտեղ-սեղանիկի, այլ ոչ թե անմիջապես անկողնու վրա։ Բրատիսլավյան դպրոցն այդ հարցին հետևյալ կերպ է պատասխանում. իհարկե, այդ առաջարկը թույլ է տալիս զերծ մնալ սուրճն անկողնու վրա թափելու տհաճ միջադեպերից, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ այն դուրս չի հորդի բաժակի եզրերից և չի կեղտոտի գիշերազգեստը (որն, ի դեպ, հյուրանոցի՝ ամեն օր փոխելու պարտականությունների մեջ չի մտնում), բայց, բոլոր դեպքերում, գիշերազգեստով լինես, թե այլ հագուստով, սկուտեղ- սեղանիկի վրա խմվող սուրճն թափվում է ուղիղ որովայնից ներքև կամ ցայլքի վրա և տարատեսակ այրվածքների պատճառ դառնում հատկապես մարմնի այն հատվածում, որն ամենաշատն էր անհրաժեշտ պահել ու պահպանել։ Այսպիսի առարկությանը Ֆրիբուրգյան դպրոցը պատախանում է ուսերն արհամարհական թոթվելով, իսկ դա, անկեղծ ասած, խնդրի լուծում չէ։
[1] Ossa di morto-նուշի փոշուց պատրաստված իտալական քաղցրավենիք։ Թարգմանաբար նշանակում է մեռելի ոսկորներ։
[2] Ու․ Էկոն օգտագործվում է լատիներեն Horror vacui եզրը, որը բառացիորեն նշանակում է սարսափ ունայնությունից։ Ունայնավախության տեսությունն առաջ է քաշել Արիստոտելը՝ հաստատելով, որ բնությունը վախենում է դատարկությունից, այդ իսկ պատճառով փորձում է հաստատուն կերպով լցնել ամեն հնարավոր տարածություն։
Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի