Աստղիկ Սարգսյան | Երբ սերը լույս դարձավ

Աստղիկ Սարգսյան

Եթե գամ, տեղ կունենա՞մ կրծքիդ վրա:
գարնան անձրևն այտիս,
ամռան չորությունը հոգումս,
աշնան դեղինը դեմքիս,
ձմռան սառնությունն աչքերումս…
Եթե գամ, տեղ կունենա՞մ կրծքիդ վրա:

 

1915

Մի գիշերում լուսինը պոկվեց երկնքից,
պոկռտելով ոսկե հասկերի գլուխը,
գետնին թափեց դրանք
աստղալույսի տակ.
առավոտյան արևը սգաց…

 

***
Ամեն ինչ սկսվեց նրանից,
երբ պատուհանագոգի ծաղկամանում
ծաղիկը չորացավ,
իսկ հարսանեկան նկարի վրա
սարդոստայնը ընդլայնվեց…

 

Վերածվելով ավազահատկի

Ես ու քամին հանդիպում ենք ամենամութ փողոցներում.
Ես փորձում եմ խույս տալ,
նա խաղում է ոտքերիս հետ`
ավազահատիկներ շաղ տալով վրաս…

Երբ գնում են քաղաքի լույսերը,
Եվ լուսինը լողում է սենյակումս,
Այդժամ ինձ ջրի հատակին եմ զգում,
Եվ լուսինն ինձ ավելի մոտ է թվում,
իսկ քամին՝ հեռու:

Ափերս այրող թեյի բաժակը
նման է Երկրին.
Գդալով խառնում եմ շաքարավազը,
որ նման է ավազահատիկի,
Կում եմ անում Երկրից,
իսկ իրականում…

Երկիրն ինձ կուլ է տալիս`
վերածելով ավազահատիկի:

 

***
Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր կողքին պառկած էակը,
կարող է արևալույսի բացվելուն պես անհետանալ,
ձուլվել արևին և, արևաշող դարձած, այրել ձեզ:
Երբևէ մտածե՞լ եք, որ ձեզ ջերմացնող արևի
ճառագայթները էակներ են:

Ամեն գիշեր քնելով վախենում էի,
որ նրան չեմ գտնի կողքիս
և բոլորովին միայնակ կմնամ
այդ հեռու՜, անհա՜յտ մոլորակում:

Իսկ երբևէ զգացե՞լ եք,
որ դուք մենակ եք ինչ- որ անհայտ մոլորակում,
իսկ այն շողը, որ արցունք է բերում ձեր աչքերին,
ինչ-որ էակ է:

 

***

Երբ սերը լույս դարձավ,
մտավ աչքս
որպես աչքալուսանք:

Եվ սերը լույս դարձավ՝
տալով լուսե երազ-
լուսավոր դեր:
Ես լույս դարձա,
լուսավորեցի մութը՝
ոտքդ քարին չդիպչի,
երբ լուսավորեցի ճանապարհդ,
դու հեռացար,
ես էլ հանգցրի վերջին ճրագն իմ աչքի
Եվ կուրորեն փնտրեցի քեզ:

Եվ սերն ինձ մի լուսավոր դեր տվեց,
որից դուրս գալ չկարողացա…

 

****
Քամու անունը սեր եմ դնում
Սիրելի՛ս, ես էլ եմ քամի,
դրա համար էլ
իրար չենք հասնում երբեք:
Արի դու մի քիչ նստիր,
hանգստացիր,,
հեռուներից ես եկել.
ես քո փոխարեն քամի կլինեմ,
կշրջեմ աշխարհով մեկ
ու կվերադառնամ քեզ մոտ՝
ծաղիկների բույը շուրթերիս,
ծովերի կապույտը աչքերիս,
երկնքի սպիտակը մաշկիս,
սիրահարների սիրո օրհնանքը լեզվիս:
Կգամ քեզ մոտ,
կգրկեմ ու մի պահ կդադարենք քամի լինելուց.
կփոխանցեմ քեզ հեռուներից բերած թարմությունը,
ապա մի համբույր կդրոշմես ճակատիս
և կդառնաս քամի ու կգնաս:
Ես կսպասեմ:
Շա՜տ կսպասեմ:
Չե՛ս գա:

 

***
Զգում ես՝
ինչպես է փոքրիկ սարդը,
մարմնիդ աղվամազերը տրորելով,
բարձրանում պարանոցիդ:
Հասնելով խալերիդ՝
նրան թվում է,
թե մարմինդ տիեզերք է,
իսկ խալերդ՝ մոլորակներ:

***

Մի’ փորձիր ապրածովդ հաշվել ժամանակը՝
կարճ կլինի:
Ուղղահայաց, թե հորիզոնական
մեկ է հիմա. ո’չ խաչբառ լրացնելու ժամանակ կա,
ո’չ էլ սեքսի:

Դժվար է գիտակցել,
որ մարմնիդ մեջ
մեռնում է մարմինդ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *