Ուզում եմ ջնջել քո վերջին նամակի
բոլոր բառերը.
թողնելով երկուսը միայն
«Բարև…» «Ցտեսություն…»
***
Ժայռը լռել էր,
քնել էր`
հավքը ճակատին:
***
Բոլոր լամպերը կախված են գրասեղանիս վրա,
միայն մեկն է վառվում,
մնացածը թարթում են աչքերը.
ժպիտ – ծիծաղ, ժպիտ – ծիծաղ…
***
Կապույտ մշուշում
արևածաղիկները կախել են գլուխները`
սպասելով նոր արշալույսի:
Լուսինն օրորոցային է երգում:
ՈւՇԱՑՈւՄ
Դեղին անթառամները,
քամու հետ զրուցելով,
չորացան փայտե նստարանին:
***
Կարծես պտտվում է ամեն բան`
երկինքը,
քամիներն անցնում են մեր կողքով,
լուսինը փակում է աչքերը,
աճում ու չորանում են ծաղիկները
մեր ոտքերի տակ:
Սևանում ու մթնում է աշխարհը
քեզ համբուրելիս:
ՍԵՐ
Բռնում եմ ձեռքդ
ու միասին մտնում ենք
նոյեմբերյան գետը…
Սրթսրթում ենք,
Հետո` տաքանում
Իրար գրկելով:
***
Կտավի վրայից համրորեն ծորում է
ճանապարհի ասֆալտե մոխրագույնը:
Ջարդված ծաղկամանից ջուրը քամվում է
պատուհանագոգիս:
Աշնան տերևը փակում է մայթի սառույցը,
հեռվում լսվում է թափառական շան կաղկանձը:
Ալարկոտ փողոցիս հերթական լուսաբացն է այսօր:
***
Միալար, ընդհատվող աղմուկ ամառվա,
գնացքը սահում է անդունդի եզրով,
մարդիկ համակերպվել են անկման մտքի հետ:
***
Ամառային տապը կուրացնող`
անձրևի հետ խառնված,
սիրո բյուրեղներ են ծնվում սրտիս մեջ,
հաղարջի դեղին ծաղիկներին է վիճակված
հիշեցնել ինձ քո մասին:
Եվ սա ավելի լավ է,
քան ձմեռվա սպիտակը մաքուր:
***
Մթնեց.
ծաղկավաճառները լքեցին կրպակները,
թղթի մի կտոր խաղում է քամու հետ,
լույսերի տակ հայտնվում են առաջին թիթեռները,
Երկու տերև թաց ասֆալտին:
Օ, ինչ ցուրտ է աշնանը:
***
Դու նա ես, ում հետ փոխեցի աշխարհը,
հետո այն ճզմեցի տաք ջրի մեջ
ու քեզ տվեցի…
Նարնջի հյութը քեզ է հիշեցնում:
***
Մի դատարկ աթոռ
անդունդի եզրին
ճոճվում է իզուր,
թե նստես վրան
իսկույն կկարծես
լուսինն է ճոճվում
երկրի վրա.
***
Տերևաթափի հաջորդ օրը դու մահացար,
թափորը լուռ էր ու բազմամարդ,
ինձ էիր փնտրում, բայց չկայի…
ես վաղուց սպասում էի քեզ:
***
Սկզբում ճանաչեցի հորս ու մորս…
ծաղիկները, որ շրջապատում էին ինձ,
ժպիտները…
Մի արկղ ինձ նվիրեցին,
ու դրա մեջ լցնում էի այն ամենը, ինչ ճանաչում էի`
խաղալիքներս, մարդկանց, կենդանիներին, հուշերս…
Իմ արկղը դեռ լողում է գետի մակերեսին,
և որքա՜ն արկղեր խորտակվեցին կիսով չափ լցված…
Բոլորիս թվում է, թե մեր արկղը դեռ տեղ ունի լցվելու:
…Սկզբում ճանաչեցի հորս ու մորս,
դեռ շարունակում եմ ճանաչել ինձ…
***
Սիրեցի այն ամենն, ինչ տեսել էի,
այն ամենն, ինչ լսել էի մայրական շուրթերից,
Ապրեցի, երգեցի, պարեցի, ժպտացի…
Մայրս, շարունակում էր խոսել, ես լսում էի:
Մայրս շարունակում էր խոսել, ես ապրում էի:
Մայրս շարունակում էր խոսել, խնամում էի նրան:
Ձեռքերի վրա եմ տանում,
ինքնուրույն շարժվել չի կարող մայրս…
Շարունակում է խոսել:
***
Ես երեքն եմ արդեն`
ես, դու և մենք…
ես կամ, դու կաս, իսկ մենք…
Երեկ երազ տեսա,
մենք էլ կայինք…
***
Երկար կյանքից հոգնած`
մի օր դառնամ քեզ մոտ,
գլուխս լո՜ւռ դնեմ ես ծնկներդ…
Հի՜ն, ցամաքած ձեռքով
շոյես մազե՜րը իմ…
***
Աշնան տերևն, անշուշտ, դու էիր,
որ կաթեցիր ծառից անձրևի պես…
Ափերիս մեջ…
***
Լռում ես,
մինչդեռ կարող էիր այրել գրերս,
մոխիրը տալ քամիներին…
Կամ թռչել ինքդ քամու հետ…
Մտքերով,
գիշերով,
աշնան մեջ
կարող ես այրել գիշերս…
***
Երբ բթամատով շոյում էի այտդ,
չգիտեի, որ մի գիշեր
անկողնուս մեջ միայնակ
հիշելու եմ կիսակախ շուրթիդ կորագիծը: