Դավիթ Շիրինյան | Հորիզոնից այն կողմ

Դավիթ ՇիրինյանԱ

Հորիզոնից այն կողմ` հորիզոններ էլի,
Մաքառում է հոգիս մրրիկների միջև,
Անդունդների խորքում ու վիհերում անտակ
Անմիտ մանկան տենդով արևներ է տենչում:

Ահա լույսը ունայն – խորախորհուրդ ծերուկ-
Վայրկյանի չափ մոտիկ, դարերի չափ հեռու,
Անծայրության եզրից քո մասնիկն ես ձևում,
Եվ մասնիկն այդ չնչին տիեզերք է թվում:

Ամայությունն այդ սին քեզ կանչում է հեռուն՝
Խոստանալով բացել գաղտնիքն առեղծվածի,
Եվ զեփյուռը հեռվից օտար բույր է բերում,
Ու չես զատում ճիշտը քողարկվածից:

Դարձի ուղի չկա, ճանապարհ ես ընկել,
Ժամանակն է անզուսպ քո ետևից հեգնում,
Ու՞ր ես գնում, գիտե՞ս, ի՞նչ կա այնտեղ՝ հեռվում,
Չգիտե՛ս: Ո՞վ գիտի: Բայց գնում ես, գնում:

 

Բ

Ի՞նչ կա այնտեղ պահված, ո՞վ է այնտեղ Արքա,
Ո՞վ է հոգում հոգսը խաբվածների.
Դու խորհում ես արդեն հազարերորդ անգամ,
Բայց մնում ես էլի հորինվածքիդ գերի:

Ո՞վ հորինեց սուտն այս հենց առաջին անգամ,
Ո՞վ կարկատան դրեց ստի հետույքին,
Բեմադրիչն ո՞վ է՝ մոլագարն այդ չարկամ,
Որ պտտում է անիվն այս ժանգոտած ու հին:

Ո՞վ է ծտին տվել ծլվլալու շնորհ,
Իսկ ագռավին միայն` կռնչալու անեծք,
Ո՞վ առաջին անգամ հունը փորեց գետի,
Որ վայրենի ճիգով իր ափերը քանդի:

Ո՞վ է արքա կարգել այն առյուծի ձագին,
Որ առյուծ է միայն` անհոգ ծնված,
Իսկ իմաստուն շանն այս ու իր լակոտին
Քացով մի կողմ հրել, որ վնգստա:

Ո՞վ է տվել ամեն արարածի մի ձև,
Ո՞վ հորինել գույներ ու հնչյուններ,
Ինչու՞ կտավին այս շպրտվել են բծեր
Եվ ինչու՞ են խինդին խառնվում հեկեկանքներ:

Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում, ասա՝ ինչու՞ եկար,
Ի՞նչ ես ուզում խլել արդեն թալանվածից,
Քեզ տալու բան չունեմ, սպառվել է, չկա,
Չէ՛, հաճույք ես զգում երևի իմ լացից:

Խառնվել են անդարձ բոլոր գույներն իրար,
Խառնվել են իրար հորձանուտ ու ծանծաղ,
Եվ իրար են խառնվել անտաղանդ ու հանճար,
Խառնվել են իրար լաց ու ծիծաղ:

 

Գ
Թռիչքներից անկում վայրկյաններ են տևում,
Եվ թմբուկն է խեղդում ձայնը սրնգային,
Սատանան է զգոն, աստված՝ ծույլ ու անփույթ,
Անդունդներից բարձունք սանդուխքներ է շինում:

Պակասում է միշտ էլ մի կարևոր հատված,
Փայտի կարճ մի կտոր, մի քանի գամ հին,
Զայրանում է, գուցե, սատանայից պարտված
Եվ դառնում է էլի իր իսկ ելման կետին:

Այս պարանը կախված՝ իբրև հույսի մի դուռ,
Սթափվելու կոչ է քո ականջին շնչում,
Սակայն, թեև, կարծես, հուսալի էր, ամուր,
Վերջին պահին, տեսնես, ինչու՞ է կտրվում:

Երբ ծայրերը մի պահ հավաքում ես ի մի,
Հույսը պարկ է դառնում, ընկնում քամու բերան,
Փոշոտվում է, ցավում, պատեպատ է զարկվում,
Հետո անպետք կախվում փշոտ ծառի ճյուղին:

Այս ծառի տակ ահա բացված է ճոխ սեղան,
Վայելում են այնտեղ գինի ու հաց,
Երեկ այս նույն ծառից կախված էր կախաղան,
Եվ տիրում էր շուրջը աղաղակ ու լաց:

Իրականն ու պատճեն հաջորդում են իրար,
Սուտն ու կեղծիքն իրար թաքուն այցելում,
Թակարդում է հայտնվում բարեպաշտը տկար,
Եվ ճզմում են նրան ու տրորում :

Դ
Սխալ հարց են տալիս, ճիշտ պատասխան ուզում,
Սխալ տեղդ լիզում, թքում ճշտի վրա,
Սխալ պատվանդանին ճշտի միֆն է հառնում,
Եվ ի՜նչ պիտի դնեն դեռ կատարին նրա…

Տաճարի դարն անցավ, անցավ դարը Խաչի,
Սուտ տերերն են վխտում ցերեկ ու գիշեր,
Շունն ինքն էլ չգիտի, ում վրա չհաչի,
Այնքա՜ն շատ են նրանք, էլ ո՞ր մեկին հիշեր:

Եվ ոռնոցն է այդ շան արձագանքում քո մեջ
Ու խցանվում հանկարծ քո կոկորդում,
Իսկ հեռվից խուլ մի ձայն սղոցում է անվերջ.
Ի՞նչ աղաղակ է այն, ու՞մ են մորթում:

Մի պահ թվում է, թե հասկացել ես, գիտես,
Թե պարզ է քեզ արդեն անհասկանալին,
Բայց կողպեքի տեղն այն մեկ ուրիշն են կախել,
Կրկին անպետք է քո գտած բանալին:

Քնիր, ուշ է արդեն, վաղը նոր օր կգա,
Վաղը նոր օր կգա՝ կացինն առած,
Հավատի ու հույսի երաշխիքներ չկան,
Մշուշով է լցվել շուրջդ համատարած:

Գինարբուքի մեջ է ժամանակը ցինիկ,
Խրախճանք է թվում սպանդը նրան,
Եվ արյուն է ծորում նրա կացինից,
Կաթում Տիրոջ քնած խղճի վրա:

Ամբոխն է դուրս եկել կաղապարի միջից,
Արթնացել է նրա տենչը քնից,
Հորձանքները նրա դուրս են եկել հունից,
Քրքջոց է գալիս հոգեբուժարանից:

 

Ե
Տարածության խորքից մի մեղեդի դյութիչ
ահա ինձ է կանչում,
Քեզ գտել եմ կարծես, իմ կորուսյալ կարոտ,
ի՛նձ չեմ ճանաչում:
Դու` սրբազան իմ տենչ, հավերժական իմ կույս`
աստվածային ու սուրբ,
Խաբկա՞նք է սա, ցնո՞րք,թե՞ հենց սեր է անսուտ-
ինչու՞ է ինձ տանջում:

Ես կգժվեմ հիմա, կքրքջամ ու մերթ
կհեկեկամ անձայն-
Քեզ հաղթեցի մի օր, բայց պարտվեցի ինձնից՝
դավաճանի նման:
ՈՒ՞ր են արցունքներս, ինչու՞ է իմ լացը
զավեշտական այսքան,
Ինքնալքու՞մ է, թե՞ ինքնավտարում սա-
հե՜յ, ումի՞ց ես փախչում:

Ես կորցրել եմ եսս, դու գտել ես, սակայն,
ինձ չես դարձնում,
Ո՞ր քարին ինձ զարկեմ, ու՞մ խնդրեմ, որ ների-
ու՞մ եմ հարցնում:
Խճճվել եմ իմ մեջ, իմ անցյալն ու ներկան
մենամարտ են տալիս,
Ես պարտվել եմ թեև, բայց չեմ հանձնվել բնավ:
Ո՛չ, ես ինձ չեմ ջնջում:

Ուժ տուր մեկ անգամ էլ, ինձ դարձրու զորեղ՝
դիմակայեմ կրկին,
Դու ես միշտ ինձ կանչել հեռուների հեռվից
հավատով անմեկին:
Ես վատնել եմ եղած իմ ուժերը բոլոր
ու անզոր եմ մենակ,
Տու՛ր ինձ մեկ այլ հավատ, ինձ սփոփիր էլի
այս մղձավանջում…

Զ
Եվ հառնում է իմ դեմ մի տեսարան վայրի,
Ու մառախուղն է գորշ ծորում անփույթ,
Չէ՛, հանգրվան չէ սա, պետք է քայլես, քայլի՛ր,
Թե չէ անեծքն այս գորշ կնստի հոգուդ:

Պատկերն այս խորթ է ինձ, մոլորվել եմ անշուշտ,
Այս վայրերում մարդը մերժված է հար.
Մի՛ ամաչիր, հոգի՛ս, լաց եղիր մի կուշտ,
Հերքված է այստեղ շնորհք ու քանքար:

Նպատակը գինու ծարավի է նման,
Սերը՝ զորավորի արգելված որսի,
Բանականն է թարսվել, էլ չես շտկի նրան,
Հետևիցն է ընկել էգը որձի:

Չէ, երևի ճամփին մոլորվել եմ մի տեղ,
Ուղեդարձից գուցե սխալ թեքվեցի,
Ինչպե՞ս հաղթահարեմ փորձությունն այս, օ՜, Տեր
Քեզ մոտ էի գալիս, որտե՞ղ հայտնվեցի:

Է
Հասե՞լ եմ հիմա սահմանն անհայտի,
Թե՞ սահմանն արդեն վաղուց եմ հատել,
Այն քաոսի մեջ եղել եմ հայտնի՞-
Հիրավի այնժամ զուր եմ վհատվել:
Սրանից հետո ու՞ր եմ գնալու`
Ու՞ր է տանելու անհայտ այս ուղին,
Չկա խաչմերուկ, ուղեցույց չկա-
Ե՞ս եմ հինավուրց, թե` աշխարհն է հին:
Քեզ ճանաչում եմ, հաջորդ իմ տխուր,
Ադամն էլ գուցե ինձ էր ճանաչում,
Նույնն է ամեն ինչ` չբեր ու ամուլ-
Աստծո փոխարեն ես եմ ամաչում:
Կա՛նգ առ, սպասի՛ր, մտածի’ր, խորհի՛ր,
Հետքերդ արյունոտ ինչու՞ ջնջվեցին,
Ո՞ր բուն կտուցեց փշրանքներն հացի,
Ո՞վ է սպասում քո համառ դարձին:
Հատել եմ վաղուց սահմանն անհայտի,
Թեև եկել եմ հենց նրա խորքից,
Արևի տենչն իմ մի օր կհատնի,
Մի նոր խելագար կտենչա նորից…

 

Ը
Խենթացել եմ ես, խեղվել է միտքս,
Թարսվել են ինձ հետ սիրտս ու հոգիս,
Խռովել են ինձնից տաղանդս ու ձիրքս,
Կոկորդս սեղմում, չեն տալիս հանգիստ:

Խաթարվել է ուղիս, Աստվածամայր Կույս,
Հայտնվել եմ կարծես ուղեծրից դուրս,
Մերթ փոթորկվում եմ, մերթ` զարնվում քարին,
Մերթ հայտնվում փառքի լեռան կատարին:

Ամայություն է սոսկ, և չկա ուղի,
Տեսիլներ են վխտում` ծերացած ու հին,
Սարսռում է խորքս ինքնաշեղումից,
Անկանոն այս ընթացքն ու՞ր կտանի ինձ:

Մի՞թե ընկել եմ իմ շողքի ետևից,
Դեգերումն այս, տեսնես, երկա՞ր կտևի,
Խառնվել է օրս` քնա՞ծ եմ, արթու՞ն,
Մի օր ծնկի կգա՞մ. տեսնես՝ ո՞ր մարտում:

Քեզ գտնելու համար, իմ կորուսյալ Ես,
Ես քամու մեջ մտա խելագարի պես,
Սակայն նման չեմ ծուռ Սասմա Դավիթին.
Ո՞ր թշնամուս հաղթեմ, ո՞ր մեկ Մելիքին:

Ծվատվել է խորքս հողմերից բազում-
Ու՞ր ես գնում, կանգ առ, էդ ու՞ր ես վազում,
Քեզ կկոտրի օղակն այն վարգահալած,
Եվ կդոփես տեղում` հեզ նժույգ դառած:

Վայրկյանների դարձում ու ժամանակի
Հաղթանակի փառքով, սուգով պարտվածի-
Սա քայլե՞րգ է խրոխտ, սգո մեղեդի՞,
Ո՞ վ է որակողը, տեսնես ո՞վ գիտի:

Խճճվել եմ, օ~, Կույս, շփոթվել եմ, տե՛ս,
Բոցերի մեջ հայտնված թիթեռնիկի պես,
Մերթ լալիս եմ անձայն, մերթ ծափ եմ տալիս,
Ու՞ր ես, փրկարարս, ինչու՞ չես գալիս…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *