Ձմեռը մտնում է քաղաք

 

Հովհաննես Գրիգորյան

Ձմեռային պատկերներ

Ծառերը`
ոտից-գլուխ ճերմակ վիրակապերի մեջ,
իսկ օդը սառն է, ինչպես հայացքը հյուրանոցի
տնօրենի, որն օրորում է գլուխը և մի բառ է
ասում` չկա: Եվ նորից ձյուն է գալիս
ծառերի վրա և ձյունը քիչ-քիչ ծածկում է
նաև քեզ, որ ճամպրուկը ձեռքիդ մոլորված
կանգնել ես օտար քաղաքի անծանոթ
փողոցներից մեկի մեջտեղում և մտածում ես –
կա՞ առավել դժբախտ մարդ, քան նա, ով ձյան տակ,
ճամպրուկը ձեռքին մոլորված կանգնել է
օտար քաղաքի փողոցի մեջտեղում…
Եվ հետո օրորում ես գլուխդ
և մի բառ ես ասում` չկա:

***
Ձմեռն անծանոթ քաղաքում ավելի է ձմեռ
և մենությունը գորշ է ավելի, և նույնիսկ
ճնճղուկները, որ սառած արցունքների նման
կախվել են ծառերի թարթիչներից` առավել
դժբախտ են, եթե նրանց նայում է օտարականը
երկհարկանի հյուրանոցի պատուհանից…
…Նայում է երկար ու մտածում – զարմանալի է,
այսքան տարի ապրեցի և հիմա
ոչինչ չեմ կարողանում հիշել, որ գոնե
մատներիս ծայրերը տաքանան…

***
Երևի սա հենց այն ձյունն է, որի մասին
ասում են, թե իջնում է և երջանկություն է
բերում իր հետ: Երևի սա հենց այն ժամն է,
երբ մարդիկ հանդիպում են իրար և խոսում են
կարևոր բաներից: Երևի սա հենց այն աղջիկն է,
որին պիտի հանդիպեի առաջին ձյան փաթիլների
տակ ու պիտի խոսեինք կարևոր բաներից:
Եվ երևի սա հենց այն երազանքն է,
որն ամենավերջինն է
երևի:

***
Դարձյալ նույն գույնը,
դարձյալ նույն բառը-
ետ տար վարագույրը`
դարձյալ նույն ձյունը:
Անվերջ նույն ձյունը,
անվերջ նույն գույնը,
անվերջ նույն բառը…
Եվ տես, մի բառով,
և տես մի գույնով
ի՜նչ հեշտ, թեթև է
կերտում բնությունը
քո հազարաբառ
ու անպատմելի
այս մենությունը…

***
Պատուհանիս տակ ծիծաղ,
զվարթ ճիչեր ու կանչ`
թավալ են գալիս ձյան մեջ
երկու փոքրիկ տղա:
Ելնում ու ընկնում են նորից,
թռչկոտում, վազում են, խնդում…
Իսկ դու կանգնել ես պատուհանի դեմ,
կլանված նայում ես նրանց,
վերացած…ու չես էլ նկատել,
որ պարզել ես սառած ձեռքերդ,
տաքացնում ես սառած ձեռքերդ
նրանց ուրախ ծիծաղի,
ճիչ ու կանչերի խարույկի վրա…

***
Ձմեռային մթնող փողոցով
կուչ եկած վազելով անցավ
թեթև հագնված մի շուն:
Ակամա կծկվեցին ուսերդ
և ձեռքերդ ավելի խոր խրվեցին
գրպաններդ ու կանգնեցիր մոլորված`
գիշերով, այս ցրտին
ո՞ւր էր վազում խեղճ շունը
և այս մութ ու ցուրտ փողոցով
ո՞ւր եմ գնում ես հիմա…

 

ՁՄԵՌ

Եվ մինչ զբաղված էինք կյանքի և սիրո թեմաներով,
ձյունը արդեն իջել էր և փողոցները անխտիր ճերմակել էին:
Եվ մենք դուրս եկանք կոճկելով վերարկուներս,
թփթփացնելով իրար ուսի
և ուրիշ այլ բաներ ասելով:
Այնինչ մենք բոլորս էլ հիացած էինք
ձմեռվա այս անսպասելի քայլից,
ձյան ճերմակությունից,
ծառերի հեզությունից,
փողոցների անթերի գծագրությունից:
Եվ մենք հրաժեշտ տվեցինք իրար
և ցրվեցինք տարբեր ուղղություններով,
չնայած նույնն էր ձմեռը ամենուր,
նույնն էր ճերմակությունը ձյան,
նույնն էր հեզությունը ծառերի,
նույնն էր գծագրությունը փողոցների
և նույնն էինք մենք:
Իսկ ահա երկու չափազանց սև կատու
համաչափ վազքով գնացին փողոցի երկայնքով
և կանգնեցին փողոցի վերջում
ինչպես վերջակետ:
Իսկ ձյունը սկսեց նորից գալ,
այսինքն ձմեռը շարունակվում է նույնաբար,
և ոչինչ չի խախտվելու այս գործողություններում,
չնայած բոլորին չէ, որ նա սիրելի է:
Շները հարգում են ձմեռվա օրենքները:
Այդ միայն մարդիկ են խախտում համաչափությունը նրա:
Սև կատուները պահակներ են միայն:
Ծառերն անհաջող դերասաններ են:
Իսկ մենք,
դե մենք կապ չունենք այս պատմության հետ:
Մենք շարունակում ենք մեր վեճը
կյանքի և սիրո թեմաներով,
չնայած մենք բոլորս էլ հիացած ենք
ձմեռվա այս անսպասելի քայլից:

 

Այսօր ձյուն եկավ

Կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ոտքերը
և զարմանալով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում իմ սառած դեմքին:
ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին՝
կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո կնստի, կօրորի գլուխը՝
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված չորացած ծաղիկները:
Հետո բոլորը միանգամից կելնեն ոտքի
և աղմուկ-աղաղակով ինձ դուրս կհանեն
տնից,
դեպի ձյունը,
ճերմակ ձյունը,
առաջին ձյունը,
վերջին ձյունը,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած՝
ես խոսքեր չեմ գտնի
հիացմունքս արտահայտելու համար…

 

Առանց քեզ անտանելի մի  ձմեռ

Այս ինչ սովորական են օրերը:
Բոլորովին էլ նորություն չէ ձյան գալը
առաջին սիրո հետ կապելը:
Թող հոգեբան մասնագետները որոշեն, թե ինչու են
մարդիկ հիշում իրար,
իսկ ինչու այդքանից հետո օրերը չեն դառնում
տոնական ու շքեղ:
(Ինչքան էի ուզում լինել երջանիկ):
Հանդարտ ու սառը քայլող ահա այս բոլոր մարդիկ
եթե բարեհաջող հասնեն տուն կամ մեկ ուրիշ տեղ,
բոլորն էլ գիտեն, թե սկզբում և թե վերջում,
որ չեղան այն, ինչ որ պիտի լինեին:
Այսպես՝ բայց ինչ կարիք կա դաժան լինել այսքան,
չէ՞ որ մենք բոլորս էլ ունենք մեր սեփական պատը,
որի առաջ կանգնելու ենք մի օր աչքներս լայն բացած
և սեղմելու ենք բռունցքներս ամուր, մինչև որ
մատներս ցավեն:
Իսկ դու գտիր ինձ տանջելու նորանոր մեթոդներ,
(բոլորովին էլ նորություն չէ՝ ես քեզ սիրում եմ հին
մեթոդով):
Եվ տխուր է, ինչ կա թաքցնելու, շատ է տխուր,
և հույս չկա փոփոխության, թեկուզ ձյունը դառնա
գույնզգույն,
թեկուզ
հանդարտ ու սառը քայլող ահա այս բոլոր մարդիկ
բարեհաջող հասնեն տուն կամ մեկ ուրիշ տեղ:

 

Ձմեռ

Փողոցը լցվեց կապույտ լույսով,
փողոցը դարձավ հեքիաթ,
ես գրում եմ քո անունը
մեծ-մեծ տառերով
փողոցի բոլոր պատերին,
մի սոսկալի սև կատու անցավ
և հետո դարձավ կապույտ,
հետո շուռ եկավ
ժպտաց,
իբր թե սիրում է ինձ,
իսկ ես չեմ ուզում սիրել,
ես ուզում եմ միայն գրել
մեծ-մեծ տառերով
անունդ, անունդ, անունդ,
հետո սոսկալի ճերմակ ձյուն եկավ
և հետո դարձավ կապույտ,
այնպես,
այնպես ցուրտ է,
ցուրտը սիրում է ինձ
և ահա եկար,
դու եկար
ու անցար ջնջելով անունդ
փողոցի բոլոր պատերից,
իսկ ես կանգնած էի անկյունում
և դողացող ձեռքերով
շոյում էի
սև կատվի
կապույտ գլուխը:

 

Ավագ Եփրեմյան

Ձմեռը մտնում է քաղաք

Ձմեռը մտնում է քաղաք
մարդկային սրտերի միջով,
մարդկային սրտերի միջից
ձմեռը մտնում է քաղաք,
եւ որքան սրտերը՝ արջնած,
այնքան ցրտերը՝ դաժան,
այնքան բառերն՝ անպարզ,
այնքան արեգակը՝ թեք,
եւ հոգիները՝ միայնակ,
ու առավել քան իրական,
եւ ավագ հանգրվանն՝ հեռու,
եւ մեղքը՝ հսկա լեռնապար,
եւ վշտի դաշտերը՝ բերրի,
եւ կրքի վաշտերն՝ անհագուրդ,
եւ ամեն անակնկալ վարդ –
ասես գերեզմանոցում աճի…
եւ երգի ձայներ չկան,
բայց ինչ–որ շշուկներ են սվսվում՝
հատելով դատարկ փողոցները,
մարդկային սրտերը, գործերը,
քաղաքը – ինչպես քամին,
որից, այդ քամուց, սարսռում են
բառերը, մեղքերը, վարդերը՝
հար անակնկալ հայտնված…
մարգարե–գուշակի նման՝
ակնկալելի հայտնությամբ
կամ որպես հերթական նշան,
ձմեռը մտնում է քաղաք։

 

Ժակ Բրելի վերջին երգը

Լսո՞ւմ ես, Մեծ ժակ, ձյուն է գալու,
Փափուկ, ձանձրալի – շքեղ մի ձյուն,
Եւ բաց ափերով –
Քո տաք խցում –
Ոչ մի հարբեցող չի մնալու,
Լսո՞ւմ ես, Մեծ ժակ, ձյուն է գալու:
Նոր խարույկներ են վառվում այսօր
Քո մեծ Փարիզի փողոցներում,
Ուր մի անթափանց –
Տխուր սերունդ
Ոգեւորվում է ուրիշ լույսով…
Նոր խարույկներ են վառվում այսօր:
Լսո՞ւմ ես, Մեծ ժակ, ձյունը լսիր,
Արքայադստեր աչքերի մեջ
Մենք հեքիաթներ ենք
Անզոր ու խեղճ,
Մենք վերջին սեր ենք ու վերջին սիրտ,
Լսո՞ւմ ես, Մեծ ժակ, ձյունը լսիր: –
Արքայադուստր ու թագավոր
Խաղալիքներ են տոնածառի,
Ձյունը լալիս է նույն ծիծաղի
Նույն հնչյուններով
Խաբված ու որբ, –
Արքայադուստր ու թագավոր,
Արքայադուստր ու թագավոր…

 

Տիգրան Պասկևիչյան

Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Մեռելների վրա երեւի
ավելի հավասար,
քան մեզ վրա,
որ համառ դյութանքն ենք
ապրելու նման մի բանի:
Մանուկների վրա երեւի
ավելի հավասար,
քան արձանների,
որ հպարտ կանգնած են
ձյունն ու հավասարությունը
սեփական մաշկով զգալու համար:
Արվարձանների վրա երեւի
ավելի հավասար,
քան հրապարակների,
որտեղ թաքցնելու շատ բան կա:
Լեռների վրա երեւի
ավելի հավասար,
քան դաշտավայրի գյուղերի,
որտեղ հավասարությունն ու ձանձրույթը
երկվորյակ են:
Ծառերի վրա երեւի
ավելի հավասար,
քան շների վրա փողոցային,
որոնք թաքցնելու չունեն ոչինչ,
սեփական կենսագրությունից բացի:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Ափերի մեջ հավատացյալի
եւ գլուխներին սնահավատ,
որոնք չեն տարբերում,
ճերմակի թարսն ու շիտակը,
ամայության լայնքն ու երկայնքը,
մենության խորքն ու դատարկը անդունդի:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
Գրիչ չկա, ափսո՜ս,
գրիչ, որ գրոտես
ողորկ այս տեսադաշտը
ձնամարդու մասին
վկայություններով:
Որ գրես պատվիրաններ,
որոնք վաղվա երթեւեկից
սայթաքուն են դառնալու:
Որ գրես երանիներ,
որոնք գիշերվա ցրտից
դառնալու են սառցալուլաներ:
Որ գրես առակներ,
որոնք հալչելու են
գոլ քամիներից գարնանամուտի:
Որ գրես ամենայն հրաշալին
եւ զարհուրելին ամենայն,
որոնք քչքչալու են զվարթ առուների հետ:
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար…
Ի՜նչ հավասար է իջնում ձյունը:
2007, փետրվարի վերջ

Ներսես Աթաբեկյան

Վա՜յ,մայրիկ ջան,տես,
Բակն ու դուռը լի…
Հովհ.Թումանյան
Երևի կգա մեծ փաթիլներով
ու էլ չի հալվի,
կմնա վերջին
մանկության բակում
ու բազրիքներին.
իմ երազի մեջ
շուրջը ճերմակ էր
շուրթերդ`կարմիր.
իզուր արթնացա
(…աշուն ու անձրև,
դեղին ու քամի…)
իզուր արթնացա
շենքերից մեկում
բազմահարկանի…

 

***

Ձյուները բարձր են:
Մոգերն ուշացան:
Մսուրին կռացած մայրը
չար աչքից ու քամուց
պահում է մսուրում պառկածին
ու մեկ-մեկ դռանն է նայում:
Ձյուները բարձր են, ասում է, տղա՛ս,
ձյուները բարձր են,
ու մոգերն ուշացան,
մինչև գարուն
աստղերից մեկը գալու էր
նրանցից առաջ,
հետո գալու էին մնացածը,
ինչպես հրեշտակը խոստացավ,
բայց ուշացան
ու վայ թե չեն գալու,
գուցե աստղը մի տեղ շեղել ճամփան
ու մոգերին ուրիշ մսուրներ է տանում,
անձյուն ճամփաներով,
երկնքի տակ ուրիշ,
իսկ մեր ձյուներն ինչ լավ բարձր են, տղա՛ս,
ու դու իմն ես հիմա
մինչև գարուն
ու – մնացած բոլոր գարուններին…

 

Սլավիկ Չիլոյան 

Հոգեհանգիստ

Ճերմակ ձյունին փաթիլ-փաթիլ
հոգեհանգիստ,
խաբված սրտին մոլեգնությամբ
հոգեհանգիստ,
սալհատակի պաղ շիրիմին,
հոգիներին անվերադարձ,
մետամորֆոզ հոգիներին
հանգիստ, հանգիստ:
Նեկտար բերող
կյանքի չարքաշ մեղուներին,
շեկ մազերին՝ սպիտակով,
պարզ աչքերին, սրունքներին
մնաս բարով:
Արնաթաթախ մոր արգանդին
հոգեհանգիստ,
հոգեհանգիստ, գալիք սերունդ,
քո շիրիմին,
մարդու նման վառ կապիկին
հոգեհանգիստ,
և ամպամած ու ամպ դարձած
իմ չոր հոգուն
հով երկնքում
հանգիստ, հանգիստ:

Մարինե Պետրոսյան

ՄԻԱԿ

փողոցն էս
ծայրից ծայր դատարկ ա
ու ձյունը
իմ վրա ա գալիս
էնքան տաք
ահագին ու փափուկ
որ ոչինչ
ոչինչ որ անհնար
անհնար անիմաստ
փողոցն էս`
ծայրից ծայր իմը
ու միակ
ԱՆՁՅՈՒՆ ԿԻՐԱԿԻ

դեկտեմբեր դեկտեմբեր վառարան առավոտ
անձյուն մի քիչ մութ մի քիչ ցուրտ կիրակի

չափազանց չափազանց սիրելի մի բան
անաղմուկ բայց անդարձ քայլերով
հեռանում ա

ամեն ինչ ամեն ինչ որ կա
թողնելով իրանից հիշատակ

 

***

Տառասխալով գրեք բառերը,
սենյակում մութ է,
փողոցում՝ ձմեռ:

Գոնե իսկական տոնածառ լիներ,
գոնե փետրվար լիներ ամիսը,
գոնե ցուրտ լիներ:

Եթե գրում եք՝
տառասխալով գրեք բառերը.
այդպես ուրախ է:

***

Քաղաքը թափուր է
ինչպես ծառ, որ կտրել են,
ինչպես տոն, որ չկա:

Իմ սիրտը լալիս է,
չի ուզում լռել:

Ջրհորը սառել, սառույց է:
Ձմեռ է տարին:

***

Գնամ կանգնեմ
փողոցում, ձյունը
ծածկի աչքերս:

Այնքա՜ն, այնքա՜ն
լռեմ, պատռվի
վարագույրը հեռվում:

Ձեռքս տանեմ
սրտիս, կարմիր
դառնան մատներս:

 

Հասմիկ Սիմոնյան

գիշերը բոբիկ ոտքերով տրորեցի թարմ ձյունը
ու առավոտը բացվեց ծնկներիս
մատներս ճանաչեցին քեզ դեռ հեռվից
երևի գիտեին որ գալու ես

գիշերով լցված ցինիզմը անտանելի հազում էր
ու շարունակ փնտրում թաշկինակի չերևացող հետքերը

կմոտենայի քեզ եթե կեսօրին ձյուն գար
եթե անիմաստ մրսեիր
ու անօգնական ոռնոցս չհասներ քեզ
եթե սուրճ խմելիս օրը ծխեր քեզ հետ
ու դու նմանակեիր նրան
իմ անշաքար թեյը ոչ ոք չէր սիրում

վախենում եմ

անկրծկալ մենակությամբ շրջում եմ անկողնուց անկողին
տրորում եմ աչքերս
մի օր քեզ այլևս չեմ գտնի

փաթեթավորում եմ քեզ առավոտվա դիզայնով ամենաբարակ ցելոֆանի մեջ
տուն գնալիս կգցեմ
սովետի փլուզումից այն կողմ չօգտագործվող փոստարկղը
քեզ համար հեղափոխություն կանեմ
տները կմաքրեմ կդառնամ լավ աղջիկ
կնստեմ կահույքի ինձ հատկացված տեղում ու լայն կժպտամ

վախենում եմ

վերմակի տակ կծկված զգում եմ ռոքի դառնահամը շուրթերիդ
ու գիշերը ծանրանում է որովայնիս ցավի պես
կմոտենայի քեզ
եթե ձեռքդ դնեիր տիրոջ պես ու առավոտը իջներ աչքերիս
ամենաթարմ հաղորդագրության նման
որ սիրո պես կարճ է
ու բառերի շատությունը խանգարում է հաճախ

իսկ դու վաղուց գիտեիր աստղերի ճշգրիտ թիվը
կոշիկիս համարն ու մատիս չափսը
և նաև տեսել էիր գիշերվա հետքերը մարմնիս
ոտքերիս մերկությունը ձյան մեջ
ծնկներիս առավոտն ու ինձ
որ չտեսի պես կանգնել էի հեռվում ու չգիտեի
կողքինդ ես եմ թե չէ
և մտածում էի մոտենալ քեզ թե սպասել որ ձյուն գար

Արմեն Սարգսյան

Տոներին քաղաքը լի է
նախորդ ձմեռների ցանկություններով,
և ձյունը չի դադարում ընկնել
ավելի բարձր լեռներում՝
այս փոքրիկ բակերից հեռու՝
ցանկություններով նախորդ ձմեռների…

***
Տեսնես ձյունը կու՞յր է,
երբ իջնում է
կոտրված կղմինդրե տանիքներին
ու չի տեսնում բաց երդիկները,
որոնցով ամռանը
թիթեռներ են ելումուտ անում,
երբ իջնում է
կավածեփ պատերով հյուղակներին,
որոնց պատուհանից
մի բուռ աշխարհ է երևում,
մի կաթիլ արև՝
ընդարմացած քարափներին…

 

Արթուր Մեսրոպյան

Դրսում ցուրտ է,
ձմեռ
ու սառը
տանն էլ մի բան չէ
ձեռքերս ճաքճքել են
ու կոշտացել
մրսելուց սովորաբար քեզ եմ տեսնում
այս բարձրությունից
ցուրտը թվում է
մանկական աչքերով
նիհար-միհար
փոքր կրծքերով
անընդհատ խոսող
աղջիկ
սառցալուլա ձեռքերով
սառցալուլա ոտքերով
այս տարածությունից
ճանապարհները սառցակալած են
կիսամթին փողոցից տուն գնալ չի լինում
մնում ես ճաքճքած դեղին լույսի
բռունցքի տակ
նիհար-միհար ձմեռվա մեջ
վերարկուիդ մեջ
մտած

 

***
Ամեն խաղամոլ գիտի
վերջում՝ ամենատակը մի ձմեռ
միշտ կա…
թեկուզ կարելի է գլորել բոլոր
շշերը
կոտրել բոլոր կողերն ու
խորտակել գիշերները
խեղդամահել գիշերները
ու մնալ բոլոր փողոցներում
ու ծխել բոլոր մատների
եղունգները
միևնույն է տակը մի ձմեռ
կմնա
միշտ մի ձմեռ կմնա, որ գցես ուսերիդ
ու ընկնես ծովերի
հետևից
նավերի հետևից
ու հատկապես
էն աղջկա հետևից…
կարող ես շուռ տալ բոլոր գրպաններդ
տակը միշտ մի ձմեռ
կա
ամեն խաղամոլ սա գիտի…

 

Նունե Լևոնյան

Մի վերջին մանրուք
միշտ պակասում է
երջանկությանը:

Մանրուքը ունեմ՝
Թեյի գոլորշի,
Կիթառ, ճոճաթոռ,
Ձյունն ու ձմեռը,
Ներսում՝ բուխարին:

Ինձ հարկավոր է
մնացած մասը,
բայց որին դարձյալ
պակաս է մնում
մի վերջին մանրուք:

 

Զարուհի Բաթոյան

Ձմեռն իր երկնքի հետ խառնել է ինձ…
Ձյուների հետ խառնել չկարողացավ`
հալվեի գնայի…

 

Վահե Արսեն

Հեռացող Հայելի

Ձյունը մեղմ ծածկեց ինքնություն-քաղաքս,
և դատապարտված`
ես բարձրացա փաթիլն ի վեր,
դեպ ձնաղացները նախնական:
Ոչ շատ հեռու`
լոգարանիս խոսող հայելում,
օդը կախարդական գորգ է դառնում
և գանգատվում բրդյա բախտից:

Փողոցից` նրբանցք,
նրբանցքից` փողոց,
սուլելով քամու սիրերգ ոռնոցը`
ես սահեցի
դեպի շենքերը ապակեպատ,
որ փարոս են,
թե ապակին կոտրես մերկ ձեռքով
և վարագույրը թևեր սարքես քամուն:

Փարոս էր ամեն մի կայծ,
լուսատիտիկ,
թե` քարակերտ նախնական կրակ ու
կրակայրիչով տաքացվող գդալ:
Հենց այստեղ է աղբյուրն արարման`
աղոթքը ծածկագիր է,
աղոթատեղին` նստարան,
և կիսարթուն մի ժամապահ համրում է
հեռացող քայլ-արձագանքնե՜ րը, նե՜ րը, նե՜ րը, նե՜ րը, նե՜ րը…

Ամենը կրակ էր`
ջրահարս, թե տատասկ-փշալար,
և թե լռությունը անտառի:
Եվ Արևն Աստված էր,
փոքրիկ մի արև գրպանումս պահված:

Արամ Մամիկոնյան

 

երբ ձյունը նստի տանիքների հերթականության վրա,
ու շենքերը արջի քուն մտնեն
ձյան հաստ շերտի տակ,
երբ մարդիկ փաթաթվեն սպիտակ վերմակներով՝
նմանվելով ծխախոտի գլանակների,
սպիտակ մայթերի դատարկության վրա
մոլորված ոտնահետքերիս ձեռագրով կպատմեմ,
թե ինչ դժվար ձմեռ է մոտենում,
հետո քիթս կկախեմ մի մեծ բաժակ
տաք շոկոլադի գոլորշիների վրա
ու կսպասեմ

վերջին երամի հետևից
ուշացած ու անփետուր թռչունների հետ
հուսահատության տրամագծով կտարածեմ թևերս,
սենյակից սենյակ, քաղաքից քաղաք
ուրվականի պես անհասցե պտտվող մարմինս
դրամապանակիս հետ կմոռանամ
երթուղային տաքսիներից մեկում,
ու աշունը անվերադարձ կփակվի վրաս
դագաղի խուփի պես

դեղահոտից թմրած անորովայն մեռելների
ու թաց կապտամաշկ նորածինների մեջ կերևա
թաքուն պտտվող շեղբը կյանքի,
չէ որ պորտալարի հետ կտրվող բոլոր ճամփաները
քեզ էին ենթադրում
և ուրեմն ո՞ւմ կմնա
ծաղկավաճառների, շրջմոլիկների, գրպանահատների
այս քաղաքը

որովհետև իրոք դժվար ձմեռ է մոտենում,
ու ափսոս, որ ես էլ քեզ պես թռչուն չեմ՝
թեկուզ նույնքան ուշացած ու անփետուր,
միայն անարդյունք թափահարում եմ,
ուժեղ, շատ ուժեղ, խելագարի պես
թափահարում եմ թևերս,
որովհետև տեսնում եմ, թե ինչպես
մարդիկ սառցելուլաների պես պոկվում են պաշգամբներից
ու ջարդուփշուր տարածվում գետնին,
որովհետև մեռելների համար շիրմաքարի տակ էլ
նույնքան ցուրտ է, անհարամար ու նեղ,
որովհետև չեմ ուզում սառել
այս մեծ բաժակ անհամ շոկոլդի պես…

 

Անահիտ Հայրապետյան

առանց վախերի ձմեռ

մի օր երբ այնքան լիքը լինեմ
լիքը այնքան որ տալուց չզղջամ

մի օր երբ բաց լինեմ այնքան
որ մրսելուց չվախենամ
որ սիրեմ վերջապես ձմեռը
ու սպիտակից չվախենամ

մի օր երբ քեզ այնքան մոտ լինեմ
մոտ այնքան որ մեր միջև տարածություն չմնա
ու ես չվախենամ քեզնից ու դու լինես իմը ու դու չվախենաս ինձնից
այդքան մոտ լինենք

մի օր երբ շուրջը ոչինչ անծանոթ չի լինի
որ ամեն ինչ ուտելի ու շոշափելի լինի

մի օր երբ կորցնելուց չվախենամ ու տամ ու լինեմ անատամ

մի օր երբ դուրսը մնալուց չեմ վախենա
օտար լինելուց չեմ վախենա
երբ ընդհանրապես մեջս վախեր չեն լինի
բայց նյարդերս կտրտած չեն լինի
ու ես ցավից էլ չեմ վախենա

մի օր դու կունենաս ինձ երևի մի օր կտրվեմ վերջապես

 

Դավիթ Հովհաննես
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՁՄԵՌ

Ես սիրում եմ քեզ, իմ հայրենի քաղաք,
սիրում եմ քո հին աշունները շքեղ,
ամառները արբշիռ, գարունները կանաչ,
բայց ամենից շատ – ես սիրում եմ խեղճ
քո ձմեռը սև, անձյուն ու ցամաք,
քո ձմեռը, որ տե՛ս, դրսում կուչ է եկել –
որպես մի շուն ծեծված, մի միամիտ Չալանկ:

Որպես մի շուն անտեր, մի մոլորված Չալանկ,
որ, չգիտես ինչպես, այս քաղաքն է ընկել –
կուչ է եկել դրսում, և դողում է բարակ
ձմեռը խեղճուկրակ:–
Եվ չի սիրում նրան,
ախ, չի՛ սիրում նրան աշուններով շքեղ,
ամառներով արբշիռ, գարուններով կանաչ
հափրացած ու հոգնած հոգին հաշտ ու խաղաղ:

Բայց ես սիրում եմ քեզ, իմ հայրենի քաղաք,
և քո ձմեռը հենց, քո ձմեռը տգեղ,
քո ձմե՛ռն եմ սիրում – մի միամիտ Չալա՛նկ,
որ, չգիտես ինչպես, այս քաղաքն է ընկել,–
ես սիրում եմ այդ շանը որբ ու անտեր,
համբուրում եմ նրա դունչը սրթսրթացող,
շոյում եմ մեջքը և շշնջում եմ բառեր…

Լսիր, ասում եմ ես, լսիր ինձ, իմ Չալանկ,
դու չես տեսել երբեք, չե՛ս իմանում – ինչ է,
չես իմանում, ի՛նչ է – երբ շուրջդ ոչինչ է,
երբ շուրջդ չկա ձյուն, չկա շունչ, չկա կյանք,
երբ չոր սևություն է միայն խեղճ ու անկյանք,–
մի շո՛ւն է միամիտ, մի Չալա՛նկ է անտեր,
և շունն այդ կոչվում է – քաղաքային ձմեռ:

Եվ շունն այդ կոչվում է ոչ թե արբշիռ ամառ,
ոչ թե գարուն կանաչ, ոչ թե աշուն շքեղ,
այլ կոչվում է ձմեռ, քաղաքային ձմեռ –
պատահական, շշմած, տխուր ու մոլորված,–
կամ կոչվում է քեզ պես մի Չալա՛նկ, մի քա՛ծ,
որ, դրսում կուչ եկած, նվնվում ես դեռ –
կեղտոտ ու ինքնամատույց պոչիդ տակը բացած:

Ա՛խ, լսիր ինձ, իմ շուն, իմ Չալանկ, իմ ձմեռ,
ես սիրում եմ քեզ, թեպետ որբ ու անտեր,
քո ծծերով ցամաք, քո արգանդով չբեր –
դու խե՛ղճ ես, խե՛ղճ մի ձմեռ – քաղաք իջած,
ես համբուրում եմ քո սև դունչը սառած,
բայց փախի՛ր այստեղից, հեռացի՛ր, իմ Չալանկ,–
չե՞ս տեսնում, ոտքի տակ քեզ տրորո՜ւմ ենք մենք:
1978

Սամվել Զուլոյան
Դու ասում էիր, թե կան թռչուններ,
Որոնք աշնանը հարավ են չվում,
Նրանք կարող են ձմեռը տանել,
Եվ նրանց համար չկա բաժանում:
Նրանք չեն չվի և ընդամենը կարող են մեռնել:
Ես դա չեմ ուզում… Տե՛ս, ձմեռ է, ձյուն,
Միայն ագռավն է անզոր կռնչում.
Նա որտե՞ղ պիտի մահանա, ասա՛…
Մի՞թե մեռնելու համար էլ պետք է հարմար մի անկյուն…
Իսկ թռչունները չվում են, թռչում,
Եվ ագռավները մնում են` նման այն կանանց այրի,
Որոնք կարող են ձմեռը տանել,
Որոնք կարող են չդավաճանել,
Որոնք աշնանը հարավ չեն չվում,-
Իսկ դու ասում ես, թե կան թռչուններ…
Եվ կան թռչուններ` փոքրիկ, շատ փոքրիկ,
Որոնք չեն կարող հեռանալ հեռու,
Որոնք ագռավ չեն և ոչ էլ ուրու,
Որոնք սառչում են երազում` քնած
Եվ արշալույսը փետուրով լցնում:

Գևորգ Թումանյան

Ձյան խոշոր փաթիլների
կրակահերթ է
թիրախ լինելու ցանկությունը
ծնվում է միանգամից

 

Անահիտ Ղազարյան

ՄԻ ՁՄԵՌ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Քո մասին մտքերը ես պահում եմ պատշգամբում
Երբ դրսում -18 է
Որ միշտ սառը, թարմ մնան
Որ հարկ եղած պահին ցուրտը տանի զգայարանները
որ տեղ-տեղ ցրտահարվեն հիշողությունները
որ կարոտը սրածայր սառույց լինի ու կախվի կտուրներից:

Ինձանից
ապակեպատ փողոցներով, սառած հեռագրասյուներով
տներով, տներով, խանութներով
քեզ մոտ բերող ճանապարհները
մի ձմեռ հեռավորության վրա են:

 

Նարինե Ավետյան

Տարին լքում է քաղաքը:
Տարին գնում է անդարձ:
Քաղաքը տխուր երգ է կրկնում ծառի ականջին
Ու անմնացորդ տրվել է ծառի մերկ արմատներին:

Ծառը շնչում է բաժանման ցավը:

Քաղաքը մրսում է վաղուց:

Վաղը դիմակահանդես է:

Հրաժեշտից առաջ իմ ո՞ր դիմակով հայտնվեմ այնտեղ
Եվ ինչպես վարվեմ Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ…
Չէ՞ որ
Տարին լքում է քաղաքը:
Անվերադարձ լքում է մեզ:
Քաղաքը մրսում է վաղուց:

Եվ գուցե այսօր ես ընտրեմ դիմակ
Եկող տարվա համար…

 

Արմենուհի Սիսյան

Ճերմակ ձյուն,
ճերմակ էջ,
ճերմակ մատներն են
փորձում սփոփել էջի թախիծը,
ու ես չգիտեմ` մատներիս միջև
գրի՞չը, թե՞ կյանքն է շտապում,
մինչդեռ ձյունը գալիս է,
որ ծածկի…
ճերմակ ձյուն,
ճերմակ էջ,
ու հայացքը չի կարող լցնել
սպասման դատարկությունը,
մինչդեռ կյանքն է շտապում լցնել էջը,
ու ձյունը հանգրվան է փնտրում իմ հայացքում…
Թող ձյունով,
ձյունո՛վ ծածկվի ամեն բան…
Տեսնես`ո՞ւմ պետք է շնորհակալ լինել,
որ ճերմակ է ձյունը…

* * *
Արդեն քանի ամիս է
ձյունով է թաթախված գրիչս
ու սպիտակով են տողերս ներկվում.
հիմար է մարդը, թե կարծում է՝
պատկանում է մեկ այլ մարդու.
քոնն եմ ես, բնությու՛ն…

Առաջին ձյուն

Քաղաքս ձյունով է պատվել,
ձյունոտ հայացք,
ձյունոտ քայլեր,
ձյունոտ ժպիտ,
բոլորի շուրթերին խոսք կա ձյան մասին,
ուսերից անգամ ձյուն են թոթափում,
ու քաղաքս ճերմակ հրաշք է դարձել…
մաքրվելու,
մաքրվելո՛ւ ենք
վաղվա համար…

Որքան բարձր է ձհունը, այնքան մոտ է Արևին
/ծաղկաձորյան շարք/
* * *
Ձյան անվերջ ծածկույթի մեջ
տեսա նրան, ճանաչեցի.
սպասումն էր այնտեղ…
* * *
Ձյունով մխիթարված լեռների սրտում
տառապանք կա շատ,
սիրտը սառչել է՝ ձյունը չի հալվի…
ես ինչպե՞ս ձյունով մխիթարվեմ…

* * *
Չեմ ուզում հիշել, թե
վերջդ ինչ է լինելու,
ձյու՛ն ճերմակ…
մեքենաների արագ սլացքից
ցեխ էր թռնում անցորդների ոտքերին…

* * *
Սպիտակ շերտով տխրություն է
նստել փողոցներին.
այսօր տխուր ես, երկի՛նք,
չէ՛, ծառերը չասացին այդ մասին,
սիրտս է լսում
ձյունդ սրտաբուխ,
զգում է այնպես,
որ… լացս հազիվ եմ զսպում:

* * *
Այստեղ-այնտեղ
ձյան սառած, քարացած
կույտեր էին մնացել.
դրանք երկնքից իջած
այն ճերմակ հույզերն էին,
որ չհանդիպելով ջերմությանդ՝
սառան…

* * *
Այսօր էլ երկինքը սիրով ծածկեց օրը՝
ձյան տեսքով
ու գիտեմ
ինչու է ձյունը ճերմակ.
թե սեր է՝ պիտի մաքուր լինի…

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *