Լիոն քաղաքի պայծառ գույներում՝
Սիրտս` բազմության մեջ մոլորված երեխա,
Անընդհատ անունդ ձայնող…
Գիշերվա լույսերն այստեղ hուսաբեկ չեն,
Վառվում են կուրացնելու չափ համառ։
Վաճառասեղանին մեկնված ձկների
Քաղաքակիրթ, համր հայացքով
Այս քաղաքը
Բարձի տակ առավոտներ չունի,
Բանաստեղծությունը չի նկատվում,
Ես փոխպատվաստման օրգանների շուկա եմ`
Նյարդերի երբեմնակի ֆիզիկական թրթիռով:
Մնացածը.․․
Մնացածը թողել եմ քեզ մոտ`
Երևանում…
***
– Արդեն աշուն է,- ասացիր․
Նայեցի պատուհանից․ քամին քշում էր տերևները.
Երևանն էր…
Այդ օրվա կամուկաց անձրևն
Աչքերումս է:
Պրովանսի այս տաք գիշերը
Օտար լեզվի հնչյուն է`
Ունկիս անհաղորդ, փափուկ, քսվող-անցնող:
Սեղմիրաններով աճած` ուղիղ ծառաշարքերի
Նեոնային, անհավանական զվարթ շքերթում
Ես մեռնում եմ՝
Ծովում խեղդվողի ծարավով,
Եվ քնքուշ, հանդիմանող ձեռքդ
Հեռու է ավելի,
Քան փրկության ափի պատրանքը…
***
Տարածության և ձայնիդ ալիքներին տրոհվելով,
Ես բաժանում-ցրում եմ
Իմ ամեն օրվա հոգին ու մարմինը:
Տխրությանդ մատից փուշ հանել փորձող ձեռքս
Չի՜ հասնում քեզ:
Ցանցն ընկած ձկան գալարքով,
Ելքի նման փնտրելով սփոփիչ խոսքեր,
Ե՜ս՝
Կոկորդում հեղձուկ,
Կանգ եմ առնում,
Եվ բառերը մարմին չեն առնում,
Եվ մարմինդ դառնում է ցնորք`
Երևակայությանս ուռկանն ընկած…
***
Ահա սենյակը`
Ինձ իրար փոխանցող չորս պատերով,
Պատուհանից սեզանյան երկինք`
Ծանոթ ու միանգամից չվերհիշվող,
Հաղթանդամ տղամարդ հայտնաբերած
Կոտրատվող, ծեր միասեռականը`
Որսը տեսած կատու։
Կանայք, ոչինչ չխոստացող պատրաստակամությամբ,
Կեղծամ ժպիտներով։
Սլավոնական արտաքինով ալբանացին,
Որի դեմքը դառնում էր բորենու մռութ,
Երբ աչքերի կայծկլտոցով
Պատմում էր սերբերին մորթոտելու մասին…
Ձայնիդ սպասելով՝ շունչը պահած հեռախոսը․․․
Եվ ձեռքերս,
(Դու երբեք չե՞ս մոռանալու, չէ՞, ձեռքերս),
Որ այժմ
Գլուխս բռնելու համար են…
***
Ես տեսնում եմ ինձ
Երեկվա ապրածս կյանքի պատուհանից.
Անցնող օրը մանանա՜ էր,
Թե քարե կարկուտ՝
Չեմ նկատում:
Այդպես անձրևաջուրը,
Ասֆալտի փոսորակները լցվելով,
Գոյացնում է նոր ձևեր…
Մենք հոկտեմբերը կիսատ թողեցինք Երևանում.
Հիմա, այս անծանոթ աշունը,
Ազնավուրի «Բոհեմը» երգող քեֆով ֆրանսիացին,
Իմ անլեզու միայնությունը՝
Անտեր շներ՝ չեզոք տարածքում
Հանդիպել ու նայում են իրար`
Հենման կետ հայցող հայացքով…
***
Գրածս բանաստեղծություններն էլ չեմ գրելու,
Բանաստեղծությունները,
Որոնց ճանապարհը փակել եմ ակամա,
Չեն դառնա հետ:
Թվում էր՝
Ես գաղտնիքի պես գիտեմ`
Ինչ է պոեզիան,
Այժմ, այս օտար քաղաքի լուսաբացին
Ագռավի չդադարող չարագուշանքն է
Միայն իմ մեջ արձագանքվում.
Ես այլակերպվում եմ,
Դառնում
Նյարդի նման պրկված
Լար,
Որին նստած
Անթիվ ագռավներ են կռավում…
***
Մարդ էր,-
Ասաց` հայ եմ կարծեմ,-
Երկու տարեկանում տեղափոխվել էր Թուրքիայից,
Ծննդավայրի անունը չէր հիշում։
Ֆրանսիական անհոգություն կար ամեն ինչում․
Ժամանակը ստերիլիզացրել էր
Արյան հիշողությունը:
Իմ ջերմությունը
Նրա հարազատ, կնճռապատ դեմքի
Ոչ մի ծալքում տեղ չուներ:
Նա չգիտեր,
Որ մասունք է
Դէր Զորից պեղված…
***
Երկի՜ր,
Արյուն առնելու անունով
Տզրուկները կեղեքում են մարմինդ,
Միգրացիոն ծառայությունների գրասենյակներում
Լսվում են
Աշխարհին կուլ գնացող զավակներիդ
Խամրող ձայները:
Երկիր՝
Լքված փեթակի հայացքով…
Տարեց ամուսիններ էին,
Նրանց աչքերից ծուխը
Բարձրանում էր անծանոթ երկինք
Ու կանգ էր առնում մոլորված,
Ինչպես իրենք՝
Ֆրանսիական գիշերակացի բակում…
Ամենուր հայեր են`
Մեր կորսված աշխարհի դեն նետված մուրհակները,
Արմատախիլ ծառեր`
Մեծ գետերի բերանն ընկած:
***
Ապրում եմ
Ընդհատված երազի լուսանցքում,
Ծաղկից զատված բույրի գոյությամբ՝
Ե’վ «կամ», և՚ «չկամ» վիճակով:
Քաղաքը, ուր ծնվել եմ,
Փողոցներն ու մարդիկ`
Հերոսների մոռացվող անուններով,
Վաղուց կարդացած գիրք են թվում:
Տնկիի նման,
Որ տեղափոխելիս մոռացել են հողին,
Ես սպասում եմ՝
Լռության բթացնող ճառագայթների տակ չորանալով:
Եվ գիշերվա սև վարագույրի հետևում
Երազ չկա,
Եվ կոպերս սև գիշերվա վարագույր են…
***
Ահա նորից բացվեց առավոտը
Բանտի ճաշարան տանող դռան նման։
Դու վաղուց արթնացել ես,
Եվ գիտեմ` ամեն ինչ անալի է,
Տարածությունը չի՞ խանգարում զգալ սրտխփոցս:
Երբեմն,
Աչքերս փակ
Քեզ, իրավիճակներ և մարդկանց եմ տեսնում նույնիսկ,
Որ սիրելի էլ չեն եղել:
Դատարկ է շուրջս,
Պատ չկա կողքին կծկվելու։
Օտար, առաջին անգամ տեսած գետ է այստեղ
Ժամանակը:
Երեկվանից արդեն զատված,
Սակայն երեկվա կեղևի կաղապարում
Ես պատառ-պատառ ուտում եմ ինձ՝
Չմեռնելու համար…
***
Չես սիրել,
Գերի ես
Սրտիս զնդանում…
***
Փարիզը՝
Երևակայության քիմքը բթացնող,
Հաճոյախոսությունների անձրևի լճակների միջով,
Անփութորեն,
Երկար ոտքերը առաջ նետող
Այդ բազմադեմ գեղեցկուհին,
Հրաժեշտ էր տալիս.
Ես մեկնում էի քեզ սպասելու:
Գնացքը արագություն էր հավաքում,
Առջևի նստարանին սեղմված ոտքերս
Անզոր էին զսպելու ընթացքը,
Կարծես մշուշում՝
Լողում էր կայարանը,
Խեղդված՝
Արցունքոտ աչքերիդ լճերում…
***
Ահա նորից Փարիզը,
Մարտյան այս օրը՝
Ձմեռվա մուշտակն ուսերին գցած․
Քամու բերանը խցկվող ձյան փաթիլները՝
Անկամ բառեր՝
Լռությունից ոչ պերճախոս.․․
Քեզ կրնկակոխ հետևող,
Ուշ գլխի ընկնող սիրտս՝
Պայծառ, լուսապաստառ,
Անբառ երջանկությունից պայթող,
Եվ դու, որ փախչում ես
Ինքդ քեզնից,
Ինձնից,
Եվ Փարիզը իբրև ցավազրկող դեղահաբ ընկալելուց՝
Արագ քայլերով…
***
Անցորդներից մուրացող աղավնիները՝
Չկերակրելու մասին ցուցանակները
Կարդալ չգիտեին:
Հմայքիդ ծովում խեղդվելով,
Փրփուրներից կառչած,
Փորձում էի բռնել հայացքդ․․․
Մի պայծառ, ամառային օր,
Իբրև երջանիկ լինելու հրավառություն,
Փարիզում, Աստվածամոր տաճարից ոչ հեռու,
Ապոլիներ էի կարդում՝
Քո թափառող հայացքը չտեսնելով,
Եվ չէի ուզում հասկանալ,
Որ
«Սերն անցել է ինչպես Սենան՝
Միրաբոյի կամրջի տակով»…
***
Ձայնդ՝ սառը, կտրող`
Սառնամանիք ու օտար,
Հասավ ինձ,
Գոհարի նման շողարձակող
Հմայքդ ցնդեց։
Պատրանքազերծ մարմինդ՝
Խեցի-մոխրաման,
Ես՝ մոռացված սիգարետ՝
Անկրակ վառվող․․․
Ինչո՞ւ հասանք այստեղ,
Ո՞րն էր ճանապարհը։
Այդպես ծովի վրա մոլորված քամին
Նայում է հեռացող նավի ուրվականին,
Որը չգիտի էլ՝ ուր է գնում…
***
Տանիքներին ձյունը համրացել էր,
Լայնացած բիբերս
Անօդ տարածության պատերն էին,
Բառերը շնչառությանս հետ
Հետ էին կրակվում:
Իսկապես, ի՞նչ իմաստ ուներ
Բացատրություն պահանջելը.
Կառչելու եզր գտնելու հո՞ւյս,
Տխրության մեջ մինչև վերջ խեղդվելու փափա՞գ,
Ելքի գյո՞ւտ,
Որ չի երևում, բայց կա,
Թե անելանելության բառաչ՝
Քո ոչինչ չասող մերկ մարմնի
Եվ հյուրանոցային սենյակի կահկարասու
Հարևանությամբ…
***
Դու ինձ ասացիր՝ էլ չկաս.
Ձայնիդ շնչակտուր հետևող գիտակցությունս
Շաղվեց,
Ինչպես առավոտյան ձյունը՝
Աշխատանքի շտապող մարդկանց ոտքերի տակ։
Լռությունը դարձավ քար,
Եվ ես դարձա քար՝
Լռության ականջները խցկված…
***
Հոգնեցիր արքայադուստր թվալուց
Եվ վերադարձար քո ճահիճը։
Կախարդանքդ՝
Ճանապարհի փոշի՝
Թոթափեցի
Եվ մնացի մերկ՝
Մեխի նման՝
Մուրճի հարվածին սպասող…
***
Գռեհիկ պատմություն,
Շերամն էլ չի փրկում:
Վառվում էի,
Գնացիր ջրի
Եվ գնացիր ջրի հետ…
***
Իմ սև սրտի տիրուհին՝
Մտքերիս, արևիս
Սահման-անսահմանությունը
Ինձ մոռացավ՝
Վերջին օկտավայի դո-ից
Իջնելով առաջինին․
Ասենք՝
Այդպես կարդացած թերթն են թողնում
Սպասասրահի աթոռակին:
Ոչ մի նոր բան չկա,
Փոփոխվող անուններով կրկնվող պատմություն է,
Եթե, նույնիսկ,
Կյանքի հետ անհամատեղելի է
Քեզ չսիրելը…
***
Աչքերս փակ,
Ինքս ինձնից գաղտնի,
Փնտրում եմ…
Այնտեղ, որտեղ դու էիր՝
Ավերակ էլ չկա,
Անապատ է,
Որի հորիզոնից կախվում
Եվ ամեն վայրկյան
Ինքնասպան է լինում
Սիրտս…
***
Կամուրջներ էլ չկան կապող.
Գետը դանակ է՝
Սիրտս խրված…
***
Սիրտս՝ ծաղիկ
Գիշերային ճահճի ամայությամբ շրջապատված,
Քեզնից՝
Հազար աստղի հեռավորություն հեռու:
Բացվելու հրաշքը,
Թոշնելու տրտմությունը՝
Հասցեագրելու տեղ չունեցող
Չբացված նամակ՝
Թղթաթափոնի
Վերամշակվող խյուսի զանգվածում…
***
Ես նույն պատուհանի մոտ եմ,
Ուր Աստված ասաց.
«Այստեղից տեղ չգնաս»…
Երբեմն ծիծաղելի ու մանկամիտ է
Շան հավատարմությունս՝
Ինքս ինձ ու ճակատագրին:
Հիմա թռչում են կռունկները
Օտար երկրից՝ օտար տաք երկիր…
Եվ իմ հայացքը,
Որլորանում՝ ավտոմեքենայից պոկված,
Ու ձորը գլորվող
Անիվ է…
***
Վերջը կանգառ չէ,
Այլ նոր կեցության սկիզբ,
Շունչ պահելու անընդհատական վիճակ,
Գիշերները՝ թափանցիկ, կոպերդ չծանրացնող,
Ցերեկները՝ անգույն, անտեսանելի,
Անհորիզոն երկինք՝
Կախված լվացքի նման
Դու ժամադրությունից ուշացածի
Ոչ մի տեղ չտեղավորվող
Ծաղկեփունջն ես՝
Շրջապատի անհասկանալի տոնական եռուզեռի
Եվ մեքենաների աղմուկի
Աղբամանում խեղդվող…
***
Վերադառնում եմ մտովի․
Եվ փողոցներն ու սրճարանները,
Անծանոթներն ու բարեկամներս
Դիմավորում են
Համր կինոյի հերոսների՝
Զարմանքից ծռմռված բերաններով:
Նրանց պարզված թևերը
Վաղուց չված թռչուններ են…
Երազի այդ թալանված թանգարանում
Ես թափառում եմ,
Իբրև խելագարված ուրվական,
Խարխափող կույր ստվեր,
Որ փնտրում՝ չի գտնում տիրոջը…
***
Հորս դեմքն եմ տեսնում
Հայելում,
Նայում է հոգնատանջ, ծերացած ու ջղային:
Երևի, էլի, ինչ-որ բան
Այնպես չեմ արել…