Արմեն Սարգսյան | Կգա ու կպատմի քո մասին

***
Ասում են՝
հայերենում հարյուրհազարավոր բառեր կան,
բայց քեզ նկարագրել չեմ կարող,
և վաղուց մտածված մի բառ,
որ մոլորվել է աղոթքներում,
կգա ու կպատմի քո մասին.
անունդ է…

***
Ես ուզում եմ ապրել
քեզ տրված վերջին հրաժեշտը
այն թատրոնում,
որտեղ խամաճիկներին կարգին դերեր կվստահվեն՝
մանրակրկիտ տեսարաներով,
երկուսով կհետևենք լարերին
հետաքրքրությամբ,
տեղ-տեղ ասելիքից կհոգնենք,
կգա հաջորդը,
հետո՝ ես,
սպասում եմ հրամաններիդ՝
թուլացած ասելիքի թշվառությունից,
լվացել եմ դեմքս քեզնից,
պարում եմ, պարում…

***
Ես կանգ եմ առնում
ծննդյան տոների նախօրեին,
հաշտվում, համբերում,
և մի ձայն,
որ կարող էր լինել կողքիս,
մնում է իր հետ՝
խնայելով հիշողություններս…

***
Աշխարհը գլխաշորով է մանրանկարում մեզ,
միասին ենք, թեև վստահ չենք վարպետի ուժերին,
ու գիշերը անցյալ է դառնում.
ես ստուգում եմ ժամանակը,
որ հաղթում է աստվածներին…

***
Իմ քաղաքը, որ պատմում է բոլորին,
թե ինչպես լինել առաջնորդ,
ինչպես բղավել ոչ մի տեղ տանող արձագանքներով,
լիքն է ոչ թե մարդկանցով,
այլ նրանց արանքի դատարկ տարածությամբ,
որ կարող ես թաքցնել մուրացկանների բացվող-փակվող ձեռքերում
ու դրանց զնգզնգացող պարունակությամբ…

***
Ես փորձում եմ քանդել քարքարոտ դեմքդ,
որ ամպրոպից անգամ չի փոխում իր ձևը,
դու բղավում ես ռոք համերգի եկած հանդիսատեսի ձայնով,
որ օգնության կանչի է նման,
հետո փորձում եմ առանձնացնել աչքերդ՝
հյուսիսային օվկիանոսի գույն,
ու հետո արտաքսել ինձ
իմ ու քո արանքի բոլոր անկյուններից…

***
Մենք գրում էինք այն մասին,
թե ինչպես պիտի ապրեն ուրիշները,
մինչդեռ ինքներս չգիտեինք՝ ինչպես ապրել,
ուրախ էինք, և քաղաքը փախչում էր փողոցներից,
մենք համերգ ու կինո էինք գնում,
հետո մրցում մեր նայած ֆիլմերի,
գրած հոդվածների ու հարցազրույցների քանակով,
դիմանկարների, որ այդպես էլ կարգին չսովորեցինք գրել,
ուղեգրական ակնարկների, որ ոչ մի տեղ էլ չհասցրին մեզ,
ու մենք մնացինք այստեղ, որովհետև
երջանիկ էինք Շուշանյանի բառով.
հա, հենց դատարկապորտ էինք,
այսօր հանկարծ խոսեցինք արտագաղթելուց,
չգիտեմ՝ թեման Արթուրը մեջտեղ բերեց, թե Ռոզան,
էլի լավն էինք ու էլի սիրում էինք կյանքը,
բայց, մեկ է, վախեցնող մի բան կար,
երևի այն, որ նախկինում
մեր հրապարակախոսությունները շատ կտրուկ էին,
թեև մեզ ոչ մի հրապարակի ու ամբիոնի առաջ չկանգնեցրին,
հիմա, թվում է, խելքներս ավելի շատ է կտրում,
բայց քննադատելը մոռացել ենք,
մեր գրած նյութերը լուրերից այն կողմ չեն անցնում,
էլ հրապարակներ չկան, հրապարակախոսություն չկա,
Ռոզան էլի շատ է վազվզում,
Արթուրը սցենարներ է գրում
ինչ-որ հաղորդումների ու ներկայացումների համար,
ես էլ գրում եմ էս բանաստեղծությունը,
որովհետև անկախ էս ամենից
երեքս էլ որոշել ենք այս գիշեր քնել երջանիկ…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *