Մհեր Արշակյան | Վերջին գայթակղություն

Ընթրիքից ելա խորհրդավոր, սուղ,

որ ոչ մի դեպքում ինձ չեն պատանի

իրիկունները՝ անկողնում-դրսում

հեռու հոգնակի արաղից, տանից:

Ես ինձ թվացի պաշտպանված ու սուրբ՝

ոչ մեկի հախուռն սիրուն պիտանի:

 

Չսովորեցի ես խմել կարգին

բաժակից՝ մի պահ լցված հենց այնպես,

բայց չգիտես ոնց տղերքը, վարքը

նրանց քսքստաց իմ մարմնից ներս

ու ամեն բաժակ իմ ձեռքով վարգեց

աղոթքից մինչեւ ստամոքսագեղձ:

 

Հետո տղերքից մեկին բռնացրի

ինձ մի բաժակ էլ լցնելիս-աջով,

իբր արաղն այս երազից ձրի

էլ չի լինելու, չի լինի կանչող:

Երկու սիրունիկ ժպտում են ծերից՝

ինձ վերաբերող այս տիեզերքում ճոխ:

 

Ամեն ինչ արդեն վերջացած է, թույն

հարթությունները չեն տանում ինձ ցած,

հիմա մի թեթեւ հորանջ է ձեռքս

խաղացնում օդում մտորելով հարց,-

գլոբալացված երկնքի հերթում

ո՞ր աղոթքով եմ լինելու ներված:

 

Աշուն էր օրը, չտրված ղըշեր

ու հարամ եղած չեղած անկողին

հանգ են դեմ տալիս, ուզում եմ հիշել

տղերքի միջից ինձ ուրացողին,

բայց գրաբարով Պուշկինն է գիշերն

այնպես անարգել խցկվում տողն իմ:

 

Ես հեռանում եմ, բնական մի բան,

թե չէ Պուշկինն է դավադրում լքել.

տղերք,- ասում եմ,- գնացի: Կպան

տղերքը ինձնից. «Ստոպ,- ասին,- լաքեյ,

Երկու սիրունիկ քաղաքից Կապան

քո ստիխները հլը չեն լակել»:

 

«Չէ,- ասում եմ հույժ,- տղերք, ես թռա,

ձեզ ստիխ պետք չէ, աղջիկները՝ հեչ,

դուք չեք հասկանա իմ հոգին թորած

ուրիշ մի մտքի կենացների մեջ:

Ես սիրած ունեմ, սիրում եմ նորան»:

ասացի դեմքով փրփրալից ու խեղճ:

 

Տուն չգնացի, մեռնելու վարակ

բռնեց ինձ հանկարծ տղերքից հեռու,

ես եկեղեցի մտա անվարան,

ելք ու մուտք իրար նման են թվում:

Լիքը կնանիք ծնկների վրա

եկեղեցու մեջ Խաչ են համբուրում:

 

Նրանք ծնկել են հույժ գետնատարած,

ասես քիչ հետո կկանգնեն ու ծիլ

կտան ծնկներն այդ ծալվելուց առաջ

ու մոտ չեն լինի պարանին, ցցին:

Եվ հիմա կանայք հերթում սիրառատ

Խաչն են համբուրում, որ մի սիրտ ցնցվի:

 

Նրանք՝ մայրերը ի վերուստ օրհնյալ,

բնազդով ամեն մինուճար որբի,

հողեղեն մի քիչ, սիրո մեջ լոյալ

ու երազում են ունենալ որդի,

քանզի լավ գիտեն մայրերն այդ ու այլ

հմայելիքներ այլ սիրո դրկից,

 

որ որդոց դեպքում ծին չի դառնալու՝

չնախատեսված,- սրտում,-դ ե յուրե,

եւ պատասխան չեն տալու խորանում,

թե ում որտեղ են թաքուն համբուրել:

Մի այլ համբույր են նրանք մոռանում,

որ ամեն եկող շուրթերին նույնն է:

 

Խաչն այն սրբում են նրանք մեկումեջ

ու հետո կրկին համբուրում սիրով.

ես այս կողմերում ապրելու բան չեմ,

թե կանանց վերջը մթնում այս է լոկ:

Ահա թե ինչ էր դառնալու ինձ մերձ

աղջիկը, որին սիրում եմ իրոք:

 

Եվ որին ինձնից անմահ եմ կարծում

ու որին կեսից կթողնեմ, գիտեմ:

Ծնկներս հոգնած դարձել են հարցում,

ծալվում են ամեն դիրքին անընտել.

ի՞նչ խոնարհությամբ համոզեմ Աստծուն,

որ չորեքթաթըս հարբել եմ մի տեղ՝

 

Տղերքը ասին խմելու բան կա,

դեմ տվին շիշը ու մահը հրեց

խորքից… Ու լռեց մարգարե Անկան՝

ռուս հրեշտակս, պահապանս հեզ,

որ մի առավոտ ասաց, թե կգան

օրեր արաղի ու «ու չեմ լինի ես»:

 

Որ ես կսողամ ու չեմ հանձնըվի,

կբնակեցնեմ հոգիներն այլոց

(գուցե տղերքի), որ բառը ցավից

կավատ կդառնա աղջիկներ նայող,

ու երբ կլըքեմ Աստծո անձավը

չի ասվի. «Հայր իմ, լքվա՞ծ եմ»: «Այո»:

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *