Անուշ Մարգարյան | Ժլատ ոսկերիչը

(Առակ)

Մի ժլատ մարդ
Իր չաղ բախտից,
Ոսկի գտավ
Հենց տան բակից:
-Բա սա ի՞նչ է,
Աղքատի վարձ,
Գոնե լիներ
Ոսկով կարաս:
Լավ է այգի վերադառնամ,
Ցանեմ հողում,
Որ բերք դառնա…

Ոսկին աճեց
Պտուղ դարձավ,
Աչքը տեսավ
Չկշտացավ:

Ո՞նց կշտանար,
Ինքը՝ տկար,
Հսկա փորն էլ
Մի ծակ տակառ,
Որ չի լցվում
Ոչ մի բանով՝
Ո՛չ յուղալի մեծ պատառով,
Ո՛չ ջերմ խոսքով,
Ո՛չ արևի այն տաք ոսկով:

Գյուղացիներն իր հարևան
Ոսկու դաշտը հենց որ տեսան,
Վտանգի մեջ, անօգնական,
Հավաքվեցին, իր տուն եկան:

– Ժլատափա՜յլ ապրած կենա,
Օտար հո չե՞նք,
Դու մեզ խղճա,
Է՜ն կարկուտից մի լավ ծեծված՝
Արտ ու այգի կորեց – գնաց:
Թե մի կտոր ոսկի մեզ տաս,
Հուր-հավիտյան միշտ շեն մնաս…

-Չեղա՛վ այդպես, մշակ ախպեր,
Ինձ որտեղի՞ց ոսկի ու գանձ,
Ես էլ ձեզ պես մարդ եմ անվարձ…
Էն ոսկին էլ ծառին որ կա,
Խակ պտուղ է,
Բան դուրս չի գա:
Պետք է սպասեք մի կես տարի,
Մինչև այգուս բերքը հասնի:
Ասաց ժլատն այդ խորամանկ,
Ճանապարհեց դառն ու դատարկ:

Ահա այդպես քիթը տնկած,
Իր չաղ բախտից ուռած-փքված՝
Ապրում էր լավ ու անկարիք,
Փորը միշտ կուշտ,
Գլխին՝ տանիք:
Բայց հենց ոսկին ճյուղին փայլեց,
Տված խոստումը մոռացվեց:
Ու մի օր էլ կեսգիշերին,
Ցանկապատեց իր ողջ այգին,
Իսկ պատանի այգեպանին,
Ծառա դարձրեց իր մեծ պատվին:
Ոսկուց ձուլեց տունն անառիկ,
Պատ ու հատակ,
Դուռ ու տանիք:
Ոսկու ծառն էլ այնքան ջրեց,
Խեղճը բերքից մեջքը կոտրեց:

-Ժլատափա՜յլ ապրած կենա,
Ոսկին ծանր է,
Ծառին խղճա,
Քանի մեջքն իր դեռ չի կոտրել,
Գտած բախտին փորձանք բերել,
Հասած բերքը գնանք, քաղենք,
Աղքատներին բաժին հանենք:

Ժլատն այստեղ այնպես ճչաց,
Որ խեղճ ծառան ձայնը կտրած՝
Մնաց տեղում իր քարացած:

Մեկ էլ ոսկին
Խամրեց ճյուղին,
Կորցրեց իսկույն
Արժեք ու գին:
Իսկ այն ծառան՝
Հին այգեպան,
Մեկ էլ իսկույն թռչուն դարձավ.
-Փառքիդ ժամը եկավ-անցավ,
Ա՛յ դու ժլատ,
Ա՛յ սևերես,
Քեզ տվեցի ոսկու սերմեր,
Որ աղքատին սատար լինես,
Թշվառին՝ թև,
Հիվանդին՝ դեղ,
Իսկ անտունին
Տանիք լինես:
Տվեցի և՛ ոսկե ձեռքեր,
Ու մեծ շնորհ՝ երկնի պարգև:
Իսկ դու՝ ժլատ,
Ի՞նչ արեցիր,
Ոսկու բերքը ողջ լափեցիր,
Փորիդ պարկը գլորեցիր:
Որ այդպես է հենց այս պահից,
Չի տարբերվի ոսկին քարից,
Դու էլ այն խեղճ ծառի նման,
Քո կուզ մեջքով միշտ ման կգաս,
Հսկա փորիդ ծանրությունն էլ
Բեռի նման միշտ ման կտաս…

Ասաց բախտը՝
Թռչուն դարձած,
Թռավ-գնաց
Անվերադարձ:
Իսկ երբ ժլատն հսկայափոր,
Ուզեց ձգվել ճիգով անզոր,
Ոսկին դարձավ քարի կտոր,
Իրեն մնաց մի մեծ ցմփոր…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *