«Դուք էք երկրի աղը: Բայց եթէ աղը իր համը կորսնցնէ, ինչո՞վ պիտի աղեն զայն: Այլեւս ո՛չ մէկ բանի կը ծառայէ, հապա զայն կը թափեն, եւ մարդոց ոտքի կոխան կը դառնայ» (Մտ 5.13):
Ես շարունակ խոսում եմ հետդ։ Շարունակ ու անդադար։ Զրույցն այս անվերջանալի է։ Եւ սա ճշմարտություն է։
Եւ ցանկության տեւողությամբ։ Լավ է, երբ մտածվում է նման մի բան։ Լավ է, որ մտածվել է քեզ։ Ողջույն, ցավի իմ փորձանոթ։ Արձակ գրելը ինքնասպանության ամենաէժան ու թունոտ ձեւն է։ Երեքով ենք։ Երկուսով եմ։ Բազմահատիկ, մի հատիկն եմ, ու մենակ եմ՝ չորս-հինգ օր։
Երբ արթնացա, անմարմին եմ։ Երբ քնեցի, էլ չեմ զգում։ Շքեղ է տեսարանն իմ ձախ ուսի վրայով։ Այնտեղ մարդիկ են։ Քարանձավոտ։ Երկար, անմշակ, դիրքի բերումով՝ երբեմնակի խնամված, թրաշով։ Ձախ աչքս համեմատաբար տեսնում է։ Աջիցս գլուխ չեմ հանում։ Փսիխոդելիկ փորձառություն։ Բառերի տեղուտարափ։
Դուք եք երկրի աղը։ Հարե կրիշնա։ Վարի կրիշնա։ Զի քո է զի քո է։ Անորոշի խերը։
Եւ ամեն դեպքում, դուք եք երկրի աղը։ Է՜, չեք ընտրում, մի ընտրեք։ Պահ։ Բայց եկեք՝ արձանագրենք։ Մանդարին կեր։ Մորթոցի, ջարդոցի։ Քանի անգամ եմ հասցրել սուրճ խմել։ Ճիշտ այնքան, որ էլ հավես չկա։ Բայց դե մենք հո պատմությունից դասեր չենք քաղում։ Ի՞նչ օգուտ. ափսոս է երեխան։ Մտահոգվել պետք չէ։ Չկար Հին-ը Հայաստանի, հիմա, տրամաբանորեն, չկա նաեւ նորը։ Մայր-էնիքի դարդով։ Իրարով, ընկերս։ Հայրենիքի հավերժականն է լավ։ Էն անգամ, երբ շոգ ամառ էր, երբ Փարիզը ինձ համար էր կշռաքարերն իր շարել։ Ատում եմ Փարիզը։ Ու վաբշե ֆրանսիաները։ Ավելորդ սնոբիզմ։ Բայց քաղաքս կարկամել է։ Ու սառել են ճամփաները։ Եւ բոլորն արդեն լռել։ Հանելուկ համար մեկ. քաղաքական դեռահաս։ Շարունակությունը կհետեւեր, բայց չի հետեւում՝ հարգելի պատճառներով։ Զահլես գնաց։ Նոր չէ, շուտվանից։ Միեւնույն է՝ անցյալ է կատարյալ։ Եւ անցյալն արդեն կատարյալ է։
Ափսոս էր երեխան։ Տասնյոթում հղիացավ, մի էծից, սա հորոսկոպի նշան չէ, փակագիծը փակ, որ կյանքի մայրամուտին պիտի սիրահարվեր ռսի. կորցներ խիղճն ու ահը, համապատասխանաբար խելքը, որ ունեցե՞լ է երբեւէ. դրա հերն էլ էր տենց։ Բայց էդ ռսի կանանց մեջ ձգող, անասելի ձգող մի բան կա։ Ես ինձ երջանիկ կհամարեմ, երբ սիրելիներս լինեն առողջ եւ ոչնչի կարիք չզգան։ Ցիտատը՝ ռսի կնիկ։ Տոժէ մնե։ Փսիխոլըգ խրենըվ։
Երբ արթնացա, նույն պատկերն էր իմ շուրջը. սա արդեն մեյմունություն չէ։ Օրերի միջով, օրերի միջից, օրորի նման. նայիր մեքենայիդ պատուհանից։ Տաքսի է։ Ետեւը կին, կողքին՝ ջահել տղա։ Հիսունից հետո կանանց հետ ինչ-որ բան է կատարվում ու ցնդում են վերջնականապես՝ ցիտատի ավարտ։ Մայրն է։ Թաքո՜ւն՝ հանկարծ վարորդը չնկատի, հազարանոցը դնում էի տղայի ձեռքին, որ ողամարդավարի վճարի իջնելիս։ Ժպտում ես։ Հուշարարի նույն հուշելն է։ Ժպտում է։ Էլ ժպտացող չկա։ Դուք եք երկրի աղը։ Կանգ առ, ակնթարթ, ինչ այլանդակն ես դու։ Վճարողը տղամարդն է։ Տան միակ աշխատողն էլ տղամարդը պիտի լինի։ Հավերժական մայր-էնիք, թե եվրոպական ստանդարտներ. հավերժական դիլեմա։ Ի՞նչ կրթություն։ Բարձրագույն։
Երբ արթնացա, պատմվում է. Մասիվի բակ, ավտոբուսի շոֆեռ։ Տղան մեր տարեկիցն էր։ Ամեն օր երեկոյան յոթը ժամն էր։ Վարորդի՝ աշխատանքն ավարտելուն պես երեխաներով լցվում էինք ավտոբուսը ու մեզ մի շրջան պտտում էր։ Իհարկե, ավտոբուսում՝ իր կողքին միշտ կանգնած էր որդին։ Կարելի է պատկերացնել, թե ինչ էին զգում հայր ու տղա։ Հայրը նայում էր տղային։ Տղան՝ մնացած երեխաներին։ Բոլորս վերջապես մշտական արժանանալու գործընթացի գերին ենք։ Մեկը՝ հոր գովեստին։ Մեկը՝ իր տղայի։ Մյուսն ինչ-որ ներկված տիկնիկի։ Երրորդը՝ սեփական որովայնի։ Չորրորդը՝ աստվածային բարեհաճության։ Հինգերորդը՝ անհայտ այն կատեգորիայի, որի մեջ մտնում են բոլոր փախած շեֆերը, տերերը, տնօրենները, գրքային բառերով ասած՝ հերձվածողները, որ երբեմն մեծամասնություն են կազմում, հաճախ՝ որակյալ։ Վեցերորդը՝ ցավին… Ցավին արժանանալը ո՞րն է, էյ Շոպենհաուեր։ Հոգուդ ղուրբան։ Ավտոբուսի վարորդն այդ ամեն օր աշխատանքից տուն էր գնում՝ ձեռքին բռնած նույն մախաթը՝ ներսում մի հատիկ հաց։ Կինը ռուս էր։ Ինքը խմում էր, որպես կանոն՝ հարբեցող են ասում։ Բայց երբեք կռիվ չէր անի։ Որովհետեւ ավտոբուսում իր կողքին կանգնում էր իր տղան՝ հպարտ հայացքով հայելով բոլորին։ Հա, տղան կախվեց տան խոհանոցում։ Այդժամ ավտոբուսն էլ չէր աշխատում։ Բայց մախաթի մեջ հացը կար։ Եւ կար խմիչքն էլ։ Բայց տղան կախվեց։ Մեզնից ոմանք ծնվում են անմաշկ։ Ստուգիր քեզ։ Դուք եք երկրի աղը։ Կնոջ հետ գնացին Մասիվից։ Գնացին եսիմ ուր։ Բայց պատկերացնել կարելի էր, թե ինչ էին զգում հայր ու տղա, երբ ամեն օր ժամը յոթին շրջան էինք անում ավտոբուսով։
Մեզնից ոմանք ծնվում են խոցելի։ Փոքրիկը կարդացել է ամբողջ Սպինոզան։ Օտարի ատամնացավը սեփականի պես զգալն ընդամենը հիշողություն է։ Ինչպես եւ օտարի սերը։ Հոգնած, հոգնած, ինչպես երբեք, ինչպես վաղուց՝ մենակ։ Իսկ դուք փորձե՞լ եք նվագել այսպես։ Մոցարտը լկտի էր։
Մեզնից ոմանք փխրուն են։ Մեղա՜։ Ինչքա՞ն կարելի է շարունակ մեռնել։ Մենք այնքան երկար մեռանք միասին, որ հունվարի երկուսին ես նորից հղի եմ։ Սրա ցավը։ Նրա ցավը։ Նրա անդառնալի կորուստը, նրան աշխատանքի տեղավորելը, սրան թանկարժեք նվեր առնելը, նրան լավ բժշկի մոտ տանելը։ Սրա երազախաբությունն ու ընտանիքի երազանքը։ Նրա՝ Բոն ապետիում հարբած քնելը։
Մեր միջեւ ժամանակն է։ Ես այլեւս էծի պես ինձ չեմ պահի։ Կնշանակե՝ պոզերով դեպի պատը չեմ թռչի։ Ուրացումների փոշին թափ եմ տվել ուսերիցս։ Ինքս ինձ մատաղ կանեի, բայց մայր-ենիքի հարցերով զբաղվողներ են պետք։
Էնքան երկար ապրեցինք միասին, որ էլ չմնաց բանաստեղծություն ու գիրք, երկիր ու երկրագունդ։ Ամեն ինչն ասված է։ Բայց ես մղկտում եմ երկրի աղի դարդից։ Որ խառնվել է ցեխին։ Եւ պարզ, մարդկային իմ աչքն է հայում ոչինչ։ Երրորդը։ Վերեւում ցուրտ է։ Տաք կհագնվեմ։