***
իսկ դու
սիրիր ինձ ինչպես կնոջդ, երբ նախաճաշ եմ սարքում քեզ համար
իսկ նոր ներքնանզգեստս գնահատիր, ասես սիրուհիդ եմ
թույլ տուր գլուխս դնել ուսիդ. սիրիր ինձ որպես քրոջ
լքիր ինձ, ասես առաջին դպրոցական սերդ եմ,
լքիր ու հիշիր
սիրիր ինձ մանկության հոտերի պես,
սիրիր ինձ մորդ սարքած ապուրների նման,
որովհետև ես ուրիշ եմ, մորդ սարքածների պես
թող սիրտդ ինձ ուզի, ոնց ամռանը՝ ծով
կարիքս ունեցիր, ոնց երթուղայինում ազատ նստատեղի
ու պարբերաբար գնա
գնա, ասես ես գործդ եմ, իսկ դու՝ արձակուրդի
ու արիր, ասես ես արձակուրդդ եմ ու գյուղի տունդ
թող ինձնից մեկ-մեկ վառված կարտոֆիլի հոտ գա, որ ափսոսաս
ու թող մեկ-մեկ ճիշտ իտալական սպագետտի լինեմ,
որ ռեստորաններում կոմպլեքսավորվես կարգին ուտել
մեկ-մեկ ինձ հասարակ մարմնավաճառի տեղ դիր,
որ նայեմ ննջասենյակիդ հայելուն ու պնդեմ, թե սերը տևում է տասնմեկ րոպե
իսկ երբեմն
իսկ երբեմն ինձ կարգին սիրիր, որ թվա, թե սեր չկա
թող էդ անտերը զուտ մարմնական լինի
կամ էնքան հոգևոր, որ մինչև հարսանիք չհամբուրվենք
դու կարևորը խաղա հետս
մանկությանդ ատրճանակներով կրակիր
մանկությանդ պահմտոցու պես թաքնվիր ինձնից
ու թույլ տուր աղցան սարքեմ մեզ համար՝ ընկուզենու տերևներից ու որդերից
***
խոստացիր, որ վերարկուդ գալիք ձմռանը նույնքան տաք կլինի
երդվիր, որ քեզնից գլուխ կհանեմ,
բայց քեզ գլխիցս չեմ հանի
խոսք տուր, որ չեմ թողնի քեզ
ու կթողնեմ ծխելը
երդվիր, որ ինչքան էլ գլուխս կորցնեմ
քեզ չեմ կորցնի
ասա, որ չեմ փչացնի
խոստացիր, որ քո մասին թիթեռնիկները որովայնիս ամենամտերիմը կմնան
խոսք տուր, որ կմնամ
***
նստիր կողքիս,
հոգի՛ս,
ու ինձ պատմիր
քո՝ երբևէ տեսած բոլոր կանանց մասին:
իսկ իմ մասին
լռիր, շնչիր թեթև:
նստիր կողքիս,
հոգի՛ս,
ու ինձ ստիր
քո չունեցած կանանց մասին:
թող ես անթարթ նայեմ քո ծնկներին
մաշված
քո ծնկներին հոգնած փնտրտուքից:
քո ծնկներին
որ ուզեցան մեկի առաջ ծալվել՝
քո չգտած կնոջ:
քո ծնկներին, որ ծալվեցին ամեն մեկի առաջ
ու չգտան…
նստիր կողքիս
իմ գտնված
իմ չունեցած
վերջին կարոտ,
անհամարձակ իմ մատների
վերջին հպում,
…նստիր կողքիս
իմ մանկամիտ
իմ կամակոր հայացքների
վերջին կանգառ,
ու ինձ պատմիր նրա մասին
ով մետրոյում քեզ հմայեց
իջավ 2 կանգառ հետո
քեզնով չապրեց
չնկատեց
հայացքը քո,
պատմիր ու թող սիրտս դողա
վերջին անգամ:
նստիր կողքիս
հոգի՛ս
ու ինձ պատմիր
քո ունեցած բոլոր կանանց մասին։
իսկ իմ մասին
լռիր, շնչիր թեթև։
***
որովհետև հավատքը դարձրին Սոչիում՝ լղոզված ռուսերենով գլուխ գովելու առիթ
որովհետև սուպերմարկետներից շատ եկեղեցիներ կառուցեցին ու մենք սկսեցինք չգտնել աստծուն
որովհետև մեղանչելը հիմարաբար սկսեցին կիրառել իբրև ապաշխարելուն հոմանիշ
որովհտև իբրև ապաշխարելու միջոց հարմար գտան գառան մորթելուց խնջույք սարքել
որովհետև ամենահամախմբող ծեսը թաղումը մնաց
որովհետև հայրենասիրությունը չափեցին հայրասպանությամբ
այլակարծությունը դավաճանություն որակեցին
ու շատերիս անհայրենիք թողեցին
որովհետև մեզ սերտել տվեցին կիսահորինված պատմություն
որովհետև մեզ վերագրեցին ուրճացված հաղթանակներ
ու աղետներ, որոնցում բացառեցին մեր թուլությունը
որովհետև «թուրքը» հայհոյանք դարձրին
ռսին դարձրին հարբեցող
ռսի կնոջը՝ պոռնիկ
եվրոպացուն՝ պոռնիկ
բոլորին, ով սահմանից 5 մետր այն կողմ էր
բոլորին, ով իրենց սահմաններում չտեղավորվեց
բայց ամեն հարմար առիթով շտապեցին նրանց առաջ գլուխ խոնարհել
որովհետև հա՛մ գերադասեցին մեզ բոլորից, հա՛մ վիզները ծռեցին ամեն մեկի առաջ։
***
քեզ հասցրի կարոտել այնքան,
որ անգամ չգիտեմ`
կարմիր շոր առնեմ թե մազերս ներկեմ գինեգույն:
քեզ հասցրի կարոտել այնքան, որ սիրահարվեցի երեք ուրիշի,
երեկ`ուրիշին:
ծաղիկներ ստացա մեկից
մեկից`չվերցրի:
քեզ հասցրի կարոտել այնքան,
որ մթնեց,
ցրտեց,
ձմեռնացավ:
քեզ հացրի կարոտել մինչև նոր տարի,
մինչև սուրճը եռաց,
մինչև հասա գործի:
քեզ հասցրի կարոտել այնքան,
որ կատուս մեռավ:
քեզ հասցրի կարոտել
լոգարանում,
հեծանիվի վրա,
գետնանցումի տակ:
քեզ հասցրի կարոտել այնքան,
որ սառնարանում բան չմնաց,
այն երեքից մարդ չմնաց:
քեզ կարոտեցի մինչև լուսաբաց,
գարնանամուտին,
կատվիս ձագերին տեսնելուն պես:
քեզ հասցրի կարոտել այնքան,
որ անգամ չգիտեմ`
սև շոր առնեմ թե մազերս ներկեմ դարչնագույն:
***
արի,
կամ ինձ մեջքիդ հետևում թող,
կամ ինձ մեջք դարձիր,
էս հենակներով նստարանների քաղաքում,
էս քաղաում՝ առանց հենարանների։
ներիր
ամեն հաջորդ բաժակիս համար,
որ վերջինը չեղավ։
ամեն հաջորդիս համար,
ու որ վերջինս չեղար։
դաջիր մեջքիդ պոեմներս քո մասին,
ու թե դեմքիդ դիպչել չես սիրում՝
հոգ չէ,
դեմքով դիպչիր ինձ…
արի,
կամ ինձ մեջքիդ հետևում թող,
կամ ինձ մեջք դարձիր:
***
ես քեզնից սեր մուրացողներց չդարձա,
սեր խնդրողներից չդարձա,
սեր պահանջողներից չդարձա,
չնկարվեցի հետդ։
ես քեզնից ընթրիքներ չպահանջեցի,
չնախաճաշեցի քեզ հետ.
ես կամ հայտնվեցի լուսաբացին,
կամ չմնացի մինչև լուսաբաց։
ես քեզ տեղը տեղին չսիրեցի։
ես ծնողներիդ չիմացա,
չուզեցի, որ ընկերներդ իմանան ինձ։
|ես քեզ չդիմացա|
ես քեզ սրճարաններով քարշ չտվեցի,
խանութներով քարշ չտվեցի,
հոգսս քաշել չտվեցի։
ինձ հասնելու համար
քեզ տնից չհանեցի երևանյան շոգին։
քեզ մտքիցս չհանեցի,
փոխարենը՝
մատանիներս հանեցի քեզ անցավ շոյելու համար։
ես քեզնից սեր մուրացողներից չդարձա,
սեր խնդրողներից չդարձա,
սեր պահանջողներից չդարձա,
չնկարվեցի հետդ։
***
անկողինդ սառը պահիր,
սպիտակեղենդ թարմացրու երեք օրը մեկ,
լոգարանը լցրու ամեն երեկո,
|անկողնուդ կեսը դատարկ թող, թե սիրտդ լրիվ լիքը չէ|
թավալվիր մահճակալին մինչև կեսօր
աչքերդ լցրու հին/հիմար երգերից
պարապությունդ ազատություն կոչիր,
հոգ չէ,
սուրճի մեջ երկու գդալ կոնյակ լցրու,
կոնյակի մեջ երկու գդալ սուրճ։
սուրճն՝ առանց շոկոլադի,
կոնյակը՝ պտտելով ափիդ մեջ։
ու ափերիդ մեջ միայն կոնյակներ պտտիր…
այօրը թող անցնի կոնյակով ու մենակ։
ջուրը սառչի քո մարմնին մենակ։
արևը բացվի, քանի որ պարտավոր է
կեսօրը գա՝ քանի դեռ աչքերդ կարգին չեն բացվել
անցած լինի։
հին հարևանին այցելիր հարազատի պես։
քեզ սովորականից ավելի սովորական պահիր,
որ չմտածի, թե փոխվել ես։
գյուղի տունդ օդափոխիր՝
լուսամուտները բացելու չափ,
օդդ շատ մի փոխիր՝
հին հարևաներին այցելելու չափ։
գյուղի տան անկողինդ սառը պահիր,
ամեն վերադարձիդ հետ սպիտակեղենդ արևին տուր
մտքերդ՝ քամուն
ոեթև սերդ՝ ում պատահի
բայց անկողնուդ կեսն ազատ թող,
քանի դեռ սիրտդ լրիվ լիքը չէ
***
ես էսօր կինոյի աղջիկն եմ՝
դեղին կանգառում, աշուն շորերով
սիգարետը աջիս, ձախս ծոցիս…
ուրբաթ է, հոգվույս կիրակին
տաքսին նորքի բարձունքից տանում ա
պրոսպեկտ-պուշկինի անդրգրաունդ.
խցանում ա, խցանումը մտքերս խցանում ա։
ես էսօր կինոյի աղջիկն եմ.
կանացի ողջ դրաման՝ դեմքիս։
քաղաքի փաբերը ոտնատակ տվածի վստահությամբ՝
արդեն լավ փաբն էն ա որտեղ քիչ կեղտոտ դեմքեր կան։
թոքերս օդ են ուզում
ոտքերս՝ ասֆալտ
|լսողությունս ռոքն ու տեխնոն մերժում ա ամենավատ սերժերի պես|
շը՜, կգամ
պուշկինից պրոսպեկտով թումանյան,
թումանյանից փարպեցիով պուշկին,
պուշկինով սարյան ու դեպի պրոսպեկտ.
ամսթրոնգն ականջիս ասում ա՝
«ուաթ ը ուանդըֆուլ ուօրլդ»։
ես էսօր կիոյի աղջիկն եմ
ես էսօր փողոցներում հիմար լակոտների կանգ առնելու առիթն եմ
ես էսօր դրանց երկու րոպե խոսելու թեման եմ
…ես էսօր դրանց։
ուրբաթ է, հոգվույս կիրակին
ոաղաքն էնքան ծխած ա ֆռֆռում,
որ մարդ չգիտի՝
ուր են կորել հին ու բարի խմողները։
***
մենք գրում էինք, որ մոռանանք։
մենք բարձրակրունկներ էինք հագնում, որ կտկտոցը շեղի։
մեր սանրվածքն էինք փոխում, որ մոռանանք։
փոխում էինք անուններս։
փոխում էինք սիրելիներին։
մենք խմում էինք, որ մոռանանք։
հաջորդ օրը խմում էինք՝ երեկվա արածները չհիշելու համար։
մենք գնում էինք, որ մոռանանք։
վերադառնում էինք, որ համոզվենք՝ մոռացել ենք։
մենք կատուներ էինք պահում,
որ սիրելու բան ունենանք։
որ մեր ծնկներին ինչ-որ ծանրություն իջնի։
մենք սիրահարվում էինք, որ նախորդներին մոռանանք։
որ անցած լինի։
մեզ գիշերներին էինք տալիս,
որ տների մասին մոռանանք։
մենք քնում էինք, որ գիշերներն անցած լինեն։
մենք ինչ ասես անում էինք, որ մոռացնել տանք մեզ։
ու, թարսի պես, հիշվում էինք։
մենք բարձրակրունկները հանում էինք,
որ կտկտոցները ականջ չծակեն։
փոխում էինք աննուններս։
փոխում էինք սիրելիներին։
ու մեր ծնկներին նոր ծանրություններ էին իջնում,
որ ծանր նստեն մեզ վրա։
որ ծանրանան մեր փեշերին։
որ խմենք։
…որ մոռանանք բոլոր երեկները։
***
ամեն կռվից հետո,
ես կրկնակի քիչ եմ հետդ կռիվ տալիս,
ու ամեն հաջորդ կռվից
դու ավելի չոր ես դուրս գալիս.
ինչպե՞ս է ստացվում։
|որ ամեն մի խարույկիս ծխից
անձրևներդ թափվում են տանիքներիս
ու բոլոր կրակներիս մեջ՝ անայրվածք ես մնում|
ամեն «ուրեմն, վերջ»֊ից հետո
ավելի շատ եմ հետդ երկարում
ու մի-մի խոստովանություն պահանջում՝
բոլոր՝ բան չասող հայացքներիցդ…
…մինչև առաջին՝պատահականը,
որ նույն հաջողությամբ կարող էր սառչել լամպին
բայց սառավ ուսերիս… ու ես սառա։
իսկ ես ուզում եմ շատ, ու շատ դիտավորյալ՝
հայացքդ ուսերիս միշտ տաք մնա
|ուզում եմ
ամեն մի խարույկիցս հետո
անձրևներդ թափվեն տանիքներիս
ու բոլոր կրակներիս մեջ՝ անայրվածք մնաս