Խուան Խոսե Ռոդինաս | Գրադարան ձմեռային այգում

Գրականագետ, լրագրող և թարգմանիչ Խուան Խոսե Ռոդինասը ծնվել է Ամբատոյում (Էկվադոր) 1979թ․: 2006-2020թթ. հրատարակել է 12 բանաստեղծական ժողովածու և 3 անթոլոգիա։ Բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է։ Հրատարակման է պատրաստել ժամանակակից էկվադորցի բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածու, ինչպես նաև թարգմանել և լույս է ընծայել հյուսիսամերիկյան 29 բանաստեղծների ստեղծագործությունները։ Եղել է «Ռուիդո Բլանկո» գրական ամսագրի հրատարակչական խորհրդի անդամ և նույնանուն հրատարակչության բազմաթիվ գրքերի խմբագիր։ Ներկայում Լիդսի համալսարանում (Մեծ Բրիտանիա) աշխատում է դոկտորական թեզի վրա։

 

Գրադարան ձմեռային այգում

Կյանքը վիճակախաղ է, որտեղ բոլորն են կորցնում։

Ձիարշավարան քո ուղեղում՝ միշտ սխալ ձիու վրա ես
խաղադրույք անում։

Կյանքը քեզ հեռախոսով է զանգում, պատասխանում ես
հեռավոր երկրից։

Շնչել կարողանում ես միայն էվկալիպտից էվկալիպտ
անտեսանելի արահետի վրա։

Ու չեմ հասկանում ինչ է դա նշանակում։

Երեխաներն ուտում են անխոս, բան չզգալով։

Տան մեջ մի տուն կա։

Ուղեղի մեջ մի տուն կա։

Սառնարանում մի սիրտ արնահոսում է։
Ու դա պետք է որ մեզ մի բան ասի մարզանք անելիս
արտասվող մարդկանց մասին։

Թափանցիկ մի ուրու հուշերը որ ձանձրալի էին ասես երազներ
որոնք տիեզերական կատակ իսկ չլինելով, կատարվելու էին։

Վրադ այ սա պիտի դաջեիր․
«երեխան, որ հրթիռներ սարքելիս մատներն է կտրում, առանց մատների էլ դրանք կթռցնի»։

Ուղեղը հոգ է տանում իրեն խնամողի մասին․
քաղցր բառեր է ասում ինքնամփոփ խելագարին։

Երջանիկ երեխա կլինեմ մինչ ես՝ մեծահասակս աչքերս
կծածկեմ կարմիր փաթաթանով։

Սա քեզ իտալական կինո՞ է հիշեցնում։

Ուրեմն գուցե իմ սերնդից ես,
ու իտալական կինո ես նայել Հոլիվուդի ակնոցով,
երևակայելով, որ փաթաթանները
ոսկե լուսաբաց են պարգևում
(կամ էլ՝ վիրտուալ ակնոց)։

Ուրեմն գուցե իմ սերնդից ես։
Գուցե և ոչ․ արդեն բավական հեռվացել եմ։

Գնացքներ կան։ Հեռախոսներ, գնացքներ կան։

Մկրատը մազ կտրելու համար է,
բայց մի կիրթ մարդ էլ
կարող է մկրատով տան ճանապարհին ծաղիկ գլխատել։
Դեղին, բայց սև մի ծաղիկ, որ գուցե գոյություն չունեցող
մի խաղալիք է։

Տունը նահանջում է։
Ես մեկն եմ որ ունակ է
հաղորդակցվելու
միայն մյուսներից հեռու գնալով։

Լույսի խրձեր կան ճանապարհից ճանապարհ տանող
ճանապարհին։
Տունը չկա, բայց լույսի խրձեր կան ու մի այգի
որտեղ տեսնում ես աղբի տոպրակներ
ու մի մագնոլիա
որ նման է զառիվայրից ընկած երեխայի նեղացած
դեմքին։

Չլինի՞ մահացել եմ ու մենախոսում եմ
երազում պատահած աճյունասափորից։
Ինչ-որ տեղ գուցե լռությունս ինձ է սպասում,
տարածվում ու հայտնվում դեփ-դեղին ծաղիկների, արևածաղկի մեջ։

Ես այն մարմինն եմ որն ինքնապաշտպանվելու փոխարեն
իր դեմ է պայքարում։
Մարդկանց գրոհող ախտ ու ցավեր, երբ բջիջները լափում են
ամենայն ծրագիր ու ճակատագիր։
Ու իմ երազը աստեղային տանգո է երգում, կամացուկ մի տանգո՝
որ լույսի շողերով դանդաղ լցվում են թափանցիկ
շշի մեջ։

Տարբեր աշխարհներինն եմ ես,
բայց հաստատ ոչ այս մեկինը։
Օրիորդ իրականություն, խնդրում եմ ինձ
ներառել պատմությունների ձեր շարքի մեջ,
ուր կոնկրետ ժամի վրաս գրոհող մարդիկ կան,
ուր ծառերը մերթ հարձակվում, մերթ
պաշտպանում են ինձ
ինչպես աստղեր հաշվող այս սև շանը։

(«Յորկշիրի տետր» ժողովածուից)

 

Ինըգոտիավոր զրահակրի[1] տրտում գեղեցկությունը
(ինչո՞ւ ոչ միշտ են ջայլամներն ամենագեղեցիկ կենդանիները)

Լեոն Ֆելիքս Բատիստային [2]

Ածխե մատիտով զրահակիր եմ նկարում:
Նրան «թռչուն» եմ անվանում ու գիտեմ, որ սխալ եմ։
Նրան «կյանք» եմ անվանում ու գիտեմ, որ սխալ եմ։
Նրան «գեղեցկություն» եմ անվանում, ու գիտեմ, որ սխալ եմ։

Մարդու կյանքը ինչ-որ պահի տեսած
երազներն են․ արդեն կշիռ չունեն։

Զրահակիրն ավելորդ ինքնավստահության արդյունք է։
Նրան տեսել էի՝ հոգեվարքի մեջ, հին
hեռուստացույցի էկրանին։

Դյուրաբեկ էկրանը անջատում էր վերացականը
առարկայականից։

Այս մահը իմը չէ,- մտածեցի։

Բայց և այնպես, ամաչկոտի մեկն եմ, որ ապրում է մի ախմախ
արկղում,
այն կրկնվողը, որ կենում է ուղեղիս ծալքերում։

Մտածեցի որ մահից քիչ առաջ այս կենդանու զգացած ցուրտը
նույն սարսուռն է որ զգացել եմ կյանքիս ողջ ընթացքում։

Ես մարդ արարածն եմ որ խնամում է
գոյություն չունեցող զրահակիրներին մեքսիկակական
անապատներից մեկում։

Կյանքը խոսում է հետս մարած հեռուստացույցի իր աչքերով։

Հեռոատեսիլն ինձ դարձրել է երազում մեռած զրահակիրներ տեսնող մարդ։

(«Դանդաղաշարժ մարդ» ժողովածուից 2019)

[1] Ինըգոտիավոր զրահակիր (Dasypus novemcinctus) – կաթնասուն կենդանի զրահակիրների ընտանիքից։

[2] Լեոն Ֆելիքս Բատիստա (ծնվ․1964) – դոմինիկացի արձակագիր և բանաստեղծ։

 

 

 

Հրաժեշտի, գալստյան երգ

I
Մարմնի մեջ նյարդերը ծանրանում են ասես արճիճե երակներ լինեն։ Հաբերն ուղեղը փափկեցնում են հանդարտ մի գետ են դարձնում։ Նեյրոնները սև ճպուռների պես թռչում են ուղեղի գետաբերանով։ Առավոտյան բժիշկն ինձ ասում է․ «գլխի հիվանդություն ունեք՝ ամայի աշնան է նման»։ Ես չէի էլ կասկածում։

II
Իմ սենյակում աստղերի նման հաբեր եմ կուլ տալիս, հաբեր, որ պսպղում են սեղանիս։ Ամեն ինչ կանեմ միայն թե դադարեն ծոծրակումս ճնճղուկի՝ հիվանդության այս ծիտիկի կտցահարումները։ Ուղեղս մի պահ հավասարակշռվում է։ Կաթի սափորի կողքին սեղանի վրայի խոնավ թուրինջները ասես բյուրեղապակի լինեն՝ նախքան աղետը։

III
Այսօր երազում եմ ինձ ոչնչացնելու մասին։ Երկնային թռչնով պայթեցնել քունքս որ ուղեղս դառնա ծովի փրփուր։ Այսօր երազում եմ ինձ ոչնչացնելու մասին։ Կրծքով ընկղմվել ֆիկուսի ահռելի տերևի մեջ ու անհետանալ։

IV

Ուղեղումս մեխ կա․ լույսի գործիք՝բծավոր կամ կեղտոտ։ Դրա պատճառով մեքենաների աղմուկն ինձ համար դարձել է աշխարհի հնչյունաբանությունը՝ խցանումի երկար շարանում։ Ականջս վերածվում է ճամփորդող ցավի մի գործիքի, որ ասես ճապոնական գնացք սլանում է լույսի արագությամբ՝ իմ մարմնից մարմնիս ընդառաջ։

V
Մարմնի եղանակ գոյություն չունի, բայց ցավն ստեղծում է այն։ Նյարդերի մեջ անձրևում է միելինը [1] (հորդ ու արծաթափայլ)։ Ցնցվում են կրծոսկրս ու թևերիս մաշկը։ Տարվա այդ եղանակը, ասենք՝ աշունատիպ, ռադոնե [2] տերևներ է գցում ողնաշարիս ճյուղերից, կաղնուց, որն անատոմիայի մասնագետը ոսկրածուծի ծառ է անվանում։

VI
Ֆյուզելաժի [3] նման մտա մագնիսառեզոնանսային գլանի մեջ։ Լսեցի ելեկտրոնային դզզոց՝ ոսկրերս, ուղեղիս զանգվածն էր նկարվում։ Այդ պահին մեքենան վերծանեց երազս, որի ընթացքում մի թռչուն շոյելիս մայրու հոտ էի զգում։ Ասես դիապազոն պահելով, լարված գանգս մարգարեաբար հաշվեց լուսնային օրերս։ Լազերով լուսավորված խենթության քարի պատկերներ։

VII
Շերտագրման արևածաղիկ-պատկերները հաստատում էին․ ուղեղիդ մեջ ուռուցք կա։ Տրեպանացիաներ։ Խենթության քարի հեռացում։ Ուռուցքը, մտածում եմ, բռունցքիդ մեջ պահած գիսաստղ է։

VIII
Բժիշկս, բանաստեղծը, ասում է որ կամուրջները գեղեցիկ են, որ չեն ցավալու։ Նյութական կամուրջների մասին է խոսում․ կամուրջ, որը կկապի հիվանդ հոդերս։ Արյունե սոսինձ։ Բանաստեղծությունը տող է, ոսկորը՝ ոսկոր։ Տարանջատում եմ անջատելին։ Հավաքում եմ վիրահատարանի խալաթի տակ թաքնված մարմինս, մինչ նայում եմ ամպերին, նրանց համառ ճերմակությանը, իմ հրաժեշտին։

 

[1] Միելին -Ճարպանման և սպիտակուցային նյութերի խառնուրդ, որը գտնվում է նյարդաթելի ներքին շերտերի  կազմում:

[1] Ռադոն – ռադիոակտիվ տարր։

[1] Ֆյուզելաժ – ինքնաթիռի կմախք։

Թարգմանությունը իսպաներենից՝ Ալիս Տեր-Ղևոնդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *