Հայասեր Հովսեփյան | Իմ հոգին արարչությունն է Աստծո

Նրանք ապրում էին իրենց երկրում ու հողում, իրենց տանը, խաղաղ աշխատանքով էին զբաղված՝ դասավանդում էին, բժշկությամբ, հողագործությամբ կամ որևէ այլ աշխատանքով զբաղվում:  Երբեմն նաև ստեղծագործում էին, գրում իրենց  հողի, իրենց հոգևոր ապրումների ու դժվար կյանքի մասին, մինչ ինչ-որ մարդիկ անհասկանալի հողատիրական պահանջներով գլխիվայր շուռ տվեցին նրանց կյանքը՝ փորձելով դուրս հանել նրանց իրենց իսկ տնից, հողից:

Եվ ահա դու, սովորական մի ուսուցիչ-բանաստեղծ, զենքը ձեռքիդ կանգնած է խրամատում, որովհետև թիկունքում քո տուն է, քո  տատ ու պապից մնացած հիշողությունը, որ պարզապես չես կարող հանձնել օտարին:

Հայասեր Հովսեփյանը ուսուցիչ էր աշխատում, նաև բանաստեղծ էր: Ցավոք, արցախյան այս պատերազմը ընդհատեց նաև նրա կյանքը: Խոր կսկիծ ենք ապրում, հիշում ենք ու հիշելու ենք իրենց հողի ու տան համար պայքարող մեր բոլոր հայրենակիցներին: Հիշատակդ վառ կմնա մեր սրտերում, Հայասեր ջան: Խոնարհվում ենք  քո անմահ հիշատակի առջև…

Իմ հոգին արարչությունն է Աստծո,
որ երկինք պիտի տանեն անկումիս սպասող հրեշտակները ստրկամիտ:
Բայց ես մարմին ունեմ ըմբոստ,
որ տվել եմ խրամատներիդ արնածարավ,
և ծածկում եմ,
ահա,
քո մարմինը փխրուն
մարմնով իմ պողպատե,
բեկելով սլացքը դեպի քեզ սուրացող մահաբեր գնդակների:

Ես կառչել եմ այս հողին իմ գոյությամբ,
ինչպես ծառն՝ իր արմատներով,
ինչպես քարն՝ իր ծանրությամբ,
և համբուրում եմ նրա մեջ
այն արյունը,
որ այս երկրի փրկության համար
թափվում է հայ զինվորի սրտից:

 

* * *
Զգում եմ,
որ ինձ պարզված ափերի մեջ
ժպտադեմ բարևների
թունավոր քնքշանք կա,
և սիրտս կծկվում է ամեն ձեռքսեղմումից…

 

* * *
Աստծո ամեն անաստված օր
ես մտնում եմ եկեղեցի,
քավում մեղքերս
և մաքրագործված հեռանում՝
նոր մեղքեր գործելու:

 

* * *
Այնքան շատ են հիշողությունները,
որ երբեմն թվում է,
թե մի ամբողջ
հավերժություն ես ապրել:
Այնինչ,
հավերժության աչքին մարդն ընդամենը
սովորական մի թիթեռ է,
որ աշխարհ է գալիս միայն մեկ օրով…

 

***
Այսօր էլ մարդ արարածը,
ինչպես երեկ,
ինչպես միլիոն տարի առաջ,
ծնվում է աստծո պատկերով,
բայց նրա հոգին
սատանայի կերպարանք ունի:

 

***

Արփի անունով կրակե մի աղջիկ,
ամեն առավոտ
վարսերն է լվանում Արաքսի ջրերի մեջ…

* * *
Ժամանակը
վիթխարի մի գնացք է,
որի մեջ հայտնված
ամեն ուղևոր
անսպասելի մի կանգառ ունի:

 

* * *
Դժվար է սեփական ոտքերի վրա
գետնին կանգնելը,
մանավանդ,
երբ հենց քո՛ ուսերին է իջնում
տիեզերքն
իր ողջ ծանրությամբ:

 

***
Ես խնամքով հավաքում եմ բոլոր քարերը,
որ մարդիկ նետում են իմ ուղղությամբ:
Մի օր անպայման
տուն կկառուցեմ այդ քարերից:

Եվ հետո, տեսնելով տունն այդ,
մարդիկ զարմանքից
քար կկտրեն,
քա՛ր ավելի,
քան քարերն այն,
որ նետել են ինձ վրա:

 

***
Դու վախկոտ ես, խաղաղություն:
Տեսել ես կարմիր արյունը
ընկած զինվորի
և անամոթաբար միշտ
լքում ես ինձ,
երբ ես կանգնում եմ
այս արյունոտ խրամատում,
ինչպես հոգին է լքում մարմինը
սպանված իմ ընկերոջ:
Լքում ես… և հակառակորդն
անարգել
կրակում է ինձ վրա:
Կանգ առ, դավաճան,
ես եմ զրահը քո կրծքի
և իմ սիրտը`
թիրախ ոսոխին:
Մնա իմ թիկունքում,
այնտեղ մանուկներ կան`
անմեղ, անհոգ…
Կանգ առ, անամոթ…

 

* * *
Այստեղ ամեն մի քար լուռ
պատմաբան է,
ամեն ժայռ
թշնամու դեմ վահան է,
ամեն ծառ
կռվի տարիներից
մի բեկոր է կրում իր կրծքում,
ամեն ծաղիկ
մի նահատակի սրտից է բուսնում,
ամեն գետ
հայերեն է կարկաչում,
ամեն թռչուն
անպայման հայերեն է երգում:
Այստեղ,
այս հողի վրա,
օտարերկրացին անգամ
հայերեն է քայլում:

Ես կառչել եմ այս հողին
իմ գոյությամբ,
ինչպես ծառն իր արմատներով,
ինչպես քարն`
իր ծանրությամբ,
և համբուրում եմ նրա մեջ
այն արյունը,
որ այս երկրի փրկության համար
թափվել է
հայ զինվորի սրտից:

Գնձասար, 29 հոկտեմբերի, 2019թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *