Երբ պայթում է բառը
և դառնում է լռություն,
երբ շուրջդ կանգ է առել ընթացք ու շարժում,
և չի պտտվում ժամացույցի սլաքն անգամ,
հավասար է արդեն ամեն հավասար,
թե’ վերևում, թե’ ներքևը՝ ուղիղ անդորր,
երբ լցված ես, իսկ ոռնոցդ խզվում է կոկորդում,
և լացում ես, որ չես կարողանում լացել,
երբ փորձում է բացվել հոգիդ դեպի երկինք
բայց անկում է անկանգ` մինչև հատակ,
երբ կծկում է մկանները մաշկած սիրտդ
և չի մղում արյուն ո՛չ զարկերակ, ո՛չ էլ ողնուղեղ,
երբ կանգնում ես վերջին ճիգով ցավից վերև,
բայց սահում է ձեռքդ վերքիդ վրա, որ չի փակվում,
երբ մոլորվել է ստվերդ քեզնից հեռու,
և մարմինդ անգամ քեզ չի պատկանում,
երբ կա հազար մուտք դեպի ոչ մի տեղ,
և չկա գոնե մի ելք քեզ տուն տանող,
երբ պարսավանք է միտքը, բանականն ու ոգին,
և համբակն է որոշում՝ որն է առաջ, որը հետո,
երբ թերթում ես օրացույցը` սգո օրեր են,
և մի տոնական օր էր, որ դարձավ ավեր,
երբ փորում ես հողը ոչ թե դիակ թաղելու,
այլ փնտրելու անթաղ դիեր, թեկուզ մի մասունք,
երբ անհնար է ջնջել ճակատագրի գոնե մեկ տառը,
և դու հորինում ես ամեն հնար, որ գրածը կատարվի,
երբ թշնամին մտել է հողդ՝ արյան ծարավ,
և դու սեր ես խոստովանում ինքնամոռաց,
իսկ ատելությունը պարպում ենք մեր մեջ մեզ վրա,
երբ կորցրել ես տունդ, ինքնություն ու անուն
և տվել ես հայրենիքդ, ոչ թե խլել են,
երբ մերժում է ապրելու իրավունքը ժողովուրդդ,
որ չի ուզում փրկվել
և ընտրում է այլընթացը դեպի մահ, թե նոր կյանքն է,
երբ ցնծում են յուրային ու դրացի,
որ մատնել են թանկն ու սուրբը,
հանձնել են և’ իրենց, և’ քեզ՝
կյանքից առաջ, մահից հետո,
երբ վստահել ես նեռին,
որ քո ընտրությունն էր, և շարունակում ես խաբվել,
երբ հասկանում ես, որ ուղտը կանցնի ասեղի անցքով,
բայց քո ժամանակը չի մտնի
արժանապատվության բարձր դռնով.
գրե՞լ բանաստեղծություն…
թե’ խարանում ես Ապոլոնին,
թե’ Փրկչին ես անարգում: