Վահան Տերյանի հիշատակին
Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…
II
Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։
Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։
Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան…
III
Դու — լուսե, անցար ու չկաս։
Դու — թեթե, անմարմին, անծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։
Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։
Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում —
Քո կանթեղը — հեռո՜ւ կարոտի։
Եղիշե Չարենց
«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:
Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
Պարույր Սևակ
«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:
Ավետիք Իսահակյան
«Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:
Վալերի Բրյուսով
Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց փոքրադիր «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում։ Կան գրողներ, որ աշխատում են տասը և ավելի տարիներ, հրատարակում են մի քանի գրքեր և, այնուամենայնիվ, դեռ կոչվում են սկսնակ կամ, զիջողաբար, երիտասարդ գրող։ Դրանք այն մարդիկ են, որ իրենց սևագրություններն անում են հասարակության առաջ՝ հրատարակություններով։
Բոլորովին այլ էր Վահան Տերյանը. նրա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա, իրոք, բանաստեղծ էր «կամոքն Աստծու»:
Ստեփան Զորյան
Մի տարի է մոտ, որ ես թանգարանից՝ Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով։ Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց։ Բայց դեռ չեմ վերջացրել և չեմ էլ շտապում։ Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը… նրա ձեռքով գրված այդ թերթիկները… Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում… կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում… Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով… Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր։ Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել…
-Օ՜, հեռու ընկե՛ր իմ… Վահա՛ն Տերյան…
Եղիշե Չարենց
…Նա բանաստեղծ էր, խոշոր բանաստեղծ, ուստի և հարազատ ոչ միայն արյունակից սրտին։ Բանաստեղծ մնում է այստեղ մեզ հետ նաև փոքրածավալ այս «արևի կտոր» Ռուսթավելի Շոթայի կերտվածքի մասնակի թարգմանության մեջ։
Նիկողայոս Մառ
Ով մի անգամ խմել է Վ. Տերյանի բանաստեղծական բաժակից, նա երբեք ու երբեք չի մոռանա նրա երգերի մեղմությունը, նրա հուզիչ աշխարհի ջերմությունը, նրա բանաստեղծությունների հմայիչ նվագակցությունը:
Գեղամ Սարյան
Բանաստեղծի մեծությունը նրա հոգու խորության մեջ է, նրա ժողովրդի խորության մեջ է, նրա ժողովրդի էության մեջ, և դա պայմանավորում է նրա համամարդկայնությունը…
Վահան Տերյանը անմահ է…
Հովհաննես Շիրազ
Այո՛, այսօր էլ մեր հոգին կարոտ է Վ. Տերյանի լուսեղեն երգին։ Այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն։ Եվ այժմ էլ նա մշտապես այցելում է մեզ՝ շռայլորեն պարգևելով կաոտանք ու սեր, անմար երազներ ու ցնորքներ։
Սա է բանաստեղծի իսկական անմահությունը։
Էդվարդ Ջրբաշյան
Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
Հովհաննես Թումանյան
Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…
Վարդգես Ահարոնյան
Փնտրաբառ. Մեծերը՝ Վահան Տերյանի մասին, ասույթներ Տերյանի մասին