Հերմինե Ավագյան | Իմ ու քո պատերազմը

անտիպ օրագրից

Շուշի

Ես գալիս եմ քեզ մոտ գլխաբաց,
որ անձրևներդ շոյեն արցունքներս
եւ ասեն, որ այս տարի
ձմեռ չի լինելու
ու գարունը արդեն ճամփա է ընկել
դեպի քեզ․․․
Ես գալիս եմ քեզ մոտ ամեն օր
եւ շուրթերիս աղոթքներ եմ բերում,
որ համբույրի հետ թողնեմ դեմքիդ,
մարմինդ փաթաթեմ կարոտներով
եւ ասեմ, որ դու շուտ պիտի
ապաքինվես,
շատ շուտ․․․
Ես ուզում եմ սիրուս մասին
ծնկաչոք լռել,
որովհետեւ հիմա բառերը
լռության մեջ են գեղեցիկ,
հիմա սերը հրաժարվում է բառերից,
հիմա սերը ասում է՝
եկեք, գրկեք ինձ ու պահեք․․․
Ես գալիս եմ քեզ մոտ հավատով,
որովհետեւ բոլոր ճամփաները կորցրել եմ,
եւ դա միակ ճամփան է,
որ ոչ ոք ավերել չի կարող․․․
Գալիս եմ՝ նայեմ աչքերիդ,
թողնեմ աչքերս աչքերիդ մեջ,
որ արևածագին արթնանանք միասին՝
իրար պինդ գրկած․․․

10 նոյեմբերի
2020

 

***
Ես երկար սպասեցի
խաղաղությանը,
որովհետև նա խոստացել էր,
որ կգա,
ինչ էլ լինի՝ կգա․․․
Ես լաց չեղա սպասումից,
բայց սիրահարի պես նամակներ գրեցի նրան՝
մտածելով, որ նա կարդում է,
ուր էլ լինի՝ կարդում է․․․
Ես խաղաղությանը չպատմեցի
անքուն գիշերներիս մասին,
որովհետեւ հավատում էի,
որ միասին դեռ լավ օրեր ենք ապրելու․․․
Խաղաղությունը հեռացավ անձայն,
մի գիշերվա մեջ,
երբ ամենաշատն էի նրան սպասում,
երբ վերջին նամակիս հասցեն գրել էի՝
ՇՈՒՇԻ․․․
Հիմա ես ամեն օր
վազում եմ աղմկոտ փողոցով
ու ինձ հետ վազում են
երազանքներս,
մանկությունս,
քաղաքներս,
աղոթքներս,
այն հայացքները,
որ էլ չեմ տեսնի․․․
Ամեն ինչ վազում է
դեպի խաղաղությունը,
որի հասցեն Աստված էլ է կորցրել,
որովհետեւ այն գողացել են
անաստվածները․․․

Նոյեմբերի 11
2020

Արտակ Իշխանյանի
եւ բոլոր նահատակ ընկերներիս
հիշատակին

Ո՞ւր եք գնում,
Տղե՛րք.
երկինքն այնքան մեծ է
ու այնքան հեռու,
հասցե թողեք, Տղե՛րք,
հասցե թողեք…
Կիսատ զրույցներս դրել եմ ծրարի մեջ,
նամակներս մնացել են ճամփին,
ի՞նչ հասցե գրեմ,
երկնքում հասցեներ կա՞ն միթե…
Ո՞ւմ ասեմ, որ կարողանա
ձեր կենացը խմել այնպես,
որ կուլ գնա հացը այս աղի…
Ճերմակ թղթի վրա
ծառեր են նկարել ձեր բալիկները․
ծառը ծաղկել է թղթի վրա,
ծառը ծաղկել է,
նրանք չեն ժպտում…
Ժպիտները աստղեր են դարձել,
երկնքում աստղերը շատ են,
էլ տեղ չկա,
հիմա երկրին են աստղեր հարկավոր․
Աստղեր վերցրեք եկեք,
ո՞ւր եք գնում, Տղե՛րք…

Նոյեմբերի 1
2020

 

**
Ես հիմա չեմ նայում
ոչ մեկի աչքերին․
մարդիկ
արդեն օ՞ր է, շաբա՞թ է, ամի՞ս է
կորցրել են իրենց աչքերը
եւ քայլում են ձեռնափայտով․․․
Նրանց աչքերը մնացել են
անքուն գիշերներում՝
մահճակալների սնարներին թառած,
Նրանց աչքերը
դռան զանգից կախված են
մնացել եւ սպասում են, որ
ծանոթ ձեռքը նորից կսեղմի այն,
Հեռուստացույցի էկրանին
են մնացել նրանց աչքերը,
որտեղից սև պիջակով աղջիկը
լուրեր է հաղորդում ամեն օր
եւ ինքն էլ չգիտի,
թե որտեղ թաքցնի իր
աչքերը, շուրթերը, ձեռքերը․․․
Նրանց աչքերը մնացել են տանը,
որ թերթեն մանկության ալբոմները,
որ սրբեն սառը մեդալների փոշին,
շոյեն ծաղիկները,
որ նկար ու ծաղկաման են փնտրում
ու չգիտեն՝ արժե՞ արդյոք․․․
(գուցե դեռ կգա․․.)
Նրանց աչքերը մնացել են տանը,
որ երազանքի փոխարեն աղոթեն
եւ հավատան,
որ աղոթքը երազանք է դառնալու․․․
Ես հիմա չեմ նայում
ոչ մեկի աչքերին․
ոչ մեկը աչքեր չունի,
ես էլ չունեմ,
Ես ամեն օր վերցնում եմ ձեռնափայտս
ու գնում եմ իմ աչքերի հետևից,
որ մնացել են այնտեղ, որտեղ
բարևելու փոխարեն գրկում էին ինձ․․․

17․ 12․ 2020թ․

 

***
Մանկությունս վազում է
մեր գյուղի փողոցներով
եւ մեկ-մեկ հավաքում է
բոլոր պատերազմների բեկորները,
որ մանկությունները
էլ չքայլեն բեկորների վրայով․․․
Նա կարկատում է կիսատ երազանքները
եւ կախում է բոլոր տների դռներից,
բացում է լուսամուտները,
որ լույսը վերադառնա
դեպի լուսամուտները․․․
Մեր տան թոնիրի մաշված դռանը
ժանգը բողբոջել է,
տատիս ոտնաձայնին է սպասում,
որ ծաղկի ու մնա ծաղկած․․․
Մանկությունս վաղուց
աղավնիներ է պահում
ու հիմա բաց է թողել դեպի երկինք․
աղավնիները հասնում են արկերին,
արկերը չեն հասնում աղավնիներին․․․
Իմ ունեցած-չունեցածը
հավաքել եմ սրտիս մեջ
ու սպասում եմ ծիածանին,
որ խոստացել է ինձ տանել այնտեղ,
որտեղ խաղաղությունը
երեխաների հետ խաղում է դրսում․․․
Ամեն բան թառամում է մի օր,
եթե չես ջրում․
Ես ամեն օր ջրում եմ արմատներս,
որ մանկությունս միշտ դալար մնա․․․

03․10․2020

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *