Վասիլ Կույբիդա | Հետքերը քո ես-ի մասնիկներն են

***
Անսովոր է.
կավ, որ խոսում է…
Զարմանալի է.
խոսքեր,
որ գաղտնիք չեն պահում:
Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլիներ Բանը,
եթե բոլոր աստղերն ի հիշատակ տիեզերքի
հանկարծ անհետանային:

 

***
Սկզբում չեմ ունեցել
(թե՞ ինձ է այդպես թվացել)
ոչ մի շփում
ո՛չ ժամանակի և ո՛չ էլ տարածության հետ,
որովհետև հայելի եմ եղել:
Իմ անունով,
ասես քարով,
այն փշրել է նա,
ով հիշատակեց նրան.
որ ազատվի մեղքից:
Եվ հիմա դեմքի ծամածռանքները
Չեն արտացոլվում,
այլ ծլում են իմ մեջ,
ժամանակը չի հոսում,
այլ ձևախեղվում է:
Բայց դու համարում ես,
որ այն,
ինչպես և տարածությունը,
մտացածին է:

 

***
Ես երբեք դրախտ չեմ որոնել:
Ոչ թե որ սիրում եմ բնակլիմայական խիստ պայմաններ,
Կամ սովոր եմ սնվել սեփական վաստակով իմ:
Վախեցել եմ, որ կնոջ հետ հանդիպման ժամանակ
Հանկարծ պարզվի՝ ես եմ օձը:

 

***

Գալդ ու գնալդ
միշտ համարել եմ
քո սեփական ճշմարտության հաստատման ջանք,
ճիշտ ինչպես Լուսնի ծիսակարգ:
Մակընթացությունը քո գալն է:
Տեղատվությունը՝ հեռանալդ:
Իսկ գուցե դո՞ւ ես նրանցով մանիպուլացիա անում:

 

***
Ես չեմ հասկանում
«Մտքերը որոշում են ճակատագիրը» արտահայտությունը:
Որովհետև իմ մտքերը չեն արտահայտում իմ արարքները:
Եվ ինձ համար հեշտ է:
Բայց ինչքա՞ն ծանր է նրանց համար,
Ում ներսում հնչում են բազմաթիվ ձայներ:
Ինչքան խիզախ պետք է լինես,
Որ չգործես այնպես, ինպես հորդորում է բույլը ձայների:

 

***
Պատրաստվում, պատրաստում և կերակրում եմ լռությունը:
Նա մեծանում է…
Ու երբ արդեն քունս տանում է,
աչքի պոչով նայում եմ՝
ինչպես է գետը մեզ գաղտնի լսում:
Նա շունչը պահել է՝
հիշեցնելով ջարդված ապակի:
Ու պառկած քարի վրա
Խճճում է մտքերն իմ:

 

***
Հետքերը քո ես-ի մասնիկներն են:
Նրանք ո՛չ հստակ են ու ո՛չ էլ վստահ,
երբեմն էլ ընդհանրապես չկան
այնտեղ, ուր դու ձուլվեցիր խոտերին:
Ալիք առ ալիք
այն գալիս է քեզ վրա,
որ պատեհ ժամին քեզ ծածկի ամբողջովին:
Խոտը հետքերը չի պահպանում:

 

***

Ոգիներն ու արտացոլանքներն անսահման են:
Բայց եթե անհնար է տարբերել իրականը պատկերացումից,
Այդժամ ինչի՞ արտացոլանքն է իմ ոգին:
Արդյոք իրակա՞ն է այն:
Արդյոք պատկերավո՞ր է ժամանակը:
Այդժամ ինչ է նրա համար հացը,
Եվ ինչ՝ աղը:

 

***

Այդժամ,
Երբ սիրտդ նորից
բաբախի՝ ներդաշնակ քամու ռիթմերին,
կհամբարձվես ամպերից անդին,
կփախչես մինչև ծայրը աշխարհի
ու ակնթարթորեն կվերադառնաս Կարպատներ:
Հասկանում ես. ամեն ինչ կախված է քեզնից:
Միայն մի բան ենթակա չէ սրտիդ.
Կարպատյան մագնետիզմը:

 

***

Թիթեռները:
Ուր որ նայես,
ամենուրեք թիթեռներ են:
Նրանք գրավել են ողջ տարածքը:
Եվ նրանցից զատ չկա ոչինչ:
Եվ չի լսվում ոչ մի բառ
նրանց թևերի մետաքսե շրշյունից:
Եվ ոչ ոք գլխի չի ընկնում,
որ մեզնից յուրաքանչյուրն էլ նման մի թիթեռ է:
Եղե՞լ է:
Կա՞:
Կլինի՞…
Ակնդետ մի՛ նայիր նրանց:
Որովհետև իրիկնանալիս
Կդադարես լինել նրանցից մեկը:

 

***

Տիեզերքը տեքստ չէ,
Այլ բառերի բույլ:
Այն տեքստ կարող է լինել միայն նրա համար, ով կարդում է:
Եթե տեքստերն անսահման են,
մի՞թե դա չի նշանակում,
որ Արարիչը բառերով
նաև նույնքան ընթերցողների գոյության մասին է հոգացել:

 

***
Զուր անցան ջանքերդ:
Ծաղիկները,
ստվերները,
ջուրը:
Համամասնությունները պահպանվում են,
բայց ձգողականությունը համարյա հատնում է:
Եվս մի պահ,
ու գարնանային գիշերահավասարը
կմնա որպես հուշ
երկու ջարդված բաժակների մասին:

 

***
Ակնապիշ նայում եմ Կաթնածիրի աչքերի մեջ:
Ուռենին ծիկրակում է լճին,
իսկ անտառը տարված է աղջիկներով,
որ սունկ հավաքելով՝
երգեր են երգում:
Ինչպես ինձ տարբերեմ ուռենուց կամ սնկից,
Երբ ինքս աղջիկներին չեմ տարբերում երգերից:

 

***
Ինչպե՜ս էր բուրում ամառը:
Անսովոր ու դողդոջ. ասես վերջին անգամ:
Այդպես գարնանը կարող է բուրել միայն ձյունաթափը:

 

***
Լավագույն գրաֆիկ-նկարիչը ձմեռն է:
Նրա պատկերներից միշտ սարսռում ես:

 

***
Եկավ, ինչպես գիշերն է գալիս:
Լսելու բան չկա,
Իսկ նայելու՝ միայն մենակություն:

 

***
Երբ անկյունում թեքվեցիր,
փողոցը վերջացավ:
Դարձար մտախոհ. ինչ-որ բան այն չէր:
Գուցե ա՞յն կոշիկները չես հագել,
Թե՞ դրանց մետաքսե թելերից ծնվեց մշուշը:
Չէ՞ որ գնում էիր ընդառաջ մարդկանց ,
Իսկ այստեղ ունայնություն է…

Թարգմանությունը ուկրաիներենից՝ Անուշավան Մեսրոպյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *