Զավեն Բեկյան | Եվ անշեղ ընթացքը տապանի

ԾԵՐՈՒՆՈՒ ՀՈԳԻՆ

Իբրև մի հին, ավեր,
լքված վանքի քիվի
տակ ծվարած տատրակ՝
ապրում է ծերի հոգին։
Երբեմն ղունղունում է՝
տոտիկ-տոտիկ ման գալով,
քջջելով հուշերի մեջ,
երբեմն էլ՝ միտք փնտրում ՝
իմաստի մի հատիկ
տարիների վաստակ
փշեպսակի տակ ․․․
Տխուր մնչում է նա,
երբ լսում է կանչը
Հեռավորի հավքի –
և ուզում է ապրած
տեղն իր լքել։-
Զի ծեր վանքն էլ արդեն
իսպառ խոնարհվել է,
հնության տակ կքել ․․․

 

ԵՎ ԱՆՇԵՂ ԸՆԹԱՑՔԸ ՏԱՊԱՆԻ

Կապարագույն երկինքը զույգ է կազմել
մթին ջրերի հետ։ Չի նշմարվում ցամաքը
անզուգական։ Նոյը
ննջում է՝ գինու փարչը կողքին։
Հաբեթը, Սեմը, Քամը՝ հոգնած պոկերից,
քնել են։ Ինտերնետն անջատված է վաղուց։
Լուսինը եռապատկված է երկնքում,
միայն նա է շրջակայքի տերն՝ իր
դիվահար, հեշտանքահարույց լույսով ․․․
Խուլ աղմուկ թևաբախումների,
շրշյուն սողունների սողքի –
զույգերը զուգավորման տենդի մեջ են –
զի ի՞նչ իմանաս՝ ցամաք լինելու՞ է առհասարակ։ –
Քանի կաս՝ վայելիր։ Տախտակամածին տապանի՝
թափված ասեղներ, թմրադեղերի դատարկ սրվակներ,
ապահովիչների կույտեր՝ զի նեղվածք է տապանի վրա,-
և ծննդաբերությունը խստիվ արգելված է ․․․
Նո՜յ, մի՛ արթնացիր էլ, քանզի
Անհայտության ջրերն են ամենուրեք ճողփում,
երկնային ջրերը խառնվել են երկրայիններին –
որ մի ժամանակ հուսալի բաժանված էին ․․․

 

ՌԵՔՎԻԵՄ

Այն տեղերում, որտեղ ընկել եք դուք, տղերք,
հիմա ձնծաղիկներ են դուրս եկել՝
պայծա՜ռ, մանկան մաքուր աչքերի պես,
ձեր աչքերի պես՝ նոր-նոր
աշխարհի վրա բացված, տասնութամյա ․․․

Դրանք քաղելիս, հավանաբար,
մի պահ ցնցվում են զարմանքից՝
թե՝ ի՞նչ պատահեց, որ հանկարծ
ընդհատվեց տեսիլքն աշխարհի։
Ապա՝ խամրում են լռելյայն ․․․ –
Ձեր աչքերի պես, ձեր մանուկ աչքերի պես ․․․

 

ՏՐՈՅԱ

Մի՛ խնայիր, ասա՛, ի՞նչ է լինելու մեզ հետ,
ո՛վ Կասանդրա։-
Աստվածները, տես, խաղադրույք են անում մեր
բախտի վրա ․․․

Տրոյական ձին վաղու՜ց են բերել ներս՝
չքմեղացյալ ․․․
/ Դու թախանձում, անվերջ աղերսում էիր՝
դուռ չբացել ․․․/։

Հեկտորն սպանված է, զենքերն իր՝ վաճառված։-
Քա՜ր լռություն ․․․
Պարիսն ու Հեղինեն սեռախանգարված
դավ են նյութում։

Այն ի՞նչ առագաստներ են ծփում հեռվում։
Թե՞ պատրանք է։
Կասանդրա, ասա, էլ կհառնի՞
այստեղ կյանքը ․․․

 

ԷԴԳԱՐ ՊՈՅԻ ԱԳՌԱՎԸ ԵՎ ԲԱՍՅՈՅԻ ԱԳՌԱՎԸ

– Իսկույն
սթափ
մեր ագռավային ուղեղով
հասկացա, որ մի բան
էն չի։- Ողբում էր,
դեսուդեն էր գցում իրեն,
ողբում էր (մեր կռավոցը՝
ի՜նչ դրա մոտ ․․․ )։ Էհ։
Լինոր, Լինո՜ր ․․․ Հեչ եղե՞լ է,
որ մի մարիի համար
մենք այդքան կռավենք ․․․

– Էն օրն էլ (ասացիր՝ հիշեցի)
մի ծերուկ էր եկել կանգնել
ծառի տակ, որի ճյուղին
ես էի նստել՝ մի քիչ շունչ առնելու։
Նայեց, նայե՜ց ․․․ Կամ
խելքը թռցրել էր, կամ էլ՝
չէր ջոկում ՝ ինչ թռչուն է ճյուղին ․․․
Երերում էր, հազիվ էր կանգնում ոտքի վրա –
կամ արդեն հալից ընկել էր, կամ
քաղցած էր,- բրինձն է թանկացել ․․․

 

ՄԱՀԸ – 1

Ինչպես իր թառից հալածված-փախցրած
բուի թռիչքը ցերեկով – պատեպատ
խփվելով, անկանխատեսելի ուղղություններով –
այսպես է ընթանում մահը ․․․

Նա կույր է, նա
աշխարհն ընթերցում է շոշափելով –
Երկրի տեղանքը բրայլյան էջ է
իր համար։ – Նրա մատները
սահում են ուռուցիկությունների վրայով
ու զոհ գտնում դրանց արանքներում ․․․

Մահը նաև խուլ է, նա չի լսում իր
զոհերի ճիչերը, նա իր ոսկրոտ մատների տակ
միայն շարժումներ ու թպրտոցներ է զգում,
որոնցից քաղում է գերագույն
հաճույքն իր ընթերցողական ․․․

Մահվան հսկա, կույր ակնագնդերի
կապտաթույր՝ բելիարական ճերմակության վրա
լուսնի ցոլքերն են մեհենական փայլով
թարթում – և այդ թարթումների ընթացքում
ստեպ-ստեպ ուրվագծվում է
կյանքը՝ իր ձագերի վրա
ծվարած թխսկանի նման ․․․

 

ՄԱՀԸ – 2

Մահը նայում է ձկան հայացքով,
անում լողակի դյութող շարժումներ՝
ծովեր խոստանում անիմանալի ․․․

Մահը համառ է խեցգետինի պես –
հրավիրում է, չանչերով կանչում,
ժեստեր է անում Վերացման ծեսի ․․․

Մահը կպչուն է՝ ինչպես մեդուզա –
ու չես իմանա՝ երբ կսոսնձվի,
ու չես իմանա՝ ինչ է ուզածը ․․․

Մահը նման է գաղտնախուփ խեցու,
որ մարգարիտ է ասես թաքցնում,
բայց ի՞նչ իմանաս՝ մինչև չբացես ․․․

Մահը ուռկան է անմեղ-անգիտուն –
ու իր ակամա արարքն է անում,
իսկ մնացածը՝ Ձկնորսը գիտի ․․․

 

ԳՐԱՇԱՐԺ

Հողակցված ես երկնքի հետ –
Լռության հանքաշերտերն ես
զգում, երկնասալերի
ողջագուրանքը։ Համակ
մի սեյսմոգրաֆ ես՝
սրտից Սիրտ – և
շարժվում է մատիտը,
վետվետում թղթի վրա՝
հանց զամբիկը գարնան
արոտավայրերում։- Գրվու՜մ է։
Ապա գալիս է հետցնցումային
տխրությունը – ու՜ր էինք՝
ու՜ր ընկանք, ավաղ ․․․

 

* * *

Եվ տես՝ ինչպես է շիրմագրերին
լույսը, հպվելով, սգվոր թանձրանում։
Կապերի մեջ է աստ երկբայելի
որձաքարի մեջ խրված մի անուն։

Եվ կատվախոտի բույրն է տարածվում
ցանկապատից դուրս՝ օդում նվաղուն։
Վարդը, որ նկուն, ջրվեց արցունքով,
տեսիլների մեջ է սուզվել վաղուց․․․

Թևաբախման ձայն մահարձանի շուրջ։
Թպրտում է դեռ պատկերն հուշերում
իր մերձավորի, կապելով կամուրջ
ցերեկից դեպի ակնակուր գիշեր ․․․

 

ԼԻԱԼՈՒՍԻՆԸ

Լիալուսինն ուրիշ է, ուրի՜շ,- ոչ մի
կիսատ բան չեմ սիրում ․․․
Ուրիշ է, կլորիկ՝ կաթնահունց
բաղարջի պես, որ թխում էր
մայրս վարդավառին։- Լիալուսինն էլ է՝
երեսին ասես ձու քսած։ Բայց
որ իրեն ասես՝ կնեղանա – ինքն ասում է՝
չէ՜, ես ոսկեդրամ եմ ՝ որ կամ,
շահնշահի գանձարանից դուրս պրծած ոսկեդրամ ․․․
Ժամերով նայեմ ՝ չեմ հագենա,
մանավանդ, երբ ամպերի քողը հետ է քաշում
ու նայում արանքից գաղտագողի՝ ասես
Գյուլնարան ինքը՝ վախվորած, հարեմի վարագույրի հետևից ․․․
Ժամերով նայեմ ՝ չեմ հագենա։
Երեխա ժամանակ է՛լ, նայու՜մ-նայում էի երկար
/ մայրս մի անգամ տեսավ՝ ասաց․
<<Տղա ջան, լուսնին էդքան երկար չեն նայի՝ հանկարծ լուսնորդ կդառնաս>>,-
այսինքն՝ լուսնոտ – դե պարզ է ․․․ /։
Ախ, Տեր Աստված, այս ի՜նչ սիրուն
կլոր բաներ ես ստեղծել –
լիալուսին, ձմերուկ՝ մարգերի մեջ՝
մանկան պես պորտալարով հողին կապված,
կլորերես սիրուն աղջիկներ, ո՜ր մեկն ասես ․․․

 

ՈՒՐՎԱԿԱՆԸ

Արթնացավ։ Զգաց, որ մի տեսակ
թեթև է, ինչպես ․․․ երեխայի մեղքը։
Շոշափեց իրեն անկողնու մեջ –
հա, ինքն է, բայց չկան առաջվա ցավերը,
որ արթնանում էին իր արթնանալուն պես։
Կես՝ ուրախ, կես՝ ահառած, ելավ անկողնուց,
պատուհանը բացեց։ Թռչունները երգում էին՝
մի տեսակ կանոնավոր, ասես լարովի՝
մեխանիկական, կայուն ռիթմով / ցնցվեց /։
Գնաց սափրվելու, էլեկտրական ածելին
խուլ գվվում էր ու չէր դողում մատների մեջ։
Նայեց՝ ո՜վ սարսափ, դեմքին մազ չկար –
մազերը չէին աճել պարզապես։
Հայելու մեջ նայեց երկար / հայելին՝
ասում էին՝ շատ նենգ առարկա դուրս եկավ ․․․ /,-
աչքերը իրենն էին, բայց երբ, բայց երբ ․․․
խոր նայեց ինքն իր բիբերի մեջ՝
ասես մտավ մի կապու՜յտ խառնարան,
սուզվեց Էմպեդոկլեսի պես – և Վե՛րջ։

 

ԵՂԵԳՆՈՒՏ

Մարդը մտածող եղեգ է

Բլեզ Պասկալ

 

Ով մտածող եղեգ,
որ մոլորված խշշում ես,
տարուբերվելով միջաստեղային
սառը քամիներից
և մոռացության գետի՝
Լեթայի ծանծաղուտ
ափերն ես երազում ․․․
Դու մի ոստն ես քո շուրջ
ծփացող եղեգնուտի –
քո շուրջ խոհակալած
Անհունն է տարածված,
ու որի լայնքը ցատկով
հատում է ունայնության
ճապուկ եղեգնակատուն ․․․

 

ՁՈՐԱԳԵՏ

Կիրճի տաճարի
բազալտե որմեր՝
երգեհոնի պես
արձագանք տվող
գետի շառաչին։
Այսպես ձեռնիկուրծք,
խաչարձանի պես,
կանգնել ու նայե՜լ
ձորի պռնկից –
և, ահավասիկ,
հավերժությունն է,
տես, սրտիդ դրկից ․․․
Մնայի՜, մինչև
ծաղկումն աստղերի,
ջրահարսերի
ծափուծիծաղը
գիշեր-հանդեսին։
Աննման տեսիլք։

 

* * *

Երանի
թռչուններին,
որ վայելում են
վերևից
կղմինդրե
տանիքների
կարմիր
ռե մաժորը ․․․
Նրանք տեսնում են՝
ինչպես է
շանթը խրվում
հողում,
որ քաղցրանան
վարդագույն
գետնախնձորները ․․․
Իսկ մենք
ծառ ենք՝
խրված
հողի ցավի մեջ –
և մեր սաղարթը
ճյուղավորված
ցավ է
անագորույն ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *