Էսսե

Բառերը

-Այլևս չեք գրում սիրո մասին: -Բառերս սիրահարվել են: -Ի՞նչ է նշանակում «բառերը սիրահարվել են»: -Նշանակում է նրանք ինձ հետ չէ, որ խոսում են:

• 7 րոպե

Բառերը

(զրույց-էսսե)

–Այլևս չեք գրում սիրո մասին:

-Բառերս սիրահարվել են:

–Ի՞նչ է նշանակում «բառերը սիրահարվել են»:

-Նշանակում է նրանք ինձ հետ չէ, որ խոսում են:

–Էդ ո՞նց:

-Ես դադարել եմ նրանց խնամել, բառերի հետ հետաքրքիր չէ:

–Գուցե դուք էլ՝ իրենց, չէ՞:

-Գուցե:

–Ինչու՞ այդպես ստացվեց:

-Հասկանու՞մ եք, նրանք որբացել էին:

–Ինչպե՞ս են որբանում բառերը:

-Դադարում ես իրենց վերցնել քեզ հետ:

–Գուցե իրենք չէին ուզում ձեզ հետ լինել:

-Գուցե:

–Իսկ ի՞նչ կապ ունի սիրահարվելը:

-Բառերը պետք է սիրո մեջ լինեն: Եթե դու չես սիրում, իրենք պիտի խնամվեն այլ սիրով: Նրանք կորցրել են հայելին իմ մեջ:

–Եվ ի՞նչ:

-Ի՞նչ իմաստ ունի խնամվել, եթե հայելի չկա:

–Համաձայն եմ: Բայց, եթե ձեզ չեն սիրում, ուրեմն ուրիշի՞ն են սիրահարվել:

-Ինչքա՜ն վատ գիտեք բառերին: Նրանք մեզնից շատ կարիք ունեն սիրո: Նրանք ծաղկում են սիրո մեջ: Առանց սիրո նրանք հնչում են անապատում:

–Իսկ ինչպե՞ս գտան ուրիշին:

-Ուրիշն է նրանց գտնում: Բառերն այդ ուրիշի սիրո խնամքն են: Ինչ-որ մեկը պիտի լինի, որի շնորհիվ բառերը հիանում են իրենցով:

–Ու դա դուք չեք:

-Ահա: Երբ սիրահարված չես, բառերը գեշանում են: Ընկնում են Վլադիմիրի ու Էստրագոնի օրին: Անընդհատ նույն սրտում կամ գլխում են, որտեղ ոչինչ տեղի չի ունենում:

–Կամ հողաչափ Կ-ի, չէ՞, կանչված են, բայց տեղապտույտով: «Ներս» մտնել չկա:

-Ահա: Մի տարբերությամբ՝ նրանք եղել են ներսում:

–Նրանք այդ ներսի զոհե՞րն են:

-Ոչ, նրանք զոհերն են այն ներսի, որտեղ այլևս ոչինչ չի կատարվում:

–Ուրեմն տվեք նրանց այդ իրադարձությունը:

-Այդքան հեշտ չէ:

–Ինչու՞:

-Նույն բառերով նույն իրադարձության մեջ չես մտնի:

–Բայց բառերն ուրիշ չեն լինում:

-Այո: Բայց նույնն էլ չեն լինում: Ցանկացած բանաստեղծություն դա ձեզ կասի:

–Փակուղի է: Երբ ես սիրում եմ, միշտ կարող եմ լսել նույն բառերը:

-Եթե ձեզ սիրում են, այդ նույն բառերը միշտ կարող են լինել ուրիշ: Շենքեր կառուցելու քարերը նույնն են, չէ՞, բայց շենքերը նույնը չեն:

–Դուք վախենում եք նույն բանե՞րը գրել:

-Չէ, վախ չկա: Ընդհակառակը, չես ուզում տագնապներդ կորցնել:

–Իսկ վախ չկա՞, որ էլ չեք սիրելու:

-Ես նախկինում էլ չեմ սիրել: Մի ուրիշ բան կա, որն ասելու բան չէ ու սիրո հետ կապ չունի:

–Ոչինչ չեմ հասկանում:

-Ինչ-որ պահից պետք է բառերին հանգիստ թողնել:

–Նույնիսկ եթե սիրո մասին չե՞ն:

-Եթե անգամ ամենամեծ սիրո մասին են:

–Իսկ եթե երբեք չեք սիրել, ինչպե՞ս եք գտել սիրո բառերը:

-Նույնիսկ կամաչեմ ասել:

–Փորձեք:

-Ես դրանք վերցրել եմ ինձ չսիրողներից:

–Գուցե ուրիշներին սիրողների՞ց:

-Ոչ, ուրիշներն ինձ հետաքրքիր չեն:

–Ո՞նց եք մի չսիրողին տարբերել մյուսից:

-Երբ չեն սիրում, տարբերվում են:

–Գուցե հակառա՞կը:

-Չէ, տարբերությունն անտարբերության մեջ չէ, այլ՝ չսիրելու:

–Ինչպե՞ս եք տարբերել մեկի չսիրելը մյուսի չսիրելուց:

-Իմ չսիրելով:

–Իսկ նրանք շա՞տ են:

-Բոլորը:

–Այսինքն, դուք բոլորի սիրու՞ն եք հավակնել:

-Ոչ, միայն մեկի: Հենց նրա մեջ էլ կարդում ես բոլորի չսիրելը:

–Տարօրինակ է, դուք մինչև հիմա գրել եք չսիրո մասի՞ն:

-Կարելի է նաև այդպես:

–Ինչպե՞ս հասկանալ:

-Հենց սիրահարվեք նորից, կհասկանաք:

–Էլի չհասկացա:

-Բավական է, որ ձեզ մեկը չսիրի:

–Բայց ձեզ ի՞նչ նրա չսիրելը, եթե դուք չեք սիրում:

-Նրա չսիրելով ես չափում եմ իմ աշխարհի անդունդները: Իսկ անդունդների մասին ես հաստատ գրել եմ:

–Դուք միայն մեկի՞ն չեք սիրել, թե անընդհատ միայն մեկին:

-Մեկին, որ կա ամենքի մեջ:

–Կարծես ինչ-որ բան վերջնականապես չեմ հասկանում ու դա լավ է, գիտե՞ք:

-Իհարկե: Վերջացնե՞նք:

–Հոգնեցրեցի՞:

-Չէ հա:

–Մենք տեղապտույտի մե՞ջ ենք:

-Անհնարինը հասկանալու ջանքի մեջ:

–Դուք ի՞նչ բառերով եք գրում ինձ:

-Հնարավոր բառերով:

–Այսինքն, բառերը մնացել են:

-Ինչպես Պոմպեյը:

–Որպես պատմությու՞ն, թե որպես ավերակ:

-Որպես պատմություն:

–Ինչպե՞ս են նրանք դառնում պատմություն:

-Երբ նրանց մեջ հիշողություն չկա, երբ միայն հաղորդակցության կրիչ են:

–Պատմություն են ու նրանց մեջ հիշողություն չկա՞:

-Ահա, որովհետև այդ հիշողությունը փոխադարձ չէ:

–Ինչպե՞ս կարող է հիշողությունը լինել փոխադարձ:

-Տեսեք, բառերը յուրօրինակ հիշողություն ունեն, նրանցում միաժամանակ է ընթացիկն ու սպասվելիքը: Նրանք «կերակրվում» են այն էներգիայով, որը երկու իրականություն է կրում իր մեջ՝ իր ներսինը և ուրիշից եկողը:

–Դուք լեզվի մասի՞ն եք խոսում:

-Ոչ, բառերի:

–Հետո՞:

-Նրանց լիցքերը ամենուր են, աշխարհի բոլոր կողմերից: Այդ լիցքերի մեջ մագնիսականություն կա, չկան լիցքեր, որոնք չունենան մագնիսականություն: Երբ նրանք հնչում են, հնչում են որպես Մեծ Պայթյուն, որպես տիեզերաստեղծ մի բան: Այդ լիցքերը բախման լիցքեր են, մի քանի տարի առաջ այդպիսի բախումից Հիգսի բոզոնը հայտնաբերեցին, մտադիր են սև մատերիան հայտնաբերել: Բառերի մեջ այդ ամենը կա երկու սիրտ հեռավորության միջև:

–Կրկին սերը:

-Կրկին սերը:

–Որը ձեր դեպքում չսերն է:

-Որն իմ դեպքում չսերն է:

–Կամաց-կամաց հասկանում եմ:

-Ես էլ:

–Փաստորեն զրոյի՞ց ենք սկսում:

-Փաստորեն:

–Իրենց մեջ բառերը կրու՞մ են հիշողություն:

-Իրենց մեջ՝ այո, ոչ ոք այդ հիշողությունը բառերից չի վերցնի, բայց նրանք չեն կարող ապրել ինչ-որ մեկի ներսի հիշողությամբ, երբ արդեն որբ են:

–Ե՞րբ են հասկանում, որ որբ են:

-Երբ ինչ-որ մեկինն են ամբողջ էությամբ ու ոչ ոք չկա այլևս: Բառերը տրվում են, հասկանու՞մ եք, նրանք մասնակից են այն ամենին, որը արտահայտելու համար հաճախ լեզուդ չի պտտվում:

–Ամենահեշտը սիրո մեջ է, չէ՞, ստացվում լինել ինչ-որ մեկինն ամբողջ էությամբ:

-Ահա: Հենց սիրո շնորհիվ էլ նրանք հնչում են առաջին անգամ: Նրանք նոր աշխարհում են հայտնվում, թեպետ իրենք են ամբողջ աշխարհը: Ու սերն է այն հաջորդ հարթությունը, որտեղ դու կենսագրությունդ դարձնում ես ճակատագիր:

–Կարճ ասած սիրո շնորհիվ են նրանք բառեր:

-Ոչ միայն շնորհիվ: Նրանք մեկտեղվում են սիրուն, սերն ամեն անգամ նրանց դարձնում է առաջին անգամ ասվող: Հաճախ նույնիսկ չհնչելու գնով:

–Այսի՞նքն:

-Պապանձվելու մեջ էլ բառեր կան:

–Ի՜նչ լավ ասեցիք:

-Դա դեռ ի՞նչ է: Դուք տեսե՞լ եք ինքն իրեն սիրող բառ:

–Ոչ:

-Ես տեսել եմ: Ես դա տեսել եմ նույնիսկ ժուռնալիստիկայում: Այդպիսի բառերն անգամ հնչելու կարիք չունեն: Նրանք կերակրվում են քո աշխարհով, որտեղ Տիեզերքն անգամ գլխապտույտի մեջ է իմաստի առջև:

–Ու այդ բառերը ձեզանից փախչում են, որովհետև այլևս չեն կարող լինել սովորական, ինչպիսին դու՞ք եք սիրուց կամ չսիրուց հետո:

-Ահա: Նրանք փախչում են, որովհետև արդեն կծել են պտուղը, նրանք գիտեն ճշմարտությունը, նրանք ուզում են կերակրվել իմաստով:

–Որը ձեզնից դուրս է:

-Ճիշտ այդպես: Ես դարձել եմ մի ավերակ, որտեղ ապրելն իմաստ չունի:

–Ահա, ավերակներում այլևս ոչինչ չի կատարվում, չէ՞:

-Ոչինչ: Նրանք ինձ թողել են ավերակների լռության հետ:

–Բոլոր բառե՞րը:

-Ոչ, միայն նրանք, որոնք կային իմ սրտում:

–Բառերը սիրահարվում են ուրիշ բառերի՞:

-Ոչ, նրանք ուղղակի ուզում են փախչել այն գլխից, որտեղ իրենցից բացի ոչ ոք չկա:

–Ի՞նչ է նշանակում փախչել:

-Նրանք պատասխանատու են իրենց համար: Եվ պատասխանատվության այդ դաշտն իմ մեջ չէ: Ես լքել եմ նրանց:

–Թե՞ իրենք են լքել ձեզ:

-Տեսեք, չկա մի բառ, որով հիմա էլ չեմ կարող խոսել:

–Այսի՞նքն:

-Գուցե իրենք են լքել: Բայց ոչ մի տեղ չեն փախչել: Ուղղակի ես այլևս չեմ կարող խոսել նրանց անունից:

–Իսկ նրանց փոխարե՞ն:

-Նրանց փոխարեն ճիշտը լռելն է:

–Բայց նրանք խոսում են ինչ-որ սրտերում, չէ՞:

-Գուցե, բայց դրանք արդեն իմ բառերը չեն:

–Բառերն իմ ու քո չեն լինում:

-Լինում են: Ինչպես սիրտը:

–Հետո նրանք տեղափոխվում են այլ սի՞րտ:

-Ոչ, հետո նրանք շատանում են ու հարկավոր բառերին տեղ չի մնում:

–Որո՞նք են հարկավոր բառերը, եթե նրանք այլևս ձեր սրտում տեղ չունեն:

-Դրանք այն բառերն են, որոնք փոխարինում էին այն մեկին, որն ինձնից հեռու էր:

–Այդ դեպքում դուք ինչո՞վ եք ավերակ, եթե նրանք միայն շատանում են:

-Ինչո՞վ է ավերակ դառնում մարմինը, որում բակտերիաների միակ կերակուրն ինքդ ես:

–Բակտերիաները որտեղի՞ց հայտնվեցին:

-Կենսաբանությունից: Մեր դեպքում այս զրույցի հանդեպ հետևողականությունից:

–Հետո ի՞նչ եղավ:

-Հետո բառերը ձանձրացան:

–Ու նրանք փախան այլ սի՞րտ:

-Ոչ, սկզբից կորցրեցին իրենց իմաստը:

–Ինչպե՞ս են կորցնում իմաստը:

-Իրենք իրենց չեն հավատում:

–Ու սիրտը դա թու՞յլ է տալիս:

-Ոչ միայն, դուրս է մղում: Ինչպես շանն է դուրս անում իրեն չսիրող տերը:

–Սի՞րտն է դուրս մղում բառերը:

-Ահա:

–Բայց ասեցիք, որ մյուս բառերն են դուրս մղում:

-Այո, որովհետև այդպիսի սրտում մյուս բառերն արդեն «քաղցկեղածին» են, նրանք արժեզրկում են հարկավոր բառերը, արդյունքում սիրո բառերը պարազիտանում են պարապ սրտում: Դա ոչ մեկին հաճելի չէ: Բառերը կյանքն են, բայց միայն այն սրտերում, որոնք ապրում են:

–Այդ դեպքում ինչու՞ մյուս բառերը չեն խոսում:

-Նրանք անիմաստ են առանց այն բառերի, որոնք պատմում են սերը, ավելի ճիշտ նրանց «իմաստը» սիրո բացակայությունն է:

–Բառերը նույնպե՞ս ունեն գոյության կռիվ:

-Նրանց կռիվն այսպիսին է՝ մեկը պիտի արտահայտի սերը: Այդ ժամանակ բոլորն են արտահայտում: Նույնիսկ եթե ոչինչ չես ուզում ասել:

–Կամ ոչինչ չես ասում: Մեկը պիտի մեծամասնություն լինի նրանց մեջ՝ կամ սերը, կամ՝ սիրո բացակայությունը:

-Թեկուզ այդպես:

–Իսկ ի՞նչ է լինում հետո:

-Հետո այն, որ առանց սիրո մնացած բառերը թունավորում են սիրտը:

–Իսկ ե՞րբ են բառերը մնում առանց սիրո:

-Երբ միշտ նույնն են:

–Ինչպես կարող է նույն բառը չմնալ նույնը:

-Այնպես, ինչպես դուք կարող եք ամեն օր լինել ուրիշ:

–Իսկ ինչպե՞ս չմնալ նույնը:

-Ուղղակի եղեք խենթ: Ամբողջ արվեստն է խենթ սրտերի գործը:

–Ինչպե՞ս խենթացնել բառերը:

-Նրանք խենթ են սիրո մեջ, նրանց խենթացնել պետք չէ, սիրո մեջ ոչ մի բառ նման չէ սիրուց դուրս բոլոր բառերին: Նրանք ուրիշ են առանց անունները փոխելու:

–Դուք ինձ հետ խոսում եք սովորական բառերո՞վ:

-Ոչ, ես ձեզ հետ խոսում եմ սովորական սրտով:

–Իսկ ո՞ր բառերն են մնում սովորական սրտում:

-Օժանդակ բառերը: Դրանք հազիվ հերիքեն, որ ձեզ ասեմ այս ամենը:

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն