Էուխենիո Մոնտեխո | Բացակաները

Վենեսուելացի բանաստեղծ Էուխենիո Մոնտեխոն (1938-2008) բազմաթիվ գրքերի և ուսումնասիրությունների հեղինակ է։ Հիմնադրել է «Azar Rey» գրական հանդեսը, եղել է Կարաբոբո համալսարանի «Պոեզիա» ամսագրի համահիմնադիրը։ Աշխատել է որպես հետազոտող Կարակասի «Լատինամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնում», դասավանդել է տարբեր համալսարաններում, եղել է վենեսուելական «Monte Ávila» հրատարակչության գրական պատասխանատուն։ Տարբեր տարիների աշխատել է Պորտուգալիայում՝ Վենեսուելայի դեսպանատանը։

 

***
Որոշ բառեր
Մեր բառերից որոշները
ուժեղ են, անկեղծ, դեղին,
մյուսները կլոր, ողորկ, փայտե․․․
Բոլորն էլ հենված Ատլանտյանին։

Մեր բառերից որոշները
համեմունքով բեռնված նավեր են,
գնում-գալիս են քամու
ու պատերի արձագանքով։

Մյուսները՝ ստվերն են բանանածառի,
կապույտ թռչունների սրընթացը:
Տարին դաշտերում իր թանձր խեժն է հասունացնում է։

Արմավենիները դանդաղ հևքով
շորորում են խորքում մեր խոսվածքի,
հեկեկոցներ տնակներում կավե
խեղճուկրակ մեր մկրտվածների։

Մեր բառերից որոշները
հնարում են գետերը, ամպերը։
Բառերի տրտմությամբ է լցվում
կղմինդրը թրջող անձրևը։

Այսպես է կյանքն ընթանում ու զրուցում ենք
թողնելով որ բառերը գնան ու գան։
Որոշները ուժեղ են, անկեղծ, դեղին,
մյուսները կլոր, ողորկ, փայտե․․․
Բոլորն էլ հենված Ատլանտյանին։

«XX դարի վենեսուելյան պոեզիայի անթոլոգիա» ժողովածուից /2001/

 

Հրաժեշտ XX դարին
Ալվարո Մուտիսին

Անցնում եմ Մարքսի փողոցով, Ֆրոյդի,
քայլում եմ այս դարի ափով,
դանդաղ, արթուն, անհանգիստ,
պատվո լրտես գոթական մի երկրի
հավաքելով անկյալ ձայնավորներ,
անվերջ շշուկներով դաջված կոպիճներ։

Մոնդրիանի գիծը աչքիս առաջ
կտրում է գիշերը ուղիղ ստվերների
այս պահին, երբ մենությունը
էլ տեղ չի անում ապակե պատերին։
Անցնում եմ Մաոյի փողոցով, Ստալինի,
դիտելով ինչպես է հազարամյակը մեռնում
ու մյուսը սկսում իր վերելքն աշխարհում։
Իմ դարը՝ ուղղահայաց, թեզերով լի ․․․
Իմ դարը՝ պատերազմ-հետպատերազմով լի
Հիտլերի թմբուկները հեռվում,
արյան ու անդունդի արանքում։
Շարունակում եմ հին արվարձանների
քարերի միջով
հանուն խմիչքի, մի քիչ ջազի համար,
դիտելով աստվածներին որ քնած են հարբած
ընկած բարերի հատակին,
մինչ վերծանում եմ նրանց անունները
ու անցնում, ճանապարհս շարունակում։

Պոեզիան

Պոեզիան երկրագնդով գնում է մենակ
աշխարհի ցավից առնելով իր ձայնը
ու բան չի խնդրում
անգամ՝ բառեր։

Հեռվից է գալիս, երբեք չի զգուշացնում
դուռը բացելով իր ուզած ժամին։
Մտնելուն պես կանգ է առնում ու մեզ է նայում։
Հետո ափն է բացում ու մի ծաղիկ, կամ կոպիճ,
գաղտնի մի բան է մեկնում,
որն այնքան ազդեցիկ է որ սիրտը
չափազանց արագ է բաբախում։
Ու արթնանում ենք։

Գրի արվեստ

Մի օր քարերով եմ գրելու,
տողերը ծանրութեթև անելով
քարերի կշռով, ծավալով, շարժումով։
Բառերն ինձ հոգնեցրել են։

Առանց մատիտ․ հարթակ, թեոդոլիտ [1] ,
ու զգացումի արևային այդ մերկությունը
որ ժայռերի խորքում դաջում է
գաղտնի իր երաժշտությունը։

Կնկարեմ կոպիճների շարաններով
անունս ու տանս պատմությունը
ու հիշողությունները հարատև հոսող գետի
որ գիտակ ճարտարապետի պես
մի պահ հապաղում է երակներումս։

Շնչող քարով իմ երգը կգրեմ
կամար, կամուրջ, դոլմենի [2], սյան վրա,
հորիզոնի միայնության դիմաց՝
բացվող քարտեզ ճամփորդների համար
որ վերադարձ չեն խորհում երբեք։

[1] Թեոդոլիտ – գործիք, որն օգտագործվում է ուղղությունները որոշելու և հորիզոնական ու ուղղաձիգ անկյունները չափելու համար:

[2] Դոլմեն – հնագույն դամբարանային կառույց, ծածկված մեկ կամ մի քանի սալաքարերով։

 

Բացակաները

Ճամփորդում են հետս մեռած ընկերներս։
Ուր որ գնամ, ամենուրեք կան,
շտապում, հետևիցս գալիս, առաջ են ընկնում,
բարի, գոհ ու դժգոհ, խմբերով,
մենակ, զրուցելով կամ էլ՝ զբոսնելով։
Մինչ քայլում եմ խառնվում են նրանց սպրդող երանգները
պատելով ինձ անշտապ մթնշաղով․․․
Այնքան շատ են, յուրաքանչյուրն իր արձանում
նրանց շուրջն առհավետ քնելու դիմակներ։
Իմ քանդակն էլ է այնտեղ ճախրում։
Մեռած երբեք մեռած չլինելու պատճառով,
ինչ-որ ժամանակ զբոսայգում,
միասին ու անջատ, հարմարված և ոչ,
համր լինելու, բարձր կամ անձայն զրույցի պատճառով,
իրականում ոչ ողջ ոչ մեռած․
միջանկյալ մի վիճակ, որ քանդակ էլ չի,
անգամ եթե քարացել են արդեն մեր աչքերը
և մեկս մյուսին հետևելով, քաղաքավարի վիճողներ,
որ գոհ ենք երկրագնդին լինելով կամ չլինելով,
ամեն ինչ մնում է հետոյի կամ առաջվա համար
մի ժամանակի երբ դեռ չգիտեինք որ հետոն արդենն էր
ոչ էլ որ մեր ստվերները շուտով՝ երևացող չերևացող, ճախրելու են օդում։
Մի պահ նորից եմ միանում նրանց,
նորից զրուցելով ուշ երեկոյան, ավաղ ուշ,
Քաղաքի ու արվարձանի աղմուկներ սրճարանում․․․
Այսինքն՝ խմելով առանց խմելու, մի քիչ սթափ,
չէ՞ որ մեռածները չեն խմում, չնայած ինչո՞ւ ոչ,
միասին ու զվարթ, թեև ոչ այդքան, բայց ուրախ,
խմիչքով կամ առանց, բայց խմելով,
հավատալով որ ժամանակն անցել է բայց՝ ոչ,
և այսու անցել է առանց անցնելու՝ երբեք չի անցնում։
Ամեն մեկը առանց կամ սառույցով վիսկիյով,
ավելի շուտ տաք քան սառը, առանց պահի մի պահ,
հիշելով որ ոչինչ չի հիշեցնում այս երեկոն
ու դրա համար հիմա հիշվում է ամեն բան․․․
Խմելով նրանց հետ որ ծխում ու խոսում են,
որ գնում ու գալիս են, երկխոսում ու վիճում են,
խոսելով խոսելու համար ու երբեմն էլ՝ չխոսելու,
մինչև իրար ասելը Պիկասոյից ինչ կա էս ընթացքում,
թե որքան կուբիզմ կա մեր հեռանալու մեջ,
միմյանց ուղղահայաց աչքերով նայելու ձևի
ու ձեռքը հակառակ կողմով ձեռքին մեկնելու մեջ
ընդամենը մեկ գավաթ խմելու մեջ՝ կոտրած գավաթ
որ արդեն չունի ոչ դուրս ոչ ներս ոչ ծավալ
չխմելու՝ կարծելով որ խմում ենք ձևի մեջ
ու շարունակելու միասին լինել հիմա երբ մենակ եմ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *