Անատոլի Հովհաննիսյան | Գնում եմ՝ կորեմ


«Հայելի» ժողովածուից

Աչքերս արցունքների նման
Գլորվեցին
Ժամանակի համրացած այտերով:
Ուղտերի քարավանների ոտնատեղերը
Անապատի ավազին փնտրելու պես միամիտ է
Ապշած ականջիս`
Խելակորույս բառերիդ հեղեղը
Վերզգալը:
Մեր միջև հիմա անտեսանելի, ձայնամեկուսիչ պատ է,
Եվ ձկան իմ բացուխփվող բերանը
Քեզ հոգնեցնող ծամածռություն է թվում.
Դու հանդարտ, մեղմօրոր լիճ ես,
Որտեղից այդպես էլ չեն գտել
Ջրահեղձին…

 

***

Իմ ներսում վաղուց մարել է
Տանիքներին զարնվող
Անձրևի հեկեկոցը:
Դու`
Անակնկալ, ինչպես եկող տողը,
Քարե դանակով
Մորթում ես
Արթնացած երազը:
Ապարդյուն է ջանքը.
Հետդարձ չկա,
Իսկ անքնությունը
Գիշերը թևի տակ է առել,
Ո՞ւր է տանում…

 

***

Խոնավ ափերիցդ
Ծորում է
Վայելքի արցունք մարմինդ:
Ճանապարհները, որ մեզ տարել էին
Այս խաչմերուկը բերելու համար,
Ճակատագրի նման խորդուբորդ են
Եվ անմեկնելի:
Այս ոլորանից
Մեր դեմ դուրս եկած գաղտնիքը
Պատրանքի ստվերն է.
Աստծո տվածը
Պետք չէ կշեռքին դնել`
Այս աշխարհի կշռաքարերը
Կեղծված են…

 

***

Ես կորչում եմ քո նվաղող աչքերում
Ծով նետված քարի նման,
Բառերն անվարժ, անձեռք՝ գունդուկծիկ
Կոկորդ են պատռում
Ու չեն դառնում գոռոց:
Երկնքի անողոք կապույտը
Փլվել է վրաս,
Քո շողացող շուրթերին
Ես երանությունից հալվող փաթիլ եմ…

 

***

Իմ մտքում
Դու հեռանում
Ու չես վերադառնում:
Սպասումը` պոկված լարերով
Մոռացված էլեկտրասյուն`
Ցցված դաշտի մեջ ու իմ սրտում,
Ամայի նայում է քո հետքով,
Երբ դու մեկ րոպե
Կողքիս չես…

 

***

Ահա նորից բացվում է դուռը `
Թվում է եկել են
Տանելու դժոխք,
Թվում է հետ են բերել
Հափշտակված սիրտդ:
Չդրված վերջակետերի հերթի մեջ
Դու ես քո ճանապարհին
Ընկած քարը,
Դժգոհության պատյանը,
Մխացող խարույկի նման
Ուրիշներին խանգարող
Եվ մխացող խարույկի համբերությամբ
Սպասող…

 

***

Կարդացած երկտողի նման
Դեն ես նետել
Քեզ շոյող ձեռքերս,
Ու ես այլևս թևեր չունեմ…

 

***

Սիրտս
Ծոցս պահած քար է,
Որ չգիտեմ ում վրա նետեմ…

 

***

Իմ մտքերի մեջ
Ձայնս, անունդ խառնվել են իրար,
Ցամաքած ջրհորի պաղատող հայացքով
Ես փնտրում եմ գիշեր`
Թաքնվելու համար,
Եվ ջրասույզ մրջնանոցի խուճապով
Դեսուդեն նետվող հայացքս
Ինքնասպանի չարած խոստովանությունն է…

 

***

Պոեզիան վերջացավ:
Կյանքը մատը խոթել է աչքս,
Ուր դու էիր ապրում:
Նյարդերի գունդը ոչ մի զառիվայրով
Չի գլորվի`
Ֆիզիկան այստեղ կապ չունի,
Բառերը միայն
Տեսանելի առարկաներ են արտացոլում,
Իսկ բոլոր հայելիները փշրվել են.
Դու անցել ես նրանց վրայով
Հեռանալիս…

 

***

Թող գրկեն բառերը
Ձեռքերիս փոխարեն քե՛զ,
Անմարմին ներկայությունդ,
Որ թողնելու ես այստեղ`
Հեռանալուց հետո:
Ինքնաթիռի պատուհանից
Նետված
Հայացքի նման անխարիսխ,
Ես թափառելու եմ`
Չհասկանալով`
Որտեղից են սկսվում
Եվ ուր են գնում փողոցները,
Որովհետև դու ես իմ տունը
Եվ հորիզոնի ժապավենը,
Որով աչքերս են կապել…

 

***

Մեկնվող ձեռքս
(Օդում գնդակահար թռչուն)
Մի պահ քարանում է`
Երևակայությամբ հետ տանելով
Ճակատիդ մազափունջը:
Շատրվանների ջուրը
Թմբկահարում է միտքս` խճողելով…
Մագնիսական դաշտի կենտրոնում
Մեխվել է համր, մոլորված ճանապարհացույցը:
Ժամանակը խառնել է հետուառաջի քայլերը,
Այս` թիթեռի թևերի նման թրթռացող ամառային օրվա մեջ,
Բևեռային երկնքի անթարթ, ընկնելու պատրաստ
Սառցե աստղերի
Թիրախն եմ էլի կարծես:
Բայց փախչելու հնար չկա.
Աշխարհը զսպաշապիկ է,
Որ ինձ հագցրել ես դու…

 

***

Հայացքս`
Լիքը գանձանակ նետվող
Մետաղադրամի նման խուլ,
Սահում է կրծքիդ բացվածքից,
Եվ մեղքն այնքան շքեղ է,
Որ համոզում է`
Սատանան հրեշտակ է եղել…

 

***

Անընդհատ ձայն է հնչում ականջումս.
Այդպես հուսահատ
Տուն մտած ծիծեռնակն է
Զարնվում պատուհանի ապակուն,
Շրջվում եմ, նայում,
Էլի դու չես…

 

***

Երազիս մեջ լողում է
Մարմինդ,
Ինչպես նավաբեկյալի
Շշի մեջ զմռսած ճիչ…

 

***

Գիտեի,
Բայց յուրաքանչյուր անցնող օրը
Ցմահ բանտարկության ժամկետ էր…
Այժմ եկել ես,
Մասնեմաս է ողնաշարս,
Ու ես ցնդել, անէացել եմ
Սրվակի բերանը բաց մնացած
Օծանելիքի նման…

 

***

Դողդողալով, մարելով
Իջնում են թարթիչներդ,
Հրեշտակներն այդպես թող գան
Հոգիս տանելու…

 

***

Սայթաքած բառը
Անզգույշ-մահաբեր կրակոց է,
Մնացածը խոսքեր են`
Կասկածի խարխուլ կամրջով
Վախվխելով անցնող:
Մի՛ փորձիր շտկել վիճակը`
Դու հետ ես քաշում
Սիրտս խրած դանակը,
Եվ աշխարհը կուրանում է
Հրո ճարակ դարձած տան պատուհանների նման:
Աշխարհը…
Ես այնքան եմ սիրով լցրել այս աշխարհը,
Որ էլ ինձ համար
Տեղ չկա…

 

«Ֆրանսիական նամակնի»  գրքից

Հարցնում ես` ինչպե՞ս ես.
Այս օրն էլ
Մայրամուտի հետ գլորվեց գնաց
Չգիտեմ ուր:
Ես էլի մնացի մենակ:
Գիշե՞րը.
Գիշերը վարագույր չէ,
Որի ետևում դու ես թաքնված:

 

***

Կասկածների ձնածածկ անդունդի վրայով,
Լուսնոտի ու բանաստեղծության տողի նման
Երերուն,
Գնում եմ:
Գնում եմ
Որպես ձեռք ու ոտքի տեղը մոռացած
Սարից վիհը գահավիժող
Ձնագունդ,
Արթուն,
Ինչպես արձակած գնդակը
Հայելու վրա…

***
Սիրտս արյուն ու ծով,
Որի ափերը գողացել են.
Ես խեղդվում եմ այնտեղ՝
Ամեն անգամ հուսալով՝
Վերջ…

 

***

Մի մութ գիշեր,
Վերքին չդրված սպեղանու նման անհոգի
«Մալբորոյի» դատարկ աչքը երեսիս,
Իմ ամայի հայացքը տարածությանը,
Որի շրջապտույտը կլանել էր քո ձայնը,
Ապրում էի գրադարակում նիրհող
Ու էլ երբևէ չկարդացվող գրքի կյանքով:
Եվ Սիլվա Յուզբաշյանը
Համակարգչի էկրանին
Զգացմունքային-պաթետիկ բանաստեղծություն էր կարդում
Անչափելի հեռու մնացած աշխարհում…

 

***
Երազումդ
Ես կգամ մի օր՝
Որպես ջահելությանդ եկեղեցու ամենաբարձր գմբեթ,
Անդունդի եզրից կախված հոգոց,
Գիշերվա քունդ հարամող
Չծնված երեխայի լացի ձայն:
Կգամ
Իբրև փոփոխվող դիմագծերիդ
Երբեմնի անաղարտությունը:
Կգամ մաքրված,
Ինձ համար էլ անճանաչելի,
Գրեթե սրբի նման՝ լուսապսակով,
Համբուրելու համար ոտքերդ
Դեռ երկրին չդիպած…

 

***

Մտամոլոր էի,
Սիրտս արցունքով լի․
Հանդիպածը ուկրաինական եկեղեցի էր,
Մարդ չկար մի կիսաքնած ծառայողից բացի:
Մոմ վառեցի, մայրի՜կ ջան,
Մտքումս դու էիր,
Բոլոր ապրողներից ու մեռնողներից
Քո կարոտության քարն է
Ամենածանրն ու անտանելին:
Մի քանի անտեր արցունք թափեցի
Ու ժամացույցին նայելով՝ դուրս եկա
(Հանդիպակաց կանգառում մեկը սպասելու էր):
Ու դուրս եկա
Մեղապարտի
Ու գողի պես…

 

***
Հորս դեմքն եմ տեսնում
Հայելում,
Նայում է հոգնատանջ, ծերացած ու ջղային:
Երևի էլի ինչ-որ բան
Այնպես չեմ արել․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *