Նարեկ Գասպարյան | Էտապ 11

***
ես միալար քամիների թևով հրած արտաքայլն եմ,
հյուսվում եմ պատուհանագոգից հայելու շողքով,
ներծծվում անցուդարձի հոսքին ու անվթար եմ,
երբ երեսով բախվում եմ ուսիդ, կարծես սեփական խնդիրներիս

դու սառնապաղ եթերի մնայունությունն ես,
անհանդիպելի տեսողական կետերի խառնամբոխում,
կախ ես ընկնում ամպածրարից ու ոտնախաղդ վերամբարձ է,
երբ բնահողը հանդիպում է գերաշխարհին

 

***
մոխրե երկինքը շրմփացնում է,
պուտիկավորվում խճաքարերին,
մարմինը փաթաթվում է անձրևանոցով
բանականության ասեղի սայրին
երկրաշարժվող հողմացույցի պես
դողում, աղմկում է լղոզված միջավայրը,
շտապում են թարթող փարոսիկները,
պատսպարանները ծխում են ցնցուղի տակ,
գնացքակազմը մեկնումն է ազդանշում,

դու պատկերանքների նմանությունն ես
ուշաբերում մակաբերումների միջև,
որ պատահականություններ չկան
ու հանդիպումները անխուսափելի են,
թե ոլորվելու եմ պատահմունքների ցուցակում,
այլայլվելու տողագլուխների բացատներով,
ուղետոմսով մոռացության մեջ ընկելու
կծկտած սպիտակեղենի ալքում,
մնալու եմ անձանց, առարկաների կերպադրումով,
գոյելու ձևաչափից դուրս, հրաժեշտից զատ,
բիբը չգրգռող հետք մնալու, համեմատորեն մոտ,
համեմատորեն հպելի, գրասեղանին ցրիվ եղած
անձեռագիր բառապատկեր, ուր թաքնվել է
շեղ ձոեռագիրը,
ուր սենյակից սենյակ են անցնում օրերը՝
անքեզ, անինձ, անամսաթիվ, այնտեղ
քուն են մտնում ձայները, իսկ երազները՝ մայր

 

***
բազմաբառերից ոլորկծիկ գալու
դեմ տարածված եմ մնում
նրանց հետ, որ կամ կից են
կամ կոկորդում անզգայացած
խթանածաղիկներով,
ես որոշապես գրկել եմ նրանց,
ես որոշապես կարեկցանքն եմ
լաբորատոր սփրթնած մկներին,
որ չեն գիտակցում իրենց
գոյության պարզամտությունը,
որ ամբողջականությունը
նրա մասին անհատական
համոզմունքների կույտ է,
խզբզած առաձգական ու կանոնավոր
երակների պես լարերով
(ինձ միշտ հետաքրքրել է,
թե նրանք որտեղից ուր են ծավալվում),
որ բոլորը մեկում կապելիս կստացվի
ծայրահեղությունը, պնդելու պես,
թե պայթյունի փոխարեն սեր է եղել
ու ծնվել է տիեզերքը
ամեն ատոմի մեջ
այնքան փոխկապված լարերով, որ
նույնական են ծնունդն ու վախճանը,
որ չափազանցություններին չգոյել է
բնորոշված առանց մեկը մյուսի,
մեզ բաժանող
գույնաշերտերը ապականելով
ջրահոսում եմ ու շողազարդվում
ընդ քեզ,
այսպես քողարկվում եմ խոսքով,
ստորադասվում ու տողադարձվում
ընդ ինձ,
ես մեր միջև պարբերբերությունների
խաչուղիներով կապրտած
խոցերի անզգայացումն եմ

 

Amphibolia

ինձ պատահում է անդրադարձումդ
(չ)անցած իրողության պտուտահողմից
(երկատած տողերի միջև,
ուր ծածվկել եմ խոսքով, ու քնել բառատակում),
հեռախոսալարերով ճոճվող ենթագիտակցության վրայով,
ուր ես ինձ ետ եմ դառնում,
զգացմունքների բռնկումից վառում ծխախոտը,
որ քեզ՝ հեռագնացիս, մագլցող աստղ թվա
ու կիսվես նրա հետ (մեր) ամբողջ պատմությունը
քամիներից ծածկելու պես երկար կարոտով,
չէ որ իմ հուշերում չմնաց ազատ տարածություն
երազելու համար,
ես փնտրում եմ անքեզ տողանցքներ,
մեր բոլոր խաչմերուկներից ու կոնտեքստներից
տողահանվելու համար,
որ չարթնանա
ծոցագրպանումդ քնած երևակայությունս,
ու չկառուցեմ բառամթերքից այս ոստանը,
երբ ամպակույտով ծանրանաս երկնակամարին,
ու մտքերս անձրևեն պատուհանագոգիդ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *