Հունիսի 27-ի առավոտը արևոտ էր ու լուսավոր՝ ամռանը բնորոշ թարմ ջերմությամբ. ծաղիկներն առատորեն բուրում էին կանաչ խոտերի միջից: Ժամը տասին մոտ գյուղացիները սկսեցին հավաքվել փոստի ու բանկի արանքում գտնվող հրապարակում: Որոշ գյուղերում այնքան շատ մարդ կար, որ Վիճակախաղը տևում էր երկու օր, ու ստիպված սկսում էին հունիսի 26-ին: Բայց այս գյուղում, որտեղ հազիվ երեք հարյուր հոգի լիներ, Վիճակախաղը տևում էր երկու ժամ, և տեղացիները սկսում էին ժամը տասին: Ավարտից հետո գյուղացիներն անգամ հասցնում էին ճաշի ժամին տանը լինել:
Իհարկե, սկզբում հավաքվեցին երեխաները: Ամռանը նրանք դպրոց չէին գնում ու դժվարությամբ էին հարմարվում ազատ կյանքին: Պիտի մի քիչ ժամանակ անցներ, մինչև սկսեին աշխուժանալ. նրանք կանգնած էին հրապարակում, խոսում էին դպրոցից ու ուսուցիչներից, գրքերից ու դպրոցում արած չարություններից: Բոբի Մարթինն արդեն լցրել էր գրպանները քարերով, մյուսներն էլ շուտով սկսեցին հետևել նրա օրինակին՝ ընտրելով ամենահարթ ու կլորավուն քարերը: Բոբին ու Հարի Ջոնսը Դիքի Դելակրուայի հետ (գյուղացիները Դելաքրոյ էին ասում) ի վերջո մեծ քանակությամբ քարեր հավաքեցին ու կողք կողքի կանգնեցին՝ իրենց կառույցը մնացած տղաներից պաշտպանելու:
Շուտով տղամարդիկ էլ սկսեցին մոտենալ հրապարակին` ուշադիր հետևելով իրենց երեխաներին: Տղամարդիկ խոսում էին անձրևից ու բերքից, տրակտորներից ու հարկերից: Ցածրաձայն կատակներ անելով՝ նրանք խմբվեցին մի անկյունում՝ հսկվող քարերից հեռու: Կատակների վրա աշխատում էին միայն ժպտալ. ոչ ոք բարձր չէր ծիծաղում: Տղամարդկանց հետևից խունացած տնական հագուստներով հայտնվեցին կանայք: Բարևեցին իրար ու մինչ կհասնեին տղամարդկանց մոտ, հասցրին մի քանի բառ բամբասել: Քիչ անց կանչեցին երեխաներին. կանչեցին երկար՝ չորս – հինգ անգամ, մինչև փոքրերը փնթփնթալով մոտեցան: Բոբի Մարթինը մի կերպ ազատեց գլուխը մոր ձեռքերից ու քրքջալով հետ վազեց քարերի մոտ: Թիկունքից լսելով հոր կոպիտ արձագանքը՝ Բոբին որոշեց վերադառնալ ու կանգնել հոր և ավագ եղբոր միջև:
Վիճակախաղն անցկացնում էր պարոն Սամերսը` կլորավուն դեմքով, ուրախ – զվարթ գյուղացին, որն ուներ անհրաժեշտ եռանդն ու ժամանակը: Պարոն Սամերսը կազմակերպում էր նաև հրապարակի պարային մրցույթները, գրում էր Հելոուինի ծրագիրը, դեռահասների համար հանդիպում – քննարկումներ անցկացնում: Նա ածխի հանքի տնօրենն էր, և մարդիկ խղճում էին Սամերսին, որովհետև կռվարար կին ուներ, բայց երեխաներ չուներ: Ամբոխն աշխուժացավ, երբ պարոն Սամերսը հայտնվեց հրապարակում՝ ձեռքերին բերելով սև փայտե արկղն ու հեռվից բոլորին ողջունելով.
– Ուշացա մի քիչ, ժողովուրդ:
Հետևից գալիս էր պարոն Գրեյվզը՝ փոստապետը՝ քարշ տալով եռոտանի աթոռակը, որը բնակիչները դրեցին հրապարակի մեջտեղում: Սև արկղը բազմեցրին վրան: Գյուղացիները որոշակի հեռավորություն էին պահում արկղից: Պարոն Սամերսը սկսեց.
– Մեկդ եկեք, օգնեք, էլի:
Մի քանի վայրկյան տևած անորոշությունից հետո պարոն Մարթինը առաջնեկի՝ Բաքսթերի հետ մոտեցավ արկղին: Նրանք անշարժ պահում էին արկղը, մինչև պարոն Սամերսը կխառներ Վիճակախաղի թղթերը:
Վիճակախաղի անհրաժեշտ պարագաների առաջին խումբը շատ վաղուց էր կորել, իսկ արկղը աթոռակին դնելու որոշումը կայացրել էին նույնիսկ մինչև Ծերուկ Ուորների՝ գյուղի ամենածեր մարդու ծնվելը։ Պարոն Սամերսն անընդհատ հիշեցնում էր գյուղացիներին, որ ժամանակն է մտածել նոր արկղ ունենալու մասին, բայց ոչ ոք չէր ուզում խախտել նույնիսկ այսպիսի աննշան ավանդույթի կարգը։ Պատմում էին, որ այս արկղը պատրաստվել էր նախորդի փայտերից, որոնք մնացել էին գյուղի դեռևս առաջին բնակիչներից։ Ամեն տարի՝ Վիճակախաղից հետո, պարոն Սամերսը սկսում էր խոսել նոր արկղի անհրաժեշտությունից, բայց գյուղացիները հաջողությամբ շրջանցում էին թեման։ Իսկ արկղը գնալով մաշվում էր, դա սև անվանելն արդեն իսկ չափազանցություն էր․ մի տեղից ճաք էր տվել՝ ցուցադրելով արկղի իսկական գույնը, տեղ-տեղ էլ խունացել էր ու ներկվել անհասկանալի գույներով։
Պարոն Մարթինն ու իր տղան՝ Բաքսթերը, շարունակում էին անշարժ պահել արկղը, իսկ պարոն Սամերսն արդեն ավարտում էր թղթերը ձեռքով խառնելու գործը։ Քանի որ արարողակարգի շատ հատվածներ արդեն մոռացվել կամ հանվել էին, պարոն Սամերսն իր հերթին որոշեց փոփոխություն մտցնել․ հերձանի կտորների փոխարեն, որոնց վրա տարիներով գրում էին Վիճակախաղի մասնակիցների անունները, հիմա օգտագործում էին թղթի կտորներ։ Փայտե տարբերակը հարմար էր, երբ գյուղը փոքր էր, ասում էր պարոն Սամերսը, բայց հիմա, երբ գյուղում երեք հարյուրից ավել մարդ է ապրում ու գնալով շատանում, թուղթն ավելի հարմար է, որովհետև ավելի հեշտ է այդքան թուղթը տեղավորել արկղում։ Վիճակախաղի նախորդ գիշերը պարոն Սամերսն ու պարոն Գրեյվզը ծալել էին բոլոր տոմսերն ու նետել արկղը, ապա դա տարել ածխի հանք և փակել պարոն Սամերսի սեյֆում։ Հաջորդ առավոտյան պարոն Սամերսն անձամբ հանել էր արկղը ու բերել հրապարակ։ Ամբողջ տարին արկղը տարբեր մարդկանց մոտ էր․ մի տարի մնացել էր պարոն Գրեյվզի գոմում, մյուս տարի՝ փոստի առաջին հարկում, երբեմն էլ Մարթինի մթերային խանութի դարակներին։
Մինչ պարոն Սամերսը Վիճակախաղի բացումը կաներ, ամբոխն իրարանցման մեջ էր։ Նախ և առաջ պետք էր կազմել բնակիչների ցուցակը. սկզբում նշվում էր ամեն գերդաստանի գլուխը, հետո՝ ընտանիքի գլուխը, վերջում՝ ընտանիքի բոլոր անդամները։ Ըստ ավանդույթի՝ երդման արարողության համար փոստի պետն անձամբ էր ուղեկցում կազմակերպչին։ Կար ժամանակ, երբ Վիճակախաղի կազմակերպիչը արարողության ընթացքում հանպատրաստից ինչ-որ երգ էր մրմնջում՝ որպես արարողության պաշտոնական օրհներգ։ Շատերը հավատում էին, որ օրհներգն անպայման կանգնած էին երգում, մյուսներն ասում էին, որ կազմակերպիչը պետք է երգելով քայլեր հավաքվածների շուրջը։ Բայց տարեցտարի արարողության այս հատվածը նույնպես մոռացվեց։ Նույն ճակատագրին արժանացավ ողջույնի պաշտոնական արարողությունը, որով կազմակերպիչը պետք է արկղի մոտ հրավիրեր Վիճակախաղի յուրաքանչյուր մասնակցի․ այս արարողությունը նույնպես փոփոխվեց ժամանակի ընթացքում, և ի վերջո բոլորը մոռացան դա։ Այժմ կազմակերպիչը միայն երկու բառ էր խոսում մասնակիցների հետ, երբ նրանք արկղից հանում էին իրենց տոմսը։ Այդ գործում պարոն Սամերսն իսկական վարպետ էր․ հիմա էլ այս կատարյալ թեկնածուն, մաքուր սպիտակ վերնաշապիկով ու կապույտ ջինսով կանգնած, մի ձեռքն անփութորեն հենել էր արկղին և զրուցում էր պարոն Գրեյվզի ու Մարթինի հետ։
Հենց այն պահին, երբ պարոն Սամերսն ավարտեց զրույցը և միացավ գյուղացիներին, տիկին Հաչինսոնը, սվիտերն ուսին գցելով, շտապեց հրապարակ ու հետևից խցկվեց ամբոխի մեջ։
– Լրիվ մոռացել էի էսօրվա մասին, – շշնջաց կողքին կանգնած տիկին Դելակրուային, ու երկուսն էլ ծիծաղեցին: – Ես էլ գիտեմ՝ ամուսինս փայտ է հավաքում։ Հետո նայում եմ պատուհանից, տեսնեմ՝ երեխաներս չկան, հիշեցի, որ ամսի 27-ն է էսօր, ու վազելով եկա։
Նա գոգնոցով սրբեց ձեռքերը։
– Բայց լավ ժամանակին եկար, – ասաց տիկին Դելակրուան, – դեռ չեն էլ սկսել։
Տիկին Հաչինսոնը երկարացրեց վիզը և տեսավ ամուսնուն ու երեխաներին․ կանգնած էին առաջին շարքերում։ Ապա տիկին Դելակրուայի ձեռքը շոյելով՝ հաջողություն մաղթեց ու առաջացավ դեպի կենտրոն։ Բնակիչները կատակներով էին դիմավորում նրան ու ճանապարհ տալիս․ մի քանիսը բարձրաձայն կանչեցին տիկին Հաչինսոնին, այնպես, որ բոլորը լսեցին․
– Էս էլ դուք, տիկին Հաչինսոն։
– Աչքդ լույս, Բիլ, պառավդ եկավ։
Տիկին Հաչինսոնը վերջապես գտավ ամուսնուն։
– Մտածում էինք՝ առանց քեզ ենք սկսելու, Թեսի,- աշխուժացած բացականչեց պարոն Սամերսը։
– Բա հո ձեր պատճառով ամաններս կեղտոտ չէի՞ թողնի,- կատակով ասաց տիկին Հաչինսոնը։
Դիմացի շարքերում լսվեց ամբոխի ծիծաղը, իսկ վերջին շարքում կանգնածները կամաց-կամաց խտանում էին։
– Լավ, ժողովուրդ,- պարոն Սամերսը լրջացավ,- եկեք սկսենք, ժամանակ չկորցնենք, հազար գործ ունենք։ Բացակա կա՞։
– Դանբարը,- միաձայն ասացին մի քանիսը,- Դանբարը չի եկել։
Պարոն Սամերսը թերթեց ցուցակը․
– Հա, էլի, Քլայդ Դանբարը։ Ոտքն էր կոտրել, չէ՞։ Դանբարի տեղը ո՞վ պիտի քաշի։
– Դե, երևի ես,- լսվեց մի կանացի ձայն։
Պարոն Սամերսը պտտվեց․
– Այսինքն՝ կինն է քաշում ամուսնու փոխարեն, հա՞։ Դուք տղա չունե՞ք։
Չնայած բոլորը, այդ թվում՝ պարոն Սամերսը, գիտեին պատասխանը, կազմակերպչի պարտականությունների մեջ էր մտնում դա պաշտոնապես հարցնելը։ Պարոն Սամերսը քաղաքավարի հետաքրքասիրությամբ սպասում էր։
– Հորասի տասնվեցը դեռ չի լրացել, – ափսոսանքով ասաց տիկին Դանբարը,- աչքիս ես քաշեմ էս տարի։
– Լավ, լավ, – ավարտեց պարոն Սամերսն ու ցուցակում նշում արեց:- Բա Ուոթսոնի տղա՞ն։ Մեծացա՞վ էս տարի։
Բարձրահասակ պատանին ձեռք բարձրացրեց։
– Էստեղ եմ,- ասաց,- իմ տեղն էլ եմ քաշում, մորս տեղն էլ։
Պատանին անհանգիստ թարթում էր աչքերը, իսկ ամբոխը՝ ոգևորված քաջալերում նրան․
– Ապրի Ջեքը։
– Ապրես, հպարտանում եմ, որ ձեր ընտանիքում քեզ պես տղա կա։
– Դե լավ,- ասաց պարոն Սամերսը,- երևի էսքանը։ Բա ծերուկ Ուո՞րները։ Կարողացա՞վ գալ։
– Էստեղ եմ,- լսվեց պատասխանը, և պարոն Սամերսը գլխով արեց։
Անսպասելի լռություն տիրեց հրապարակում, երբ պարոն Սամերսը մաքրեց կոկորդն ու նորից անցավ ցուցակով:
– Պատրա՞ստ եք,- ասաց նա,- հիմա հերթով կարդում եմ բոլորի անունները, գերդաստանների մեծերը դուրս են գալիս ու քաշում տոմսը: Թուղթը չենք բացում ու թաքուն չենք նայում, մինչև բոլորը չքաշեն, լա՞վ:
Բնակիչներն այս արարողությանն այնքան էին մասնակցել, որ ականջի ծայրով էին լսում կանոնակարգը, մեծ մասը լուռ կանգնած լպստում էր չորացած շրթունքները՝ առանց մյուսներին նայելու: Պարոն Սամերսը բարձրացրեց ձեռքն ու կանչեց.
– Ա՛դամս:
Տղամարդկանցից մեկը ազատվեց ամբոխից ու առաջացավ դեպի կենտրոն:
– Բարև, Սթիվ,- ասաց պարոն Սամերսը:
– Բարև, բարև, Ջո,- պատասխանեց պարոն Ադամսը:
Նրանք լայն ու անհանգիստ ժպիտներ փոխանակեցին, որից հետո պարոն Ադամսն արկղից հանեց ծալած տոմսը: Ափի մեջ ամուր պահելով թուղթը՝ նա պտտվեց ու շտապեց իր շարքը՝ կանգնելով ընտանիքից որոշակի հեռավորության վրա և աշխատելով զսպել տոմսը բացելու ցանկությունը:
– Ա՛լեն,- կանչեց պարոն Սամերսը,- Ա՛նդերսոն… Բե՛նթեմ:
– Վիճակախաղերի արանքում անցած ժամանակն իսկի չի զգացվում,- ասաց տիկին Դելակրուան հետևի շարքերում կանգնած տիկին Գրեյվզին,- նախորդը ոնց որ մի շաբաթ առաջ եղած լինի:
– Հա, արագ է թռչում ժամանակը,- ասաց տիկին Գրեյվզը:
– Քլա՛րք… Դելակրուա՛,- հերթական անգամ կանչեց պարոն Սամերսը:
– Ըհը՛, ծերուկս էլ գնաց,- ասաց տիկին Դելակրուան, որ շունչը պահած հետևում էր ամուսնու քայլերին:
– Դա՛նբար,- գոռաց պարոն Սամերսը, և տիկին Դանբարը վստահ քայլերով մոտեցավ արկղին: Մյուսներն ուղեկցում էին նրան՝ հետևից կանչելով՝ գնա, գնա, Ջեյնի, կամ՝ ըհը՛, Ջեյնին էլ գնաց:
– Հաջորդը մենք ենք,- ասաց տիկին Գրեյվզը:
Նա ուշադիր նայում էր, թե ինչպես ամուսինը պտտվեց արկղի հակառակ կողմը, մռայլ հայացքով բարևեց պարոն Սամերսին ու քաշեց իր տոմսը:
Շատ տղամարդիկ անհամբեր ու ջղային շարժումներով ափերի մեջ պտտում էին իրենց տոմսերը: Տիկին Դանբարն իր բաժին տոմսը ձեռքին պահելով կանգնած էր որդիների արանքում:
– Հա՛րբերթ… Հա՛չինսոն:
– Մի՛ քնիր, գնա՛, Բի՛լ,- ասաց տիկին Հաչինսոնն ամուսնուն, և գյուղացիները ծիծաղեցին:
– Ջո՛նս:
– Ասում են՝ իբր հյուսիսի գյուղերից մեկում չեղարկել են Վիճակախաղը, – շշնջաց պարոն Ադամսը կողքին կանգնած Ծերուկ Ուորներին:
– Չէ հա՛,- փնթփնթաց ծերուկը,- հիմար են լրիվ: Ջահելներին որ լսում ես, ոչ մի բան իրենց սրտով չի: Իրենց որ լսես՝ ուզում են գնան, քարանձավում ապրեն, ոչ ոք չաշխատի, ու էդպես էլ անցնի կյանքը: Ասում էին, էլի. «Ինչքան Վիճակախաղ անցկացնես, էդքան եգիպտացորեն կհնձես»: Ու հա, Վիճակախաղը միշտ կա ու կլինի,- մի քիչ հուզված ավարտեց ծերուկը:- Առաջ Ջո Սամերսի նման չէին կազմակերպիչները, որ էնտեղ կանգնեին ու ապուշ հանաքներ անեին:
– Բայց որոշ տեղեր իրոք չեղարկել են Վիճակախաղը,- ասաց տիկին Ադամսը:
– Գլուխների գալիքը չգիտեն ուղղակի,- խրոխտ ձայնով ասաց ծերուկը,- հիմարները…
– Մա՛րթին,- հնչեց հերթական մասնակցի անունը, և Բոբի Մարթինը հետևում էր, թե ինչպես է հայրը առաջանում դեպի արկղը:
– Օ՛վերդայք… Փե՛րսի:
– Մի քիչ արագացնեն գոնե,- ասաց տիկին Դանբարն ավագ որդուն,- գոնե մի քիչ…
– Մամ, համարյա վերջացրին,- պատասխանեց տղան:
– Հենց վերջացնեն, վազիր, հորդ պատմիր,- պատվիրեց տիկին Դանբարը:
Պարոն Սամերսը սեփական անունն էլ կանչեց, մի քայլ առաջ եկավ ու հանեց իր բաժին թղթի կտորը: Հետո շարունակեց.
– Ուո՛րներ:
– Յոթանասունյոթերորդ անգամ եմ տոմս քաշում, է՛հ,- ասաց Ծերուկ Ուորներն ու առաջացավ,- յոթանասունյոթ…
– Ուո՛թսոն:- Բարձրահասակ տղան անհամարձակ քայլերով մոտեցավ արկղին:
Տղային էլ էին ճանապարհում.
– Հանգիստ, հանգիստ, Ջեք:
– Մի՛ վռազիր, տղաս,- ասաց պարոն Սամերսը:
– Ձանի՛նի …
Երկար դադար էր: Բոլորը շունչները պահած սպասում էին: Պարոն Սամերսը, իր բաժին տոմսն օդում պահելով, ասաց.
– Դե՛, սկսեցինք:
Մոտ մի րոպե ոչ ոք չէր շարժվում: Հետո գյուղացիները միաժամանակ բացեցին իրենց տոմսերը: Բոլոր կանայք միաբերան հարցնում էին.
– Ո՞վ է:
– Ո՞ւմ մոտ է:
– Դանբարնե՞րն են:
– Ուոթսոննե՞րն են:
Հետո այդ նույն ձայները գոռացին.
– Հաչինսոններն են: Բիլը: Բիլ Հաչինսոնի մոտ է:
– Վազիր, վազիր, պատմիր հորդ,- պատվիրեց տիկին Դանբարն ավագ որդուն:
Բնակիչները շրջվեցին՝ ուշադրության կենտրոնում պահելով Հաչինսոններին: Բիլ Հաչինսոնն անշարժ կանգնած էր. աչքի տակով իր տոմսին էր ուշադիր նայում: Հենց այդ պահին տիկին Հաչինսոնն անսպասելիորեն դիմեց պարոն Սամերսին.
– Շատ քիչ ժամանակ տվեցիր, որ Բիլն իր ուզած թուղթն ընտրի: Ես տեսա: Արդար չի…
– Դե լավ, Թեսի, վերջացրու,- ասաց տիկին Դելակրուան, իսկ պարոն Գրեյվզն ավելացրեց.- Բոլորիս շանսերն էլ հավասար են, Թեսի:
– Սուս մնա, էլի, այ կնիկ,- ասաց Բիլ Հաչինսոնը:
– Լավ, լավ, ժողովուրդ,- կանչեց պարոն Սամերսը,- առաջին փուլն արագ գլուխ բերեցինք, հիմա էլ ավելի արագ պիտի երկրորդը գլուխ բերենք, որ հասցնենք:
Պարոն Սամերսը բացեց իր երկրորդ ցուցակը.
– Բիլ, Հաչինսոնների գերդաստանում դու ես քաշողը: Ուրիշ ընտանիքներ կա՞ն ձեր գերդաստանում:
– Հա, կան, Դոնն ու Էվան,- ամուսնու փոխարեն գոչեց տիկին Հաչինսոնը,- դե թող իրենք էլ քաշեն:
– Աղջիկներն իրենց ամուսինների ընտանիքի հետ են քաշում, Թեսի,- փափուկ ձայնով ասաց պարոն Սամերսը,- դու բոլորից լավ գիտես:
– Արդար չի՛,- շարունակում էր գոռալ տիկին Հաչինսոնը:
– Չէ, ամեն ինչ ճիշտ է, Ջո,- տխուր ասաց Բիլ Հաչինսոնը,- աղջիկներս իրենց ամուսինների ընտանիքների հետ են քաշում, ոնց որ օրենքում է գրած: Ուրիշ ընտանիք չունենք, մեր փոքր զավակներից բացի:
– Այսինքն՝ համ գերդաստանի համար ես քաշել, համ ընտանիքի համար, չէ՞,- ճշտեց պարոն Սամերսը:
– Հա, Ջո,- համաձայնվեց Բիլ Հաչինսոնը:
– Քանի՞ երեխա ունեք, Բիլ,- արդեն պաշտոնական տոնով հարցրեց պարոն Սամերսը:
– Երեք,- հնչեց պատասխանը,- կրտսեր Բիլին է, Նենսին ու ամենափոքրս՝ Դեյվը: Դե, մեկ էլ Թեսին ու ես ենք:
– Հասկացա: Հարի, իրենց տոմսերը հավաքե՞լ ես:
Պարոն Գրեյվզը լուռ գլխով արեց ու ցույց տվեց թղթի կտորները:
– Դիր արկղն ուրեմն,- հրամայեց պարոն Սամերսը,- Բիլի տոմսն էլ վերցրու ու դիր մնացածի հետ:
– Իսկ ես կարծում եմ, որ ամեն ինչ նորից պիտի սկսենք,- ճիչը մի կերպ զսպելով ասաց տիկին Հաչինսոնը:- Ասում եմ ձեզ, ժողովուրդ, արդար չէր, էլի: Բիլին ժամանակ չտվեցին մինչև քաշելը մի քիչ մտածելու: Բոլորդ էլ տեսաք
Պարոն Գրեյվզն այդ ընթացքում առանձնացրեց հինգ տոմն ու նետեց արկղը՝ մնացած տոմսերն ուղղակի շպրտելով գետնին: Կարճատև լռության մեջ քամին ցաքուցրիվ էր անում գյուղացիների տոմսերը:
– Բոլորդ ի՛նձ լսեք,- տիկին Հաչինսոնը փորձում էր գրավել բոլորի ուշադրությունը:
– Պատրա՞ստ ես, Բիլ,- հարցրեց պարոն Սամերսը, և Բիլ Հաչինսոնը, մի պահ նայելով ընտանիքի բոլոր անդամներին, գլխով արեց:
– Միտքդ է,- շարունակեց պարոն Սամերսը,- վերցնում ես տոմսերն ու չես բացում, մինչև ձեր ընտանիքից բոլորը չքաշեն: Հարի, օգնի՛ր փոքրիկ Դեյվին:
Պարոն Գրեյվզը բռնեց փոքրիկի ձեռքը: Դեյվն ինքնուրույն էր քայլում արկղի մոտ:
– Տոմս քաշիր, Դեյվի,- ասաց պարոն Սամերսը:
Դեյվին ձեռքը մտցրեց արկղն ու սկսեց ծիծաղել:
– Վա՛յ, չէ, մի հատիկ տոմս,- ասաց պարոն Սամերսը:- Հարի, ձեռքը բռնիր:
Պարոն Գրեյվզը հետևեց պարոն Սամերսի հրահանգին ու փոքրիկի ամուր բռունցքից պոկեց թուղթը: Փոքրիկ Դեյվին մնաց պարոն Գրեյվզի մոտ կանգնած՝ հետաքրքրասիրությամբ ուսումնասիրելով նրա դեմքը:
– Նենսիի հերթն է,- ասաց պարոն Սամերսը:
Նենսին տասներկու տարեկան էր: Դասընկերները լարված հետևում էին աղջկա քայլերին: Նա ևս մոտեցավ ու հանեց տոմսը:
– Կրտսեր Բիլ,- կանչեց պարոն Սամերսը, և կարմիր թշերով ու մեծ թաթերով Բիլին քիչ էր մնում շուռ տար արկղը, երբ հանում էր իր բաժին տոմսը:
– Թեսի, դու ես,- ասաց պարոն Սամերսը:
Թեսին մի պահ տատանվեց՝ համարձակ հայացքով գյուղացիներին չափելով: Ապա շրթունքները կծելով մոտեցավ արկղին, պոկեց տոմսն ու պահեց թիկունքում:
– Բիլ, մնացիր դու,- ասաց պարոն Սամերսը:
Բիլ Հաչինսոնը մոտեցավ արկղին: Երկար կանգնած մնալուց հետո ձեռքը մտցրեց արկղն ու հանեց վերջին տոմսը:
Ամբոխը լուռ էր: Աղջիկներից մեկը շշնջաց.
– Հուսամ Նենսին չի:
Բոլորը լսեցին:
– Է՛հ, առաջ էսպես չէր, էլի,- ասաց Ծերուկ Ուորները,- մարդիկ շատ են փոխվել:
– Լավ, բացեք տոմսերը,- վերջապես ասաց պարոն Սամերսը:- Հարի, դու բացիր փոքրիկ Դեյվինը:
Պարոն Գրեյվզը բացեց փոքրիկի տոմսն ու ցույց տվեց բոլորին. մաքուր սպիտակ էր: Հանգստացած ամբոխը հոգոց հանեց: Նենսին ու կրտսեր Բիլը նույնպես բացեցին իրենց տոմսերն ու պահելով գլխավերևում՝ ցույց տվեցին բոլորին. նրանք ծիծաղում էին ու ցնծում:
– Թեսի, – ասաց պարոն Սամերսը:
Մի պահ շշուկները դադարեցին, և Բիլ Հաչինսոնը, իր վրա զգալով պարոն Սամերսի հայացքը, բացեց տոմսն ու ցույց տվեց: Դատարկ էր:
– Ուրեմն Թեսին է,- ասաց պարոն Սամերսը համարյա շշուկով:- Բիլ, ցույց տուր կնոջդ տոմսը:
Բիլ Հաչինսոնը մոտեցավ կնոջն ու ձեռքից պոկեց տոմսը: Թղթի վրա հաստ սև կետ կար, որը պարոն Սամերսը մատիտով նկարել էր Վիճակախաղի նախորդ գիշերը: Բիլ Հաչինսոնը բարձրացրեց տոմսը. ամբոխը խառնվեց իրար:
– Եղավ, ժողովուրդ,- ասաց պարոն Սամերսը,- եկեք ավարտենք:
Չնայած գյուղացիները արարողակարգի շատ մանրամասներ մոռացել էին ու կորցրել առաջին սև արկղը, բոլորը հիշում էին քարերի մասին: Երեխաների պատրաստած քարերի կույտն արդեն պատրաստ էր. քարերի արանքում դատարկ տոմսեր էին թափած: Տիկին Դելակրուան երկու ձեռքով շատ ծանր քար վերցրեց ու դիմեց տիկին Դանբարին.
– Դու էլ վերցրու, շուտ անենք, վերջացնենք:
Տիկին Դանբարի երկու ձեռքին էլ արդեն քարեր կային: Ծանր հևալով նա ասաց.
– Վազել դժվար կարենամ: Դու առաջ գնա, ես կհասնեմ:
Երեխաներն արդեն վերցրել էին քարերը: Ինչ-որ մեկը քարերից մի քանիսը փոխանցեց փոքրիկ Դեյվ Հաչինսոնին:
Թեսի Հաչինսոնն այժմ հրապարակի մեջտեղում էր: Ձեռքերն աղաչանքով պարզել էր առաջ, իսկ գյուղացիներն արդեն մոտենում էին:
– Արդար չի…
Քարերից մեկը դիպավ գլխին՝ ականջից մի քիչ վերև:
Ծերուկ Ուորները առաջ էր գալիս ու կրկնում.
– Բոլորս միասին, ժողովուրդ:
Սթիվ Ադամսն առաջին շարքում էր, պարոն Գրեյվզը՝ ևս:
– Արդար չի, ճիշտ չի:
Թեսի Հաչինսոնը ճչում էր, բայց օղակն աստիճանաբար սեղմվում էր…
Թարգմանությունը անգլերենից՝ Յուրի Սարգսյանի