Հոմա Ջասեմի | Վերելակ

Հոմա Ջասեմին ծնվել է 1963 թվականին Թեհրանում: Բարձրագույն կրթությունը հոգեբանության բնագավառում ստացել է Տեխասի համալսարանում: Մի շարք պատմվածքների, գիտական հոդվածների հեղինակ է: Հեղինակն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Շուտով Իրանում լույս կտեսնի նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ախթամար» խորագրով:
2015 թվականին այս պատմվածքը ստացել է Սադեղ Հեդայաթի անվան գրական մրցանակ՝ շուրջ 1608 պատմվածքների միջից հայտնվելով լավագույն տասնյակում:

Ֆարողն իր մոր հետ ապրում էր Մյունխենի մի հին շենքի նկուղում, որտեղ նաև ես էի վարձով բնակվում, և իրենից մեծ ծառայողական գլխարկը գլխին, շենքի վերելակը բանեցնողը դարձած՝ ամեն օր նստում էր դռան դիմացի աթոռակին: Վերելակ, որ մոտ վաթսուն տարի մարդկանց իրենց գաղտնիքների հետ վեր ու վար էր արել: Կիրակի օրերին, երբ անցուդարձը քիչ էր լինում, Ֆարողը վերելակի հայելին էր սրբում, փայլեցնում խունացած ոսկեգույն բռնակը: Շաբաթվա ընթացքում որոշակի գումարի դիմաց երբեմն հարևանների գնումներն էր տանում իրենց բնակարաններ: Մայրը, որ ասել էր՝ իրեն Օմ Ֆարող անվանենք, փոքր-մոքր, գիրուկ կին էր, գլխին՝ մշտապես դեղնականաչ գլխաշոր, մի օր միջանցքներն ու աստիճաններն էր սրբում, իսկ մնացած ժամանակը գնում էր հարևանների տները, նրանց համար մաքրություն անում: Գերմանացիների ասած՝ սևագործություն էր անում, չնչին գրոշներ ստանում: Օմ Ֆարողի ապօրինի աշխատանքի մասին տիկին Շվարցերից էի լսել: Շատախոս ու մեջընկան, ծեր կին էր, որն ավելի քան երեսուներկու տարի բնակվում էր շենքի ներքնահարկում:
Երեկոյան, երբ տուն էի վերադառնում, Ֆարողը նստած էր լինում վերելակի դիմացի իր աթոռակին՝ խաղալով ձեռքի մոխրագույն խմորի հետ, բարևս լսելուն պես զսպանակի նման տեղից վեր էր թռչում, կանաչ աչքերին մի ժպիտ էր հայտնվում, ինձ համար վերելակի դուռն էր բաց անում, սեղմում 5 համարի կոճակը, իսկ հետո գլուխն էր կախում՝ հնամյա վերելակի բարձրանալու ողջ ընթացքում հայացքը հառած կոշիկների վրայի ինչ-որ կետի: Երկրորդ անգամ դուռը բանալիս թեպետ դեմքը չէի տեսնում ու գիտեի՝ լեզուն չի հասկանում, իջնելուս պահին գերմաներեն ասում էի. «Քեզ լա՛վ նայիր»: Տան դուռը բացելիս երբեմն շրջվում էի, և ոսկեգույն մետաղացանցի հետևից նախ տեսնում էի դեմքը, հետո՝ գլխարկը. մինչև ամբողջովին անհետանում էր վերելակի պարանների ձայնի հետ:
Երրորդ շաբաթն էր, ինչ Ֆարողը դարձել էր մեր վերելակապանը, և ես էլ, որ գրախանութից էի գալիս, գրքերից մեկը պահեցի առջևումս, որպեսզի ասածս հասկանա, ձեռքով կտկտացրի գրքին ու ասացի.
– Դու ինչո՞ւ դպրոց չես գնում:
Գլուխը բարձրացրեց և նայելով ինձ՝ կանաչ աչքերը լցվեցին արցունքներով, գունատվեց, աջ ձեռքի մատիկները տրորելով ձախ ձեռնափում՝ դժվարությամբ ինչ-որ ձայներ արձակեց, հետո գլուխը կախեց, և ես տեսա նրա հորդ արցունքները՝ թափվող վերելակի փայտե հատակին: Մարմինս եռ եկավ: Չգիտեի ինչ անել: Ծնկեցի, ձեռքը բռնեցի ու դեմքին նայելով ասացի.
– Ամոթ բան չկա, մի՛ լացիր, բան չկա, ես չգիտեի… կներե՛ս:
Բայց Ֆարողը գլուխը չբարձրացրեց: Վերելակից դուրս եկա, իսկ նա, ինչպես միշտ, անհետացավ մետաղացանցի հետևում:
Այդ դեպքից մի քանի օր անց դեղատանը տեսա տիկին Շվարցերին և հակառակ մշտական սովորությանս, որ խույս էի տալիս նրա շաղակրատանքից, առաջացա, որպիսությունը հարցրի, որպեսզի կարողանամ հարցուփորձ անել Ֆարողից: Տիկին Շվարցերը հենվեց վիտամինների տարաներով լի պահարանին, պատմությունը պատմելու հուզումից ձայնը դող ընկավ, և սկսեց.
– Մի՞թե չգիտեիր՝ ինչ է եղել: Չէի՞ ասել քեզ… Էս երեխեն համրացել է, որովհետև աչքի առաջ հորն են սպանել: Օմ Ֆարողից մի քանի անգամ հարցրի, մինչև ի վերջո մի անգամ, երբ սոցիալական ապահովագրության աշխատակիցն էր եկել, թարգմանեց ինձ համար: Ասաց՝ գիշերով երկու հոգի մտնում են տուն և ամուսնուն, որ զինվորական էր եղել Հալեպում, գլխատում են: Հետո էլ իրեն են բռնաբարում: Պիտի տեսնեիր՝ էդ արաբ կինը ոնց էր լալիս: Ասում էր՝ Ֆարողը թաքնվել էր պահարանում ու էդ պահից էլ մի բառ չի խոսել…- տիկին Շվարցերի շուրթերը շարժվում էին, իսկ ես ինձ մի կերպ էի զսպում, որ լաց չլինեմ հենց խանութի մեջտեղում: Բայց Շվարցերն ուշիմ կին էր. բացեց պայուսակը, մի թաշկինակ հանելով՝ ասաց՝ արի, հետո շարունակեց,- կարճ ասած, փախչում են, և ինչպես հասկացա՝ երկար ժամանակ փախստականների ճամբարում են եղել, մինչև որոշ ժամանակ առաջ գաղթել են էստեղ: Իհարկե, ճիշտ չեմ հիշում՝ երբվանից. կարծեմ ասաց՝ մի տարի՞, գուցե ավելի շա՞տ: Գիտե՞ս, որ էդ երեխեն աշխատելու իրավունք չունի: Պիտի դպրոց գնա: Բայց մայրը համոզել է փախստականների հարցերով գրասենյակին: Նրանց ասել է՝ Ֆարողը լեզուն չի հասկանում ու եթե մորից հեռու լինի, կվախենա: Ինչ իմանամ: Շատ տարօրինակ է, որ համաձայնել են:- Եվ ուսերը վեր բարձրացրեց:- Մեխանիկն է նրանց ծանոթացրել շենքի կառավարչի հետ: Ինքն էլ արաբ է: Էս վերելակախաղն էլ կառավարիչը նրա համար է հնարել, որ երեխեն գոնե մի զբաղմունք ունենա, թե չէ էսքան տարի էստեղ եմ, վերելակապան չենք էլ ունեցել, էն էլ՝ մի մատ երեխա:- Մտքումս վերելակի հատակի արցունքներն ու անշնորհք պահվածքս էին, իսկ տիկին Շվարցերը դեռ խոսում էր,- … մի քանի օր առաջ, երբ ինձ համար փոշեկուլ էր անում, ասում էր՝ չի ուզում ամուսնանալ. վատիկն էլ չի, է՜: Ասում էր՝ չնայած կյանքում հավաքարարություն չի արել, էստեղ պատրաստ է ամեն բան անել, միայն տղան լավ լինի:- Հետո, ասես ցանկանալով ինչ-որ բան շշնջալ՝ ձեռքը մոտեցրեց բերանին և հազիվ լսվող ձայնով ասաց.- դե նրանք արաբ են, մարդ չգիտի՝ ճիշտ է ասում, թե չէ. ով գիտե գերմանացի ամուսին է ման գալիս:- «Արաբ» բառը արհամարհական ձևով էր արտասանում, և հասկանում էի՝ ինչպես շատ գերմանացիներ, այլազգիներին այդքան էլ չի հավանում, անգամ՝ ինձ: Իր թաշկինակով քիթս սրբելով ասացի.- Արաբ – ոչ արաբը կապ չունի: Շատ ջահել կին է, ու հոգ չէ, որ նորից ամուսնանա: Լավ է, որ հարևանները նրա համար մի եկամտի աղբյուր են գտել:- Այնուհետև բանկում գործեր ունենալուս պատրվակով չթողեցի՝ էլ խոսի, և մնաս բարով ասացի: Զարմացած էի, թե տիկին Շվարցերն առհասարակ ինչպես էր արաբերեն հասկացել Ֆարողի մոր ցավերը սեփական հույսերի, երազանքների ու չամուսնանալու մասին:
Համրանալու պատմությունը լսելուց հետո դեռ երկար ժամանակ Ֆարողին տեսնելիս թվում էր, թե մարմնումս ինչ-որ բան է կծկվում, իսկ ուրբաթ օրերին, երբ վերադառնում էի գնումներից, թեպետ մեկ-երկու տոպրակից ավելին չունեի, Ֆարողից օգնություն էի խնդրում, որ գոնե այդ պատրվակով նրան մի տուփ շոկոլադ ու մի քիչ փող տամ: Երեխային ձեռքով-ոտքով հասկացնում էի, որ տոպրակները կարող է դնել դռան հետևում ու գնալ, բայց իր ուժը ցույց տալու համար խեղճ մանչուկն այնքան էր սպասում, մինչև բացում էի դուռը, և տոպրակները դնում էր խոհանոցի սեղանին ու գնում: Ուզում էի գլուխը շոյել և չոր ու ցամաք շնորհակալությունից բացի՝ շատ ավելին ասել, բայց մշտապես այն ծիծաղելի գլխարկով էր լինում ու լեզուս էլ չէր հասկանում:
Ամառը դեռ չէր ավարտվել. մի երեկո փողոցում զբոսնելիս նկատեցի՝ նկուղի պատուհանից ռադիոյի խշխշոցին զուգահեռ արաբերեն տրտում մի երգի ձայն է գալիս: Հենվեցի պատին, մինչև մեղեդին ավարտվեց: Երբ գնացի տուն, երաժշտությունը դեռ մտքումս էր, և այդպես էլ չհասկացա՝ երբ քնով անցա: Առավոտյան, երբ արթնացա, հիշեցի, որ երազիս երկու կանաչ աչքեր թարթում էին ձեռնափերիս, իսկ ես փորձում էի դրանք դնել մի դեմքի փոքրիկ, սև ակնափոսերում, որ ասես Ֆարողինն էին: Այդ օրը՝ ճաշի ժամին, Ֆարողի, նրա մոր ու երազիս մասին պատմեցի գերմանացի գործընկերոջս: Երբ խոսքս վերջացրի, ձեռքը դրեց ձեռքիս՝ ասելով.
– Շատ տխուր բան է, սիրելի՛ս, բայց գիտե՞ս՝ ինչու ես նրան տեսել երազումդ: Քանի որ երեխա չունես. դա մայրական բնազդն է, որ գիշերով երազի տեսքով գալիս է քեզ այցի:
Դեկտեմբերին ողջ քաղաքը լուսավորվեց, իսկ տիկին Շվարցերը իր զարդարված արհեստական եղևնին, ինչպես այդ տանը դիմավորած բոլոր Սուրբ Ծնունդներին, դրեց շքամուտքի դռան ու վերելակի մեջտեղում, ես էլ կռահեցի, որ Ծննդյան տոնի նվերի պատրվակով կարող եմ Ֆարողին մի բան նվիրել: Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ գնացի խաղալիքների խանութ, Ֆարողի մասին պատմեցի խանութի տիրոջը և նրա առաջարկով մի տուփ լեգո գնեցի, որով կարելի էր մոտոցիկլետ ու փոքրիկ մարդուկներ պատրաստել: Ծննդյան առաջին օրը գնացի նեղ ու մութ, հնություն ու խոնավություն բուրող նկուղ, որպեսզի նվերը տամ Ֆարողին: Դուռը մայրը բացեց: Առաջին անգամն էր, որ նրան առանց իր դեղնականաչավուն գլխաշորի էի տեսնում: Ալիքավոր շագանակագույն վարսերը լուսավորել էին դեմքը, և ավելի երիտասարդ էր թվում: Նվերի տուփը տեսնելով՝ կոտրտված գերմաներենով ասաց, որ առաջանամ: Ֆարողը, նստած ճիշտ սենյակի դռան դիմաց՝ մի մահճակալին, նայում էր ինձ: Ձեռքով արեցի, որ գա դռան մոտ: Կանգնեց մոր կողքին. առանց այդ ծառայողական գլխարկի սովորականից ավելի երեխայական տեսք ուներ: Տուփը նրան պարզելով՝ ասացի՝ «Տոնդ շնորհավո՛ր»: Ֆարողը վերցրեց տուփը, գլուխը բարձրացրեց և մի լայն ժպիտով կանաչ աչքերը հառեց դեմքիս: Շոյելով նրա փափուկ ու սևորակ մազերը՝ ասացի.
– Հուսով եմ՝ կհավանես:
Ֆարողը ձեռքը ոգևորությամբ տարավ նվերի թղթի վրայի մուլտհերոսների վրայով, հետո նայեց մորը և ներսից ինչ-որ ձայն արձակեց: Օմ Ֆարողը արաբերեն մի բան ասաց. հաստատ պնդում էր՝ ներս անցնեմ: Շնորհակալություն հայտնեցի, բարի գիշեր հայտնեցի, և նա, ձեռքս առնելով իր ձեռքերի մեջ, ասաց. «շոքրան, հաբիբի, շոքրան» : Վերելակի դուռը բացելիս միաժամանակ ուրախ էի և տխուր: Սեղմեցի 5 համարի կոճակը, իսկ վեր բարձրանալիս աստիճանաբար մարում էր Ֆարողի այ-վայ ձայնը՝ կանաչ աչքերը մնալով նկուղի սենյակի մի անկյունում: Մի քանի օր անց գերմանացիները հրավառություն արեցին, նոր տարին եկավ, և ձյունը ճերմակ ներկեց Մյունխենը:
Նոր տարուց հետո մի օր վերադառնում էի աշխատանքից, իսկ Ֆարողը վերելակի մոտ չէր: Երբ հասա չորրորդ հարկ, մետաղացանցի հետևից տեսա՝ գնումների տոպրակը ձեռքին կանգնած է պարոն Վեբերի տան դռան առաջ. նա վերջերս էր տեղափոխվել այդ տուն: Պարոն Վեբերը հիսունն անց ամուրի տղամարդ էր, իսկ նրա մոխրագույն, պապանձված աչքերը ինձ սատկած ձկներ էին հիշեցնում: Դռան հետևում կանգնած Ֆարողի փոքրիկ կերպարը տեսնելով՝ սիրտս ցավեց, և բարձրաձայն ասացի.«Բարև՜, Ֆարող», ու մինչ խցիկը վեր էր ելնում, պտտվեց՝ միջանցքի դեղին լույսի տակից կիսադեմով ինձ ժպտալով:
Երկու շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ էլ պատահեց, որ Ֆարողին չտեսա: Երեքշաբթի էր՝ հունվարի 27-ը, երբ սաստիկ ջերմության պատճառով գրասենյակից մի փոքր շուտ դուրս եկա, և Ֆարողը դարձյալ վերելակի մոտ չէր: Կոճակը մի քանի անգամ սեղմեցի, իսկ չորրորդ հարկից դանդաղորեն իջնող հին խցիկի պարանների ձայնն ինձ շնչահեղձ էր արել: Նախ Ֆարողի կոշիկներն ու ճմռթված, սև տաբատը երևաց, հետո՝ ինքը՝ առանց գլխարկի և տաբատի տակից կիսով չափ դուրս թռած վերնաշապիկով: Երբ վերելակը կանգ առավ, Ֆարողը չէր իջնում՝ մահին հենց նոր հանդիպած աչքերը ոսկե մետաղացանցի հետևից պլշած վրաս: Բարձրաձայն հարցրի.
– Ֆարո՛ղ, լա՞վ ես:
Տղուկը, քնից վեր թռածի նման վայրկենական ներսից բարձր ձայներ արձակելով, սկսեց լաց լինել, դուռը ոտքով ուժեղ հրեց իմ կողմը և հանց կայծակ դուրս թռավ շենքից: Չէի կարողանում հասկանալ՝ ինչ է պատահել: Գնացի շքամուտքի դռան կողմը, դռան անցքից նայեցի փողոցին ու ձայն տվեցի նրան: Ֆարողի հետքն էլ չկար: Հետ դարձա, նստեցի վերելակը: Չորրորդ հարկով անցնելիս պարոն Վեբերի դուռը կիսաբաց էր, իսկ Ֆարողի գլխարկը՝ ընկած դռան ճեղքից մինչև վերելակը հասնող լույսի շողքի տակ: Դեռ չէի մտել տուն, երբ ներքևից լսվեց դռան փակվելու ձայնը: Վերադարձա՝ մինչև գոտկատեղս կախվելով բազրիքից: Գլխարկը չկար, Վեբերի տան դուռը փակ էր, իսկ միջանցքը՝ ընկղմված խավարում:
Մի քանի օր անց Ֆարողն ու մայրը առանց հրաժեշտի հեռացան մեր շենքից, իսկ Ֆարողը տանս դռան հետևում լեգոյով սարքած մի մարդուկ էր դրել, որն իր նման ձայն չուներ:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *