Արմեն Շեկոյան | Շարունակվող սերիալ

(Ծաղկաքաղ «Անտիպոեզիա» ժողովածուից)

 

ՏԱՂ ԱՆՑՈՂԻԿ

Ափսոս կյանք է ՝ զիլ ու ղայիմ,
բայց մի քամի կքշի ինձ,
կերթամ. մի՞թե լավ տղա եմ
Սվո Ռաֆից կամ Շուկշինից։

Դուք էլ կանցնեք. կսուրանք ցած՝
խփվելով մի անսիրտ քամուց.
և մենք կերթանք՝ չկշտացած
բարեկամից ու թշնամուց։

 

ՄԱՆՐԱԹԵՄԱ

Հոռի, մինչեւ անգամ ոռի,
հոռացված ու մոռացված
կյանք է. կյանք չէ մարդու. բոռի
կյանք է. դարձյալ հոռացած
վրնջում է Պեգասը՝ ձիս
նյութի, փողի պակասից
եւ տալիս է տիրոջը՝ զիս
մի աննման աքացի։

 

ԱՆԲԱԽՏ ՏՂԱ

Երազիս մեջ վարդեր տեսա
ու ծաղկանց հեղեղ…
Թափոր տեսա, ու առջեւից
վստահ,փառահեղ

մի շեկ պարոն էն աշխարհ էր
հեռանում ընդմիշտ…
Ահա այդժամ ես հասկացա,
չէ՛, ավելի ճիշտ՝

զգացի՛, որ ի՛մ թաղումն է
ընթանում էդպես,
զի…դագաղս ինձ սեղմում էր՝
նոր կոշիկի պես։

 

ՍԻՐՈ ՀԱՆԳԵՐ

Ես ծեծեցի անթիվ դռներ,
բայց չգտա պատկերը քո։
Հիմա էլ եմ ճամփեդ բռնել,
որ դու մարես պարտքերը քո։

Փշրվում է հոգուս պատին
իմ հոգոցը՝ սե՜ր, օ ազի՜զ…
Իմ հոգեւոր անապատի
մշտադալար քոլ-օազի՜ս։

 

ԴՈՒՔ ՔՆԱԾ ԵՔ

Նահատակներ ցավ ու սովի,
ցրտի, էշի նահատակներ,
դուք խրվել եք վշտի ծովի
պաղ ընդերքը. սա հատակն է։

Քաղաքային տրանսպորտի
պասաժիրնե՛ր ուշիմ ու ժիր,
դուք քնած եք, բայց կզարթնեք
ցնցումից մի վերին ուժի։

 

ՆԵՐՈՂ ԵՂԵՔ

Ես պոետ եմ եղել մոլի
եւ բառեր եմ իզուր վատնել
մի երկըրում, որ ֆուտբոլի
մեկնաբաններն անգամ վատն էին։

Փուչ տողեր եմ անվերջ գրել,
փուչ տողեր եմ էլի գրում…
Իմ փայ Խաչը ես չեմ կրել
ունայնության այս երկըրում։

Չռչռացել ու հոսել եմ
հորինովի իմ անհունից…
Ներող եղեք, որ խոսել եմ
ձեր կյանքից ու ձեր անունից։

 

ԷՍՊԵՍ

Ամենօրյա հոսքի մեջ
ծնվում ենք ու մահանում,
սակայն գլուխ չենք հանում
էս ընթացքից անընդմեջ։

Պահանջները մարմնավոր
վերածեցինք զուտ կյանքի։
Էս դռնբաց զրկանքի
ժամկետներն են հիմնավոր,

որ խրվել են հաստատուն
տարածության մեջն, անդին,
ուր մահվան սուր գերանդին
ժամկետներն է հաստատում։

 

ՄԵՆՔ

Ժողովրդի մտավոր
զավակներն ենք ոչ բարով.
երազներով մոտավոր
ու լպրծուն քանքարով

համոզում ենք, որ գիտենք՝
ինչ ասել է սուտ ու ղորթ…
Մենք լավ գիտենք՝ ինչ ցիտենք…
Ու վերստին խորդուբորդ

Ճամփաներով տանում ենք
ժողովրդին այս տուժած…
Մենք հոգի ենք ծախում.մենք
թշնամի ենք ներխուժած։

 

ԼՌՈՒԹՅԱՄԲ

Էլ չեմ ճչում, չեմ խոսում
արդարության անունից.
բառերի հոծ քաոսում
ասպարեզ չեմ հանում ինձ։

Էլ չեմ բխում ու հոսում
հավերժից ու անհունից։
Էլ բառերը չեմ դարսում
իմ ուզածով-հանուն ինձ։

Էս ճահճից ու քաոսից
ինձ չհանեց ոչ մի յամբ։
Էլ անտեղի չեմ խոսի.
կայրվեմ այսպես՝ լռությամբ։

 

ԳՈՆԵ ՀԻՄԱ

Ինքնըստինքյան ու անիմաստ
անցան օրերն անարձագանք։
Շատը գնաց։ Գոնե հիմա
մնացորդաց համար հոգանք։

Գեթ մի անգամ մեր անոթի
հոգիների հետ վեր հառնենք։
Գեթ մի անգամ էս շանորդի
արագության դեմը առնենք։

Խաղաղ հոգով ապրենք էս կյանքն
ու այլեւըս չհոռանանք։
Գոնե հիմա, երբ մենք չկանք,
գեթ մի անգամ մեզ մոռանանք։

 

ՑԱՎ

Իմ խոսքերն ու իմ հորդորներն
արդ հնչում են փուչ ու կիսատ։
Կհեռանամ ես՝ չտեսած
Վենետիկն ու յուր գոնդոլներ։

Ցավն է սուր ու չտեսնված
ու էական ու աշխարհիկ։
Կհեռանամ ես՝ չտեսած
ծակուծուկերն այս աշխարհի։

 

ՍՈՎՈՐՈՒՅԹԻ ՈՒԺ

Ժամանակներն են փոխվել,
եւ անկախություն է,
սակայն, առաջվա պես
ձնծաղիկներն ու մանուշակները
վաղ գարնանն են ծաղկում։

Ժամանակներն են փոխվել,
եւ անկախություն է,
սակայն, առաջվա պես մենք
մարտի ութին
ձնծաղիկներ ու մանուշակներ նվիրեցինք
մեր սիրածներին ու չսիրածներին։

Ժամանակներն են փոխվել,
եւ անկախություն է,
սակայն, առաջվա պես
ամենաէժան բոզերն էլի կանգնում են
իրենց հին տեղում՝ Առեւտրի տան դիմաց.
նրանք ոչ մեկի գնին չեն խփում,
քանզի ուրույն են։

Ժամանակներն են փոխվել,
եւ անկախություն է,
սակայն,առաջվա պես
մեր կորուստներն ենք հիշում եւ ոչ թե
նվաճումները։

 

ՊԱՀԱԾՈ ԲՐԱԾՈ

Մենք խրվել ենք ես կյանքի մեջ,
Էս պաղի ու էս տաքի մեջ,
բիբլիական էս ծակի մեջ,
պապենական էս քաքի մեջ…

Ոտից գլուխ հնամենու
գարշահոտ է՝ ճանճը վրան…
Էլ ինձ լսել չե՞ք կամենում,
քննադատներ մեր նաիրյան։

 

ԱՅՍՔԱՆ ԲԱՆ

Ես չեմ եղել կառապան,
ես չեմ եղել բարապան,
ես չեմ եղել հավաստի,
ո՛չ քիլլեր, ո՛չ նավաստի
ես չեմ եղել կոմունիստ
ես չեմ եղել հումանիստ
ես չեմ կերել սացիվի
ես չեմ եղել պացիֆիստ,
ոչ մի թիմում չեմ եղել,
ոչ մի ողջույն չեմ հղել,
ոչ արխադաշ Ալիին,
ոչ էլ Բուտրոս Ղալիին։

Ես չեմ եղել դեպուտատ
եւ չեմ խփվել պատեպատ
եւ չեմ եղել Մալթայում
եւ չեմ եղել Յալթայում
եւ չեմ եղել Դղերում
եւ էլի բյուր տեղերում,
ուր չեմ կերել գորտի միս,
չեմ խմել մի կում կումիս,
չեմ ունեցել շեղաչ յար,
ոչ էլ՝ ջհուդ ու մադյար…

Գուցե ճամփես շեղե՞լ եմ
Էլ ո՞նց ասեմ՝ եղել եմ,
երբ այդքան չեմ կերել,
երբ այդքանին չեմ գերել,
չեմ ցնծացել հաղթական
եւ չեմ դառել գաղթական
եւ չեմ եղել գյուղացի,
չեմ դառել քաղաքցի
եւ չեմ եղել ծառ ջրող
եւ չեմ եղել լուրջ գրող,
ղումարի մեջ էսքան վախտ
ես չեմ եղել դեռ կրող։

Միգուց լավ չե՞մ սնվել…
Միգուցե դեռ չե՞մ ծնվել
ու չե՞մ եկել երեւան…
չեմ եղել լավ հարևան…
կամեցողիս հետ անգամ
չեմ եղել լավ բարեկամ։

Հա՛, չեմ պահել դեռ բեղեր…
Էլի շատ բան չեմ եղել….
Ես ո՞ր մեկը թվարկեմ
եւ ո՞նց ինքըս ինձ հարգեմ,
երբ այսքան բան չեմ եղել
ու այսքան բան չեմ պեղել։

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Չջինջացա ու չդինջացա։
Ո՞նց պատասխանեմ ձեր հարցերին։
Իմ բարձունքներից ես իջա ցած
եւ ինձ տվեցի էս ցածերին։

Ես կհասցընե՞մ ծերը ծերին։
Ինձ կթաղե՞ք էս պարարտ հողում։
Ո՞նց պատասխանեմ ձեր հարցերին,
երբ իմ հարցերն եմ դեռ ձեղ ուղղում։

 

ՄԱՐԴ ԵՄ ՔԵԶ ՊԵՍ

Ի՛մ բարեկամ, մարդ եմ քեզ պես՝
մեծահոգի ու փոքրոգի,
գույնզգույն ու անգույն՝ պես-պես,
մերթ՝ գթասիրտ, մերթ՝ անհոգի։

մարդ եմ քեզ պես, ի՛մ բարեկամ։
երբեմն՝ լավ, երբեմն՝ վատ,
մերթ՝ հաստակող, մերթ՝ թուլակամ,
հավատացյալ ու անհավատ։

Մարդ եմ քեզ պես, ի՛մ բարեկամ,
չգիտեմ՝ վերջն ինչ կլինի։
Ես իմ մասին ինչ էլ ասեմ՝
իմացիր, որ քիչ կլինի։

 

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես խաբս տվի սրան-նրան՝
մինչ ինքըս ինձ կմատնեի…
Պոետ դարձա, քանզի այլոց
երգերն իմոնցից վատն էին։

Էս աշխարհում դիք ու դուրան
ես քարշ եկա ինչպես տուրիստ։
Իմ տարերքն էր ավանտյուրան,
եւ կոչումըս՝ ավանտյուրիստ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *