Սինամոն | Իմ հեռու 11

իրականությունն է այն որ դուռը բացելու եմ
ուշ թե շուտ
որ մտնի – ձեռքը դրել է բռնակին
ու հրում է մեղմ
խանգարում է քունս ու ասեղով ծակում
բջիջներս նյարդային
բացելու եմ որ չերգի մտքումս
իր սղոցե ձայնով մինչև աստղերը կշարժվեն
պատուհանիս մի ծայրից մյուսը
ես զարկվում եմ իմ փակ տան
բոլոր այն պատերին որոնց չեմ ալարում
զարկվել, փլվել
լողանում եմ եռացող ջրով, որովհետև
տաքանում է ներսս
ու դուրսը համապատասխան լինի թող
իսկ օգնող չկա.
ես եմ ինձ օգնողը
դերանունը “նա” հեռու է շատ
գուցե ավելի քան 11 կանգառը
հեռու որքան երկիրը իր
մարմինը իր, ձայնը իր
հոգին
բայց մոտ է որքան 11 աշխարհները զուգահեռ ու հատվող
պատրանքային ու վախեցնող
ու ես գիտեմ – գանգուրներում կորելու են
բզեզներ, կարոտած գրկեր
հացի փշուրներ միգուցե
համբուրած շուրթեր, չհամբուրած շուրթեր
ամոթխած այտեր
ծխախոտ, որ առաջանում է միշտ երբ կա
հանդիպում կամ
հանդիպման գաղափար միայն
ու կորցնելը միանգամից գտնելուց հետո
հետաքրքիր է շատ
դատարկ է շատ
ու կորցնելը ընկեր, ընտանիք
ծնող` նորից
այս բոլոր օղակներում ես ու նա ապրում ենք
ծերանում, որովհետև ժամանակը
կա՛մ շատ է, կա՛մ չկա
ընդհանրապես
ու օր-օրի կորչող ձայներում
ես մոռանում եմ ինչպես խոսել
ինչպես պտտել բանալին դռան կողպեքի
ինչպես բացել դռներ
ու հիշում եմ ինչպես մեխել դռները,
պատուհանները
գորգերով փակել ծակերը լույսի
ու մթնել դանդաղ
չափազանց հասած մրգի պես
մթնել քանի որ լույս եմ ուղարկում
երբ հիշում եմ նրան
ուղարկում եմ, որ մոռանամ
բայց մեխերը հանում է մյուս կողմից
ցավելցնելով ու իրեն հակառակ…
պատմում էր ինչպես է կոտրվում
բիբարի ամանը` մի կողմից փշրվելով
ու մտածում եմ երևի լավ եմ պաշտպանվել
եթե մենակ մի կողմս է փշրվել
ու կիսով չափ փշրված
կիսով չափ պահպանված
ես ապրում եմ չընտրելով մեկը
որովհետև ընտրելը նրանից հետո
ու ոչ նրան – անհեթեթ է
անհեթեթ է շատ
շատ անհեթեթ…

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • M says:

    Որակյալ պոեզիայի կողքին վերջերս այսպիսիներն էլ են հայտնվում, ինչո՞ւ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *