Աբդուլրազակ Գուրնա | Նոբելյան բանախոսություն


Ստեղծագործական աշխատանքը միշտ էլ հաճույք է եղել։ Նույնիսկ պատանի ժամանակ դպրոցում անհամբեր սպասում էի դասին, որն առանձնացված էր պատմություն գրելու համար կամ նրա համար, ինչը, ըստ մեր ուսուցիչների, ավելի շատ կարող էր հետաքրքրել մեզ, քան ցանկացած ուրիշ առարկա դասացուցակում։ Խոնարհվելով իրենց սեղանների վրա՝ բոլորը լռում էին՝ հիշողությունից և երևակայությունից հաղորդման արժանի ինչ-որ բան կորզելու համար։ Այդ պատանեկան ջանքերում ցանկություն չկար ոչ մի կոնկրետ բան ասելու, անմոռանալի փորձը վերհիշելու, անսասան կարծիք հայտնելու կամ դժգոհություն արտահայտելու։ Եվ այդ ջանքերը ոչ մի ուրիշ ընթերցողի կարիք չունեին, բացի ուսուցչից, որը հանձնարարում էր դրանք՝ որպես մեր տրամաբանական հմտությունները զարգացնող վարժություններ։ Գրում էի, որովհետև ինձ հանձնարարել էին գրել, և որովհետև մեծ հաճույք էի ստանում այդ վարժությունից։
Տարիներ անց, երբ ինքս դպրոցի ուսուցիչ էի, հակառակ կարգով էի վերապրել այդ փորձը, երբ նստած էի լուռ դասարանում, քանի դեռ աշակերտները խոնարհված էին իրենց աշխատանքների վրա։ Դա հիշեցրել էր ինձ Դ․ Հ․ Լոուրենսի բանաստեղծությունը, որից այժմ կմեջբերեմ մի քանի տող, որոնք «Լավագույնը դպրոցում» բանաստեղծությունից են․

Երբ նստում եմ միայնակ դասարանի առափին,
Ու նայում տղաներին` բլուզներով ամառային`
Ինչպես են գրում` իրենց կլոր գլուխները ջանասիրաբար խոնարհած․
Եվ մեկը մյուսի հետևից բարձրացնում է
Իր դեմքը՝ ինձ նայելու,
Շատ հանգիստ մտորելու,
Ասես նայելով չի տեսնում:

Այնուհետև նորից է շրջվում ՝ մի քիչ, խնդուն,
Հրճված իր աշխատանքով՝ նորից է շրջվում ինձնից`
Գտնելով այն, ինչ ուզել էր, ստանալով այն, ինչ պետք է ունենար ։[1]

Գրել սովորելու դասը, որի մասին խոսում եմ, և որի մասին հիշեցնում է այս բանաստեղծությունը, գրողի աշխատանք չէր, ինչպես կարող էր ավելի ուշ թվալ։ Այն գիտակցված, նպատակաուղղված, վերամշակված և անվերջ վերակառուցված չէր։ Այդ պատանեկան ջանքերում, այսպես ասած, ուղիղ և որոշակի անմեղությամբ էի գրում՝ առանց խիստ տատանման կամ շտկման։ Նույնպիսի անկաշկանդությամբ էլ կարդում էի՝ նույնպես առանց որևէ ուղղվածության, և այն ժամանակ չգիտեի, թե որքան սերտորեն են փոխկապակցված այս երկու զբաղմունքները։ Երբեմն, երբ դպրոց գնալու համար շուտ արթնանալու կարիք չկար, գիշերն այնքան երկար էի կարդում, որ հայրս՝ անքնությամբ տառապող, ստիպված գալիս էր իմ սենյակ և կարգադրում անջատել լույսը։ Չէիր կարող ասել, նույնիսկ եթե համարձակվեիր, որ եթե նա դեռ արթուն էր, ինչու դու չէիր կարող արթուն լինել, որովհետև նման կերպ չէիր խոսի հորդ հետ։ Ամեն դեպքում նա մթության մեջ էր անքնությամբ տառապում՝ լույսն անջատված, որպեսզի չանհանգստացներ մորս, այնպես որ լույսն անջատելու կարգադրությունը միևնույնն է ուժի մեջ էր մնալու։
Գրելն ու կարդալը, որ եկան ավելի ուշ, երիտասարդության անկանոն փորձի համեմատ կարգավորված էին, բայց երբեք չէին դադարում հաճույք լինելուց, և հազիվ թե երբևէ պայքար լինեին։ Սակայն աստիճանաբար ուրիշ տեսակի հաճույք դարձան։ Լրիվ չէի գիտակցում դա, մինչև չտեղափոխվեցի Անգլիա։ Հենց այնտեղ՝ իմ հայրենաբաղձության և օտարի կյանքի տառապանքի մեջ, այնքան բաների մասին սկսեցի խորհել, որոնց մասին նախկինում չէի էլ մտածել։ Հենց այդ շրջանից՝ չքավորության և օտարման այդ տևական շրջանից հետո սկսեցի ուրիշ ձև գրել։ Ավելի հասկանալի դարձավ, թե ինչ պետք է ասեի․ անելիքներ, արտահայտելու և քննարկելու ափսոսանքներ ու վիրավորանքներ կային։
Առաջին հերթին մտորում էի այն մասին, թե տնիցս անշրջահայաց փախչելիս ինչ էի թողել հետևում։ 1960-ականների կեսին ծայրահեղ քաոս վրա հասավ մեր կյանքերին, որոնց ճիշտն ու սխալը մթագնել էին այն վարագություններով, որոնք ուղեկցում էին 1964 թվականի հեղափոխության բերած փոփոխություններին․ կալանքներ, մահապատիժներ, արտաքսումներ և անվերջանալի մանր ու խոշոր ստորացումներ ու հալածանքներ։ Այդ իրադարձությունների եռուն շրջանում և դեռահասի խելքով անհնար էր հստակ դատել տեղի ունեցողի պատմական և գալիք հետևանքների մասին։
Անգլիայում ապրելու առաջին տարիներին էր, որ կարողացա նմանատիպ խնդիրների մասին խորհել, կանգ առնել այն հրեշության վրա, որ ունակ էինք պատճառելու միմյանց, վերադառնալ այն ստերին և մոլորություններին, որոնցով մխիթարում էինք մեզ։ Մեր պատմությունները կիսատ էին, շատ դաժանությունների մասին լուռ։ Մեր քաղաքականությունը ռասիստականացված էր, և իսկույն հանգեցրեց հետապնդումներին, որոնք հաջորդեցին հեղափոխությանը, երբ հայրերին սպանում էին իրենց երեխաների առաջ, իսկ դուստրերին բռնության էին ենթարկում մայրերի առաջ։ Անգլիայում ապրելով՝ այդ բոլոր իրադարձություններից հեռու, բայց մտքումս խորապես անհանգստացած դրանցով՝ հավանաբար պակաս ունակ էի դիմադրելու այդ հիշողությունների ուժին, քան եթե լինեի մարդկանց մեջ, որոնք դեռ ապրում էին դրանց հետևանքները։ Բայց ինձ նաև ուրիշ հիշողություններ էին անհանգստացնում, որոնք կապված չէին այդ իրադարձությունների հետ․ դաժանություններ, որոնց ծնողները ենթարկում էին իրենց երեխաներին, այն, թե ինչպես հասարակական և սեռական դոգմաների պատճառով մարդկանց թույլ չէին տալիս լիովին ինքնարտահայտվել, անհավասարություններ, որոնք հանդուրժում էին չքավորությունն ու կախյալ վիճակը։ Այս հարցերը կան մարդկային բոլոր կյանքերում և բացառիկ չեն մեզ համար, բայց ոչ միշտ են ձեր մտքում, մինչև որ հանգամանքները չստիպեն գիտակցել դրանք։ Ենթադրում եմ, որ դա այն մարդկանց դժվարություններից մեկն էր, որոնք փախել էին ցնցումից և հայտնվել ապահովության մեջ՝ հեռու նրանցից, որոնք հետևում էին մնացել։ Վերջիվերջո սկսեցի այդ մտորումներից որոշների մասին գրել՝ ոչ կարգավորված կամ համակարգված ձևով, դեռ ոչ, ուղղակի մտքումս եղած որոշ շփոթությունների և անորոշությունների պարզաբանումը թեթևացնելու համար։
Սակայն ժամանակի հետ պարզ դարձավ, որ ինչ-որ ծայրահեղ տագնապալի բան էր կատարվում։ Նոր, ավելի հասարակ պատմություն էր կերտվում, որը վերափոխում և նույնիսկ ջնջում էր այն, ինչ կատարվել էր՝ վերակառուցվելով պահի ճշմատություններին համապատասխան։ Նոր և ավելի հասարակ պատմությունը ոչ միայն հաղթողների անխուսափելի աշխատանքն էր, որոնք միշտ ազատ են իրենց ընտրությամբ կառուցելու պատմությունը, այլև բավարարում էր մեկնաբանների, գիտնականների և նույնիսկ գրողների պահանջներին, որոնց համար իրական հետաքրքրություն չէինք ներկայացնում, կամ մեզ դիտարկում էին այն շրջանակում, որը համապատասխանում էր նրանց աշխարհայացքներին, և որը ռասայական էմանսիպացիայի և առաջընթացի ծանոթ մեկնություն էր պահանջում։
Այդ ժամանակ անհրաժեշություն առաջացավ հրաժարվելու այնպիսի պատմությունից, որն անտեսում էր նյութական օբյեկտները, որոնք վկայում էին ավելի վաղ ժամանակների մասին, շինությունների, ձեռքբերումների և քնքշության մասին, որոնք հնարավոր էին դարձրել կյանքը։ Շատ տարիներ անց քայլում էի այն քաղաքի փողոցներով, որտեղ մեծացել էի, և տեսնում էի առարկաների, վայրերի և մարդկանց դեգրադացիան, ովքեր շարունակում էին ապրել՝ անատամ և ալեհեր՝ վախենալով կորցնել անցյալի մասին հիշողությունը։ Անհրաժեշտ դարձավ ջանքեր գործադրել՝ պահպանելու այդ հիշողությունը, գրելու այնտեղ եղածի մասին, վերականգնելու դրվագներ և պատմություններ, որոնց միջով մարդիկ անցել էին և որոնց միջոցով հասկանում էին իրենք իրենց։ Անհրաժեշտ էր գրել այն հետապնդումների և դաժանությունների մասին, որոնք մեր ինքնագոհ ղեկավարները ձգտում էին ջնջել մեր հիշողությունից։
Անհրաժեշտ էր նաև պատմության մեկ ուրիշ ըմբռնման դիմել, որն ավելի պարզ դարձավ ինձ համար, երբ ապրում էի ավելի մոտ դրա ակունքներին՝ Անգլիայում, ավելի պարզ, քան Զանզիբարում իմ գաղութային կրթության ժամանակ էր։ Մենք՝ մեր սերնդի ներկայացուցիչներս, գաղութատիրության երեխաներն էինք այն իմաստով, որով չեն եղել ո՛չ մեր ծնողները, ո՛չ էլ մեզանից հետո եկողները, կամ, համենայն դեպս, ոչ այդ եղանակով։ Դրա տակ նկատի չունեմ այն, որ օտարված էին այն ամենից, ինչ արժևորում էին մեր ծնողները, կամ որ նրանք, ովքեր մեզանից հետո էին եկել, ազատված էին գաղութային ազդեցությունից։ Նկատի ունեմ, որ կայսերական վեհ համոզմունքների ժամանակաշրջանում ենք մեծացել և կրթվել, մեր աշխարհամասերում, համենայն դեպս, երբ իշխանությունը մեղմասություններով քողարկում էր իր իսկական էությունը, համաձայնում էինք այդ խորամանկությանը։ Նկատի ունեմ մինչև հակագաղութացման արշավներն ընկած ժամանակաշրջանը, որոնք հաջողությունների հասան ամբողջ տարածաշրջանով և մեր ուշադրությունը գրավեցին դեպի գաղութային կառավարման ավերումները։ Նրանք, ովքեր մեզանից հետո եկան, իրենց հետգաղութային հիասթափությունները և ինքնախաբեություններն ունեին, որոնք մխիթարում էին նրանց, և հավանաբար նրանք պարզ և բավականաչափ խորը չէին տեսնում այն, թե ինչպես էին գաղութային բախումները փոխել մեր կյանքը, որ մեր կաշառակերություններն ու խռովությունները որոշակի առումով նույնպես այդ գաղութային ժառանգության մասն էին։
Այս հարցերից որոշները ինձ համար ավելի պարզ դարձան Անգլիայում ոչ այն պատճառով, որ հանդիպեցի մարդկանց, որոնք պարզաբանեցին դրանք ինձ համար խոսակցության ընթացքում կամ դասասենյակում, այլ այն պատճառով, որ սկսեցի ավելի լավ հասկանալ, որ ինձ նման մարդկանց պատմությունների հերոսները հենց իրենք են՝ ինչպես գրավոր գործերում, այնպես էլ առօրյա խոսակցություններում, զվարճություններում, որոնք հեռուստացույցով կամ ուրիշ տեղերում ողջունում էին ռասիստական կատակները, անթաքույց անբարյացակամության մեջ, որին բախվում էի խանութներում, գրասենյակներում և ավտոբուսում ամենօրյա հանդիպումների ժամանակ։ Անզոր էի նման ընդունելության դեմ, բայց ավելի խոր ըմբռնմամբ ընթերցել սովորելուն զուգընթաց մեծանում էր գրելու ցանկությունը՝ որպես այն մարդկանց ինքնագոհ շարադրանքների մերժում, որոնք արհամարհում և նվաստացնում էին մեզ։
Բայց ստեղծագործական աշխատանքը միայն պայքարելու և բանավիճելու մասին չի կարող լինել, ինչքան էլ որ դրանք աշխուժացնող և մխիթարող լինեն։ Ստեղծագործական աշխատանքը մի բանի մասին չէ, ոչ էլ այս կամ այն հարցի կամ մտավախության, և քանի որ դրա մտահոգության առարկան այսպես թե այնպես մարդկային կյանքն է, վաղ թե ուշ դաժանությունը, սերն ու թուլությունն են դառնում դրա առարկան։ Կարծում եմ, որ ստեղծագործական աշխատանքը նաև պետք է ցույց տա, թե ինչը կարող է այլ կերպ լինել, այդ ինչն է, որ վրիպում է դաժան տիրական հայացքից, ինչն է ստիպում արտաքինից ոչ բարձր մարդկանց ինքնավստահ լինել՝ չնայած ուրիշների արհամարհանքին։ Դրա համար էլ անհրաժեշտ համարեցի դրա մասին նույնպես գրել, և այնքան ճշմարտացի կերպով անել դա, որպեսզի և՛ հրեշությունը, և՛ առաքինությունը դրսևորվեն, և մարդ արարածը երևան գա հասարակացումից և ստերեոտիպից։ Երբ այդ բոլորն աշխատում է, յուրատեսակ գեղեցկություն է ստացվում։
Եվ նման տեսակետը տեղ է թողնում դյուրաբեկության ու թուլության, դաժանության մեջ՝ քնքշության և անսպասելի սկզբնապատճառներով բարի լինելու ունակության համար։ Հենց այդ պատճառներով էլ ստեղծագործական աշխատանքը կյանքիս արժեքավոր և գրավիչ մասն է եղել։ Իհարկե, այլ մանրամասնություններ էլ կան, բայց տվյալ դեպքում դրանք մեզ չեն վերաբերում։ Ստեղծագործական աշխատանքից պատանեկան և մի քիչ կախարդական այն հաճույքը, որի մասին խոսում էի սկզբում, տասնամյակներ անց դեռ կա։
Թո՛ւյլ տվեք ավարտել՝ խորին շնորհակալությունս հայտնելով Շվեդական ակադեմիային, որն այս մեծ պատիվն է արել ինձ և իմ աշխատանքին։ Շատ շնորհակալ եմ։

[1] Տողացի թարգմանություն

Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *