Ես Տոլստոյի նման երկար գրել չեմ կարողանա,
Որովհետև վաղը նորից պատերազմ կսկսվի…
Ուզում եմ գրել խաղաղության մասին,
բայց վախենում եմ
գիրքս կիսատ մնա…
Շատ բաներ կան, որ վեր են իմ ուժերից,
Բայց ես ինձ ներքևում եմ գտել…
Ես երբեք ջրերի վրա քայլել չեմ կարողանա, բայց կարող եմ լողալ հողի մեջ.
Երկնքից ձուկ բռնել չեմ կարող
Բայց կարող եմ հողից հաց քաղել…
Ես չեմ կարող հիվանդներին բժշկել,
բայց կարող եմ կիսել ցավը…
Իմ հերը երկրի վրա ինձ սովորեցրել է
Վրեժ լուծել ձախ այտիս ապտակելու համար.
Սովորեցրել է երկնքից ոչ մի հրաշքի չսպասել
բացի անձրևից.
Հերս ինձ սովորեցրել է
Պատ շարել
Ու թողել է ես որոշեմ
Պատը հենվելու համար է,
վրայից թռնելու
Թե ինչ-որ մի բան կիսելու…
Նա ինձ սովորեցրել է փայտ մշակել
Ու թողել է ես որոշեմ էդ փայտից
Խաչ ստանամ,
Մահճակալ թե դուռ…
Ես դուռ կսարքեմ, որ մարդիկ էլ չհենվեն պատերին ու սպասեն,
բայց երբեք չեմ հասցնի սիրել նրանց էնպես, ոնց ինձ,
Որովհետև վաղը նորից պատերազմ կսկսվի ու խաղաղությունը կորցրած մարդիկ
Խելագարված կփախչեն
Պատերի վրայով…