Արամ Պաչյան | Կապտած բուշլաթը

Լուսանկարը՝ Եվա Մուրադյանի

***
երբ ջավախք էինք գնում ամառելու մեր զրո ութը կանգ էր առնում լեննականի բազառի մոտ: ես ու քույրս կամ մնում էինք մեքենայի մեջ կամ դուրս էինք գալիս, ճեմում մեր հարթուկանման ավտոյի շուրջը: քիչ ամոթխած, ուսումնասիրելով չորսբոլորը, մենք շուրթերով հափշտակում էինք բազառի եռուզեռն ու սպասում մանուշակագույն լիմոնադին: տեղական լիմոնադ էր – գժվելու համով: թռչում էին շշերի ատամնավոր խցանները: լիմոնադը ֆանտան էր տալիս. մանուշակագույն պղպջիկներով կես մետրանոց հրճվանք: երբեմն, երբ նոր շիշ էինք բացում, միջից լռությունն էր ելնում, հետո՝ սպասում, սպասում: հանկարծ երևում էր առաջին պղպջիկը, երևում էր երկրորդը և ահա վերջինը՝ երրորդը, որը միշտ մի տեսակ խեղճ էր, մի տեսակ անտեղի: բայց ինքն էլ ինքն էր. խեղճ ու անտեղի: մի անգամ, երբ ֆանտանը թափը կոտրել էր ու սկսել էի ագահորեն խմել – հանկարծ մի ձեռք չանթեց շիշը: ապշած դիմացս նայեցի. բիգուձիներով կին էր՝ գնդլ, քրտնխաշ – իմ լիմոնադն էր խմում: խմեց: ծանր: ծանր: փըթկ – պոկվեց շշից ու կանչեց՝ էֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ

***
գոռկի սադից ելար կուզ-կուզ: երկինքը արգելանոցի բազրիքներով էր իջնում, ամպը՝ չամռի հետք: հացի փշուրներով տոպրակ էր, ոտքիցդ քաշեց, առավ լոդկա փոսի մեջ: «պոնչիկ-մոնչիկի» ճամփին էիր: լոշվեցիր: հըբը, էրեվընցի պոնչիկ ուտող: գյումրիում ապրելու ծանրությունը թարթիչներիդ էր նստում՝ հատիկաշար, ճշմարիտ, չդադարող փաթիլների պես: ձյութե ասեղներ էին՝ քաղաքը տեսնելու, լսելու, նրան գերագնահատելու, նրան թերագնահատելու, տեսածդ ու լսածդ վերցնել-մոռանալու հուշ-կծոցներ:

***
եկած-չեկած ուզում ես թռնես ստեղից: ասում էր մի տեսակ տանջող բան կա էս քաղաքում, հա, հենց տանջող: լեննական տանջվում ես, որ տանջվես: եկա, փոշմանեցի: երևանից կորել, անհետանալ էի ուզում: փախա գյումրի: իմ պես սուտի-մուտի փախածների գտա: աջեր: ձախեր: քյառթեր: պռադվինուտիներ: դաժը այթիշնիկներ ու յոբնուտի արվեստագետներ: փախած լինելու նսեմությանս մասին գիտեի: կեղծվածքս պիտի տանեի: հիշողությունից հորինված լիմոնադի արկղը իմն էր: շրջեցի, նստեցի արկղին, նայեցի սևին, ասեցի՝ կարոտում եմ, գիտես, փախստական լինելու տարօրինակ կարոտ եմ զգում: մի տեսակ չեմ ուզում փախած լինել, ուղղակի կարոտում եմ փախստականության վիճակին, որ կորդեգրեր ինձ – բայց որդեգրումը միշտ ուրիշի ճակատագիրն է: ուրիշի ճակատագրին եմ կարոտում:

***
դրա համար էի ասում՝ ճակատագրից չեն փախնում. ճակատագրից թռնում են: լրիվ ծիխարի: էն, որ կաֆեում սաղովի նստած եք ու դու լվացվելու ես գնում: գնում ես ու երբեք չես վերադառնում: մինչև որ ծանոթ մեկը, իսկը քո գյորա թռած, պատահաբար ռաստ չի գալիս, հենց լեննական, հենց տեքստիլի մայլում, դեմքիդ հարցական բոռալով՝ «էս թռա՞ծ ես»: ինչին հետևում է նրա՝ երևանից գյումրի, գյումրիից լեննական տեղափոխվելու խոհական ու սրտաճմլիկ պատմությունը, այն հարյուրավորներից մեկը՝ առանձնություն, ինքնություն, վերամտածում, այլություն, անկրկնություն երազող հոգու պատռվածքներով: երբ է վերջավորվելով սկսվելու իր շիվից շիվ պատվաստող, ցատկից ցատկ անող ու լեզվից լեզու երևակայող գյումրի-երևան, երևան-լեննական փախստականությունը:

***
լռությունից է, որ պատմությունը հույսի է փոխակերպվում: ու փախստականով ազատագրվելու, նրանից թռնելու ճանապարհն արդեն քո գաղթի, քո ավարտի շարադրանքը պատումին պարտավորեցնելն է, բեռը բեռին, ծանրությունը ծանրությանը հանդիպեցնելը, որպեսզի ի վերջո ձեր լեզուներին հոգնություն իջնի: հոգնեն ձեր բառերը, զանցումը ձեր սահմանների, ձեր հայացքների դեմ դիմացը, ձեր մարմինների մարմինը, հոգնեն ձեր ճանաչման ճանաչումները: ուզում էիր ասել՝ «լսի, ես նենց եմ հոգնել: ամեն: ամեն: ինչից»: ու ինքն էլ՝ նենց էր հոգնել: լռեցիք: սոմին էր առել, առանց հարցնելու՝ խրթխրթան, շիկնած մասից մի կտոր պոկեցիր, սկսեցիր ուտել:

ժպտացիք:
ինչ իրական, ինչ նուրբ էր ծանրությունը:
հարցրիր՝ որտեղից է առել սոմինը:
հայացքով ցույց տվեց: կանթեց հացը: մոտ բերեց:
մի կտոր էլ պոկեցիր:
հաջող արեցիք իրար:
կռիսաբարո հեռացար:

***
երկրաշարժին դագաղ սարքողի պակաս կար: պապս 1971-ից «արաբկիր» կահույքի ֆաբրիկայում էր աշխատում: դեկտեմբերին, նրանց՝ փայտ մշակողներին ու կահույքագործներին, տարան լեննական դագաղ սարքելու: տատիս սպառնացել էր, թե գորբաչովին պիտի սպանի։ օրն էլ էր ասել, ժամն էլ` դեկտեմբերի 10, ժամը 13:20: հետո, ասել էր` «հեչ քիթ սրբելու ժամանակ չեղավ օր գորբաչովին սպանեի»: ասել էր, թե հետո կսպանի՝ «մեկ է, էլի գուգա»: հեռուստացույցով, լուսանկարներում իրար գլխի կիտված դագաղներ՝ տապանակերպ կափարիչներով ցաքուցրիվ թափռտված: որոնք հիմա պատանեկան ճամբարում վրաններ կազմած հրաժեշտի խարույկներ են հիշեցնում: բերանները կիսախուփ տխրության անսերմ կճեպներ: դագաղները սարքում էին, շարում մարզադաշտում։ տախտակն ու ֆանեռը քչություն էին անում, բահի պոչն ու քլունգի կոթը փոխան ուզում։ դագաղի սով էր – ծանոթով էր դառնում։ տվողն օրհնվում էր։ մեկ-մեկ դագաղն էր թալանվում։ տանողը` մեռյալի մարմնամասերը դագաղից դուրս էր թափում, վերցնում ավարը: պապս մի երկու օրով երևան էր դառնում: ընկերներով զօր ու գիշեր ֆաբրիկայի պահեստներն էին քչփորում, հաստոցների տակից դագաղի համար ադխոդ էին ջոկջկում ու բեռնում պատրաստիները: պապս գնում էր լեննական ու վերադառնում երևան կապտած բուշլաթով, որի օձիքին տաշեղի խոպոպներ էին կպչում՝ ծորող, թաց բույրով: գրպաններում տարբեր չափերի մեխեր կային. ոսկեգլուխ պտուտակներ, ծռտիկ-մռտիկ մետաղներ: կար նրա՝ դեղին ժապավենով ու դախ ձենով մետրը ու մատիտը՝ ականջի հետևը: «թե էլի երկրաշարժ էղնի, բոլորդ մեռնիք: թե ես ու սևոս սաղ մնանք: էման տի ապրինք որ»: իմ ու իր մասին էր ասում: եթե էլի երկրաշարժ լիներ, ճզմվեի պանելների տակ ու եթե պապս ողջ մնար, կկարողանա՞ր ինձ համար դագաղ սարքել՝ իր ջոկջկած ադխոդներով, իր բուշլաթի մեխերով, իր ռանդայով ու քիփլիկ չագչով:

կսարքեր:
պապս սրտոտ մարդ էր:
կապտածը – ամենածանր բուշլաթն էր, որ գրկել եմ:

***
վերադարձին՝ գյումրի-երևան գնացքում, վերհիշում էր սևի արած բենզինիստների պատմությունը։ սևը խարմսի ցնորքին վայել գործ էր խաբել։ իրենից առաջ խաբել էին։ իրեն խաբել էին: ինքն էլ ուրիշին ու ձեզ էր խաբում։ ով չէր հավատում։ ինչ կար չհավատալու։ գյումրիում բենզինիստների մայլեք կան. պապը՝ բենզինիստ, հերը՝ բենզինիստ, թոռը՝ բենզինիստ: մէ օրըմ պապի աչքը, սաղ աչքը ունքով բանով, կոֆե խմելուց բաժակն է ընգե: աչքը բաժակից հանել, կատվին է թաբլե: հերը բարձր ճնշում ուներ, սիրտն էլ հեչ լավ չէր: առավոտ կանուխ, տեղերի մեջ ինսուլտ է զարգե, ուզել է տնենցոց ձեն տա՝ չանգեն պոկվե, պոլին է ընգե: բայց ձենն առել են: թոռը, վայտե վազել է սենյակ, բայց ճամփին ոտքն է ընգե: մէ ոտքով հասել է հորը: հերը սաղցել է, բոռացել՝ «ծո, ոտքդ ո՛ւր է», տղեն, թե «զա՛լն է»: հերը հոգի է տվե: տղեն ուզել է գրկել, բայց թևը պոկվել, հոր գլխուն է ընգե: հմի, պապը ոնց որ թե սաղ է՝ պիռատի կառիբսկովո մոռյա: սև աչքաշոր կկապե: թոռն էլ՝ բենզինը վեննեքը չի լըցե, պռոստը կը խմե՝ պուտ-պուտ:

***
ճանապարհի համար փախստականի սոմինից կառնի։ փախստականին կհանդիպի երևանում։ ավելի շուտ փողոցն անցնելիս կտեսնի նրան, ու հասկացնելով, որ չտեսնելու է տալիս՝ կհեռանա։ տանը բիգուձիի, կապտած բուշլաթի, սևի, բենզինիստների ու ծանրության շուրջ կմտածի՝ եթե հիշելու էիր – քեզնից հետո էիր հիշելու: եթե իրական էիր – քեզնից առաջ էիր իրական, սև: մոռացել եմ: մի տեսակ եմ մոռացել:

շուտով
գյումրին
կքնի
կմոռանա
լեննականը

էլ ոչ մի փոխաբերություն, ոչ մի դաշնություն, որևէ փոխկապ, առնչություն գրի ու գրառողի, հիշողի ու հիշողության միջև: Հիմա միայն ներկայություն։

 

Ստեղծագործությունը գրվել է Գյումրիում անցկացված «Ground Art Fest» հայ-գերմանական արվեստային փառատոնը ներկայացնող գրքի համար: Նախագծի ղեկավար՝ Մարիա Մատինյան:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *