Յանիս Պետերս | Ովքեր ինձ հետ էին երազում

Յանիս Պետերսը լատվիացի մեծ բանաստեղծ է, միակ ապրող ներկայացուցիչը 1930-ականների փայլուն բանաստեղծական սերնդի՝ Օյարս Վացիետիս, Իմանտս Զիեդոնիս, Կնուտս Սկույենիեկս և ուրիշներ։

 

ՆՐԱՆՔ

…ովքեր ինձ հետ էին երազում
ինչ-որ ժամանակ՝ վաթսունականներին
կենդանի ու տարբեր մի բանի մասին,
այժմ վերածվել են պաշտոնյաների։
Թևատակին պորտֆել խոզի կաշվից,
բայց առանց անմտածված խռխռոցի,
հարց են տալիս՝ որքա՞ն է կուրսն արտարժույթի։
Իսկ ա՛յ ճպուռների մասին՝ ոչինչ։
Մենք կյանք մտանք վաթսունականներին,
քայլ-քայլ հասանք որոշ արդյունքների։
Արտարժույթը ամենակարևոր բա՞նը չէ․
բայց ոչ էլ ճպուռներն են, կարծեմ։

 

ՀԻՆ ՌԻԳԱ

Երբ Զիրգու փողոցի հոտերն եմ առնում,
և սրտիս մեջ թափվում են տերևները թխկու,
անկյունում նկատում եմ բանաստեղծ Չակին։
Երբ Զիրգու փողոցի հոտերն եմ առնում,
ասես լուսնային հրաձիգ է փայլում
շողը կարմիր՝ ընկած պոետի ֆրակին։
Երբ Զիրգու փողոցի հոտերն եմ առնում,
ու թափվող տերևները սրտեր են դառնում․․․

* Զիրգու (Ձիու) փողոց, գտնվում է Հին Ռիգայում

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎ

Հին հայկական ձեռագրերի շտեմարանում՝ Մատենադարանում 15-րդ դարի մի եզակի և չափազանց հաստափոր մագաղաթ արտագրող Հովհաննես Մանգասարենցի մասին ուղեցույցն ասաց. «Նրա աջ ձեռքը չորացավ, նա կուրացավ, բայց իր գործն ավարտեց և մահացավ 86 տարեկանում»։

Որպես հավերժ հարցում՝ չորացած ձեռքն է դողում
լերկ ժայռերի վրա, ուր աղբյուրն է շաչում,
ուր Ճաղատ լեռն է՝ դեռևս Քրիստոսից առաջ,
աղոթքը նախնիների՝ կրակի շուրջ հնամյա
քարե կացինով սարում մի դուռ բացելու համար,
և որ նիզակներով շարվի անառիկ պատ
ընդդեմ օտարականի, որ կարծես լինի ավազակ,
և ցողի խնդրանք երկնից՝ հացահատկի համար։

Որպես հավերժ հարցում՝ չորացած ձեռքն է դողում
բայց վերջակետ չկա և չի լինի Գրքում:
Հայտնի է մեզ հին ցավը, բայց որը կլինի նորը,
ասա՛, Մատենադարան, ինչ տեսք կառնի ոսոխը։
Երկնակամար կապույտ, գիտակ աստղերի ճամփին,
քո միջով են ճախրում մեր արծիվն ու բազեն,
ընդունիր մեր ջանքը, անգիտություն-կասկածը,
ու հույսը, թե Մասիսը մի օր տուն կդառնա։

Երկու ժայռերի միջև օրորոցն է ճոճվում,
զանգակի ձայնն է հնչում երկու ժայռերի միջև։
Մենք երգում ենք հովին, մեր երգով ենք ազատ,
օ, փրկիր մեր ձայները, Մատենադարան։

Վառվի՛ր, հարցման նշան, Հայաստանի վրա,
թող մանուկները մեր չմորթվեն քնում,
ինչպես արթմնի պատկեր ու շանթ վառվիր, դու, ձեռք,
ինչպես չթարգմանված, անկոխ ձյունը սարում,
քանի որ մինչ հիմա այդ պատճառով ենք մենք ողջ,
որ ձյունն այդ դյութական, երազի պես հեռու է,
նրա վրա անզոր են ժամանակն ու տիեզերքը,
ու թույլ չի տալիս նա, որ շատ մոտենա արևը:

Հայ ժողովրդական երգը հողից է սկիզբ առնում,
ասես թռչնի կտուցից, մանուկներին պարուրում,
հնչում է ջինջ ու մաքուր ինչպես ձյունը սարում,
Ինչպես Մատենադարանն է լույսի ներքո կարդում։

Թարգմանությունը լատվիերենից Աշոտ Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *