Թիմ Օ’Բրայեն | Ինչպես պատմել իրական պատերազմի մասին

Ճշմարիտ է։

Մի բարեկամ ունեի Վիետնամում։ Անունը Բոբ Քայլի էր, բայց բոլորը նրան Ռեթ էին ասում։

Նրա ընկերոջը սպանում են, և մոտավորապես մի շաբաթ անց Ռեթը նստում ու նամակ է գրում այդ տղայի քրոջը։ Նա ասում է աղջկան, թե ինչ հրաշալի եղբայր ուներ, այժմ այդ տղան՝ իր լավագույն ընկերն ու բարեկամը, պարտված է։ «Իսկական զինվորը զինվոր է,- ասում է Ռեթը»։ Հետո մի քանի պատմություն է պատմում՝ մատնանշելու, թե ինչպես էր նրա եղբայրը միշտ  պատրաստ անելու բաներ, որոնց ոչ ոք կամավոր չէր գնա, թեկուզ միլիոն տարի անցներ, այնպիսի վտանգավոր բաներ, ինչպիսիք են հետախուզությունը կամ իրոք վտանգավոր գիշերային հերթապահությունը։ «Չժանգոտող երկաթից գնդակներ,- ասում է Ռեթը ընկերոջ քրոջը։ – Տղան, իհարկե, մի քիչ խենթ էր, բայց լավ իմաստով խենթ, իսկական կտրիճ էր, որովհետև նրան դուր էր գալիս այս մարտահրավերը, սիրում էր ինքն իրեն փորձել, ուղղակի մեկը՝ բոլոր գուկերի[1] դեմ։ Շա՜տ լավ տղա էր,- ասում է Ռեթը»։

Այնուամենայնիվ՝ սարսափելի, խիստ անձնական և հուզիչ նամակ է։ Այն գրելիս Ռեթը համարյա բարձրաձայն լալիս է։ Նա աղի արցունք է թափում՝ պատմելով լավ ժամանակների մասին, որ միասին էին անցկացրել, այն մասին, թե ինչպես էր նրա եղբայրը պատերազմը համարյա զվարճալի դարձրել՝ մշտապես դժոխք սարքելով, կրակի տալով գյուղեր ու ծուխ տարածելով ամենուր ։ Նաև հրաշալի հումորի զգացում ուներ։ Ինչպես այն անգամ, երբ ձուկ բռնելու էր գնացել՝ ձեռքի նռնակների մի ամբողջ գրողի տարած արկղով։ «Հավանաբար համաշխարհային պատմության մեջ ամենազվարճալին,- ասում է Ռեթը,- մոտավորապես քսան միլիոն մեռած գուկ ձկների արյունն է»։ Նրա եղբայրը ճիշտ մոտեցում ուներ։ Գիտեր, թե ինչպես կարելի է լավ ժամանակ անցկացնել։ Հելոուինին՝ այդ իրոք շոգ և սարսափելի գիշերը, տղան գունավոր ներկերով ներկել էր ողջ մարմինը, դարանակալելու էր ելել գրեթե մերկ՝ միայն կոշիկներով, М-16 հրացանով և փամփուշտներով։ «Վիթխարի մարդ արարած էր,- ասում է Ռեթը։- Երբեմն բավականին ցնդած, բայց կյանքդ կարող էիր նրան վստահել»։

Եվ այս պահից սկսած նամակը խիստ տխուր ու լուրջ է դառնում։ Ռեթը սիրտն է թեթևացնում։ Ասում, որ սիրում էր այդ տղային։ Ասում, որ այդ տղան՝ աշխարհի ամենալավ ընկերն էր։ «Ասես հարազատ հոգիներ լինեինք,- ասում է նա,- երկվորյակներ կամ նման մի բան, ընդհանուր շատ բան ունեինք»։ Տղայի քրոջն ասում է, որ կայցելի վերջինիս, երբ պատերազմն ավարտվի։

Եվ ի՞նչ է պատահում։

Ռեթն ուղարկում է նամակը փոստով։ Սպասում է երկու ամիս։ Բայց այդ հիմար պոռնիկը այդպես էլ պատասխան նամակ չի գրում։

Պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը երբեք բարոյախոսական չի լինում։ Այն չի ուսուցանում, առաքինությունը չի խրախուսում, մարդկային պատշաճ վարքի նմուշներ չի առաջարկում և հետ չի պահում մարդկանց այն ամենից, ինչ միշտ արել են։ Եթե պատմությունը բարոյախոսական է թվում, մի՛ հավատացեք դրան։ Եթե պատերազմի մասին պատմության վերջում ոգևորություն եք զգում կամ զգում եք, որ ազնվության ինչ-որ մասնիկ ազատվել է մեծ կորուստներից, նշանակում է, որ շատ հին և սարսափելի ստի զոհ եք դարձել։ Ոչ մի ազնվություն չկա։ Առաքինություն էլ չկա։ Հետևաբար՝ պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը՝ հանցանքի և անպարկեշտության նկատմամբ իր բացարձակ և անկոտրում հավատարմությամբ, կարող եք պատմել որպես առաջին էմպիրիկ օրինաչափություն։ Ռեթ Քայլիի՛ն լսեք․ «Պոռնիկը,-  ասում է նա»։ Նա չի ասում քածը։ Նա, իհարկե, չի ասում կինը կամ աղջիկը։ Ասում է պոռնիկը։ Հետո նստում ու հայացքն ինչ-որ տեղ է հառում։ Տասնինը տարեկան է (այդ ամենը չափից ավելի է նրա համար), ձեզ է նայում իր մեծ, քնքուշ, մահաշունչ աչքերով և ասում պոռնիկ, որովհետև նրա ընկերը մահացած է, և որովհետև դա աննկարագրելիորեն տխուր ու ճշմարիտ է․ աղջիկը երբեք էլ պատասխան նամակ չգրեց։

Դուք կարող եք պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը պատմել, եթե սա ձեզ շփոթեցնում է։ Եթե ձեզ չի հուզում անպարկեշտությունը, եթե ձեզ չի հուզում ճշմարտությունը․ եթե ձեզ չի հուզում ճշմարտությունը, ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ եք վճռում։ Պատերազմ եք ուղարկում տղաներին, նրանք տուն են վերադառնում կեղտոտ խոսվածքով։

            Լսե՛ք Ռեթին․ «Աստվա՛ծ իմ, ա՛յ մարդ, այս գրողի տարած գեղեցիկ նամակն եմ գրել, լիքը ժամանակ եմ վատնել դրա վրա, և ի՞նչ։ Հիմար պոռնիկը երբեք պատասխան նամակ չի գրում»։

            Մահացած տղայի անունը Կուրտ Լեմըն էր։ Այնպես պատահեց, որ մենք անցանք պղտոր գետն ու շարժվեցինք դեպի արևմուտք՝ դեպի լեռներ, երրորդ օրը դադար տվեցինք ջունգլիների խորքում գտնվող արահետների խաչմերուկում։ Միանգամից Լեմընն ու Քայլի Ռեթը սկսեցին պարապ-սարապ թրև գալ։ Նրանք չէին հասկանում, թե վախն ինչ է։ Երեխաներ էին․ ուղղակի չգիտեին։ Կարծում էին, թե բնության գիրկ արշավի գնալը նույնիսկ պատերազմ չէ, դրա համար էլ ինչ-որ հսկա ծառերի ստվերի տակ էին մտել (քառանկյուն ծածկ՝ բոլորովին առանց արևի լույսի), և հռհռում էին, միմյանց վիժվածք էին անվանում և հիմար խաղ խաղում, որը հենց իրենք էին հնարել։ Խաղի ընթացքում ծխարձակ նռնակներ էին օգտագործում, որոնք անվնաս էին, եթե հիմարություններ չանեին, հանում էին պահանակը, իրարից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա կանգնում և այդ հսկա ծառերի ստվերում բռնոցի էին խաղում։ Ով վախենում էր, նա վիժվածք էր։ Իսկ եթե ոչ մեկը չէր վախենում, նռնակի թեթևակի պայթյունի ձայնն էր ելնում, ծուխը պարուրում էր նրանց, և սկսում էին պարել ու ծիծաղել, իսկ հետո նորից էին կրկնում։

            Այս ամենը զուտ ճշմարտություն է։

            Դա կատարվել է գրեթե քսան տարի առաջ, բայց մինչև հիմա հիշում եմ արահետների այն խաչմերուկը, հսկա ծառերն ու դրանց հետևում հեռվից լսվող կաթկթոցի կամացուկ ձայնը։ Հիշում եմ մամուռի հոտը։ Վերևում՝ ծառերի սաղարթավոր մասերում, բազմաթիվ փոքրիկ, սպիտակ ծաղիկներ էին աճում, բայց արևի լույս ընդհանրապես չկար, և միայն ստվերներ եմ հիշում, որոնք տարածվում էին ծառերի տակ, որտեղ Լեմընն ու Քայլի Ռեթը ծխարձակ նռնակներներով բռնոցի էին խաղում։ Միտչել Սանդերսը նստած իր յո-յոն[2] էր պտտում։ Նորման Բոուկերը, Կիովան և Դեյվ Ջենսենը ննջում կամ կիսաքուն էին, իսկ մեր շուրջն այդ վայրի, կանաչ լեռներն էին։

            Ծիծաղը չհաշված՝ լռություն էր։

            Ինչ-որ պահի, հիշում եմ, Միտչել Սանդերսը շրջվեց և ինձ նայեց՝ առանց հստակ գլխով անելու, հետո՝ մի որոշ ժամանակ անց, փաթաթեց իր յո-յոն և մի կողմ գնաց։

Ասել, թե ինչ եղավ հետո, դժվար է։

Նրանք ուղղակի զվարճանում էին։ Աղմուկ լսվեց, որն ըստ իս՝ հավանաբար պայթուցիչից էր, դրա համար շուրջս նայեցի և տեսա, թե ինչպես էր Լեմընը ստվերից պայծառ արևային լույսին ելնում։ Նրա դեմքը սկսեց հանկարծակի թխանալ ու փայլել։ Իսկապես գեղեցիկ տղա էր։ Խորաթափանց մոխրագույն աչքեր ուներ, նիհար և բարակ իրան, և երբ զոհվեց, համարյա գեղեցիկ էր. արևի լույսը պարուրեց նրան, բարձրացրեց  և քաշեց դեպի վեր՝ դեպի ծառը, որը պատված էր մամուռով, խաղողի որթերով ու սպիտակ ծաղիկներով։

Պատերազմի մասին ցանկացած պատմության մեջ, հատկապես ճշմարիտների, դժվար է տարբերակել այն, ինչ կատարվել է, և այն, ինչ թվում է, թե կատարվել է։ Այն, ինչ թվում է, թե կատարվել է, ինքնին կատարված է դառնում, և դրա մասին հենց այդպես էլ պետք է պատմել։ Տեսողության անկյուններն աղավաղված են։ Երբ ականապատ ծուղակը պայթում է, փակում ես աչքերդ, սուզվում ես և ինքդ ես դուրս լողում։ Երբ Լեմընի նման տղան մեռնում է, հեռացնում ես հայացքդ, հետո մի ակնթարթ հետ նայում, հետո նորից ես հեռացնում հայացքդ։ Պատկերները խառնվում են․ որպես կանոն՝ շատ բան ես բաց թողնում։ Իսկ հետո, երբ սկսում ես պատմել այդ մասին, միշտ սյուրռեալիստական թվացյալություն է առաջանում, որի պատճառով պատմությունը կեղծ է թվում, բայց որը փաստորեն ներկայացնում է դաժան և ստույգ ճշմարտությունը, ինչպիսին այն թվում է։

Շատ դեպքերում պատերազմի մասին ճշմարիտ պատմությանը դժվար է հավատալ։ Եթե հավատում եք դրան, թերահավա՛տ եղեք։ Վստահության հարց է։ Հաճախ խելագար բաները ճշմարիտ են, իսկ նորմալ բաները՝ ոչ, որովհետև նորմալ բաներն անհրաժեշտ են, որպեսզի ստիպեն ձեզ իսկապես հավատալ անհավանական խելացնորությանը։

            Մյուս դեպքերում նույնիսկ չեք էլ կարողանում պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը պատմել։ Երբեմն այն անհնար է բառերով արտահայտել։

            Այս մեկը, օրինակ, Միտչել Սանդերսն է պատմել։ Մթնում էր, նստած էինք իմ խրամատում՝ Քուանգ Նգայից[3] դեպի հյուսիս գտնվող մեծ, պղտոր գետի ափին։ Հիշում եմ, թե ինչ խաղաղ մթնշաղ էր։ Մուգ վարդակարմիրը տարածվում էր գետի մակերեսով, որը լուռ հոսում էր, և առավոտյան մենք անցել էինք այն ու գնում դեպի արևմուտք՝ դեպի լեռներ։ Հարմար առիթ էր լավ պատմության համար։

            -Աստվածային ճշմարտություն է,- ասաց Միտչել Սանդերսը։- Վեց հոգուց բաղկացած պարեկախումբը ուղևորվում էր դեպի լեռներ՝ բազային մի առաջադրանք կատարելու՝ գաղտնալսելու: Կարճ ասած պետք է մեկ շաբաթ այնտեղ անցկացնեն, ուղղակի թաքնվեն և լսեն թշնամու տեղաշարժերը։ Ռացիա ունեն, և եթե ինչ-որ կասկածելի բան (ցանկացած բան) լսեն, պետք է հրետանի կամ ռազմական նավեր կանչեն, ինչ գնով էլ որ լինի։ Մնացած բոլոր դեպքերում դաշտային խիստ կարգապահություն են պահպանում։ Լիարժեք լռություն։ Ուղղակի լսում են։

            Նա հայացք գցեց վրաս՝ համոզվելու, որ սցենարը տեղ է հասել։ Իր յո-յոյով էր խաղում՝ դաստակի ամուր և կարճատև շարժումներով ստիպելով դրան պարել։

Մթնշաղում նրա դեմքի արտահայտությունը դատարկ էր թվում։

-Մենք գաղտնալսման անկոտրում կայազորի մասին ենք խոսում։ Այս վեց տղաները մի ամբողջ շաբաթ նույնիսկ «բո՜» չեն ասել։ Լեզու չունեն։ Ամբողջովին լսողություն են դարձել։

-Ճի՛շտ է,- ասացի ես։

-Հասկանո՞ւմ ես ինձ։

-Անտեսանելի։

Սանդերսը գլխով արեց։

-Հաստատում եմ,- ասաց նա։- Անտեսանելի։ Ուրեմն՝ տե՛ս, թե ինչ է կատարվում, այդ տղաները թփերի մեջ են խորանում՝ բոլորը դիմակավորված, պառկում են ու սպասում, և դա այն ամենն է, ինչ նրանք անում են, ուրիշ ոչինչ, յոթ օր շարունակ պառկում են այնտեղ և լսում։ Եվ ախպե՛ր, ասեմ, որ շատ սարսափելի է։ Լեռներ են։ Չես իմանա, թե ինչ է սարսափը, մինչև այնտեղ չլինես։ Ջունգլիների նման բան է, ուղղակի բարձունքում՝ ամպերի մեջ, և միշտ անձրևանման մառախուղ է, միայն թե չի անձրևում․ ամեն ինչ թաց է, ոլորված ու խճճված, ոչ ոքի չես տեսնել, սեփական առնանդամդ չես կարողանում գտնել, որպեսզի միզես։ Ասես նույնիսկ մարմին չունես։ Իրոք սարսափելի է։ Ուղղակի լողում ես մշուշի մեջ․ մառախուղը կուլ է տալիս քեզ։ Իսկ ձայները, ախպե՛ր։ Անընդհատ ձայներ են գալիս։ Լսում ես կեղտը, որը ոչ ոք չպետք է լսի։

Սանդերսը մի պահ լռեց՝ աշխատեցնելով յո-յոն, հետո ժպտաց ինձ։

-Այդպես մի քանի օր անց տղերքը սկսում են լսել այդ իսկապես մեղմ, փոքր-ինչ խենթ երաժշտությունը։ Տարօրինակ արձագանքումներ և նման բաներ։ Ռադիոյի կամ դրա պես ինչ-որ բանի նման է, բայց ռադիո չէ, գուկերի տարօրինակ երաժշտությունն է, որ հենց ժայռերից է գալիս։ Ոնց որ թե հեռվից է, բայց միևնույն ժամանակ նաև մոտիկից։ Նրանք փորձում են ուշադրություն չդարձնել դրան։ Բայց իրենք լսող կայազորն են հենց, այնպես չէ՞։ Դրա համար էլ լսում են։ Եվ ամեն գիշեր շարունակում են լսել այդ խելահեղ համերգը։ Ամեն տեսակ զանգերի ղողանջներ և քսիլոֆոններ։ Նկատի ունեմ, որ դրանք վայրի տեղեր են, ոչ մի դեպքում դա չի կարող իրականություն լինել, բայց իրականություն է, ասես լեռները Հանոյի[4]՝ գրողի տարած ռադիոալիքին են միացված։ Բնականաբար նրանք սկսում են նյարդայնանալ։ Տղաներից մեկը «Juicy Fruit» մաստակ է մտցնում ականջների մեջ։ Մյուս տղան համարյա շուռ է գալիս։ Սակայն բանը նրանում է, որ չեն կարող երաժշտության մասին հաղորդել։ Չեն կարող վերցնել ռացիան, կապվել բազայի հետ և ասել․ «Հե՜յ, մեզ հրազենային ուժ է պետք, որպեսզի ջախջախենք գուկերի այս տարօրինակ ռոք խումբը»։ Չեն կարող անել դա։ Արդյունք չի տա։ Դրա համար պառկել են այնտեղ՝ մառախուղի մեջ, և բերանները փակ են պահում։ Իսկ ամենից վատն այն է, որ խեղճ տղերքը չեն կարողանում ձի հեծնել, ինչպես սովորաբար անում են։ Չեն կարողանում կատակել։ Չեն կարողանում խոսել միմյանց հետ, միայն շշուկով, ամեն ինչ շշուկով, և դրանից դողն ավելի է սաստկանում։ Միայն լսում են։

Նորից որոշակի լռություն տիրեց, քանի դեռ Միտչել Սանդերսը նայում էր գետին։ Մութը թանձրանում էր, և հեռվում՝ արևմուտքում, կարող էի տեսնել լեռների ուրվագծերը՝ առեղծվածներով և անհայտություններով լի։

-Այն ամենին,- կամացուկ ասաց Սանդերսը,- ինչ հաջորդիվ պատմելու եմ, չես հավատա։

-Հավանաբար ո՛չ,- ասացի ես։

-Չես հավատալու։ Եվ գիտե՞ս, թե ինչու։

-Ինչո՞ւ։

Մի հոգնած ժպիտ նվիրեց ինձ։

-Որովհետև դա եղել է։ Որովհետև յուրաքանչյուր բառը բացարձակ ճշմարտություն է։

Սանդերսը կոկորդային ցածր ձայն հանեց՝ հևոցի նման, որն իբր թե ասում էր, որ իր համար մեկ էր, հավատում էի ես, թե չէ։ Բայց նրա համար մեկ չէր։ Կարող եմ ասել, որ ուզում էր, որ հավատայի։ Որոշակի առումով՝ տխուր տեսք ուներ։

-Այդ վեց տղաներն արդեն բավականին ուժասպառ են, և մի գիշեր նրանք սկսում են ձայներ լսել։ Ասես կոկտեյլային խնջույք լինի։ Ահա թե ինչի է դա նման, գուկերի մեծ, շքեղ կոկտեյլային խնջույք է այնտեղ՝ ինչ-որ տեղ՝ մառախուղի մեջ։ Երաժշտություն, շաղակրատություն և նման բաներ։ Խենթություն է, գիտեմ, բայց նրանք լսում են շամպայնի խցանների թրխկոցները։ Լսում են մարտինիի իրական գավաթների ձայնը։ Իսկական ամբարտավանություն, ամեն բան շատ քաղաքակիրթ ձևով է՝ բացի նրանից, որ դա քաղաքակրթություն չէ, դա Վիետնամն է։

Այնուամենայնիվ՝ տղաները փորձում են իրենց հասանելիքն անել։ Ուղղակի պառկել ու լսում են, բայց որոշ ժամանակ անց (չես հավատա) սկսում են կամերային երաժշտություն լսել։ Ջութակի ձայն են լսում և ուրիշ աղբ։ Մամա-սանի[5] ցնցող սոպրանոն են լսում։ Այնուհետև՝ մի որոշ ժամանակ անց, գուկերի օպերան և խմբերգը, Հայֆոնի տղաների երգչախումբն ու վարսավիրների կվարտետն են լսում և ուրիշ տարբեր տեսակի տարօրինակ երգեր: Այս ողջ ընթացքում հետին պլանում դեռ շարունակվում է կոկտեյլային խնջույքը։ Այդ բոլոր տարբեր ձայները։ Բայց դրանք մարդկային ձայներ չէին։ Որովհետև լեռներում են։ Հասկանո՞ւմ ես։ Ժայռը․ այն խոսում է։ Եվ մառախուղը՝ նույնպես, խոտն էլ և նույնիսկ գրողի տարած մանգուստները։ Ամեն բան խոսում է։ Ծառերը քաղաքականությունից են խոսում, կապիկները՝ կրոնի մասին։ Ամբողջ երկիրը։ Վիետնամ․ տեղն ամեն ինչ ասում է։

Տղաները չեն կարողանում գործը ավարտին հասցնել։ Հանձնվում են։ Վերցնում են ռացիան և թշնամու տեղաշարժի մասին են հաղորդում (մի ամբողջ բանակի մասին են խոսում) և հրամայում ուժեղացնել հրազենային ուժերը։ Հրետանի և մարտանավեր են ուզում։ Օդային հարվածներ են պահանջում։ Եվ ասեմ քեզ, գրո՛ղը տանի, ջախջախում են կոկտեյլային խնջույքը։ Ողջ գիշեր ուղղակի ծխում են այդ լեռները։ Ջունգլիներից հյութ են սարքում, քշում են ծառերն ու երգչագխմբերը և այն ամենը, ինչ կարելի է քշել։ Նապալմով վեր ու վար են անում լեռնաշղթաներով։ Cobras և F-4s մարտական ինքնաթիռներ են բերում, սպիտակ ֆոսֆոր և հրձիգ արկեր են օգտագործում։ Ամեն ինչ կրակի մեջ է։ Այրում են լեռները։

Լուսաբացին մոտ ամեն ինչ վերջապես հանդարտվում է։ Ասես երբեք այդպիսի լռություն չես լսել։ Իսկապես թանձր, իսկապես մառախլապատ օրերից մեկը, միայն թե ամպերն ու մառախուղն այլևս չկան այդ յուրահատուկ գոտում, իսկ լեռներում բացարձակ և մեռելային լռություն է։ Ինչպես Բրիգադունում[6], մաքուր պատրանք է, գիտե՞ս։ Շուրջն ամեն ինչ պատրանքով է ողողված։ Ոչ մի ձայն՝ բացի այն մեկից, որ նրանք դեռ շարունակում են լսել։

Այսպիսով՝ սկսում են դուխները գցել ու հավաքում են իրենց իրերը։ Իջնում են լեռան վրայից՝ վերադառնալով բազային ճամբար, և երբ հասնում են այնտեղ, ոչինչ չեն ասում։ Չեն խոսում։ Մի բառ անգամ չեն արտասանում, ասես խուլ ու համր են։ Ավելի ուշ մոտենում է թանձրամարմին գնդապետը և հարցնում է, թե այդ ինչ անհասկանալի բան էր պատահել այնտեղ։ Ի՞նչ էին նրանք լսել։ Այդ մարդն ուժասպառ էր, նա իր բոլոր ջանքերը և ուշադրությունը կենտրոնացրել է նրանց գործի վրա։ Նկատի ունեմ, որ վեց տրիլիոն դոլար էին վատնել հրազենային ուժի վրա, և այդ հաստահետույք գնդապետը պատասխաններ է ուզում, ուզում է իմանալ, թե այդ ինչ գրողի տարած պատմություն է։

Բայց տղաները ոչինչ չեն ասում։ Որոշ ժամանակ ուղղակի նայում են նրան՝ ծիծաղկոտ, փոքր-ինչ զարմացած, և ողջ պատերազմը հենց այնտեղ է՝ նրանց հայացքներում։ Դրանցում ասվում է այն ամենը, ինչ երբեք չես կարողանա ասել բառերով։ Դրանք ասում են․ եղբա՛յր, մեղրամոմ է ականջներիդ մեջ։ Ասում են․ խե՛ղճ մարդ, դու երբեք չես իմանա (սխալ հաճախականություն է), նույնիսկ չես էլ ցանկանա լսել դա։ Հետո պատիվ են տալիս այդ վիժվածքին և հեռանում, որովհետև  որոշ պատմություններ երբեք էլ չես պատմելու։

Պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը կարող ես այնպես պատմել, ասես այն երբեք չի ավարտվելու։ Ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ երբևիցե։ Ոչ էլ այն ժամանակ, երբ Միտչել Սանդերսը վեր կացավ և գնաց դեպի խավարը։

Այդ ամենը տեղի էր ունեցել։

Նույնիսկ հիմա եմ հիշում այդ յո-յոն։ Որոշակի առումով՝ ենթադրում եմ, որ պետք է այնտեղ լինեիք, պետք է լսեիք այդ ամենը, կարող եմ ասել, թե ինչ հուսահատությամբ էր Սանդերսը ուզում, որ հավատայի նրան, նրա հիասթափությունն այն պատճառով էր, որ այնքան էլ ճիշտ չէր հասկացել որոշ մանրամասներ, այնքան էլ չէր սահմանել վերջնական ճշմարտությունը։

Եվ ես հիշում եմ, թե ինչպես էի այն գիշեր նստել իմ խրամատում՝ Քուանգ Նգայի ստվերներին հետևելով, մտածելով գալիք օրվա և այն մասին, թե ինչպես էինք անցնելու գետը և շարժվելու դեպի արևմուտք՝ դեպի լեռներ, բոլոր այն ձևերի մասին, որոնցով կարող էի մեռնել, բոլոր բաների մասին, որոնք չէի հասկանում։

Ուշ գիշերով Միտչել Սանդերսը դիպավ ուսիս։

-Հենց նոր եկավ մտքիս,- ասաց նա։- Բարոյական խրատը նկատի ունեմ։ Ոչ ոք ականջ չի դնում։ Ոչ ոք չի լսում։ Ինչպես այն հաստահետույք գնդապետը։ Քաղաքագետները, բոլոր քաղաքացիական դեմքերը, բոլորին մի բան է պետք՝ գաղտնալսման գործողության դուրս գալ։ Պատրանքնե՜ր, եղբա՛յր։ Ծառե՜ր ու ժայռե՜ր, իսկ դու պետք է թշնամուդ ականջ դնես։

Իսկ հետո՝ առավոտյան, Սանդերսը նորից եկավ ինձ մոտ։ Դասակը դուրս գալու էր պատրաստվում՝ զենքերը ստուգելով, մանր արարողակարգեր կատարելով, որոնք նախորդում էին ցերեկային ռազմերթին։ Առաջապահ ջոկատն արդեն անցել էր գետը և շարժվում էր դեպի արևմուտք։

-Պետք է խոստովանեմ, – ասաց Սանդերսը։ – Անցյալ գիշեր, եղբա՛յր, ստիպված էի մի քանի բան հորինել։

-Գիտեմ։

-Խմբերգը։ Ոչ մի խմբերգ էլ չկար այնտեղ։

-Ճի՛շտ է։

-Ոչ էլ օպերա։

-Մոռացի՛ր, հասկանում եմ։

-Այո՛, բայց լսի՛ր, այդ ամենը շարունակում է ճշմարտություն լինել։ Այն վեց տղաները լսել էին այդ չար ձայնը, որին չէիր հավատա։

Սանդերսը վրան քաշեց իր թիկնապայուսակը, մի պահ փակեց աչքերը, իսկ հետո համարյա թե ժպտաց ինձ։

Գիտեի, թե հետո ինչ էր լինելու, բայց առաջ ընկա նրանից։

-Լա՛վ, – ասացի ես, – առակս ի՞նչ կցուցանե։

-Մոռացի՛ր։

-Ո՛չ, շարունակի՛ր։

Երկար ժամանակ լուռ էր՝ մի կողմ նայելով, և լռությունը ձգձգվեց այնքան, մինչև որ գրեթե անհարմար դարձավ։ Հետո թոթվեց ուսերը և այնպիսի հայացք գցեց վրաս, որ այն ամբողջ օրն աչքիս առաջ էր։

-Լսո՞ւմ ես այս լռությունը, եղբա՛յր, – ասաց նա։- Ահա՛ թե ինչումն է բանը։

Եթե պատերազմի մասին ճշմարիտ պատմության մեջ կա բարոյական խրատ, ապա այն նման է թելի, որից հագուստ են կարում։ Այն չի կարելի ձգել-երկարացնել։ Չի կարելի դուրս բերել իմաստը՝ առանց էությունը բացահայտելու։ Եվ, վերջիվերջո, իսկապես, պատերազմի մասին ճշմարիտ պատմության վերաբերյալ առանձնապես ասելիք չկա՝ հավանաբար բացի «օ՜»-ից։

Պատերազմի մասին ճշմարիտ պատմություններն ընդհանուր եզրակացություններ չեն անում։ Չեն ենթարկվում վերացարկման կամ վերլուծության։

Օրինակ՝ պատերազմը դժոխք է։ Իբրև բարոյախրատական շարադրանք՝ հին տրյուիզմը[7] միանգամայն ճշմարիտ է թվում, բայց քանի որ այն վերացարկում և ընդհանրացնում է, չեմ կարողանում ամբողջ էությամբ հավատալ դրան։ Ներսումս ոչինչ տակնուվրա չի լինում։

Ամեն ինչ դեպի ներքին հոտառություն է տանում։ Պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը, եթե այն ճիշտ կերպով պատմես, ստիպում է ներսդ տակնուվրա լինել։

            Հետևյալ պատմությունն այդպիսի ազդեցություն է թողնում վրաս։ Ավելի վաղ պատմել եմ այն (բազմիցս և բազում մեկնակերպերով), բայց ահա թե ինչ էր եղել իրականում։

            Անցանք գետը և շարժվեցինք դեպի արևմուտք՝ դեպի լեռներ։ Երրորդ օրը Կուրտ Լեմընը ոտքը դրեց ականապատ ծուղակի վրա։ Բռնոցի էր խաղում Ռեթ Քայլիի հետ, ծիծաղում էր, իսկ հետո մեռավ։ Ծառերը թանձրախիտ էին, և համարյա մեկ ժամ պահանջվեց, մինչև բժշկական ուղղաթիռի վայրէջքի համար գոտի բացեցինք։

            Ավելի ուշ լեռներում Վիետկոնգի[8] գոմեշի ձագ տեսանք։ Թե ինչ էր անում այնտեղ, չգիտեմ (ո՛չ ագարակներ կային, ո՛չ բրնձի դաշտեր), բայց հասանք նրա հետևից, պարանը վզին գցեցինք և լքված գյուղ տարանք, որտեղ տեղավորվել էինք՝ գիշերելու։ Ընթրիքից հետո Ռեթ Քայլին մոտեցավ և շոյեց նրա քիթը։

            Չոր մսաբուսականից մի բանկա բացեց՝ խոզի միս ու լոբի, բայց գոմեշիկին դա բան չասեց։

            Ռեթը թոթվեց ուսերը։ Մի քայլ հետ գնաց և կրակեց նրա դիմացի աջ ծնկին։ Կենդանին մի ծպտուն անգամ չհանեց։ Ծանր կերպով ընկավ, բայց շատ չանցած նորից ոտքի կանգնեց, և Ռեթը հանգամանորեն նշան բռնեց ու նրա ականջին կրակեց։ Հետևի վերջույթներին և մեջքի փոքրիկ սապատին նույնպես կրակեց։ Երկու անգամ կողերին կրակեց։ Այդ ամենը ոչ թե սպանելու համար էր անում, այլ տանջելու։ Հրացանի փողը գոմեշի դնչին դրեց և կրակեց բերանին։ Ոչ ոք ոչինչ չասաց։ Ամբողջ դասակը կանգնած էր այնտեղ՝ ամենատարբեր զգացումներ ապրելով, բայց առանձնակի խղճահարություն չկար գոմեշիկի նկատմամբ։ Լեմընը մեռած էր։ Ռեթ Քայլին կորցրել էր իր լավագույն ընկերոջը։ Ավելի ուշ երկար, անձնական նամակ էր գրելու տղայի քրոջը, որն անպատասխան էր մնալու, բայց այդ պահին միակ խնդիրը ցավն էր։ Պոչին կրակեց։ Կողոսկրերի տակի մսի կտորներին էր կրակում։ Ծխի, ցեխի և թանձր բուսականության հոտ էր գալիս շրջապատից, շատ շոգ ու խոնավ երեկո էր։ Ռեթը հրաձգության ավտոմատ ռեժիմին անցավ։ Անկարգ, համարյա պատահական կերպով էր կրակում՝ արագ ու կարճ կրակոցներ հասցնելով փորին և քամակին։ Հետո վերալիցքավորեց հրացանը, ծնկի իջավ և դիմացի ձախ ծնկին կրակեց։ Կենդանին կրկին ծանր ընկավ և փորձեց ոտքի կանգնել, բայց այդ անգամ ոչինչ չստացվեց։ Գոմեշիկն օրորվեց և կողքի ընկավ։ Ռեթը քթին կրակեց։ Կռացավ և ինչ-որ բան շշնջաց, ասես խոսում էր ընտանի կենդանու հետ, իսկ հետո դրա կոկորդին կրակեց։ Այդ ողջ ընթացքում գոմեշի ձագը լուռ էր կամ գրեթե լուռ, միայն կամացուկ կլկլոցի ձայն էր գալիս այնտեղից, որտեղ առաջ քիթն էր։ Լիովին անշարժ էր պառկած։ Ոչինչ չէր շարժվում՝ բացի աչքերից, որոնք շատ մեծ էին՝ փայլուն, սև և անմիտ բիբերով։

            Ռեթ Քայլին սկսեց լաց լինել։ Փորձեց մի բան ասել, բայց հետո մի կողմ քաշեց հրացանն ու հեռացավ։

            Մնացած բոլորս կանգնել էինք գոմեշիկի շուրջ՝ ծուռումուռ շրջան կազմած։ Վկան էինք դարձել ինչ-որ կարևոր, միանգամայն նոր և խորը բանի, մի կտոր աշխարհի՝ այնքան արտասովոր, որ դեռ անուն չուներ։

            Ինչ-որ մեկը ոտքով հրեց գոմեշիկին։ Դեռ ողջ էր, թեև հազիվ, միայն աչքերով։

            -Ապշեցուցի՜չ է, – ասաց Դեյվ Ջենսենը։ – Կյանքումս երբեք նման բան չէի տեսել։

            -Երբե՞ք։

            -Ո՛չ։ Ոչ մի անգամ։

            Կիովան և Միտչել Սանդերսը բարձրացրին կենդանուն։ Քարշ տվեցին դատարկ հրապարակով և գյուղի ջրհորը գցեցին։ Հետո նստած սպասում էինք, որպեսզի Ռեթը հավաքեր իրեն։

-Ապշեցուցի՜չ է, – շարունակ կրկնում էր Դեյվ Ջենսենը։

-Անշո՛ւշտ։

-Նոր բան է։ Երբեք նման բան չեմ տեսել։

Միտչել Սանդերսը հանեց իր յո-յոն։

-Դե՜, սա Վիետնամն է,- ասաց նա։- Չարիքի այգին, եղբա՛յր, ցանկացած մեղք իսկապես նոր և յուրօրինակ է։

Ի՞նչ ընդհանուր եզրակացության կարելի է հանգել։

Պատերազմը դժոխք է, բայց կիսով չափ, որովհետև պատերազմը նաև առեղծված, սարսափ և արկած է, խիզախություն և հայտնագործություն, սրբություն և խղճահարություն, հուսահատություն, ձգտում և սեր։ Պատերազմը գարշելի բան է․ պատերազմը զվարճալի է։ Պատերազմը հափշտակիչ է․ պատերազմը ծանր աշխատանք է։ Պատերազմը տղամարդ է դարձնում քեզ․ պատերազմը մեռած է դարձնում քեզ։

Ճշմարտությունները հակասական են։ Կարելի է պնդել, օրինակ, որ պատերազմը գրոտեսկ է։ Բայց իրականում պատերազմը նույնպես գեղեցկություն է։ Չնայած այդ ամբողջ սարսափին՝ չես կարող չհիանալ ճակատամարտի սոսկալի վեհությամբ։ Ուշադրությամբ նայում ես լուսածրող գնդակներին, որոնք ճեղքում են խավարը փայլուն, կարմիր ժապավենների նման։ Թաքնվում ես դարանատեղում, երբ սառը, անտարբեր լուսինը ծագում է բրնձի՝ գիշերային դաշտերի վերևում։ Հիանում ես շարժման մեջ գտնվեղ զորքի սահուն համաչափությամբ, հնչյունների, ձևերի և զուգաչափությունների ներդաշնակությամբ, շիկացած մետաղի՝ ռազմական ուղղաթիռից թափվող հսկայական հոսքով, լուսավորվող արկերով, սպիտակ ֆոսֆորով, նապալմի մուգ մանուշակագույն լուսարձակումով, հրթիռի կարմիր փայլով։ Իրականում այդ ամենն այնքան էլ գեղեցիկ չէ։ Ապշեցուցիչ է։ Համակում է աչքերդ։ Իշխում է քեզ։ Դու ատում ես այն, այո՛, բայց աչքերդ՝ ո՛չ։ Ինչպես մահաբեր անտառային հրդեհը, ինչպես քաղցկեղը մանրադիտակի տակ, ցանկացած մարտ, ցանկացած ռմբակոծություն կամ ցանկացած հրետակոծություն բարոյական բացարձակ անտարբերության էսթետիկական մաքրությամբ է օժտված (հզոր, անողոք գեղեցկություն), և պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը ճշմարտությունը կպատմի դրա մասին, չնայած որ ճշմարտությունը հրեշավոր է։

Պատերազմի մասին ընդհանուր եզրակացություններ անելը հավասարազոր է խաղաղության մասին ընդհանուր եզրակացություններ անելուն։ Գրեթե ամեն ինչ ճշմարիտ է։ Գրեթե ամեն ինչ մտացածին է։ Ըստ էության՝ պատերազմը հավանաբար ուղղակի մահվան ուրիշ անվանումն է, բայց այնուամենայնիվ՝ ցանկացած զինվոր կասի, եթե նա ճշմարտությունն է պատմում, որ մահվան մոտիկությունն առաջ է բերում համապատասխան մոտիկություն կյանքին։ Փոխհրաձգությունից հետո մեծ հաճույք ես ստանում կենդանությունից։ Ծառերը ողջ են։ Ամեն ինչ՝ խոտը, հողը։ Շուրջդ ամեն բան միանգամայն կենդանի է, և դու դրանց թվում ես, և այդ  կենդանությունը ստիպում է քեզ սարսռալ։ Կենդանի «ես»-իդ, ճշմարիտ «ես»-իդ, այն մարդկային արարածի, որ ուզում ես լինել և հետո դառնում ես՝ ի շնորհիվ կամքիդ ուժի, բուռն գիտակցումն է գալիս։ Չարիքի կենտրոնում լինելով՝ ուզում ես լավ մարդ լինել։ Պարկեշտություն ես ուզում։ Արդարություն, բարեկրթություն և մարդկային ներդաշնակություն ես ուզում, բաներ, որոնք երբեք չէիր էլ հասկացել, որ ուզում ես։ Մի տեսակ մեծություն կա դրա մեջ, մի տեսակ բարեպաշտություն։ Չնայած որ տարօրինակ է, երբեք ավելի կենդանի չես զգում քեզ, քան այն ժամանակ, երբ համարյա մահացած ես։ Գիտակցում ես, թե ինչն է արժեքավոր։ Նորովի, ասես առաջին անգամ, սիրում ես լավագույնը, ինչ կա քո մեջ և աշխարհում, այն ամենը, ինչ կարելի է կորցնել։ Մթնշաղին նստած ես խրամատումդ և նայում ես շառագունվող լայնահուն գետին և դրա հետևում գտնվող լեռներին, ու թեև առավոտյան անցնելու ես գետը և դեպի լեռներ ես շարժվելու՝ սարսափելի արարքներ գործելու և միգուցե մահանալու, այնուամենայնիվ՝ հասկանում ես, որ ուսումնասիրում ես գետի գեղեցիկ գույները, զարմանք և երկյուղած թրթիռ ես զգում արևամուտին, տանջալից, մղկտուն սիրով ես լցվում այն բանի նկատմամբ, թե ինչպիսին կարող էր լինել աշխարհը և ինչպիսին պետք է միշտ լինի, բայց այդ պահին այն այդպիսին չէ։

Միտչել Սանդերսը ճիշտ էր։ Սովորական զինվորի համար, համենայն դեպս, պատերազմն ասես հսկայական, ցնորական մեգ լինի՝ թանձր և մշտատև։ Ոչ մի հստակություն չկա։ Ամեն ինչ պտտվում է։ Հին օրենքներն այլևս չեն գործում, հին ճշմարտություններն այլևս ճշմարիտ չեն։ Ճիշտը սխալի է վերածվում։ Կարգ ու կանոնը վերածվում է քաոսի, սերը՝ ատելության, այլանդակությունը՝ գեղեցկության, օրենքը՝ անարխիայի, քաղաքավարությունը՝ վայրենության։ Պատրանքները կլանում են քեզ։ Չես կարող ասել, թե որտեղ ես և ինչու ես այնտեղ, և միակ անտարակուսելի փաստը բացարձակ երկիմաստությունն է։

Պատերազմի ժամանակ կորցնում ես ճշգրտության զգացումը, հետևաբար՝ ճշմարտության զգացումն ինքնին նույնպես, և դրա համար էլ վստահորեն կարելի է ասել, որ պատերազմի մասին ճշմարիտ պատմության մեջ բացարձակ ճշմարիտ ոչինչ չկա։

Հաճախ պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը նույնիսկ բուն էություն չունի, կամ էլ բուն էությունը հասկանում ես միայն քսան տարի անց՝ քնած ժամանակ, ու վեր ես կենում, արթնացնում ես կնոջդ ու սկսում պատմել նրան պատմությունը, բայց ավարտին մոտենալով՝ նորից մոռանում ես բուն էությունը։ Իսկ հետո երկար ժամանակ պառկում ու հետևում, թե ինչպես է այդ պատմությունը գլխումդ կատարվում։ Լսում ես կնոջդ շնչառությունը։ Պատերազմն ավարտվել է։ Փակում ես աչքերդ։ Ժպտում ես ու մտածում․ «Աստվա՛ծ իմ, ո՞րն է բուն էությունը»։

Այս մեկն արթնացնում է ինձ։

Այն օրը լեռներում տեսա, թե ինչպես էր Լեմընը շրջվում։ Նա ծիծաղեց և ինչ-որ բան ասաց Ռեթ Քայլիին։ Հետո տարօրինակորեն կես քայլ արեց՝ ստվերից արևի պայծառ լույսին դուրս գալով, և ականապատ ծուղակը շպրտեց նրան վերև՝ դեպի ծառերը։ Նրա մնացորդները ուղղակի կախվել մնացել էին այնտեղ, դրա համար Դեյվ Ջենսենին և ինձ հրամայեցին բարձրանալ և իջեցնել այն, ինչ մնացել էր նրանից։ Հիշում եմ ձեռքի սպիտակ ոսկորը։ Հիշում եմ մաշկի մասերը և ինչ-որ թաց ու դեղին բան, հավանաբար աղիքներն էին։ Չորացած արյան տեսարանը սարսափելի էր և չի մոռացվում, բայց այն, ինչ քսան տարի հետո ստիպում է ինձ արթնանալ, Նորման Բոուկերն է, որը «Կիտրոնի ծառ»[9]-ն էր երգում, երբ ներքև էինք նետում մնացորդները։

Պատերազմի մասին պատմության ճշմարտացիությունը կարելի է պարզել հարցերի միջոցով։ Ենթադրենք, ինչ-որ մեկը պատմություն է պատմում, իսկ հետո հարցնում ես․ «Իսկապես այդպե՞ս է եղել»։ Եթե պատասխանը նշանակություն ունի, ստանում ես քո պատասխանը։

Օրինակ՝ այս մեկը, բոլորս լսել ենք։ Չորս տղա գնում են ճանապարհով։ Նռնակ է թռչելով գալիս։ Տղաներից մեկը առաջ է նետվում, հարվածն իր վրա վերցնում և փրկում իր երեք ընկերներին։

Իսկապես այդպե՞ս է եղել։

Պատասխանը կարևոր է։

Խաբված կզգաս քեզ, եթե նման բան երբեք էլ չի եղել։ Չհիմնավորված իրականությունը ծամծված գովազդ, կատարյալ Հոլիվուդ է, սուտ այն իմաստով, որի համաձայն՝ սուտ են բոլոր նմանատիպ պատմությունները։ Բայց եթե նույնիսկ նման բան պատահել է (և միգուցե հենց այդպես է եղել, ամեն ինչ էլ հնարավոր է), նույնիսկ այդ ժամանակ եք գիտակցում, որ դա չի կարող ճշմարտություն լինել, որովհետև պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը կախված չէ նմանատիպ ճշմարտությունից։ Պատահականությունները նշանակություն չունեն։ Մի բանը կարող է տեղի ունենալ, բայց բացարձակ սուտ լինել․ մեկ ուրիշ բան կարող է տեղի չունենալ և ճշմարիտից էլ ճշմարիտ լինել։ Օրինակ՝ չորս տղաներ գնում են ճանապարհով։ Նռնակ է թռչելով գալիս։ Տղաներից մեկը առաջ է նետվում, հարվածն իր վրա է վերցնում, բայց նռնակը մահաբեր է և այնուամենայնիվ՝ բոլորը զոհվում են։ Սակայն մինչև զոհվելը, զոհված տղերքից մեկն ասում է․ «Սատանա՛ն տանի, ի՞նչ ես անում»: Իսկ առաջ ընկնող տղան պատասխանում է․ «Իմ կյանքի պատմությունն է, եղբա՛յր»։ Մյուս տղան սկսում է ժպտալ, բայց արդեն մեռած։

Այս է ճշմարիտ պատմությունը, որը երբեք չի եղել։

Քսան տարի անց դեռ աչքիս առաջ է Լեմընի դեմքին ընկած արևի լույսը։ Տեսնում եմ, թե ինչպես է շրջվում՝ նայելով Ռեթ Քայլիին, հետո ծիծաղում և անում այդ տարօրինակ կես քայլը՝ ստվերից արևի լույսին դուրս գալով, դեմքը բռնկվում է և սկսում փայլել, իսկ երբ ոտքը գետնին է դիպչում, այդ պահին նրան հավանաբար թվում է, թե արևի լույսն է սպանում իրեն։ Բայց դա արևի լույսը չէ, այլ 105 մմ տրամաչափի հաուբիցի լիցքավորված արկը։ Բայց եթե երբևէ կարողանայի ճշմարիտ կերպով պատմել պատմությունը, թե ինչպես էր արևն ասես լուսավորել, պոկել գետնից և ծառի վրա շպրտել նրան, եթե ինչ-որ կերպ կարողանայի վերստեղծել այդ լույսի ճակատագրական ճերմակությունը, սրընթաց ցոլքը, ակներև պատճառն ու հետևանքը, դուք կհավատայիք նրան, ինչին հավատացել էր Կուրտ Լեմընը, որի համար դա վերջին ճշմարտությունն էր։ Արևի լույսն էր կործանել նրան։

Ժամանակ առ ժամանակ, երբ պատմում եմ այս պատմությունը, հետո անպայման մոտենում է ինչ-որ մեկը և ասում, որ հավանեց։ Եվ մոտեցողը միշտ կին է։ Սովորաբար տարեց կին է՝ բարի և մարդասեր։ Նա բացատրում է, որ որպես կանոն՝ ատում է պատերազմական պատմությունները, չի կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ ուզում արյան մեջ թաթախվել։ Բայց այս մեկը նրան դուր էր եկել։ Պահեր էին եղել, երբ նույնիսկ աչքերը մի փոքր արցունքոտվել էին։ Ըստ նրա՝ միակ բանը, որ պետք է անեմ, այդ ամենը անցյալում թողնելն է։ Պետք է պատմելու նոր պատմություններ փնտրեմ։

Չեմ ասի, բայց կմտածեմ։

Կպատկերացնեմ Ռեթ Քայլիի դեմքը, նրա վիշտը և կմտածեմ․ «Հիմար պոռնիկ»։

Որովհետև նա չէր լսում։

Այդ պատմությունը պատերազմի մասին չէր։ Այդ պատմությունը սիրո մասին էր։ Պատմություն էր ուրվականների մասին։

Բայց դու չես կարող ասել դա։ Միակ բանը, որ կարող ես, այն նորից պատմելն է՝ համբերատար, հավելումներ ու շտկումներ անելով, մի քանի բան հորինելով, որպեսզի հասնես իրական ճշմարտությանը։ Ասա՛ նրան, որ Միտչել Սանդերս գոյություն չունի։ Գոյություն չունեն ո՛չ Լեմընը, ո՛չ էլ Ռեթ Քայլին։ Եվ այդ ամենը կատարվել է ոչ թե լեռներում, այլ մի փոքրիկ գյուղում՝ Բաթանգան թերակղզում[10], և խելահեղ անձրև էր տեղում, և մի գիշեր Սթինք Հարիս անունով մի տղա ճչալով արթնացել էր, քանի որ տզրուկ կար նրա լեզվի վրա։ Կարող եք պատերազմի մասին ճշմարիտ պատմություն պատմել, եթե ուղղակի շարունակեք պատմել այն։

Վերջիվերջո պատերազմի մասին ճշմարիտ պատմությունը, իհարկե, երբեք էլ պատերազմի մասին չէ։ Այն մասին է, թե ինչպիսի յուրահատուկ ձևով է լուսաբացը տարածվում գետի վրայով, երբ գիտես, որ պետք է անցնես գետը, շարժվես դեպի լեռներ և անես բաներ, որոնք վախենում ես անել։ Այն սիրո և հիշողության մասին է։ Այն վշտի մասին է։ Այն քույրերի մասին է, որոնք երբեք պատասխան նամակներ չեն գրում, և մարդկանց մասին, որ երբեք չեն լսում։

Թարգմանությունը անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

[1] Ստորացուցիչ եզրույթ, որն օգտագործվում է կորեացիների և վիետնամցիների համար։ Եզրույթն առաջացել է, երբ ամերիկյան զորքերը, որոնք մասնակցում էին Կորեական պատերազմին, լսեցին «Miguk» բառը, որը կորեերենում նշանակում է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այդ բառն արտասանվում է նաև «Me Gook», և ամերիկացիները կարծել են, թե կորեացիներն իրենք իրենց են այդպես անվանում, և այդպես այդ եզրույթը գործածության մեջ է մտել։ Այդ անվանումը կիրառվում էր նաև վիետնամցիների համար, քանի որ ամերիկացի զինվորները գաղափար չունեին, թե ինչ տարբերություններ կան բոլոր ասիացիների միջև։

[2] Խաղալիք, որը բաղկացած է չափսով և քաշով նույն սկավառակներից, որոնք միմյանց են ամրացված առանցքով, որի վրա պարան է անցկացված։

[3] Նահանգ Վիետնամի կենտրոնական հատվածում։

[4] Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք։

[5] Մամա-սանը սովորաբար հեղինակություն վայելող կին է, որը պատասխնատու է գեյշաների տան, բարի կամ գիշերային ակումբի համար Արևելյան Ասիայում։

[6] Հրաշալի մյուզիքլ, որում գործողությունները տեղի են ունենում Շոտլանդիայի մառախլապատ, բարձր լեռներում գտնվող երևակայական քաղաքում։

[7] (փիլ․) Հանրահայտ, ինքնահայտ ճշմարտություն, տափակություն։

[8] Հարավային Վիետնամի ազգային-ազատագրական ճակատ։

[9] Գերմանական «Fool’s Garden» ռոք խմբի երգը։

[10] Թերակղզի Քուանգ Նգայ նահանգում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *