Դանիել Խաչատուր | Ճաքեր

23

Ես երազում եմ մթության և խաղաղության մասին,
Երկարատև մթության․․․
Որ կթաքցնի, կփրկի մեզ իրարից,
Որ վերջապես կկտրի մեզ կապող բոլոր թելերը,
Չի թողնի որեւէ ընդհանրություն։
Եվ խաղաղություն կլինի․․․
Սրտի և մտքի հանգստություն՝
Հանդարտ ալիքների վրա նավարկության պես։
Ես կդադրեմ ամեն տեղ քեզ փնտրելուց,
Տեղ փնտրելուց, որ թաքնվեմ քեզնից․․․
Էլ երբեք չեմ խոսի հետդ
Ու չեմ բացատրի երևույթներ, որոնք չկան քո բնության մեջ,
Չեմ բացատրի, թե ինչ է թաքնված իմ արհամրհանքից անդին,
Քեզ չնայող աչքերի խորքում,
Սառը հայացքների տակ․․․
Լարված մթնոլորտ,
Որ կզնգա զարթուցիչի պես։
Ամառներ կանցնեն,
Կանցնեն աշուններ և ձմեռներ․․․
Ես կանցնեմ քեզ, ինչպես փողոց եմ անցնում։
Ես բոլոր արևները կսեղմեմ դեպի անհատակ հորիզոնները,
Որ նրանք տանեն քեզ իրենց հետ,
Փոխարենը բերելով տևական խավար և հանգստություն։

 

Ալիք

Ես չեմ կարող բացատրել կամ անվանել սա,
Սահմաններն այս.
Ինչ-որ մի բան՝ նման չլուսացած առավոտի ու չմթնած գիշերվա
Նման մի թշվառ կայծի,
Որ իրենից հետո վիթխարի ամպրոպ է թողնում
Հանգիստ, ինչպես ծովի ալիքներն առանց քամու,
Որ ներսում պահում են խիտ սառնություն՝
Թույլ չտալով ջրում երկար մնալ
Հանգիստ, ինչպես հողը,
Որ ներսում հնազանդորեն կրում է երկրաշարժեր
Ու պահում է իր խորքում հարատեւ ծառերի ծանր արմատներ,
Անդադար դեպի երկինք ձգտող ծառերի,
Անդադար վերադարձող դեպի նույն կետը՝
Խորքերը հողի
Ինչպես հողը,
Որ ամենախորքում զսպում է կրակ…
ու թվում է հանգիստ, լուռ ու խաղաղ
Ես չեմ կարող բացատրել կամ անվանել սա.
Հանգստություն՝ նման լռության,
Որ միայն գիշերը կարող ես զգալ։

 

Սուրճիս բաժակը չմոռանաս

-Արի պատշգամբում սրճենք։
Երկնքից թափվող գարունն այս…
Ստիպում է հասկանալ, որ ես կարոտել եմ.
Խոտերը կանաչ,
Վայրի ծաղիկները,
Օդում տարածվող բույրերը…
Ես կարոտել եմ
Քամու եւ արեւի խառնուրդը։
-Բաժակս կնայե՞ս։
-Նայել չգիտեմ, բայց շուռ տուր,
Եթե ափսեին կպավ, սիրող կա քեզ։
-Հաստատ չի կպչի…
Լույսը ներս թողնելու մասին երգն այս…
Շինարարության ձայները երգին խառնվող,
Երկնքի գույնը,
Անձրեւ խոստացող ամպերին նայելը…
Վերադարձնում են իմ կարողությունը
Մանրուքներում գեղեցկություն տեսնելու։
-Մեկ է, չի կպչի ափսեին,
Գիտեմ՝ ինձ սիրող չկա։
-Կկպչի ու ես այբուբենը կասեմ,
Տեսնենք՝ ինչ տառով է սիրեցյալիդ անունը սկսվում։
-Չմոռանաս…
Գիտեմ՝ ինձ սիրող չկա,
Եվ զրույցներն այս,
Մտքերն այս բոլոր,
Ստիպում են հասկանալ, որ ես կարոտել եմ…
Ես կարոտել եմ…
Սուրճիս բաժակը չմոռանաս։

Ճաքեր

Ես կքայլեմ՝ ձեւանալով ուժեղ ու ձիգ,
Կնստեմ նրանց առաջ հպարտ կեցվածքով՝
Մեջքս ուղիղ, ոտքս ոտքիս կգցեմ…
Հետո նրանք կտեսնեն իմ ճաքերը։
Ես սփոփանք, խղճահարություն ու հույսեր կվերցնեմ,
Կլցնեմ դրանք ճաքերիս մեջ
Ու կլինեմ վթարային մի շենք՝
Կոսմետիկ դզած-փչած ֆասադով։
Իմ հոգում մամուռ է,
Մենք կշնչենք իմ խոնավության բուրմունքը,
Ներկ կփչենք բորբոսներիս վրա
Ու կսպասենք նորից բորբոսնելուս։
Պարտեզում հույսեր կցանեմ,
Որը պարզապես երեւում է լուսամոտից,
Որն ինձ չի պատկանում…
Ու չեմ տեսնի դրանց ծաղկելը։
Գիշերն անկողնուս մեջ կթափվեմ
Կգրկեմ մամուռներս ու բորբոսներս,
Կտրվեմ տագնապներիս խեղդող փաղաքշանքին
Ու կփորձեմ գոնե փափուկ տեղ գտնել փլուզմանս համար։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *