Զավեն Բեկյան | Անհամեստ ցանկություններ

 

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

ԱՆՀԱՄԵՍՏ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ մարդ գիտի, որ արդեն շատ ժամանակ չի մնացել,
մի այլ տեսակ է նայում աշխարհիս ամեն ինչին։
Նույնիսկ բաներ կան, որ ուզում ես մոտենալ, շոշափել,
որովհետև Այնկողմերում ՝ հնարավոր է՝
զգայարաններ չունենաս այլևս ․․․
Օրինակ, զբոսնելիս այգում տեսնում ես մի ծառ՝
կնճռոտ ծառաբնով և չգիտես ինչու,
ուզում ես մոտենալ, շոշոփել կնճիռները, որոնք
քոնոնցին այնպե՜ս շատ են նման ․․․ Եվ էլի ուրիշ
բաներ ես տեսնում, որոնց ձգտում է քո
շոշափելիքը, բայց այստեղ
անհարմար է խոսել նման բաներից ․․․

Հիմա չգիտեմ ՝ հարմար է, թե անհարմար՝
բայց շատ կուզեի իմ կենդանության օրոք
շոշափել բանաստեղծություններիս հատընտիրի կողերը:
Գուցե դա ինձանից հետո լինի,
բայց սույնը նման կլիներ արդեն
ընտիր բառապաշարով արտասանված
մի դամբանականի, որի հասցեատեր
ննջեցյալի համար արդեն միևնույնն է ․․․

Գուցե հետո այնտեղ, ուր գնում են
մարդիկ, երբ ժամանակը գալիս է,
հրեշտակապետը երեկոյան զբոսանքի ժամին
ինձ ցույց կտա մի ծառ՝ մոխրագույն սաղարթով,
որի վրա զվարթ վերուվար են անում
պայծառ կայծոռիկներ՝ շողշողուն մի տարմով,
և կասի՝ տես, սա քո խնամած ծառն է այն բանավոր,
վրան՝ քո բառերը՝ փայլուն կայծոռիկներ ․․․
Կասի նաև , որ այդ բառերն արդեն ես այլևս
չեմ կարող ոչ ավելացնել, ոչ էլ՝ պակասեցնել,
որովհետև արդեն ես Այդտեղերքի
մունջ միանձններից մեկը կլինեմ այլևս՝
այդժամ և հավիտյանս հավիտենից ․․․

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԴԵՌ ԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ․․․

Թավուտների խորքից
կկվականչերը՝
գոնգ ։—
Գոյի
մրցագորգի վրա
կարող էի մրցել
քամու հետ՝ անհոգությամբ,
ամպի հետ՝ թեթևությամբ,
աստղի հետ՝ պայծառությամբ,
առվի հետ՝ ընթացքով ժիր ․․․

Էլի այսպես մարտ էր ․․․
Մանրատերևի ժամանակն էր,
և ես՝ թռչկոտող գառների մեջ՝
այնպես,
որ հաստա՛տ հրեշտակը,
որ գալիս է թուղթուգրով ,
որ մարդահաշվեմատյանով է գալիս,
որ ունի հաստատված ցուցակը հոգիների՝
չէր տարբերի ինձ գառների մեջ —
ես մայուն էի, ես՝ մի
ծլվլոց սաղարթաբուխ ․․․

Թող հիմա ծիածանը
փաթաթվի ինձ պորտալարի պես՝
այնպես, ասես երկնում է երկիր
և այնպես, ասես երկնում է երկինք,
և գույների վրայով թող վազի մի պատանեկիկ
դեպի կաթե վազքուղյակը Կաթնծիրի,
ոտաբոբիկ ու ինքնամոռաց,
դեպի ծիրերը այն Անծիրի ․․․

 

ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՌԱՉԱՆՔԸ

Իմ Ռոսինա՜նտ,
անչափ շնորհակալ եմ երկարամյա
քո երիվարական ծառայության համար։
Որ տարիներ շարունակ անմռունչ տարել ես այս
երկաթեղենը՝ զենքուզրահը իմ ՝
իբրև թեթև քամի ․․․
Եվ գիտեմ քո՝ ձիուդ մտածողությունը —
ինչքան ծանր է բեռը,
այնքան կարևոր է ՝ իբր ․․․

Դու շատ նման ես եղել ինձ քո ամեն ինչով
( և դու հաստատում ես սա քո զնգուն խրխինջով ) ։
Առած կա՝ ասում է եթե ապրանքը
իր տիրոջը չնմանվի՝ կասեն գողացված է…
Ինչպես որ ես եմ ինձ համարել
Տխուր Կերպարի ասպետ մի անզուգական,
այնպես էլ դու քեզ համարել ես Պեգաս,
թեև թևերիդ տեղ դու կրել ես միայն սույն
Դոն Կիխոտ Լամանչեցի հորջորջված անպետքությունը ․․․

Իմ Ռոսինա՜նտ,
մեզանից կմնա ընդամենը ոսկորների մի կույտ,
կհեռանանք սուսուփուս ․․․ Սակայն ի՞նչ փույթ,
ավելի լավ է այս աշխարհում լինել
մի ցնորված ասպետ,
քան թե Սանչո տգետ։
Լինել ձի մի ՝ թող՝ գեշ,
քան թե Սանչոյի էշ։
Ո՜վ է հասկանում, սիրելիս, այս աշխարհի բանը —
հաշվենկատ սրիկա՞ն է լավ, թե բարի անբանը ․․․

 

ԱՐՏԱՇԵՍ ԱՐՔԱՅԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՄԱՀԸ

Երազանքն այն է,
երբ շիկափոկ պարան ես նետում
դեպի Ալանիայի կողմերը,
դեպի հեռաստանի անհայտ հեռուն,
ինչպես մի ձկնորս՝ իր կարթը,
և աղոտ մի քաղցր զգացում է
ողողում սիրտդ, երբ զգում ես,
որ պարանը փաթաթվել է
փափուկ ինչ-որ բանի ․․․

Իրականությունն այն է,
երբ ավարդ՝ այդ ավարա ալանուհի
Սաթենիկ տիկինը
ողջ կյանքում սուտ բողոքում է,
թե պարանը ցավեցրել է իր բարակ մեջքը,
թե՝ այն ցավում է մինչև հիմա
և պատեհ ու անպատեհ
ամեն առիթով հանդիմանում է քեզ ․․․

Հիասթափությունն այն է,
երբ լսում ես, թե ինչպես է թագուհիդ կողքիդ,
քնի մեջ տալիս Արգավանի անունը
ու խավարծիլ տենչում նրա
արգավանդ տիրույթներից ․․․

Իսկ միակ փրկությունն էլ այն է,
որ հեծնես Սեավն, Սեա՜վն արծվաթռիչ
ու հեռանաս դեպի Այն կողմերը,
ո՜վ արի արքա Արտաշես ․․․

 

ՀՈՄԵՐՈՍ

Եվ ջրերը բաժանված էին ջրերից,
բայց խավարը դեռ չէր բաժանված խավարից ակնակուր ։—
Համատարա՜ծ մութ երկինք,
ուր նույնիսկ մի մոլորված ասուպի նշույլ չկա ․․․
Սակայն Բանն իր մոտ էր՝ իր անիմաստ բաց կոպերի տակ
( բիբեր չունենալն էական չի սակայն՝ դրանից հետագայի
քանդակագործների գործը միայն կհեշտանա ․․․
Թեև Ֆիդիասը և մյուսները
բոլորին են անբիբ քանդակել ):

Ձայնե՞ր՝ կային, ծովը ճողփում էր,
ինչպես խոսքն՝ իր աստվածային լռության
կաղապարների մեջ։ Ձկնավաճառների ձայներ,
հոմանուհիների քրքիջ՝ սակարկության արանքում —
ուզես-չուզես՝ աշխարհը սակարկություն է համատարած ․․․

Ձկնորսների հարցերն են մահացու։ —
Նրանց հայացքը ողջ օրը սևեռված է
ծովի խորխորատների վրա՝ ինչպես
ամեհի Անհայտի վիհի վրա։
Աշխարհը լի է աստվածներով ու սակարկություններով,
բայց ձկնորսներն ամենից շատ ու աղերսագին
Պոսեյդոնի առջև են աղոթում, որ սա
իր եռաժանիով ձկներին ծովի մակերես քշի ․․․

Իսկ կայսրը մրցանակը Հեսիոդոսին տվեց,
որովհետև սա վարուցանքից էր անվերջ խոսում, անամպ
երկինքներից ․․․ Իսկ ինքը որոտում էր
իր միջի առատությունից՝ անզոր
պարտակելու Զևսի շանթերի փայլը,
որոնք ինքը ձևավոր ու փայլեղեն չէր կարողանում
պատկերացնել, այո, բայց դրանք մութ-Բանեղեն խլրտում էին
իր երևակայության սրտի ամենախորքերում ․․․
Բայց ամֆիթատրոնն իրե՛ն ծափահարեց, այնուամենայնիվ ․․․

Տրոյան ու Իթակեն այդպե՛ս ջրի երես ելան՝
այդ ներքին շանթեղենով թաթախված ․․․
Յոթը քաղաք վիճում էին իր ծննդավայրը հռչակվելու համար,
իսկ հանգստարանի քաղաքի համար վեճ չկար,
քանզի ինքն արդեն անմահ էր ամենուրեք ․․․

 

* * *

Հայոց լեզվի թագուհին գնում էր շորորաքայլ,
պճնասեր՝ փայլ տալով, փայլ առնելով տերունական
Բանի գանձարանից։ Վեց ձայնավոր
փայլում էին նրա վրա ականջօղերի տեղ,
արծաթորեն զընգալով, երեքն՝ աջից, երեքը՝ ձախից։
Եվ ոսկեթիթեղների պես ղողանջում էին
տառազարդերն իր զգեստի՝ ամեն քայլ գցելիս ․․․
Եվ իր հետ գնում էր ստվար իր շքախումբը —
Նարեկացու սպասավորը վեհապանծ մանվածապատ,
Նարեկացու նաժիշտը տաղորեն ճարտարախոս,
Եղիշեի փոքրավորը շուրջառով ոսկեղենիկ,
Շնորհալու դպիրը լուսաթաթախ ձայնեղ,
Մեծարենցի պատանյակը նրբամետաքս զգեցյալ,
Տերյանի արքայամանուկը աղոթաթոթով,
Թումանյանի գեղջուկ ճորտուհին լեզվանի կարմրաթուշ,
Հրանտի մահակակիրը հատու խոսքեր սեպող,
նաև զվարթածիծաղ դպիրների մի խումբ՝
Լևոնինը Խեչոյան, Աշոտ Ավդալյանինը,
Հրաչինը Բեյլերյան, Հակոբինը Մովսես ․․․
Եվ գնում էր հայոց լեզվի դշխոն այսպես,
գնում էր, որ անմահության պալատներում հարատևի ․․․
Եվ գորովանքով նայում էր Աստված իր ետևից ․․․

 

ԺԱՄԱՆԱԿԻ ՔԱՄԻՆ, ՈՐ ԹԵՐԹՈՒՄ Է
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՄԵՐ ․․․

Ոնց որ թե անցնես
ծիծաղի սենյակի
մազալու հայելիների
առջևով ․․․ —

Շարմաղ երեխայի մեր
լուսանկարներում
մենք համարյա թե
հրեշտակներ ենք,իսկ
մեր թևերը չեն երևում
պարզապես լուսանկարչի
անփութության պատճառով ․․․

Պատանեկություն, երիտասարդություն,
հասուն այր ․․․ Մեր գլուխը, մեր դեմքը
հասունանալով մի․․․ կաղամբի պես,
փոփոխվում է ու գնալով
բազմաշերտ կնճռոտվում ․․․

Քչերին է հաջողվում հասնել
ութսունի մատույցներն ու ընդունել ․․․
ոսկրոտ մի խեցգետնի տեսք՝
ձեռնափայտի չանչը
ժամանակի քամուն
հակընդդեմ պարզած ․․․

 

ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Այն տարիներին, այն հին տարիներին
լուսատուները վառվում էին կամարներին,
․․․ արուները պաշտում էին մարիներին,
խելոքները խնայում էին հիմարներին ․․․

Դրա՜խտ էր տանում ամեն ուղի։
Հեռու՜ էր սև ամրոցը Բեհեղզեբուղի։
Այնտեղ ջադուները խաղում էին վիստ։
Կատուները՝ պարելով կատաղի թվիստ,
հենց պարելու հետ էլ բռնում էին մուկ,
նայում էին երկա՜ր տխուր, տամուկ
աչքերով ու էլի բաց էին թողնում ․․․

Արքաները չէին մեռնում անկողնում,
այլ՝ ոտքի վրա — ծեր, զառամած՝
դիակ էին դառնում կամաց-կամաց,
գրում օրը հարյուր հրովարտակ,
ժամերով ճառում դատարկ-դատարկ ․․․

Այն տարիներին, այն հին տարիներին
լուսատուները վառվում էին կամարներին։
Մենք՝ ջահել, ուժեղ, մահը՝ տկար,
իսկ ժամանակը՝ կա՞ր, թե չկար ․․․

 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՏՀՈՒՆՁ

Բանաստեղծություն գրելը խոտհնձի նման է,
այն տարբերությամբ միայն , որ խոտ հնձելիս
գերանդին աջից ձախ ես բերում, իսկ
բանաստեղծություն գրելիս՝ լրիվ ընդհակառակն։

Խոտհնձի ժամանակ հնձվող խոտերն են
սըվսըվում, իսկ գրելիս՝ բառերը՝ մտքիդ մեջ․․․

Գրելիս խնամքով տեղադրում ես
կետադրական նշաններն, իսկ հնձելիս
եղածներն էլ թռչում, չքվում են՝ որպես մորեխ ․․․

Հնձելիս քրտինքդ ծորում է երեսդ ի վար,
իսկ գրելիս նույնն է, բայց այս դեպքում ՝ դեպի ներս ․․․

Խոտհնձի ժամանակ գերանդիի շեղբն է
փայլատակում խոտերի մեջ, իսկ գրելիս
երկնառաք մի լույսի շիթ ՝ վետվետացող հույզիդ մեջ ․․․

Խոտհնձի ժամանակ գիտես՝ գործ ես անում,
արածդ կբըլրվի, գոհ կմնան գոնե ․․․
մի քանի կով ու քո պատվին կես բերան կբառաչեն,
իսկ գրելիս ուրիշ է — ու՞մ է պետք, ինչու՞ համար —
գրիչդ կդնես ցած ու թաքուն կհառաչես ․․․

 

* * *

Դու դեռ ինչքան հնարավոր է՝ երկար ապրիր, բարեկամս,
որովհետև քեզանից հետո, ըստ Էփիմերտեի առկա նշանների,
ոչ ոք չի հիշելու քեզ ու քո բանաստեղծությունները,
ոչ ոք չի հրապարակելու դրանք նույնիսկ
ֆեյսբուքի հանապազօրյա ծանծաղուտներում ․․․

Դու մի գրական թխսկանի նման
ինչքան հնարավոր է՝ երկար նստած մնա
քո անտիպների ճտերի վրա,
որոնք ամենևին բստրոցի ինկուբատորից չեն,
որոնց սնել ես քո տաք արյամբ
և որոնց վրա ամենևին, երբեք
համառ գովազդային չես կռթկռթացել ․․․

Քո պոեզիայի արևն ամենևին սառը
նեոնային չէր, բարեկամս —
և այդ պատճառելով էլ կրիտիկոսների ծախու փաղանգը
դրանց նայեց մրոտված ապակիով,
բայց արևի խավարում ոչ ոք չտեսավ
և դեռ երկար ժամանակ չի՜ տեսնելու ․․․

Դու միայն դեռ ինչքան հնարավոր է՝ երկար ապրիր, բարեկամս,
որովհետև քեզանից հետո, ըստ Էփիմերտեի առկա նշանների ․․․
Որովհետև քեզանից հետո դու այլևս չես լինելու, ավաղ ․․․
Դու միայն դեռ ինչքան հնարավոր է՝ երկար ապրիր, Զավեն Բեկյան ․․․

 

* * *

Կույր ժամանակը
Հավերժության ատամնանիվն է
պտտում անդադար, հանց
գերյալ, աչքերը հանած
Սամսոնը՝ փղշտացիների
տաժանավայրում ․․․

Բայց ես չեմ նայում
ժամացույցի սլաքներին ոխով,
ինչպես Տխուր Կերպարի ասպետն՝
այն հիդալգոն՝ հողմաղացի թևերին ․․․
Բայց ես իմ սրտի գաղտնիքը
չեմ մատնել Դալիլայի
մատների նենգ սանրին ․․․

Բայց ես երկար, սևեռուն չեմ նայել
լուսնի չեչոտ, ծաղկատար դեմքին
աշնանային սառը ջրափոսերի խորքում,
մեռյալների սև արեգակի պես
դավադիր ծպտված ու թաքնված ․․․
Եվ ես հույս ունեմ, որ չեմ մնա
կույր ժամանակի ատամնանիվի
ատամների տակ ․․․

 

* * *

Գնա, գնա տես՝ Հոգին,
Հալլեի գիսավորի պես վեհապանծը,
ինչպես է սխալմամբ Երկիր իջել
ու մոլորվել նրբանցքներում ակնակուր մութ
և չի գտնում ծիրը վերադարձի ․․․

Գնա, գնա տես՝
կուսության երդում տված
վեստալուհիներն ինչպես են
կակաչի թերթիկների պես բոլորվել
տաճարական սրբազան կրակի շուրջ
ու հոգում են, որ այն անմար մնա,
մի կերպ զսպելով իրենցը՝ կրակը մարմնական ․․․

Գնա, գնա տես՝
անմոռուկ ծաղիկն ինչպես է
տառապում հիշողության կապույտից,
փորձելով այն թոթափել ամպրոպների մեջ
մոռացության, իբրև մի զոհ
Գոյի միջաստեղային կառափնարանի վրա ․․․

Գնա, գնա տես
ու այլևս երբեք,
ու այլևս երբեք չվերադառնաս ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *