Էլեն Հակոբյան | Չկաստան

Լուր չկա․
ստվերներն արդեն ճամփա չեն ընկնում գիշերը,
և մոռացվել է գուցե Չկաստանի հասցեն։
Պատանիներ էին,
վայրի երգեցին, պարեցին կրակների շուրջ,
կախարդական փոշով թռան ափեափ
չծերանալով։
Ոսկեգույն մազերով,
կապույտ աչքերով աղջիկ էր,
որ երազեց ինքնիրեն,
թե քամին բացում է փեղկերը լուսամուտի,
թե հոսում է կյանքը դեպի արտերը ոսկեգույն
կապույտ երկինքների տակ
թե վրիպում է ժամանակը,
և մարմինները հողեղեն չեն փոշիանում։
Չկաստանում հիմա մոխիր է ափեափ․
այրվել են պատանիներն այդպես անհոգ, միամիտ, զվարթ․
իսկ աղջիկը անշուշտ
ծերանում է։

 

***
Մենք այսօր տուն ենք դառնում –
դեպի վատնումի երկիր՝
մսխելու մեր բաժին հացը,
փսխելու մի պատառ աղոթք
բարձին, որի տակ թաղվելու ենք
յուրաքանչյուր առավոտ
դառը սուրճ ենք խմելու, հայրի՛կ,
նորություններ ենք կաթեցնելու
ցամաքած մեր երակներում վազելու է սարսափի հմայքը․
մայրի՛կ, քեզ ծաղիկներ ենք բերելու
կարմիր, թեև պահվել է կյանքը
քարերի տակ հարթ․
ասում են՝ ծախվեց հարյուր հազար տոմս
հուղարկավորության։
Մենք այսօր տուն ենք դառնում հանգիստ –
միևնույնն է, արդեն գնած
մի անվրեպ ճակատագիր
և վատնումի երկիր։

 

***
Քաղաքը խուլ,
քաղաքը հաշմված,
իր մահերով հազար ու մի
անսկիզբ ու անվերջ
պտույտի մեջ հանկարծ
արթնանում է Աստված,
հանկարծ
մի պահ
նկատում բոլորին
և լաց լինում
և լաց լինում
հենց քեզ համար։

 

***
Անշրջելի, իբր փրկություն, գլորվում է տարին․
ծերանում է մայրդ այնպես աննկատ,
որ թվում է՝ երջանիկ է․
և տխրությունը բովանդակ,
քեզ համար արդեն անլուրջ ու անհիմն,
ազատ խածում է կրծքավանդակում․
մի ներվային ծիծաղ շտապում է բացատրել ներկան․
սկսվում և ավարտվում է լացը
չստացվող բանաստեղծության պես իմաստազուրկ․
և չորանում է թանաքը՝
ոչինչ չտված բառին։
Այդպես սիրում են թույլերը – կիսատ,
և պատահմունքի ուժով երբեմն
հավատում Աստծուն։
Դարձ ի շրջանս յուր․
պտտվում է սլաքը նորոգված ժամացույցի,
և ծերացող մայրդ, թվում է, երջանիկ է։

 

***
Այնպես հեշտ, այնպես արագ է պարպվում
լավագույն գալիքը օրերի մեջ ներկա, տխուր․
մանրացած երջանկություն՝ նման
գունավոր կոնֆետների,
որ թշշում են մի պահ
ու լեզվի տակ հալվում։

ԷԼԵԳԻԱ

Առավոտյան երբ արթնանում եմ,
մի պահ ամեն բան հիանալի է թվում,
պատկերացնում ես, հիանալի է թվում,
բայց վերադառնում է հիշողությունը․
գիտեմ՝ ժամանակ չկա տխրելու,
և ես վեր եմ կենում ու հագնվում,
ես լվացվում եմ ու նախաճաշում,
ես թերթում եմ ֆեյսբուքյան անցուդարձը,
ես շպարվում եմ,
այո, ես շպարվում եմ, սիրելիս,
ու գնում աշխատանքի․
և ճանապարհին ես չեմ միացնում ականջակալները,
որովհետև, գիտես, պետք է ուշադիր լինել
կանգառներում և ավտոբուսների մեջ,
և որտեղ շատ են տարբեր մարդիկ,
ես դիտում եմ նրանց,
և նրանք ասում են բաներ, որ ես չգիտեմ,
պատերազմից ու հիվանդություններից,
ես զարմանում եմ երբեմն,
այո, ես զարմանում եմ, սիրելիս․
և այնտեղ՝ աշխատավայրում նույնպես
ես չեմ կարող լաց լինել,
որովհետև, հասկանում ես, պետք է գոհ լինեն գործընկերները և ղեկավարները,
և մարդիկ առհասարակ պետք է գոհ լինեն,
և մենք քննարկում ենք ճաշարանի կոտլետների բաղադրությունը,
այո, մենք լրջորեն քննարկում ենք կոտլետների բաղադրությունը․
և հանգստյան օրերին հաճախ
ես հանդիպում եմ ընկերներիս,
մենք զբոսնում ենք ու ճաշում,
նրանք կատակում են ու ծիծաղում,
և ես նույնպես կատակում ու ծիծաղում եմ, սիրելիս․
և տանը ես փոխում եմ հագուստս,
ես մաքրում եմ շպարս
և ընթրում թեյով ու թխվածքով,
ինչպես սիրում եմ, սիրելիս,
այո, ես հիմա էլ այդպես եմ սիրում,
և շարունակում եմ նայել կիսատ թողած ֆիլմը
և շարունակում եմ կարդալ գրքերս այնքան,
մինչ քունս տանում է, և ես քնում եմ, սիրելիս,
իսկ գիրքը թերթվում է ու փակվում ինքնիրեն,
ֆիլմը շարժվում ու ավարտվում է ինքնիրեն
այնպես, որ հետո ստիպված
ես շրջում եմ էջերը, ես շրջում եմ րոպեները,
մինչև հասկանամ` որտեղ եմ կանգ առել։

Այդպես է լինում, սիրելիս,
և լինում է այնպես, որ հիշում եմ քեզ․
այո, ես հիշում եմ քեզ․
և կրծքավանդակում խմորվում է ցավը անհարմար,
և հուսահատությունը կլանում է ամբողջովին,
և բառերը` խցանված կոկորդում` ինչպես դողը վերջույթներում,
չի ստացվում շնչելը,
հեկեկանքը թափվում է ներս․
և այդ ժամանակ, սիրելիս, այդ ժամանակ
եթե իմանաս՝ ինչպես եմ ուզում
կծկվել ու փոքրանալ ու պահվել քո կողքին
սեղանի տակ, ծածկոցի տակ կամ
հողի տակ,
սիրելիս։

 

***
Ամեն բան մերն է`
ես գիտեմ.
կյանքը շարունակվում է,
և լեռան գագաթը դուրս է ցցվում մշուշի միջից.
դեռ որքան ճանապարհ կա անցնելու.
ոսկի ծաղիկը` ինչ-որ տեղ
ծերպերի արանքում նվաղած.
ոչ ոք չի փորձի բարձրանալ լեռը.
աշխարհների միջև սահմանը այնպես հստակ է գծվել –
հերոսների տարածքը` հափշտակված ու խուլ,
և մարդկանց երկիրը` թաղված քաոսի մեջ.
այն ինչ կար երեկ ու հոսեց,
արդ թվում է հեքիաթ և այնպես հեռու
ուրիշ անտառների և ժայռերի մասին.
կարճ հիշողությունը որպես փրկարար փամփուշտ
խարազանման ծեսերի մեջ ամենօրյա, մաշող.
և չար գայթակղությունը ակամա
հետարդի մարգարեներին ի տրիտուր
բաց թողնել ամեն բան,
ինչ տրված է մեզ
հավիտյանս հավիտենից:

 

***
Հոգնած ու անհմայք եմ գալիս,
անմխիթար էր օրը,
ոտնահարած ճանապարհների վրա
չտեսա գեթ մի ստվեր ուրիշ ադամորդու։
Ես էի ու թափառում էի ունայն՝
փոշի հանելով դանդաղող մարմնիցս,
և ոչ փշեր գտա, ոչ կանաչ խոտ ոտքերիս տակ,
և կորստյան ուղին, որ թաքուստված չէ այլևս բարբառանքով հմուտ,
որքան խաղաղ է երևում հիմա
ու միօրինակ։
Անհրաժեշտ ու հերսոտած հեռացել էի՝
բերելու ողջույնը մեր համրացած ցեղի,
երևի քայլել եմ մի ազգակցիս կողքով,
և խոնջացած ու հուսահատ պահվել ենք իրարից
թշնամի կարծելով,
և հիմա երբ ամա է շուրջս,
տարակուսում եմ, թե երբևէ ունեցել եմ հայրենիք։
Անհաղորդ եմ ու անհավատ,
քանզի տեսա ճշմարտությունը և խղճացի այն
և քայլեցի ջրերի վրայով անհպարտ,
մինչ ոտքերիս դիպչում էր խորքը
հավիտենության անդեմ։
Քեզ, որ գիտես բանը,
պիտի հանձնեմ հուռութքն այս հայտնության.
խնայիր նրանց մարմինները
և խնամիր հոգիները, որ չունեն,
հացով և ջրով և հուշով հանապազօրյա,
որ հիշեն անունը իրենց
և ճանապարհը տունդարձի։
2018-2023

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *