Սաննիէ | Երբ գաս

Երբ գաս, քեզ կպատմեմ գնալուդ մասին։ Դու այդ պատմությունը երեւի չես սիրի:

Քեզ կնստեցնեմ պատշգամբիս կիսաբազմոցին ու կպատմեմ, թե որքան եմ խոսում քեզ հետ, երբ չկաս: Երբ գաս, կպատմեմ, թե բացակայությունիցդ ոնց է ցավում ձախ ձեռքս ու թե ոնց քեզ չեմ ներել ինձ հետ կապ չունեցող ներկայությունդ։

Քեզ համար սուրճ կպատրաստեմ ու կնայեմ, թե ինչպես ես խմում։ Երեւի համեղ չի լինի, որովհետեւ ես սուրճ չեմ սիրում։
Քեզ եմ սիրում:

Երբ գաս, կսկսեմ սպասել նորից գնալուդ: Ու լինելդ վայելելը միշտ տխուր ցավ կունենա, որովհետեւ քո բոլոր ներկայությունները գնալուդ մասին են..

.. որովհետեւ եթե ներկա ես, ուրեմն գնալու ես
.. որովհետեւ եղածդ զգալ չեմ համարձակվում
.. որովհետեւ եթե կաս, իմ ճմրթված սրտում լաց կա, որ գնում ես
.. որովհետեւ գրկածդ, որն ամենամեղմ բանն է, շուտով դառնալու է մրսելուս մասին
.. որովհետեւ վաղը չգրկածդ ցավելու է
.. որովհետեւ ձախ ձեռքս տկար է, երբ չի սեղմվում ափիդ մեջ
.. որովհետեւ իմ հոտը իմաստ չունի, երբ դու գնում ես

.. որովհետեւ դու միշտ գնում ես
.. որովհետեւ դու միշտ գնում ես ինձնից
.. որովհետեւ դու միշտ գնում ես ինձնից, իմ սեր

որովհետեւ
դու
միշտ
գնում ես
ինձնից,
իմ
սեր

Հատ առ հատ, բառ առ բառ, տառ առ տառ .. միշտ գնում ես ինձնից

Այնքան ուժեղ ես գնում, ասես այդ պահին աշխարհում բոլոր գնացողների փոխարեն դու ես գնում, ասես աշխարհում էլ ոչ ոք չի գնալու..

..Ու երբ նորից գաս ու սիրտս մի քիչ ապրի, հնազանդ ու անշշուկ կսկսեմ սպասել նորից գնալուդ: Ու դու, սիրելիս.. իմ ու չ’իմ սիրելիս, անպայման նորից կգնաս:

Կգնաս իմ խեղճ ինձնից..

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *