Մերիան Մուր | Լռություն

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Հայրս ասում էր.
«Նրբակիրթ մարդիկ երբեք երկար այցելություններ չեն անում.
Բավական է նրանց ցույց տալ Լոնգֆելլոյի գերեզմանը,
կամ ապակե ծաղիկները Հարվարդում:
Ինքնավստահ, ինչպես կատուն
(որն իր զոհի հետ սիրում է առանձնանալ`
մկան փափուկ պոչը կոշկակապի պես բերանից կախված),
Նրանք գիտեն վայելել մենությունը,
և խոսքերը, որոնք երբեմն գերել են նրանց,
կարող են նրանց կողոպտել:
Ամենախոր զգացմունքը միշտ լռության մեջ է ի հայտ գալիս:
Այսինքն` ոչ թե լռության, այլ ինքնամփոփության»:
Ոչ էլ կեղծում էր նա` ասելով. «Զգացեք ձեզ
իմ տանն ինչպես հյուրանոցում»:
Ախր հյուրանոցը մշտական բնակատեղի չէ:

 

Ի՞ՆՉ ԵՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Ի՞նչ է մեր անմեղությունը,
Ի՞նչ է մեր մեղքը: Ամեն ինչ
մերկ է, ոչինչ` ապահով: Որտեղի՞ց քաջությունը-
անպատասխան հարց,
կասկած անսասան
(համրորեն կանչող և խուլորեն լսող),
որ դժբախտության մեջ, նույնիսկ մահվան,
հուսադրում է մարդկանց,
և ձախողվելիս, նրանց
հոգին մղում դեպի զորություն:
Նա է խորապես ուրախ, ով անվերջ
ընդունում է մահկանացություն
և ծառս է լինում այս բանտարկության մեջ
ինքն իր դեմ ինչպես
գետը խորունկ ձորում, որն ապարդյուն
մաքառում է հանուն ազատության,
և հանձնվելով
գտնում իր ճամփան:
Նա է ճիշտ, ով գիտի
խորը զգալ: Թռչունը գիշեր ու զօր
երգելով է միայն
իր մարմինը կոփում: Թեկուզ վանդակում՝
նրա երգը հզոր
ասում է՝ բավարարումը գռեհիկ է շատ,
մինչդեռ որքան մաքուր է երջանկությունը:
Սա է մահկանացությունը.
հավերժականը սա է:

 

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *