չգիտեմ, թե ինչ են տրորում քո ոտքերը,
ոնց են շարժվում մարմնիդ մյուս մասերը
ռիթմիկ ու տակտով, թե կորագիծ անհավասարաչափ։
**
մտքերդ, չգիտեմ, թե ում են որոնում,
որ նոր տողեր գրվեն իրար լրացնող,
բացող,
մեկ֊մեկ էլ լացող։
**
բայց անչափ,
գիտես, գժվում եմ, անչափ, երբ հանգեր եմ գտնում,
և այս մեկը սկզբունքներիցս դուրս,
թողնում եմ ազատ։
**
չէ՞ որ աշխարհում գոնե ինչ֊որ բան պիտի լինի մեզնից էլ զատ։
երբեմն էլ, երբ ավտոբուսն ուշանում է նորից,
ու մեր բաժանմանն այժմ մնում է ևս մի կես ժամ,
աղոթում եմ, որ ինչ֊որ վրաերթից
երթևեկությունը տուժի, կամ գոնե դառնամ հրապարակի ժամ
ու կանգնեմ մինչև կեսգիշեր, թեկուզև ավելի շատ։
**
դու նկատո՞ւմ ես՝ ձեռքերդ սահում են ու վազում, ոնց ձուկը ջրի մեջ, քեզնից անկախ
այնպես են վազում,
ոնց ուշացած մարդիկ ու մեռելին մոռացած թաղում անողները։
ձեռքերդ սառը և տխուր,
ձեռքերդ իմ մաշկին։
**
բայց մի՞թե սա էր այս մոնոլոգից ինձ կարևորը։
ես հաշվում եմ բառերդ
գոնե երկուսին հասիր
ես ու դու,
դու ու ես, ահա, ճիշտ այդպես։
որ տխուր չավարտվի այս մի օրը։
**
գոնե մեկիս թող,
(խնդրում եմ թող,
խնդրում եմ…թող…)
որ տեսնենք ավարտը կինոնկարի,
կարծում եմ` այն մեզնից մեկը կնկարի։
բայց դու փախչում ես տեսախցիկից,
իսկ ես կարծում էի` քեզ կորցրել էի վաղուց,
դու հիմա փախչում ես, փախչում ես ինձնից,
իսկ ես քեզ, իսկ ես քեզ կորցրել էի վաղուց։
ու դու փախչում ես հիմա էլ մարդկանցից,
որոնց ես կորցրել էի վաղուց։
**
և ի վերջո այդ ի՞նչ էին տրորում ոտքերդ,
որ լսվում էր անտանելի ճռռոց՝
հանուն վաղվա օրվա,
հանուն մեկի, որին պիտի պատմես հեքիաթը,
գուցե այս մեկն էլ,
և քո սիրելու ակնթարթը,
կորցրածն էլ,
կորածը։
**
ավտոբուսն այդպես էլ չի ուշանում,
որ ոչ ոք չմեռնի,
և չունենանք մահեր։
**
(երանի ինչ֊որ մեկը քեզ այս աշխարհում հենց իմ կողքին պահեր)