Յուն Ֆոսսե | Նոբելյան բանախոսություն

Լուռ լեզու

Դա պատահեց առանց զգուշացման, երբ միջին դպրոցում էի։ Ուսուցիչը խնդրեց՝ բարձրաձայն կարդամ։ Եվ թվաց՝ ոչ մի տեղից, մի հանկարծահաս վախ պարուրեց ու ինձ իր տիրապետության տակ առավ։ Ասես անհետանայի վախի մեջ, և ես ամբողջովին վախ էի։ Կանգնեցի ու դուրս վազեցի դասասենյակից։
Նկատեցի՝ ինչպես էին աշակերտների և ուսուցչի աչքերը հետևում ինձ։
Ավելի ուշ փորձեցի բացատրել տարօրինակ պահվածքս՝ ասելով, որ պիտի զուգարան գնայի։ Լսողների դեմքից կարող էի հասկանալ, որ չէին հավատում ինձ։ Եվ հավանաբար մտածում էին, թե խելքս թռցրել եմ, այո՛, ես խելագարվելու ճանապարհին էի։

Այս վախը բարձրաձայն կարդալուց հետևեց ինձ։ Ժամանակի հետ խիզախություն գտա ուսուցիչներին խնդրելու, որպեսզի թողնեն՝ չկարդամ, որովհետև այնքան էի վախենում դրանից։ Ոմանք հավատացին ու դադարեցին հարցնել, մյուսները մտածում էին, որ նրանց ձեռք եմ առնում։
Այս փորձից ես մի շատ կարևոր բան սովորեցի մարդկանց մասին։
Սովորեցի նաև շատ այլ բաներ։
Այո՛, հավանաբար մի բան, որ թույլ է տալիս այսօր կանգնեմ այստեղ ու բարձրաձայն կարդամ լսարանի առջև։ Հիմա գրեթե առանց վախի նշույլի։
Ի՞նչ եմ սովորել։
Ինչ-որ կերպ վախն ասես տարած լիներ լեզուս, որը ստիպված էի հետ բերել։ Այսպես ասած։ Եվ եթե անեի, ոչ թե այլ մարդկանց պայմաններով էի անելու, այլ իմ։
Սկսեցի գրել իմ տեքստերը, կարճ բանաստեղծություններ, կարճ պատմվածքներ։
Եվ պարզեցի, որ գրելն ինձ ապահովության զգացում է տալիս՝ վախի հակադիրը։
Ինչ-որ կերպ ներսումս մի տեղ գտա, որը միայն իմն էր, և այդ տեղից կարող էի գրել ինչ որ հե՛նց իմն էր։

Հիմա՝ մոտ հիսուն տարի անց, ես դեռ նստում ու գրում եմ, և շարունակում եմ գրել իմ ներսում գտնվող այս գաղտնի տեղից։ Տեղ, որի մասին, անկեղծ ասած, այլ բան չգիտեմ, բացառությամբ այն, որ գոյություն ունի։
Նորվեգացի բնաստեղծ Օլավ Հ. Հաուգեն մի բանաստեղծություն է գրել, որտեղ գրելու գործողությունը համեմատում է երեխա լինելու, անտառում տերևներից ու ճյուղերից խրճիթ պատրաստելու, ներս սողոսկելու, մոմեր մառելու, նստելու և մութ աշնանային երեկոներին ապահով զգալու հետ։
Կարծում եմ՝ սա լավ պատկեր է, թե ինչպես եմ ես զգում գրելու գործողությունը։ Հիմա՝ հիսուն տարի անց։

Եվ ես ավելին սովորեցի. սովորեցի, որ գոնե ինձ համար մեծ տարբերություն կա խոսակցական ու գրավոր լեզվի միջև, կամ խոսակցական ու գրական լեզվի։
Խոսակցական լեզուն հաճախ ուղերձի մոնոլոգիկ հաղորդակցությունն է, որ ինչ-որ բան պետք է լինի այսպես կամ այնպես, կամ ուղերձի հռետորական հաղորդակցությունն է հորդորով կամ համոզմունքով։
Գրական լեզուն երբեք այդպիսին չէ. այն չի տեղեկացնում, դրա իմաստը հաղորդակցության մեջ է, այն իր սեփական գոյությունն ունի։
Եվ այդ առումով՝ լավ գիրն ու բոլոր տեսակ քարոզչությունները, բնականաբար, հակասում են միմյանց. կապ չունի՝ կրոնական, թե՞ քաղաքական քարոզ է, կամ ինչ էլ լինի։

Բարձրաձայն կարդալու վախով ես մտա միայնության մեջ, որը քիչ թե շատ գրող մարդու կյանքն է։ Եվ մնացի այդտեղ մինչև հիմա։

Ես բավականին շատ արձակ ու դրամա եմ գրել։
Եվ, իհարկե, պիեսի առանձնահատկությունն այն է, որ այն գրավոր խոսք է, որտեղ երկխոսությունը, զրույցը, կամ երբեմն էլ խոսելու փորձը, և մենախոսության նման որևէ բան, միշտ էլ երևակայական տիեզերք է, մի բանի մասն է, որը չի տեղեկացնում, բայց ունի իր էությունը, գոյություն ունի։

Իսկ ինչ վերաբերում է արձակին, Միխայիլ Բախտինը ճշմարիտ է ասում, թե արտահայտման միջոցը, հենց պատմելու գործողությունը, երկու ձայն ունի։
Պարզեցնելու համար. խոսողի, գրողի ձայնը և այն մարդու ձայնը, ում մասին խոսվում է։ Սա հաճախ տարալուծվում է մեկը մյուսի պես այնպես, որ անհնար է լինում տարանջատել՝ որը ում ձայնն է։
Այն պարզապես դառնում է կրկնակի գրված ձայն — և սա, իհարկե, ևս գրված տիեզերքի մասն ու տրամաբանությունն է։
Իմ գրած ամեն մի գործ, այսպես ասած, իր իսկ գեղարվեստական տիեզերքն է։ Աշխարհ, որը նոր է ամեն պիեսի, ամեն մի արձակ ստեղծագործության համար։

Բայց լավ բանաստեղծությունը (քանզի ես բավականին շատ պոեզիա եմ գրել) նաև իր իսկ տիեզերքն է. այն հարաբերվում է միայն իր հետ։ Իսկ հետո ինչ-որ մեկը կարող է մտնել տիեզերք, որը բանաստեղծությունն է. այո՛, սա ավելի շուտ հաղորդակցության տեսակ է, քան հաղորդակցություն։
Փաստ է, որ սա ճշմարիտ է իմ գրած ամեն բանի համար։

Մի բան հստակ է. ես երբեք չեմ գրել արտահայտվելու համար, ինչպես ասում են, բայց ավելի շուտ ինքս ինձնից փախչելու։

Այն, որ դրամատուրգ դարձա.. դե՛, ի՞նչ կարող եմ ասել։
Երկու նովել ու բանաստեղծություններ էի գրել, բայց թատրոնի համար գրելու որևէ ցանկություն չունեի, բայց ժամանակին գրեցի, որովհետև ավելի շատ նոր Նորվեգական դրամաներ գրելու հանրայներոն ֆինանսավորվող նախագծի շրջանակներում առաջարկեցին պիեսի բացման տեսարանը գրելու համար ինձ որոշ գումար առաջարկեցին, որը աղքատ հեղինակիս համար լավ վճար էր։ Այդ ժամանակ ես մի ամբողջ պիես գրեցի՝ իմ առաջին և դեռևս ամենաշատ բեմականացված պիեսը՝ «Ինչ-որ մեկը գալու է»-ն։

Առաջին անգամ պիես գրելը իմ՝ որպես գրող կյանքի մեծագույն անակնկալը դարձավ։ Որովհետև թե՛ արձակում, թե՛ պոեզիայում ես փորձել էի գրել այն, ինչ սովորական խոսակցական լեզվով ասված, չի կարող բառերով ասվել։ Այո՛, ճիշտ այդպես։ Փորձել էի արտահայտել անասելին, ինչը ինձ Նոբելյան մրցանակ տալու պատճառն է հանդիսացել։
Ամենակարևոր բանը կյանքում չի կարող ասվել, միայն գրվել՝ վերափոխելով Ժակ Դերիդայի հայտնի խոսքը։
Ուստի և, փորձում եմ լուռ խոսքին բառեր տալ։
Երբ դրամա էի գրում, կարող էի օգտագործել լուռ խոսքը, լուռ մարդկանց բացառապես այլ կերպ, քան արձակում և պոեզիայում։ Ամենը, որ պիտի անեի «դադար» բառը գրելն էր, և լուռ խոսքն այնտեղ էր։ Իմ դրամայում «դադար» բառը անկասկած ամենակարևոր և ամենաօգտագործվող բառն է՝ կարճ դադար, երկար դադար կամ պարզապես դադար։
Այդ դադարներում կարող է այնքան շատ կամ այնքան քիչ բան լինել։ Որ մի բան չի կարող ասվել, որ մի բան չի ուզում ասվել կամ լավագույն կերպով ասվում է ոչինչ չասել։
Ես շարունակում եմ միանգամայն համոզված լինել, որ դադարների միջով ամենաշատը լռությունն է խոսում։

Իմ արձակում հավանաբար բոլոր կրկնությունները նույն գործառույթ ունեն, ինչ դադարները՝ իմ պիեսներում։ Կամ էլ, ես եմ այսպես մտածում, որ քանի դեռ պիեսներում լուռ խոսք կա, ուրեմն լուռ խոսք կա նաև վեպերի գրավոր խոսքի հետևում, և եթե ես լավ գրականություն եմ ստեղծելու, այս լուռ լեզուն պիտի արտահայտված լինի, ինչպես «Սեպտոլոգիայում», օգտագործելով մի երկու հասարակ, կոնկրետ օրինակներ, այս լուռ լեզուն է, որ ասում է՝ առաջին Ասլըն և մյուս Ասլըն գուցե հենց նույն մարդը լինեն, և որ ողջ 1200 էջանոց երկարուձիգ վեպը գուցե պարզապես մեկի գրավոր արտահայտումն է հանած հիման։

Բայց լուռ հասցեն կամ լուռ լեզուն խոսում է գործի ամբողջականությունից։ Կապ չունի՝ վեպ է, պիես, թե՞ թատրոնի արտադրանք, մասերը չեն, որ կարևոր են, այլ ամբողջականությունը, ինչը պետք է լինի ամեն մի դետալում — կամ գուցե խիզախեմ խոսել ամբողջականության ոգու մասին. ոգի, որ ինչ-որ եղանակով խոսում է թե՛ մոտիկից, թե՛ հեռվից։
Իսկ ի՞նչ ես լսում, եթե բավարար ուշադրությամբ լսես։
Լսում ես լռությունը։
Եվ, ինչպես ասվել է, միայն լռության մեջ կարող ես լսել Աստծո ձայնը։

Հավանաբար։

Հետ դառնալով հողին՝ ուզում եմ մեկ այլ բան նշել, որն ինձ տվել է թատրոնի համար գրելը։ Գրելը միայնակ մասնագիտություն է, ինչպես ասել եմ, իսկ միայնակությունը լավ է քանի դեռ մնացածին վերադառնալու ճանապարհը բաց է մնում, դարձյալ մեջբերելով Օլավ Հ. Հաուգին։

Երբ առաջին անգամ տեսա իմ ստեղծագործությունը բեմականացված, այո՛, ինձ համակեց հենց միայնակությանը հակադիրը՝ ընկերությունը. այո՛, ստեղծել արվեստ այն կիսելով։ Սա ինձ երջանկության և ապահովության մեծ զգացողություն տվեց։
Այս ըմբռնումը դրանից հետո հետևել է ինձ, և ես հավատում եմ, որ մեծ դեր է խաղացել նրանում, որ պարզապես չեմ շարունակվել խաղաղ հոգով, այլև մի տեսակ երջանկություն եմ զգացել նաև իմ իսկ պիեսների վատ ներկայացումներից։

Թատրոնը իսկապես լսելու ահռելի գործողություն է. ռեժիսորը ստիպված է, կամ գոնե պետք է լսի տեքստը, ինչպես տեսարաններն են լսում այն, միմյանց և ռեժիսորին, և ինչպես հանդիսատեսն է լսում ամբողջ ներկայացումը։

Իսկ ինձ համար գրելու գործողությունը լսելն է. երբ գրում եմ, երբեք ոչինչ չեմ պատրաստում, չեմ պլանավորում, այլ շարունակում եմ լսելով։
Ուստի եթե գրելու գործողության համար մետաֆոր օգտագործենք, այն պիտի լսելը լինի։

Այսպես, առանց ասելու էլ պարզ է՝ գրելը երաժշտության հուշն է։ Իմ պատանեկության մի հատվածում ես քիչ թե շատ երաժշտությամբ զբաղված լինելուց անցա գրելուն։ Իրականում առհասարակ դադարեցի թե՛ ինքս նվագել, թե՛ երաժշտություն լսել, և սկսեցի գրել ու իմ գրվածքում փորձեցի ստեղծել մի բան, որի փորձառությունն ունեցել եմ նվագելիս։
Ահա թե ինչ եմ արել և ինչ եմ անում մինչև հիմա։

Մեկ այլ բան, որը թերևս փոքր-ինչ տարօրինակ է, այն է, որ գրելու ընթացքում ինչ-որ պահի ինձ մի զգացողություն է պարուրում, թե տեքստն արդեն գրվել է, ինչ-որ տեղ գոյություն ունի, ո՛չ իմ ներսում, և որ ես պարզապես պիտի գրեմ այն, քանի դեռ չի անհետացել։
Ժամանակ առ ժամանակ կարողանում եմ առանց որևէ փոփոխությունների անել, այլ ժամանակներում ստիպված եմ փնտրել տեքստը այն վերագրելով, կրճատելով ու խմբագրելով, և փորձել զգուշորեն դուրս հանել այն, ինչ արդեն գրված էր։

Եվ ես՝ մեկը, ով չէր գրում թատրոնի համար, միայն դա եմ արել մոտավորապես տասնհինգ տարի։ Եվ իմ գրած պիեսները բեմադրվում էին անգամ հետո, ժամանակի հետ բազմաթիվ ներկայացումներ եղան բազմաթիվ երկրներում։
Դեռ չեմ կարողանում հավատալ դրան։
Կյանքն իսկապես հավատալի չէ։
Ինչպես որ չեմ կարող հավատալ, որ հիմա Գրականության Նոբելյան մրցանակ ստանալու համար այստեղ կանգնած փորձում եմ փոքրիշատե խելոք բաներ ասել այն մասին, թե ինչ է նշանակում գրել։
Եվ այն, որ մրցանակը ստանալը կապված է, որքան հասկանում եմ, թե՛ իմ դրամայի, թե՛ արձակի հետ։

Տարիներ շարունակ միայն պիեսներ գրելուց հետո հանկարծ մի զգացողություն իջավ՝ թե հերի՛ք եղավ, այո՛, ավելի քան բավական էր, ու ես որոշեցի դադարել դրամա գրել։
Բայց գրելը այնպիսի սովորություն էր դարձել, առանց որի չէր կարող ապրել՝ գուցե Մարգարետ Դյուրասի նման կարող եք հիվանդություն համարել։ Ուստի որոշեցի հետ գնալ որտեղ որ սկսվել էր, արձակ ու այլ գործեր գրել ճիշտ այնպես, ինչպես գրեթե մեկ տասնամակյակ արել եմ նախքան իմ դեբյուտը որպես դրամատուրգ։

Ահա թե ինչով եմ զբաղվել վերջին տասը-տասնհինգ տարին։ Երբ վերսկսեցի լրջորեն արձակ գրել, վստահ էի՝ արդյո՞ք դեռ կարողանում եմ։ Սկզբում «Եռագրությունը» գրեցի և երբ Նորվեգական Խորհրդի Գրականության մրցանակին արժանացա, այն ընդունեցի որպես մեծ հաստատում, որ որպես արձակագիր ևս ինչ-որ բան ունեմ առաջարկելու։
Հետո գրեցի «Սեպտոլոգիան»։
Այդ վեպը գրելու գործընթացում որպես գրող իմ ամենաերջանիկ պահերն եմ ապրել։ Օրինակ երբ մի Ասլըն գտնում է մյուս Ասլըին ձյան մեջ պառկած և այդպիսով փրկում նրա կյանքը։ Կամ վերջում, երբ առաջին Ասըլը՝ գլխավոր հերոսը, իր վերջին ճամփորդությունն է սկսում նավակում՝ հին, ձկնորսական նավակում, իր լավագույն և միակ ընկեր Օսլեիկի հետ՝ Սուրբ Ծնունդը վերջինիս քրոջ հետ տոնելու համար։

Ես նպատակ չունեի երկար վեպ գրելու, բայց այն քիչ թե շատ գրեց ինքն իրեն, դարձավ երկար վեպ, իսկ ես մնացած մասերն այնպիսի սահուն հոսքով գրեցի, որ ամեն ինչ միանգամից ճշմարտացավ։
Եվ կարծում եմ, որ հենց այդ ժամանակ եմ երջանկությանն ամենամոտը։
Ողջ «Սեպտոլոգիան» իր մեջ կրում է իմ այլ գործերից հիշողություններ, բայց այլ լույսի տակ է դիտվում։ Վեպում վերջակետի բացակայությունը հայտնագործություն չէ։ Ես հենց այդպես էլ վեպ գրեցի՝ մի շնչով, մի շարժումով, որը վերջակետ չպահանջեց։

Մի հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ գրելը աղոթքի տեսակ է։ Հետո տպագրված տեսնելիս ամաչեցի։ Բայց մխիթարությունս այն էր, որ հետո կարդացի՝ Ֆրանց Կաֆկան էլ է նույնն ասել։ Ուրեմն… գուցե՞։

Իմ առաջին գրքերը բավականին վատ են գրաքննվել, բայց ես որոշել էի ականջ չդնել քննադատներին, այո՛, պիտի պարզապես վստահեմ ինձ, կառչեմ իմ գրից։ Եվ եթե այդպես չվարվեի, ապա կդադարեի գրել քառասուն տարի առաջ լույս տեսած Raudt, svart-ից («Կարմիր, սև»)՝ դեբյուտային վեպիցս հետո։
Ավելի ուշ մեծամասամբ լավ արձագանքներ եմ ստացել, ինչպես նաև մրցանականեր։ Հետո մտածեցի, որ կարևոր էր նույն տրամաբանությամբ շարունակելը, եթե չլսեի վատ արձագանքներին, չէի թողնի հաջողությունը ազդեցություն ունենար ինձ վրա, ամուր կկառչեի գրիցս, կպահեի, կկախվեի արդեն իսկ ստեղծածիցս։
Եվ կարծում եմ՝ հենց դա էլ արել եմ, ու իսկապես հավատում եմ, որ շարունակելու եմ անել Նոբելյան մրցանակ ստանալուց հետո։

Երբ հայտարարվեց, որ ես եմ ստացել Գրականության Նոբելյան մրցանակը, բազմաթիվ իլմեյլներ և շնորհավորանքներ ստացա, ու, իհարկե, խիստ զգացված էի. նամակներից շատերը պարզ ու զվարթ էին, որոշ մարդիկ էլ գրել էին, որ ուրախությունից գոռացել էին, մյուսները՝ արցունքոտվել։ Սա իսկապես հուզեց ինձ։
Իմ գործերում շատ ինքնասպանություններ կան։ Ավելի շատ, քան սիրում եմ այդ մասին մտածել։ Վախենում էի, որ ես այս կերպ գուցե նպաստած լինեի ինքնասպանության լեգիտիմացմանը։ Ուստի ինձ ամենաշատը հուզեցին նրանք, ովքեր անկեղծորեն գրել էին, որ իմ գիրը պարզապես փրկել է իրենց կյանքերը։
Որոշ իմաստով՝ միշտ էլ գիտեի, որ գիրը կարող է կյանքեր փրկել, գուցե հենց իմն էլ է փրկել։ Եվ եթե այն կարող է օգնել այլ մարդկանց կյանքերը փրկելուն, ինձ ոչինչ ավելի չի երջանկացնի։

Շնորհակալություն, Շվեդական Ակադեմիա Գրականության Նոբելյան մրցանակը ինձ շնորհելու համար։

Եվ շնորհակալություն Աստծուն։

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *