***
Երբ դու կորցնում ես, մնում են բառերը,
և ոչինչ չի ցավեցնում այնքան,
ինչքան չգրված բանաստեղծությունը․
ես չափել եմ խելագարությունս՝
քեզ պատմող տողերով,
ու ճկվող ժպիտով ես ինձ զսպել եմ,
Եվ երբ կնիքել եմ դիպլոմս՝ մեղքի կրթության,
Ցանել եմ դասերս, որ քաղվել էին երբևէ՝ մոլախոտի պես։
Երբ քեզ կորցնում են, մնում են երգերը՝
Հին ու կրկնվող, որ ցավեցնում են բոլորի նման․․․․
Եվ երբ չափել ես իմ խելգարությունը
Լույսից գալարվող երկարության մեջ,
Խզբզել ես սիրո մեղք ճակատին՝
Խորանից եկող լույսի օրհնությամբ։
Երբ քեզ են կորցնում, մնում են երազանքե ափսոսանքները,
Որ քամեմ բառեր մագաղաթից ամպի,
գրկեմ ասմունքդ՝ հողերից քամված….
Կբողբոջի՞ սերը, բայց առանաց շաղկապի,
Իմ արցո՛ւնք գիշերվա,
Ու ցերեկվա սոսկ մահկանացու’….
****
Դժվար է մեկտողել հեռավորությունն
ու մեկտեղել
բանաստեղծության հետ,
ամեն անգամ դժվար է
տողերին երակ տալ
ու թանաքով մաշկիդ գույնը նկարել։
ինչ-որ ժամացույց մեզ տանուլ է տալիս,
ու անվերջ պտտվող
էդ կազինոյում
պարտվում ենք խաղադրույքը՝
իմ ու քո հանդիպման…
Դժվար է ամեն անգամ
լողալ հեռավորության պատկերացումներում
մինչև թղթե ցամաքում
խորտակվելը…
Ես զգում եմ տարածությունն,
ու ռեզինե սպասումների
հարվածները.
երդվում եմ՝
օր օրի ավելանում են
քո մասին ցավեցնող
մակդիրային կապտուկները։
Դժվար է չհավատալ
հեռավորության, քո ու սպասման
եռանկյունում փշրվող
գոյությանս,
փոխարենը հեշտ է
չհավատալ
Բերմուդյան վարկածին,
լացող նախագահներին,
կատուների յոթ կյանք ունենալուն
ու ամեն տեսակ անհեթեթությանը,
որն առաջին հերթին ու միայն
հետաքրքրություն է…
բայց դժվար է հերքել
հեռավորության, քո ու սպասման
եռանկյունում փշոտվող
անհեթեթությունը…
ինչ-որ ժամացույց մեզ տանուլ է տալիս,
ու անվերջ պտտվող
էդ կազինոյում
պարտվում ենք խաղադրույքը՝
իմ ու քո հանդիպման…
***
Ես գիտեմ, որ լույսն ու աշխարհը տարբեր բաներ են.
Դու կամ լույսի մեջ ես կամ աշխարհի,
Երբ դու աշխարհում ես
Բոլոր պայքարները քեզ համար են դառնում,
Անգամ, երբ դու այդպես էլ չես դառնում աշխարհիկ։
Դու երևի գիտես՝ ինչ է չարությունը,
Ու երևի սպասել ես ժպիտիս հաբերին…
Ես փորձեցի բուժել քեզ հավատքին տված երդումովս,
Մինչդեռ դու պարզապես ուզում էիր՝ հավատամ գոյությանը քո։
Դու երևի գիտես՝ ինչպես են տանջվում մեղավորները,
Ու հանուն քեզ հորինեցիր իմ բոլոր թուլությունները,
Որ քո ու թուլություններիս արանքում, ես ձգտեմ մեկ՝ քեզ, մեկ՝ նրան
Ու սովորեմ լինել ուժեղ, երբ դու չլինես, ու չլինես երբեք…
Դու երևի զգացիր ու չիմացար, թե ինչ է սերը,
Բայց դու երբեք չես մեռնում,
Որովհետև իմ սերը բայից բառ չի դառնում քեզ համար,
Որովհետև լույսի մեջ դու հավերժ իմն ես․․․․
***
Ես չգիտեմ ինչպես սիրել այն պատերը,
որտեղից քեզ գրեթե միշտ լքում են,
բայց երբ գամ՝ ամենահեռու ճանապարհներին կուտակված կարոտներն ափերիս մեջ առած,
քեզ կպատմեմ ամենասիրուն վերադարձի մասին,
ու բեկոր-բեկոր կլինի էդ պատերի քմծիծաղը
քո ներման ժպիտի առաջ։
Ես չգիտեմ՝
քանի՞ անգամ պտտվել արեւի շուրջ,
որ կարողանամ հետ վերցնել քեզնից գողացած առավոտները,
ու քանի՞ աստղ նետեմ երկնքից,
որ կատարվի հանգստիդ երազանքը,
բայց հենց գամ
խոստանում եմ չպատմել զարմանալի թվացող նորությունների
ու աշխարհը ողողած բրենդների մասին,
խոստանում եմ չթվալ գիտակ ու թողնել,
որ ձայնդ ու բառերդ լինեն աշխարհի միակ հրաշալիքը,
ու որ առավոտը չգա քեզ հարկադրելու,
այլ գա հանուն քեզ։
Ես չգիտեմ՝ ինչպես են աշխարհում
միմյանց ցավեցնելով դառնում հաղթանակի տեր,
բայց երբ գամ քեզ պատմելու որեւէ բարձունքում
ցավերին բախված իմ հաղթանակների մասին,
դու չմոռանաս, որ ամենամեծ հաղթանակը
բոլոր բարձունքներից անկումն է գրկիդ մեջ։
Ես չգիտեմ՝ ինչու՞ սպասված վերադառնալ, բայց գիտեմ,
որ ամեն կողմից բղավող «վերադարձիր»-ների արանքում
քո զուսպ ու իսկական սպասումն է,
մայր….
****
Էս աշխարհը գցեցին մեր ափերի մեջ
ու գծեցին մեր մատներով,
մենք սովորեցրինք էս աշխարհին,
որ մեր մատները պետք է տաքանան գրպաններում տարբեր,
որովհետև մենք եղանք ու մեզ չասացին,
որ էս աշխարհը մերն է,
մեզ ասացին ստեղծիր
ու մենք սիրեցինք մեր ստեղծածը հատուցման զրնգոցով:
Մենք հանդգնեցինք ստեղծել աշխարհի ափերն
ու նետվեցինք էդ մի բուռ սերը զգալու.
թռիչքի պահին մեզ ասացին` հավատա,
հավատա, որ քո ստեղծած աշխարհը կարող ես նվիրել մեկին
ու էդտեղ է իսկական հատուցումը.
ու հավատացինք մենք….
Եվ էդ աշխարհի ափերը բարակում էին,
երբ սիրահարվում էինք կրկին ու վերջինի հույսով,
երբ մենք գտել էինք վերջինն ու սիրահարվում էինք կրկին….
Մենք սովորեցինք երջանկանալ
կարոտների ու սպասումների մեջ
ու դա ամենևին սասափելի չէր (չէ) :
Մենք սովորեցինք ներխուժել միմյանց ափերն ու համոզել,
որ խաղաղությունն ամեն ինչից վեր է,
ու մենք փնտրեցինք ինչ-որ խաղաղության միմյանց գրպաններում
եւ գտան ոմանք….
Մենք սովորեցինք մեծացնել մեզ
ու քանդվել մեր մեծության մեջ,
որովհետեւ մեզնից ոմանք կոնֆորմիստներ եղան
ու մենք սիրեցինք կոստյումները նրանց:
Մենք սովորեցինք հասկանալ,
որ մեզնից խլում են ես-եր ու դա արդարացի չէ,
ու էդ աննարդարությւոնից եղան մեր մեղքերը,
ու էդ մեղքերից եղավ արդարացին…..
Մենք սովորեցինք աշխարհը խլել մեր ափերի մեջ,
ու համոզել, որ այն մերն է,
ու ծափահարել մեր զորությանը
ու փոշիանալ մեր զորությունից:
Էս աշխարհը գցեցին մեր ափերի մեջ ու գծեցին մեր մատներով….