Ձեզ ենք ներկայացնում վավերագրող ռեժիսոր, բանաստեղծ Վարդան Դանիելյանի «Չֆիլտրած 39-34» բանաստեղծական գիրքը։ Սա հեղինակի թվով երկրորդ գիրքն է՝ 2018 թվականին Գրանիշ հրատարակչության լույս ընծայած «Դոկումենտալ պոեզիա» գրքից հետո և հեղինակի որոշմամբ հրապարակվում է հեղինակային մինիմալիստական ձևավորմամբ, բացառապես թվային տարբերակով և ազատ բեռնման համար հասանելի։ Չֆիլտրածը, մի կողմից շարունակելով հեղինակի արդեն ճանաչելի լեզվաոճական մտածողությունը, մյուս կողմից հանդիսանում է բոլորովին նոր բանաստեղծականության իրացում ոչ միայն հեղինակի ստեղծագործական կայացման իներցիայում, այլ նաև հայ ժամանակակից բանաստեղծության համար առհասարակ՝ իր մորֆոլոգիայով և զգայականությամբ։ Կայուն, համաչափ բացատներով միմյանց մեխանիկորեն մոնտաժված բանաստեղծական պատառիկների անընդհատական երիզը կարծես սոցիալական մեդիայից մեզ ճանկող տեղեկատվական հոսքի փոխաբերությունը լինի, որ անընդհատ որսալով մեր ուշադրությունը, միևնույն ժամանակ խանգարում է խորքային ընկալունակության ռեֆլեքսիան։ Այս տեքստի հետ հարաբերությունը նույնպես մեր մեջ երևակում է մի տեսակ հախուռն ու ռեակտիվ փորձառություն, զվարճալի, մակերեսային ու դիսկրետ հեռարձակման տակ ուրվագծելով ժամանակակից մարդկային կեցության անընդգրկելի ողբերգականությունը։
Գրանիշ
մեջբերում գրքի վերջաբանից՝
Երբ ուզում էի հասկանալ, թե ինչով եմ զբաղված եղել վերջին տարիներին՝ ապրելուց բացի կամ ապրելու փոխարեն, սկսեցի կարդալ բոլոր բլոկնոտները, որոնց մեջ ինչ-որ բաներ էի գրել՝ լսածից, մտածածից, կարդացածից, կարևորածից ու անկարևորից։ Կարդալու ընթացքում էլի չհասկացա, թե ինչպես մոնտաժել իրար հետ այդ բոլորն ու որոշեցի ուղղակի արտագրել իրար հետևից՝ ըստ տարիների, տարբեր գույների նոթատետրերում։ Արանքների դատարկը մնաց նույն չափի, տարիներ հետո կարևորն ու անկարևորը նույն էին դառել։ Ընթացքում այլ գաղափարներ չեկան, բայց պրոցեսը կլանեց, զգացողություն եղավ, որ ֆորման հենց սա պետք է լինի։ Հետո էդ արտագրածը արտագրեցի նորից՝ այս անգամ «Գուգլ դոկ»-ում։ Ուոլտեր Մերչը ասում էր, որ լավագույն դեպքում վերջնական մոնտաժից հետո արժի նորից նայել ողջ նյութը, բայց էս անգամ էլ դա չարեցի։ Արտագրելը սկսել էի 2023-ի օգոստոսի վերջին, զուգահեռ գրվում էին ինչ-որ բաներ։
Որոշել էի ավարտել 2024-ի փետրվարի 1-ին, վերջին օրը, երբ դեռ երեսունինն էի։ Վերջացնելուց հետո արդեն, ինչքան մնում էր, էնքան ավելի շատ էի դզմզում, էնքան ավելի շատ էի ամաչում գրածների համար, էնքան ավելի շատ բան էի ֆիլտրում չֆիլտրածից, ջնջում՝ չջնջածից։ Ու որոշեցի թողնել մի պահ, որ վերջապես ազատվել լինի էդ բեռից։ «Դոկումենտալ պոեզիա»-ն՝ գրված 2012-2017 թվերին, հիմա ընկալում եմ որպես կարճամետրաժ ֆիլմերի շարք։ Յոթ տարի ֆիլմ չնկարած ռեժիսորի համար «Չֆիլտրած»-ը կարծես լիամետրաժ լինի։
Բեռնել գիրքը (2.45MB)