Կոստան Զարյան | Մարդը նոր

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

(Նրա աճիւնը Հայաստան տանելու առթիւ)

Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…

Դիակառքիդ մօտից, գարունն էլ ահա, ծամերը թափած,
Սահում է կամաց, մատերը դնում երկնակամարի
Սրինգների բիւրեղ ձայների վրայ,
Որպէսզի դեղնած շրթերիդ ծայրի վշտահար գիծը,
Աշխարհը խաւար մեռած աչքերիդ,
Օտար քաղաքի արեւով մեկնեն եւ ճառագայթի
Ճակատդ ըմբոստ:

Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…

Վաղը, երբ պառկած երկաթէ գրկում անհամբեր նաւի,
Կ’երթաս ծովերով, խելառ ծովերով այս մոլորակի,
Դագաղիդ գլխին հովեր կը քայլեն
Եւ ալիքների խմբերը յուզւած ծովի լարերից
Մի հսկայական քնար կը հիւսեն
Եւ շառաչելով եւ դղրդալով կը հովւերգեն նաւի կողերին, երեր:
Յանկարծ կը ցցւեն յունական երկրի վայրերից կախարդ
Ստւերներ մեծաշուք, աստւածներ հուժկու եւ արշալոյսի
Փերուզ արիւնից, արծաթից սարսռող ձիթենիների
Եւ երկինքների լազուրից պայծառ, մի երգ կը յօրինեն
Եւ քեզ կ’օրօրեն վերջին օրօրով:

Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…

Ա՜հ, գիտեմ, գիտե՛մ, դառն վայրերից անցնելու պահին
Կոպերիդ տակը մի գիշեր կուլայ. կծկւած բերանիդ
Ծայրից դողալով մի կաթիլ արիւն վայր կ’իջնի նորից…
Սեւ ծովի բուքը կը հեկեկայ դղորդ եւ Հայաստանի
Մարւած դաշտերից, մրրիկի նման, նման մահազանգ զարնող զուլումի,
Մեծ աղաղակներ կը հասնեն նաւին եւ քեզ կը կանչեն:
Եւ այդ յոյզերը, փոթորիկը այդ անողորմ ողբի,
Հիւանդ ուղեղիդ վէրքը կը բանան եւ դու կը խենթանաս:

Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…

Բայց այդ կը լինի յիշատակ վերջին, այս բիրտ աշխարհի
Յիշատակ վերջին: Վերջին մղձաւանջ, վերջին սեւ տեսիլք,
Որի դանակը մորթել էր երգդ եւ սիրտդ փակել թանձր խաւարում:
Յետոյ, վարդապետ, – լսո՞ւմ ես ձայնը տարագիր սրտիս –
Յետոյ, վարդապետ, կը գայ վեհաշուք, պայծառ գմբէթը Հայոց աշխարհի,
Եւ կը բարձրանան լուսէ խմբերի երգեր աննման…
Անհամբեր շարքով քեզ կը բոլորեն լեռները մեր վես,
Դաշտերը մարմանդ, դալար սէզերը, ձորերը մեր խոր,
Ոսկէ կոկորդով, կլկլուն, ուրախ, աղբիւրները մեր,
Ճառագայթների բամբիռը զարնող գետերը զւարթ.

Եւ դա կը լինի համերգ մի հսկայ, որի նմանը չի լսւած երբե՜ք
Եւ ոչ մի վայրում: Մի դաշնակութիւն, որի մեղեդին
Գալիս է հնչուն հողերի կրծքից, սարերի կանանչ
բորոզանների
Կանչող հմայքից, ձորերում ձայնող խուլ թմբուկներից,
Դաշտերում սահող մեղմ ջութակներից եւ այն զանգերից,
Որոնք հնչում են, երբ մեր արեւը կպչում է ժայռին
Եւ վայր է թափում խօլ ջրվէժների ղօղանջը արծաթ:
Եւ դա կը լինի համերգ մի հսկայ, որի նմանը չէ լսւած երբեք
Եւ ոչ մի վայրում: Դիսկանտներ ոսկէ, բասօներ խորուն,
Կաղամախների խշշոցներ խորհուրդ, բաղերի ծոցից
Եկած շրշիւններ, հասկերի գլխին սահող լենտօներ, վազող ջուրերի
Արագներ շռինդ, բռնւած պեդալը ծեծւող կալերի,
Եւ ալիք ալիք խոտերը շարժող ֆուգան հովերի՝
Կը գան կը կանգնեն եւ հոգուդ խորքի չերգւած երգերից
Հայոց աշխարհի բոլոր ձայներով կը համերգեն նորից:

Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի…

 

ՄԱՐԴԸ ՆՈՐ

Կը գայ մի օր —
Ինչքա՞ն պիտի մեր սպասումի տենդը տեւի —
Կը գայ մի օր, երբ դարերի ալիքները ճեղքելով,
Այս քաոսի վրայ իշխող լոյս վայրերից,
Կիջնի հանգիստ մարդը այն նոր,
Որին աստղը մեր սրտերի օծեց լոյսի տեսիլքով:
Կիջնի հանգիստ՝ զօրեղ կուրծքը հողմին տւած,
Աչքերը վառ, սիրտը՝ անյաղթ –
Դարբնելու վարժ, սիրելու վարժ ձեռքերը բաց:

Ինչքա՞ն պիտի մեր սպասումի տենդը տեւի:
Ինչքա՞ն պիտի տեւի սուգը մառախուղւած մեր դաշտերում՝
Ես չգիտեմ: Գիտեմ միայն, կը գայ մի օր,
Իր մենութեան բարձունքներից
Կիջնի մարդը Արարատեան եւ կը քայլի մեր հողերում
Հերկւած կամքի իր արօրով, ցանւած մտքով իր առնական —
Եւ կը քայլի, ինչպես հրաբեր մի այգեպան:

Ահ, դժւար է կրել լուծը սպասումի
Ենթամարդկանց այս ժխորում, այս կոյր ու ծուռ,
Այս ստրուկ եւ նենգ կեանքով պարտւած աշխարհում:

Ինչքա՞ն պիտի տեւի վիշտը մեզ չարչարող այս երազի:
Ոչ ոք գիտի: Բայց ես գիտեմ, կը գայ մի օր
Մարդը հզօր, Արարատեան մարդը հըզօր,
Անդորր, լուսեղ իր ճակատով, խաղաղ, մեծղի, ինչպէս լեռը
Բարձրագագաթ,
Ինչպէս ձորը խոր յոյզերով արձագանքւած –
Կգայ մի օր մարդը հըզօր
Եւ կը ստեղծի մեծղի թափով եւ ոգիով ասպետական
Կեանք իրական,
Իր ճակատի նման լուսեղ, նման մտքին իր առնական:

 

ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ

Յունւարի ձիւնը, յունւարի ձիւնը Սարդարապատում:
Կեանքի ոչ մի հետք, ամպի ոչ մի շուք
Այս անապատում
Ոչ մի յիշատակ: Գերեզմանի տակ
Ձիւնի սառ, սպիտակ`
Ոչ մի յիշատակ անցած օրերի: Ոչ իսկ ոռնող բուք,
Ոչ իսկ սուր քամի լերան գագաթից իջնող սուր քամի,
Որ տնքայ, պատմի հառաչող ցաւը ճեղքւած ժայռերի:
Խոր մի լռութիւն
Եւ լոյսեր սառած: Ոչ սուգ եւ ոչ լաց:

Խոր մի լռութիւն:
Ներկայ են միայն աստղերը գունատ անյայտում թաղւած:

Նայում եմ, ասում –
Ուրախ եմ լինել այս պահին մենակ,
Ինչպէս մոլորակ կորած ոլորտում այս ձիւնի սպիտակ,
Ինչպէս աղեղի նետ մի արձակւած դէպի ոչ մի տեղ:
Տեսնում եմ, այնտեղ,
Մերկ հողերի տակ
Թաղւել են, կորել յոյս եւ ճանապարհ,
Խորասուզւել է իր առագաստից զրկւած մի նաւակ
Եւ կեանքի վրայից քայլել է անցել մթութեան մի սար:

Ահ, թողէք վիշտս այս ձիւնում լըւամ
Եւ խոր լռութեան մերկ կայմի վրայով ես վեր բարձրանամ
Մինչեւ անցեալը, մինչեւ արիւնիս թողած հետքերը,
Որոնց խուլ լացը ծածկել է յուշի գունատ գորգերը:
Նայում եմ, ասում –
Ես ընդունում եմ ճակատագիրը սառած այս ձիւնի.
Այնտեղ թաղւած է գերեզմանը խոր մեր խորհուրդների:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *