.
I
Քսան լեռներում ձյունատարած
Թաք շարժվող բանը
Սև կեռնեխի աչքն էր։
II
Մտքիս երեք բան կար,
Հանց մի ծառ՝
Վրան թառած երեք կեռնեխ։
III
Սև կեռնեխը շուրջ էր գալիս աշնան
Քամու մեջ՝ մնջախաղի պատառիկ։
IV
Այր ու կին
Մեկ են։
Այր ու կին ու սև կեռնեխ
Մեկ են։
V
Չգիտեմ որն է գերադաս՝
Հմայքը ելևէջների,
Թե հմայքը թողած նշմարքի․
Դայլայլը կեռնեխի,
Թե ետքը:
VI
Սլուլը պատեց պատուհանն
Անմշակ ապակով։
Սև կեռնեխի ստվերը
Հատեց այն հետ ու առաջ:
Օդը
Գծագրեց ստվերում
Անվերծանելի մի պատճառ։
VII
Ո՜վ, Հադամի հաշ այրեր,
Ինչո՞ւ եք հնարում ոսկյա հավքեր:
Չե՞ք տեսնում՝ ոնց է սև կեռնեխը
Պտտվում կանանց
Ոտքերի տակ շրջակայքում:
VIII
Գիտեմ վսեմ շեշտումներ
Եվ պայծառ, անկասելի ռիթմեր․
Բայց և գիտեմ,
Որ սև կեռնեխը կապ ունի՝
Ինչ ես գիտեմ:
IX
Երբ կեռնեխը թռավ-գնաց,
Գծվեց պռունկը
Բազում ցիկլերից մեկի:
X
Տեսնելիս սև կեռնեխների
Սլացքը կանաչ լույսի ներքո՝
Նույնիսկ մեղրաբերանները
Սաստիկ կճչային։
XI
Նա շրջում էր Կոնեկտիկուտում
Ապակյա կառքով:
Մեկ էլ մի վախ խոցեց նրան,
Երբ շփոթեց
Իր էկիպաժի ստվերը
Սև կեռնեխների հետ։
XII
Գետը շտապում է։
Կեռնեխը թռչում է թերևս:
XIII
Ամբողջ ցերեկ երեկո էր։
Ձյուն էր գալիս
Եվ ձյուն էր գալու։
Սև կեռնեխն իջավ
Մայրու ճյուղերին։
(1917)
Թարգմանությունն անգլերենից՝ Դավիթ Ստեփանյանի