Ռաբաբ Շամսեդդին | Բեյրութ

Ռաբաբ Շամսեդդինը լիբանանցի արտիստ, լուսանկարիչ և բանաստեղծ է, ստեղծագործում է Բեյրութ և Տիր քաղաքներում: Նրա աշխատանքն ուսումնասիրում է թեմաներ, ինչպիսին են պատկանելությունը հողին և կորստի ու սիրո միահյուսումը գաղութատիրության սպառնալիքի ներքո, հատկապես Հարավային Լիբանանում:

Նա 2025 թվականի Արաբական վավերագրական լուսանկարչության ծրագրի դրամաշնորհի մրցանակակիրն է (AFAC x Magnum x Prince Claus Foundation) և այժմ աշխատում է լուսանկարչական պոեզիայի գրքի վրա, որը առանցքային թեման Հարավային Լիբանանում կանաչ դիմադրությունն է:

Նրա լուսանկարները ցուցադրվել են Բեյրութի արվեստի կենտրոնում, իսկ նրա պոեզիան հրապարակվել է «We Call to the Eye & the Night: Love Poems by Writers of Arab Heritage» գրքում (Persea Books, 2003), «Discontent» և «New York Warm Crimes» ամսագրերում:

Նրա ստեղծագործական գործունեությունը խարսխված է հիշողության, սգի և հողի հանդեպ ունեցած խորը սիրո մեջ: Նա ուսումնասիրում է, թե ինչպես է դիմադրությունը արմատակալում նաև ներանձնականում՝ հողի, լռության և այն ամենի մեջ, ինչ դիմակայում է և շարունակում ապրել:

 

Բեյրութ

Սիրում եմ մի կնոջ`
Արդեն երեք տարի,
Երբեք չենք խոսել, չենք դիպչել,
Բայց երկուսս էլ գիտենք,
Որ թե աշխարհի վերջը վաղը գա,
Հինգին կզարթնենք
ու կհասնենք իրար` հանդիպելու Աստծուն:
Աստված տարածքն է նրա շրթից իմ շուրթ,
Եւ մենք կհամբուրվենք
Ապոկալիպսին, Ապոկալիպսից առաջ ու Ապոկալիպսից հետո:

Սիրում եմ մի կնոջ,
Որ ձեր ճաշակով չէ:
Նա բաց է թողնում իր բոլոր 905,000 պատուհանները,
Որ տեղավորի իմ յուրաքանչյուր կոտրված մասնիկ:
Սիրում եմ մի կնոջ, ու նրա անունն այնքան ապահով է իմ բերանում.
Բեյրութ..
Հարևան զույգերը բողոքում են
Մեր խարխուլ շենքի դեղին հետքերից,
Ես չեմ հանդգնում նրանց ասել, թե
Սուրճի հետքերը, որ Բեյրութն է թողնում
Սիրո նոթեր են`
Հիշեցնելու ինձ առավոտն այն Ապոկալիպսից հետո
Որ միասին էինք:
Հիշեցնելու, որ տեսանք պատերազմ, որը չէինք ուզել,
Տարանք ավերի ծանրությունը,
Երբ իմ փորը միայն գիտե նրա մարմնի ծանրությունը,
Կեսգիշերից հետո` սիրո ժամերին:
Սեր` ասես կռիվ,
Ասես ուզում ենք շորերը պատռել,
Մերը մաշկը պատռել, ոսկրերը հանել,
Պատմություն քանդել, հետ սարքել ամեն մի ավերված տուն,
Ծնկի բերել ամեն զինվորի, պատռել ամեն մի օտարի դրոշ
Բացել բռունցքը, թող ցավը գնա…
Բացել բռունցքն ու գետնին պառկել,
Ցած դնել ամենը` շորերը, սրտերն ու զենքերը,
Ձգվել, ինչպես ճշմարտությունը, որը չգիտենք,
Պատրաստ սեր անել ինչպես պատերազմ.
Կրքի նահատակ` այդպես ենք մեռնում,
Բեյրութն ու ես, սիրում ենք այնպես ինչպես կռվում ենք
Չէ՞ որ սիրում եմ մի կնոջ, որ ձեր ճաշակով չէ
Բեյրութ` բռնուցքներով կռիվ դիմականդեսի մեջ:

Սոճու տերևների օրորոցայինը

Երգիր ինձ սոճու տերևների օրորոցայինը,
Չգիտեմ քունն ինչ է, սեր իմ։
Մութ լուսնածագին անցնում եմ ծովերը՝
Աչքերիս ոսկե մետաղադրամներ`
Հույսով, թե կսեղմեմ մեր միջև տարածությունը :

Ո՞վ է տարագիր բանաստեղծը.

Մեր սրճարանները չքացել են, մեզ համար այլևս սուրճ չկա,
Ընդամենը ռադիոյով նվվացող կնոջ ձայն`
Որ մեր սրտերն աղում դարձնում է բովահատիկներ:
Մեր հողի տակ աճող ծովային ջրիմուռի էությունը
Բոլորս մոռացության ենք մատնել:
Անհետացել են դեպի մեր սերերը տանող ճամփաները:

Իսկ սահմանազատման կապույտ գիծը դեռ այստեղ է…
Աղոթում եմ, որ այն քեզ այլևս չգտնի:

Սեր իմ, իրականում տարագիր բանաստեղծը ես եմ:

*Ոսկեդրամները ակնարկ է Հունական սովորույթին, որ մահվան թագավորությունում մակույկավարին վճարելու համար հանգուցյալի աչքերին ոսկեդրամներ էին թողնում
**Կապույտ գիծը, Լիբանանի հարավում սահմանազատող ՄԱԿ-ի կապույտի գիծն է

 

*Սպիտակ փոշի*

Երկինքը ճաքում է հազար կտորի,
և բացի երկուսիս իրար նայող հայացքից ոչինչ այն չի կարող սոսնձել։

Զգում եմ` ինչպես է կենսահյութը հոսում
մեր սրտերի միջև`
կամրջելով տարածությունը, որը չենք խնդրել,
Իրար կպցնելով մորդ ջարդված ծաղկամանի բեկորները…
Ահա,
Քեզ ծաղիկներ եմ բերել
ծովից մինչև սարեր.
Եկ նստիր,
լացիր իմ գրկում.
Ես գիտեմ այդ ցավը.

Ափին
քայլում ենք փշրված ապակու վրայով,
Մեր գլխավերևում, ինչպես ռազմական ինքնաթիռներ, ճախրում են թռչուններ:
Ես կորցրել եմ իմ մասնիկները, դու նույնպես,
Հիմա քայլում ենք,
քայլում ենք,
քայլում ենք որոնելով։
Երբ բարձրացնում ենք գլուխներս,
կարմիրն է մկրտում մեր աչքերը՝ փայլատակելով
հազար ընկնող աստղեր.
Մեզ նման կանայք երազանք են պահում ընկնող փամփուշտներ տեսնելիս։

Մեր ներսից արկեր, բառեր ու ջուր է անձրևում,
Փոշին պարուրում է մեզ, երբ քայլում ենք քամիների դեմ:
Մի անգամ կատաղած շների պես կռիվ տվեցինք զեփյուռի դեմ.
հանդերձահանդեսներ հանդերձյալ կյանքերում,
վառոդի պես ծաղկափոշի քսելով մեր շուրթերին,
թմրեցնելով մեր սրտերը այս քաղաքի վշտից:

Մենք ստիպել ենք Աստծուն ծնկի գալ և խոստովանել,
«Մայրիկ, ներիր ինձ, ես մեղանչել եմ»;

Մենք դիտել ենք` ինչպես է նա փսխում
այն, ինչ մեզ ստիպողաբար էին կերակրում,
Քերծվածք թողեցինք նրա այտին
այն բոլոր անգամների համար, որ մեր դեմքերը խոնավացել էին
մեր մայրերի արցունքներով.

Բռնություն նշանակում է պատռել մեր սրտերը և կերակրել դրանք կարապներին:
Դա նշանակում է կրակել՝ լսելու, թե ինչպես են թզենիները մթնշաղին քնում:
Մենք տիրապետում ենք կորստի և սիրո արվեստին,
միմյանց սովորեցրել ենք սպիտակի տարբեր երանգները:
Սպիտակ մեր տատիկների սարքած ալյուրի պես,
Սպիտակ, ինչպես նրանց պարտեզի ծաղիկները

Եվ լսիր ինձ,
երկնքից թափվող սպիտակ ալյուր, մեր մահճակալների շուրջ կարմիր ծաղիկներ:

Միևնույնն է, մենք պոեզիա ունենք թե՜ կյանքի, և թե՜ մահվան համար.

 

Մեղր

Առավոտն արթնացա` բերանիս մեջ ցող
Ու չգիտեմ` քեզ եմ համբուրել, թե ծաղիկներին:
Միայն գիտեմ, որ գերեզմանը պուրակ ես դարձրել,
Ու անկողնուցս մանուշակներ են ծլում խենթի պես
Եվ մեղուներն այլևս չեն լքելու ինձ.

Երևի նրանք սիրտդ փեթակի տեղ են դրել։
Դու այնքան լի ես մեղրով, դու այնքան քաղցր ես

Երբ երեխա էի,
Թվում էր` չի լինի ավելի քաղցր բան,
Քան մորս սարքած վարդի մուրաբան`
Հացով թաթախված:
Հիմա քսանմեկ գարուն ապրել եմ, ու չեմ պատկերացնում ավելի քաղցր բան,
Քան դու

Երևի Աստված մտածել է քեզ ստեղծելու մասին`
Աշխարհի բոլոր ծաղիկներն ուտելուց հետո
Ահա թե ինչու եմ ասում`
Դու ծնվել ես այդչափ փափկությունից
Ահա թե ինչու եմ ասում`
Ընդ քեզ արթնանալն ասես բույսերին մոտենալ լինի։

Ինչ դու քնում ես իմ կողքը,
Ներքնակը սևահող է դարձել։
Երանի տեսնեիր` ինչպես է հողը նազանքով բացվում,
Երբ առավոտյան ձգվում ես դու:
Կամ ինչպես է քո մասին մտածելիս
Արևն արտաշնչում ջրի գույնզգույն պղպջակներ,
Գիտեմ, ախր ես էլ եմ նույնն անում:

Ես էլ եմ փափկում, երբ միտքս ես գալիս,
Ուզում եմ բոլոր թռչուններին կրծքիս տակ բույն տալ:
Դու այս բոժոժ սիրտս դարձրել ես թիթեռների երամ,
Դու ինձ թևեր ես տալիս, սեր իմ:

Երբեք չէի մտածի, որ բաբախել բառը
Կարող է լինել այդչափ փափուկ։
Սրտի ամեն զարկ
Գարնան եղանակ է
Ահա թե ինչու են մեր սավանները տաք
Ամեն առավոտ։
Բարի լույս, իմ սեր,
Եկ մի քիչ էլ մնանք անկողնում:

Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Պողոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *