Քառաբաժան ճանապարհի մեջտեղում կանգնած,
Բաժանության գծից կարծես վախենալով,
Ուղիների խաչաձևման մտքերովս տարված՝
Թևակոխում եմ անցյալ՝ թեև վարանելով։
Անցյալից այն կողմ ամեն ինչ արդեն օտար է․
Դեմքս ու դիմակս, հաճախ անտաշ քայլվածքս,
Ձայնիս թողած հետքն ու ժպիտս, որ դեռ տկար էր,
Դրսից միշտ գոռոզ, իսկ ներսից թախծոտ հայացքս,
Լռելս, երբ լռությունը ոսկի չէր կշռում,
Նոսրացած, ծանծաղ օդով թոքերն իմ լցնելս,
Անցյալ, որտեղ օդը կանգնած է, ու չկա գարուն,
Ու ամեն ինչ արդեն վաղուց եղել-պրծել է։
Արդյոք իմաստ կա՞ նորից իմ հետ գնալուն,
Նորից վերհիշելուն, նորից փոքրանալուն։
Փոխարենը ճիշտ կլիներ երևի մենակ
Հավաքել դասերը՝ անցյալով մեկ շաղ տված,
Ու պսպղացող կողովը գրկած հեռանալ՝
Անտեսելով բոլոր օրենքները չգրված։
Արդյոք արժե՞ բախտս ապագայի մեջ փորձել,
Երբ այնտեղ ամեն ինչ անհայտով է սվաղած․
Անգամ եթե մեկ բառ ստացվի այնտեղից կորզել,
Նույն պահին կփոխվի ապագան դեռ չապրված։
Մի հաստատուն կա այս բոլոր ճամփաների մեջ,
Որ մահ տանող ճամփան մի օր հաստատ կկտրեմ,
Բայց երկարությունը կանգնածս տեղից հավերժ
Չէի ցանկանա ես ինքնակամ, իմ ձեռքով կարճել։
Այնպես որ, կարծես, մեկ ընտրություն կա հիրավի՝
Ներկաս ամուր գրկել ու քայլել բլուրն ի վեր,
Քայլքս ծանրացնող ամեն բան նետել դեպի վիհ,
Ցողել մտքերս ու երազներս, տնկել իղձենի։
Չակնկալելով ո՛չ հաջողություն, ո՛չ էլ բախտ՝
Աշակերտել լոկ անդադար Առաջընթացին,
Ինքս ինձ ճանաչել մինչև հոգու խորք, մինչ կմախք,
Չծանրացնել թեթև հոգիս արժեքներով սին։
Հանդիպած ամեն մեկի հետ կիսել ցավ ու խինդ,
Խոսքս երբևէ չզատել տվածս սիրուց,
Սիրտս բաց պահել, բերանս՝ փակ, իսկ հոգիս՝ պինդ
Ու չխորշել երբևէ օգնություն խնդրելուց։
Ներկայից քաղել ամենն, ինչ ունի ինձ տալու,
Տրցակս լցնել հավաքած հասուն նուբարով,
Մտքիս դեգերումներից վերջապես տուն գալուց՝
Աններկա կյանքերիս բղավել՝ մնաք բարով։
Ներկայից ներկա ամեն օր քայլել․․․
Ժամադրվել մեկի հետ, ով ինձ ծաղիկներ չի բերի
Ժամադրվել մեկի հետ, ով ինձ ծաղիկներ չի բերի,
Ով չի կանգնի պատշգամբիս տակ իր մեքենայով,
Չի սպասի ինձ ժամերով շոկոլադի տուփը ձեռքին,
Չի պղտորի զրույցը հաճոյախոսություններով։
Ինձ չի խոստանա Լուսինը, Արևն ու Յուպիտերը,
Այլ փոխարենը խելամիտ լռելով կգոհանա,
Անդադար չի հարցնի՝ ինչպես հավանեցի դեսերտը,
Չի կարկամի, երբ իրեն մի քիչ խճճված հարց կտամ,
Անտեղյակ, սխալ ենթադրություն չի անի իմ տեղը,
Կթողնի, որ մտքիս եղածը ինքս խոսեմ անշտապ,
Նյարդիս վերջին լարին չի ձգի իր աղեղը,
Բնավ չի սպասի, որ իմ կողմից կլինի պաշտված։
Մաշված, կեղտոտ կոշիկներով չի փորձի մտնել սիրտս,
Տվածս հարցին երկիմաստ պատասխան չի տա,
Սեղանին դրված անապակ գինին չի ցողի գիրկս,
Կհուսադրի, որ ամեն դրության մեջ էլ ելք միշտ կա։
Ինձ փոխ կտա իր ուսը, երբ անկարող եմ լացս զսպել,
Ժպիտիս փայլն իր եսասիրությամբ չի խավարեցնի,
Կարճ ժամանակ անց ստեղծարար ոգիս չի սկսի մսխել,
Կյանքիս բավիղում Արիադնայի թելը կկծկի,
Սեր չի փորձի խոստովանել երդումներով բազմանախշ,
Ինչպես չի ուզի լսել, որ մոլորակիս առանցքն է,
Նվերի տեղ արարքներ կշռայլի առատաբաշխ,
Կպարզվի՝ իր ձեռքով ցանած բարությունն իր պարծանքն է։
Ժամադրվել մեկի հետ, ով առանց ծաղիկներ կգա,
Փոխարենը կուզի՝ իրար հետ սիրտ ու սեր աճեցնենք,
Մինչ տունս կուղեկցի, ու առանց հրավեր ներս չի գա,
Կթողնի մտքերիս հետ ինձ մենակ, որ հանգիստ հաշտվենք,
Իմ ներկայությունը չի դարձնի խորան պաշտամունքի,
Ինչպես և բացակայությունս՝ մեղքիս առհավատչյա,
Մանկական ամնեղությամբ կհրճվի գալուն գարունքի,
Ամեն վերելքիս հետ գոհությամբ իր հոգին կցնծա։
Կարծես՝ ուզում եմ, որ ինձ իսկական ընկեր ժամադրի,
Ում ներկայությամբ միանշանակ ինձ կվերհիշեմ,
Ու ինքս ինձ կուրվագծեմ՝ նայելով իր աչքերին․
Կուզեմ, որ ինձ հետ այդ ժամադրված մեկը ես լինեմ։
Անբիծ կյանքի հետևից վազելով
Անբիծ կյանքի հետևից վազելով՝
Թողնում ենք բազում չգրված էջեր,
Մարդկանց կարծիքից երկչոտ կուչ գալով՝
Թաղում ենք մեր մեջ այն, ինչը պետք չէր։
Հազար գաղափար, հազար չարված քայլ,
Հազար լավ ու վատ ստեղծարար մտքեր,
Լուռ մեզ են նայում հայացքով մռայլ,
Տապակվում այլոց եպերանքի մեջ։
Մեր մտքի ուժով կողպած դռներից
Արժե, որ մի օր մեր կամքով անցնենք
Ու թոթափենք մեր կքած կռներից
Ժառանգած վախը, որի տերն ենք մենք։
Մեզ կքարկոծեն, մեզ չեն հասկանա,
Մեզնից կսպասեն բացատրություն,
Բայց սա թող երբեք առիթ չդառնա,
Որ կոտորենք ցողունը՝ ոգու մեր կանգուն։
Ինչքան էլ սխալ չուզենք գրոտել
Կյանքի թերթերին՝ մեզ բաժին հասած,
Մեկ է ի վերջ հարկ է ընդունել՝
Անբիծ է միայն թուղթը չգրված։