Պասկալ   Քինյար | Ատելություն  առ  երաժշտություն

Ֆրանսիացի   արձակագիր,   էսսեիստ    Պասկալ   Քինյարը   ծնվել  է  Վերնոյում  1948թ.  ապրիլի  23-ին:  2002թ.   Պասկալ   Քինյարը  արժանացել  է  Գոնքուրի   մրցանակի   «Թափառող  ստվերներ»   ստեղծագործության   համար: Գրել  է   երաժշտությանը  նվիրված  վեպեր  և  էսսեներ`  «Երաժշտության   դասը»,  «Աշխարհի  բոլոր  առավոտները»,  «Ամալյա   առանձնատունը»,  «Վուրտեմբերգի   Սալոնը»  և  այլն: «Ատելություն  առ  երաժշտություն»  գիրքը   Պասկալ  Քինյարի  էսսեների  ժողովածուն  է, որտեղ  ֆրանսիացի  գրողը  խորհում  է  ձայնի, լռության  և  երաժշտության   մասին:

(Քննախոսություններ երաժշտության մասին)

***

Խորխե Լուիս Բորխեսը մեջբերում է Վերգիլիուսից մի տող, որը թարգմանել է Բուալոն․

«Այն ակնթարթը, երբ ես խոսում եմ,

արդեն հեռու է ինձնից»:

Իրականում խոսքը Հորացիուսի բանաստեղծության մասին է։ Այդ տողը նախորդում է  XI ներբողի  «Carpe diem»-ին՝

Dum loquimur fugerit invidia aetas.

Carpe diem quam minimum credula postero

Մինչ  խոսում ենք, անցնելու է

գնա նախանձ ժամանակը

Պահը որսա՛,  քի՛չ վստահիր

Ապագային[1]։

Այնպես որ, որսա՛ օրը և ամուր պահիր ձեռքերում, ինչպես պոկված ծաղիկը։ Երբեք մի հուսա, թե վաղվա օրը գալու է։ Բորխեսը հիշում էր  Հերակլիտոսի աչքերում արտացոլված գետը, որ մի օր լողալով անցել էր նրա հայացքի ներքո։ Մարդկանց աչքերը ավելի քիչ են փոխվել, քան գետի ջրերը: Բայց երկուսն էլ  խաբկանք են: Ոչ ոք չի տեսնում այն գետը, ուր  նետվել է ընդամենը մի ակնթարթ առաջ։

Սուրբ Ղուկասի Ավետարանում ուրացման տեսարանը հիրավի ավելի ներթափանցված է հունական ոգով, քան մյուս ավետարանիչների վկայություններում։ Պահակներն ու սպասավորները նստած էին գավիթում՝ կրակի շուրջը։ Պետրոսը փորձում է միանալ հավասարների այդ խմբին, (որը հիշեցնում է «Իլիականից» մի տեսարան), ոչ այնքան խարույկի շուրջ տաքանալու, որքան տղամարդկանց համերաշխ  միջավայրում հայտնվելու համար․ 30 թ․ ապրիլյան լուսաբացին, մահվան տարում։ Բայց Սուրբ Ղուկասը ավելի հեռուն  է գնում։ Նա ուրացման տեսարանը կապում է արտասուքների տեսարանին։ Միահյուսում է դրանք, ինչպես նույն երկրաբանական շերտի երկու նստվածք, կամ էլ ինչպես էլեկտրական լարերի միակցում։

ՀունարենKai parachrèma eti lalountos autou ephônèsen alektôr;

լատիներեն —   Et continuo adhuc illo loquente cantavit gallus

Եվ նույն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց[2]:

 Dum loquimur․․․ Աքաղաղի կանչը այլալեզու  մի  առեղծվածային ազդանշան է, որը Պետրոսի համար նույնքան սարսափելի  ու անսովոր է, որքան իր նոր անունը։ Այդ խռպոտ  կանչը, որն ավետում է արշալույսը, ընկղմում է նրան մի այլ հոգեվիճակ, մի այլ իրականություն՝ նոր Հիսուսի ու նոր Պետրոսի իրականություն, այն ինչ եղել էր Պետրոսից առաջ (այսինքն՝ Սիմոնի, և նույնիսկ Սիմոնից առաջ  եղած իրականություն)։

Իսկ աղախինն ասաց. «Ոչ միայն քո դեմքը, կամ դեմգծերը, կամ մարմինն են քեզ մատնում, այլև քո խոսվածքը»։ Հունարեն՝ «խոսվածք» բառը՝ Ζαλία, իսկ լատիներեն՝ loquela: Պետրոսին մատնող ձայնային տարածության մեջ, այն անվան սահմաններից դուրս, որը նա մատնել է (Հիսուս) և  որին  ինքը դավաճանել  է (Սիմոն), կա մի ձայնային  մասնիկ, որ փոխակերպում է լեզուն՝ անսպասելիորեն մեզ հղելով բնության անսահման  աղաղակին ու կենդանական աշխարհի առավել սահմանափակ ձայներին, որից մարդկային լեզուն վերցրել է հնչյունների իր համեստ բաժինը։ Աքաղաղի երգը (կանչը), որոշ առումով նեոլիթյան փոքրիկ գյուղերի կանչն  է, որ «ողբերգական» դարձավ ու նստակյաց, երբ լեզուն  դադարեց լինել քոչվորների և որսորդների խոսքը։

Աղախնի ականջներում խոսքը Պետրոսին մատնում է առնվազն երեք հատկանիշով՝ առոգանությամբ, Գալիլեայի ձևաբանական առանձնահատկությամբ և վերջապես հնչերանգով՝ պատճառաբանված այն վախով, որը Պետրոսը զգում էր կնոջ նյարդայնացնող (tarabust) հարցերից։ Պետրոսի  վախը (pavor), որն անակնկալի է եկել աքաղաղի կանչից, առաջացնում է ձայնի հանկարծակի խզում, ինչը  իր ցանց է հրապուրում մի ձայնային «ձկան», որը ավելի հին է, քան հենց  ձկնորսն ու նրա դեմքը, ավելի հին, քան լույսը, և դատապարտում է նրան արցունքների։ Յուրաքանչյուր մանկական դեմք  ավելի հին է թվում, քան նրան լուսավորող լույսը։ Պատճառը նորածինների արցունքներն են։

***

Ռայներ Մարիա Ռիլկեն գրել է, որ հիշողությունները իսկապես  հիշողություններ են դառնում միայն այն ժամանակ, երբ ազատվում են իրենց պատկերային և բառային շղարշից, որը խոչընդոտում է ընկալմանը։

Հիշողության սկիզբը ուղեկցվում է այն մոռանալու, խորքում թաքցնելու ջանքերով։ Միայն այդ դեպքում է հիշողությունը իր մեջ ուժ գտնում վերադառնալու՝ դեռևս մոռացության գետի ջրերից խոնավ, առանց բառերի, առանց երազների, առանց սրբապատկերների, բայց ժեստերի, մոլագարության, սպառնալից շարժումների, եփած ուտեստների, հանկարծակի փսխման, ուշագնացության, անբացատրելի վախերի տեսքով: Կորցնելով անունն ու իմաստը՝ նրանք հայտնվում են,  ինչպես Պետրոսի արցունքները աքաղաղի երրորդ կանչի ժամանակ՝ ապրիլյան լուսաբացին, երբ նա հանկարծակի հեռացավ գավիթից, խարույկից՝ դեպի Կայիափայի աներոջ տան շեմքը: Պետրոսի իրական հիշողությունը՝ արցունքների աղի ջուրն է, սարսռացող մեջքը, այգաբացի սառնությունը, խոնավ քթի շնչառությունը: Սա ջրից օդ քաշված ձկան բաց երախն է։ Պետրոսի «Վերջին ընթրիքը» ջուրն ու աղն են։

 ***

Գաղտնի խոստովանություն անտառում երեսուներկու տարի առաջ:

Մենք մենակ էինք անտառում` դեղնավուն սաղարթների թավուտում, լույսի դողդոջուն ցոլքերի միջև։

Իր յուրաքանչյուր ցանկությունը վստահելով ինձ՝ նա իջեցնում էր ձայնը մինչև անլսելի շշուկ, մինչև ինչ-որ բան հասկանալու լիակատար անհնարինություն։

Ես չէի հասկանում նրա խոսքերը։ Սխալվում էի մեկընդմեջ:

Ումի՞ց էր նա վախենում: Ո՞վ կարող էր նրան լսել։

Եղջերու՞ն։

Ծառի՞ տերևը։

Աստվա՞ծ։

Նրա շուրթերը մերձենում էին ականջիս։

 ***

Հորացիուսի համոզմամբ՝ լռությունն ինքնին  անկարող է ամբողջովին տարրալուծվել։ Ձայնային անիհիլացիան անկարող է հասնել իր քայքայման վերջնակետին` բացարձակ լռության:  Նա գրել է, որ անգամ կեսօրին, անգամ ամռան հեղձուցիչ   շոգին, լռությունը  «բզզում է»  անշարժացած գետափերին։

Թարգմանությունը՝  Սամվել Թավադյանի

Ծանոթագրություն

[1] Թարգմանությունը՝ Արամ Թոփչյանի

[2] Ղուկաս 22։60

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *