Անահիտ Աղոյան | Աղջկություն

Ես աղջիկ եմ։
Ես նորից չգիտեմ ինչ հագնել։
Մայիսյան ջերմ քամին ասում է․ «Հերիք է մտածես, ընկի՛ր մորդ պահարանի խորը նառնիական փոսի մեջ»։
Այնտեղ ջերմ է։ Գույները երկուհազարականների պես են։
Ուղղակի y2k չէ, ոչ, ամենևին։
Այնտեղ մանկությունս է։
Մորս սիրելի վերնաշապիկը, որի մեջ նա ինձ առաջին անգամ տարավ դպրոց։
Նրա զամշե պայուսակը, որի մետաղյա ծաղիկը 71 համարի մարշուտկայում դառնում էր իմ սիրելի խաղալիքը։

 

***
Ես աղջիկ եմ։
Ես ուզում եմ, որ կլոր տարի հուլիս լինի։
Ես սիրում եմ լայն ճերմակ զգեստներ, որոնք ինձ վերածում են փոփոլ մի ամպիկի։
Եթերային գույներ, պաստելային երկնքում թռչող պեգասներ ու միաղջյուրներ։
Ջերմ ու ծիրանագույն երեկո։
Ժամը 16։55ը, իմ սիրելի ելակով պաղպաղակն ու ամենաչքնաղ արքայադստեր մասին ֆիլմը։
Պաղպաղակը գիրացնում է։
Գիտնականները ասում են դատարկ փորին քաղցր չի կարելի ուտել։
Շաքարը գիրացնում է։
Ես միշտ մտածում եմ, որ պետք է էլի նիհարեմ։
Նիհարելուն ավարտ չկա։

 

***
Ես աղջիկ եմ ու ես սիրում իմ արծաթյա մատանիները։
Ես պատում եմ մատներս դրանց լուսնագույն խաղերով։
Ես սիրում եմ բաբոյիս թբիլիսյան ոսկեպատ ապարանջանը, որից մեկ էլ ֆոնետիկայիս դասախոսն ուներ։
Երևանյան շվաքները ծածկում են ինձ ճչացող արևի անհյուրընկալ այրվածնքերից։
Դեմքս կարմրում է։
Ես կատարյալ մաշկ եմ ուզում։
Ես սիրում եմ ինձ ու չեմ սիրում։
Ինձ ասում են՝ սիրիր քեզ։
Ես սիրում եմ, որովհետև ասում են։
Մի օր ես երևի թե իսկապես կսիրեմ ինձ։

 

***
Ես աղջիկ եմ։
Ես ուղղակի ուզում եմ փռվել բազմոցին ու երազել պարոն Դարսիի մասին։
Աղջիկները ֆիլմերից չեն հոգնում, և գիտնականները դրա հետ ոչ մի կապ չունեն։
Մարկ Դարսին ու կախարդական պարտեզը հաստատ իրականություն չեն, բայց դա ինձ երջանկացնում է։
Ես սիրում եմ երազանքների աշխարհը։
Այնտեղ ես գուցե հնագետ եմ,
Կամ կախարդական գրդարանավար, Vogue ամսագրի խմբագիր, միշլենյան աստղով ռեստորանի խոհարար, գյուղական տնակում ապրող փերի, լուսանկարիչ, աստղաֆիզիկոս։
Ես չեմ անում այն, ինչ ուզում է սիրտս։
Ես վախենում եմ, որովհետև կապիտալիզմը հաղթում է։
Բայց ես ուղղակի ազջիկ եմ։

 

***
Ես աղջիկ եմ,
Ես լուսանկարում եմ ամեն ինչ
Հեռախոսս խեղդվում է անմիտ պատկերներով ու
Պինտռեստյան տախտակներով
Բայց ես դրանք չեմ ջնջում
Երբեք
Չգիտես ինչ կլինի
Գուցե ավտոբուսում մի կերպ խղցկված ընկերուհուս պետք գա այս կամ այն զգեստի սքրինշոթը։

 

***
Ես աղջիկ եմ
Իմ սիրտը մեծ է, բայց ես վախենում եմ
Ես սարսափում եմ աշխարհից
Այն ավելի մեծ է քան իմ սիրտը
Հա, ես փխրուն եմ։
Ես սիրում եմ, երբ իմ մասին հոգ են տանում,
Որովհետև այսօր ջենթլմենը ռարիտետ է։
Ու ես քաջություն ունեմ միայնակ նոր աշխարհ դուրս պրծնելու,
Բախվելու միայնությանն
Ու խիազխությամբ դրա ստվերների մեջ լույսեր գտնել։

 

***
Ես աղջիկ եմ
Երբ հոգնում եմ ու ատում եմ բոլորին, ես դնում եմ գլուխս մորս ծնկներին։
Նրա նուրբ մատները դանդաղ շոյում են գզգված մազերս։
Մայրս ասում է, որ իմ նոր ծղոտե պայուսակը շատ լավն է։
Ես սիրում եմ մեծ պայուսակներ
Ես լցնում եմ դրանք իմ սիրելի իրերով ու վազում դեպի նոր աշխարհը։
Երբեք չգիտես, թե ինչ պետք կլինի։
Ինքնահո՞ս կամ գուցե գլխացավի դեղ։
Ես աղջիկ եմ, ես պատրաստ եմ նույնիսկ ապոկալիպսիսի։

 

***
Ես աղջիկ եմ։
Ես սիրում եմ լուռ երեկոներ։
Հին սովետական բաժակներով ու թեյնիկներով լցված խոհանոցներ։
Ես սիրում եմ թեյի թեփուկների պարը ոսկեջուրը կորցրած բաժակի սրտում։
Ես ուզում եմ կորչել այդ օվկիանոսում։
Իմ մտքերում բանաստեղծություններ են։
Դրանք հյուսվում են ակամայից
Նոր սննդից ու շոկոլադի էնդորֆիններից։

 

***
Ես աղջիկ եմ։
Ես հավաքում եմ բոլոր մտքերս նոթատետրերում,
Ընդգծում դրանք ծիածանի բոլոր գույներով ու փայլերով
Ես ունեմ անթիվ պինտերեստյան մուդբորդեր, որտեղ ես Իտալիայի հարավում եմ
Ես Փարիզում եմ և Նյու Յորքում։
Ես ուզում եմ ավելի շատ ճանապարհորդել։
Ես անվերջ թերթում եմ ինստագրամյան էջերը
Այնտեղ կատարյալ դեմքեր են
կատարյալ մազեր են
կատարյալ ոտքեր են
կատարյալ տներ են
կատարյալ կյանքեր են
բայց ես չեմ նախանձում նրանց
ես ուղղակի ուզում եմ ունենալ այն, ինչ նրանք ունեն։

 

***
Ես աղջիկ եմ։
Իմ մեջ անվերջանալի պայքար է անցյալի ու ներկայի միջև
Ավանդույթների բախում
Սերունդների քաոս
Կանանց անվերջանալի շղթա
Միլիոնավոր աստղադեմ մայրերի ուլունքի պես երկար վզնոց
Նրանց համար ես այլ եմ
ես ասես այլ ընտանիքից եմ, ես չեմ տեղավորվում
ես շատ բարձր եմ,
ես անվերջ քրքջում եմ,
ես շատախոս եմ,
ես ուղղակի շատ եմ։

 

***
Ես աղջիկ եմ
Ես սիրում եմ անծանոթ մարդկանց,
Ինձ հիացնում են նրանց անհայտ աչքերը
Ու այն երկխոսությունները, որոնք ծնվում են
Մի կարճ ժպիտից։
Ես սիրում եմ անձրևը
Դրա գերագույն մաքրող ոգին ու շունչը
Քաղաքի խոնավ փողոցներն ու
Փողոցում քայլող հետաքրքիր դեմքերը
Որոնց ես այլևս երբեք չեմ տեսնի։

 

***
Ես աղջիկ եմ
Ես սիրում եմ միայնակ պարելը
Ձմռան բքին եղևնու տակ Չայկովսկու մեղեդիները
Թաթա Սիմոնյանի կարապները։
Սուրճս պաղպաղակով խառնելը,
Ինքս իմ մեջ խորանալն ու հաջողություններիս մասին հիշելը։
Ես սիրում եմ 2000-ականների ֆիլմերը
Դրանց արևային գույները
Դրանց մեջ թաթախվելն ու
Արթուն երազելը։

 

***
Ես աղջիկ եմ,
Ես սիրում եմ քնել, բայց ինձ հանգիստ չի տալիս այն միտքը,
որ կյանքը ուղղակի անցնում է իմ կողքով, իսկ ես քնած եմ։
Իմ մեջ մի մեծ տիեզերք է
Մտքերի տարափ
Ստեղծագոր ոգի
Արարչական շունչ, որը ստիպում է չկանգնել ու չհանձնվել։
Ես ստեղծում եմ նոր տառեր, որոնք բանալին են իմ սեփական հոգու։
Ես աղջիկ եմ
Ես սիրում եմ ազնվամորու բույրն ու փայլուն շրթներկի շողքը
Ժամերով գրքեր ընթերցնելն ու կոմպուլսիվ մարքությունը
Ես սիրում եմ խցանումների ժամանակ
Ականջներիս մեջ հորդացող մեղեդին ու երկար
Երկար երկար ինքս ինձ հետ մնալը։
Ես սիրում եմ ընկերներիս փայլող աչքերը
Ոգևորության ոգին, որը պտտվում է մեր շուրջը
Նրանց շողշողուն ու նոր մտքերը։
Աղջիկը թույլի հականիշն է։
Ես աղջիկ եմ․․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *