Արմինե Մուրադյան | Էտած բառեր

1.Կներես բանաստեղծություն
որ ինչպես աննշան մի իր
հաճախ մոռացել եմ քեզ
վերարկուիս ծակ գրպանում
կամ ծաղկազարդ պայուսակիս մեջ…
հետո հանկարծ գտել եմ
ու հասկացել, որ երբ չկաս
ինձ միշտ ինչ-որ բան պակասել է,
չի հերիքել ինչ-որ մի բան
ցավի դեմ ժպտալու համար…
Կներես բանաստեղծություն
որ քեզ պես շքեղություն
ամեն օր չեմ կրել
ու երբեմն ամաչել եմ ասել,
որ բանաստեղծ եմ,
որովհետև
չեմ գտել քեզ իմ ներսում…
Իսկ դու անտես ուրվականի պես
թափառել ես ցնորքներում,
լցվել արցունքիս մեջ ու
մահվան մահճում նույնիսկ բռնել ձեռքս։
Հաճախ մոլորվել ես
սերերիս խաչմերուկներում,
բայց միշտ անվրդով ճանապարհել նրանց,
թեև հաց ու ջուր էին քո գոյության համար։
Հիմա ես ու դու մենակ ենք
ու մերկ իրար դիմաց
և ինձ ոչինչ չի մնում
քան խոստովանել,
որ դու ես իմ միակ փրկօղակը՝
բոլոր գնացածների
ու քիչ մնացողների փոխարեն։

 

2.ես կարող էի իմ ու քո
կիսատ ապրածը,
սիրածն ու ատելին
մինչև վերջ չասվածը
ու մի բան էլ ավելին
փաթաթել աշխարհի վզին ու
գրել բանաստեղծություն,
որ տղամարդիկ
մոռացկոտ են մի քիչ
ու խմող են շատ,
որ անուշադիր են միշտ
ու շուտ են մոռանում
իրենց սիրող կանանց…
բայց սա միայն իմ ու քո մասին է
աշխարհն ի՞նչ կապ ունի
աշխարհն ի՞նչ գիտի,
որ մի օր եսը իմ
առհավետ խառնվեց քոնին։

 

3.Սիրելի մարդկանց
ճանաչում են հեռվից
մեջքով կանգած,
մազերը ցրիվ
ուսերին՝ բազմաբարդ բառեր։
Սիրելի մարդիկ
համաչափ քայլքով մաշում են
օտար մայթերը
ու նրանց անգույն ձեռքերից
կարոտ է կաթում։
Սիրելի մարդկանց
ճանաչում են անզեն աչքով…
Վազեցիր,
վերջապես
հասար ու գրկեցիր…
բայց ես չ էի,
ես չ էի…

 

4.Բանաստեղծները մրսկան են
դարձել…
քչախոս բառերով
սրտեր ծածկելուց հետո

Բանաստեղծները անարցունք են
հիմա
գրում են ծակ սրտի
ու անթել ասեղի մասին
պատումներ կարճ

բանաստեղծները պոետ չեն վաղուց․
էտել են բառերն իրենց սրտի

Բանաստեղծության էվոլյուցիա է,
կներես,
երևի էսքանն էլ հերիք է, որ ներես։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *