Սաբինա Դավթյան | Անկողինը՝ բաց կողմով

Գիշերվա մեջ ամենադատարկ տեղը դատարկ անկողինն է։
Ոչ ամբողջ անկողինը, այլ հենց այն կողմը,
որտեղ դու պիտի լինեիր՝ անհասանելի, բայց անքակտելի։
Ես չեմ օգտագործում այդ տարածքը։
Շարժվում եմ միայն իմ կողմում՝ հանկարծ չծածկեմ քո բացակայության տառապանքը,
չքանդեմ այն բարձը, որ վաղուց քեզ չի սպասում,
բայց ես դեռ պահպանում եմ՝ որպես զգայուն խորհրդանիշ։

Կարելի՞ է այդքան տեղ պահել մեկի համար,
ով երբեք չի վերադառնա, բայց դեռ ապրում է՝
քո չլինելու վկայությամբ լցված,
ինչպես խորը, անշարժ ստվեր, որ խարխափում է ներսում։
Այս տարածքը՝ լուռ հիշեցում է,
որ քո բացակայությունն ավելի կոնկրետ է,
քան մարդկանց անհետացող ներկայությունները։

Այն կողմը՝ ուր դու պիտի լինեիր,
դարձել է գոյության սահման՝
որտեղ լռությունը նստում է ամեն գիշեր՝
անփոփոխ, անաղմուկ, իբրև փորձարարական դաշտ՝
երբ մարդու սիրտը չափում է կորստի ծանրությունը։
Ես չեմ վռնդում նրան։
Սովորել եմ քնել նրա հետ՝
ինչպես սովորում է հոգին համակերպվել ցավին՝
դանդաղ, խորը, լուռ։

Գիշերները երկար են,
մտքերն անսպառ են՝ շրջում են անցյալի ու ներկայի միջեւ,
Ու երբ ուզում եմ շրջվել ու ասել,
որ չկարողացա քնել, հիշում եմ՝ դու չկաս։
Մնում է միայն բարձը՝ սառն ու անշարժ,
և մթությունը՝ լցված հին խոսակցությունների արձագանքով,
որ իրենց հերթին դառնում են ժամանակի ավազաններ,
որտեղ խճճվում են հիշողությունն ու մոռացությունը։

Ես երբեմնի հավատ չունեի,
որ մարդը կարող է սովորել ապրել՝
չբացված, դատարկ կողքին՝
դարձյալ սիրելով, հիշելով, հաշտվելով՝
ինչպես քայլք մութ անտեսանելի ճամփով,
որտեղ ցավը չի խանգարում ապրելուն,
այլ դառնում է խիտ շերտ, որով մարդն անցնում է իր ներսում՝
խորը, դանդաղ, ճշգրիտ՝ ինչպես կյանքի հուսահատ շարժումը։

Ու այդպես, ամեն գիշեր,
ես քնում եմ՝ քո կողմը չդիպչելով՝
ոչ թե որովհետև այնտեղ ինչ-որ մեկն կա,
այլ որովհետև այնտեղ դու չկաս։
Եվ այդ բացակայությունն էլ է ձև՝
հիշելու, սիրելու, հաշտվելու ձև՝
առանց վերջաբանների,
առանց դատարկ խոսքերի,
առանց անցյալից փախուստի։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *